Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վիտամին С ևն: Օգտագործվում է ծխախոտի, գարեջրի, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ:
ՄԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՈՒՓ, մետաղահատ հաստոցների բազմօղակ մեխանիզմ, նախատեսված է մատուցման փոփոխման համար: Բաղկացած է իրանի (տուփի) մեջ տեղավորված փոխարկվող ատամնավոր փոխանցումներից: Մ. տ–ի կինեմատիկայի առանձնահատկությունները հնարավորություն են տալիս դետալի մշակման ժամանակ գործիքի մատուցման շարժումը համաձայնեցնել նախապատրաստուկի նկատմամբ գործիքի այլ շարժումների հետ:
ՄԱՐ ԱԲԱԱ ԿԱՏԻՆԱ, Մարաբա Մծուրնացի, պատմագիր, ազգությամբ՝ ասորի: Մ. Ա. Կ–ի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված, «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է: Ըստ Մովսես Խորենացու, Մ. Ա. Կ. ապրել է մ. թ. ա. II դ.: Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են IV դ. հեղինակ, որը գրել է հունարեն: Մ. Ա. Կ. օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հուն. մի ժամանակագրություն, որը թերևս կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ ու ասքեր: Մատյանում տեղ են գտել նաև պարթև Արշակունիների պատմության որոշ դրվագներին և հայ Արշակունիների սկզբնաշրջանին վերաբերող տեղեկություններ:
Մ. Ա. Կ–ի կամ նրա մատյանի գոյության փաստը ժխտելու փորձերը իրենց չեն արդարացրել: Նրա մատյանը նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է:
Գրկ. Սարգսյան Գ. Խ., Նախամեսրոպյան շրջանի հայ պատմագրությունը, «ՊԲՀ», 1969, №1: Манандян Я. Α., «Начальная история Армении» Мар Абаса, «Палестинский сборник», в. 2 (64-65), М.-Л., 1956, с. 69-86.Գ. Սարգսյան ՄԱՐԱԲԱ (արաբ. մյուրաբաա — քառորդ բառից), ֆեոդալական կախյալ գյուղացիների խավ Թուրքիայում: Արևմտյան Հայաստանում հատկապես տարածվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ Աբդուլ Համիդ II-ի հայահալած քաղաքականության հետևանքով բազմահազար հայ գյուղացիներ զրկվել էին հողից: Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում Մ–ները կազմել են գյուղական բնակչության ավելի քան 70-80%: Եղել են թե՛ բոլորովին ընչազուրկ Մ–ներ և թե՛ երկրագործական գործիքներ, բանող անասուններ ու աննշան հողակտոր ունեցողներ: Մ–ները գյուղերով կամ ընտանիքներով վարձակալել են (որոշակի ժամկետով) աղաների ու բեկերի հողերը (երբեմն նան բանող անասուն, երկրագործական գործիքներ) և դրա դիմաց վճարել ստացած բերքի մի մասը: Կատարել են նաև աղաների, բեկերի տնային աշխատանքները: Մ–ների շահագործումը ծանր է եղել հատկապես Տարոնում ու Վասպուրականում (ուր երբեմն ճորտացվել են) և համեմատաբար թեթև՝ Բարձր Հայքում: Այն մեղմացել է, երբ կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով Մ–ները վերածվել են բատրակների: Սակայն Մ–ների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆեոդալական շահագործման: Հայ Մ–ները Մեծ եղեռնի ժամանակ բնաջնջվեցին կամ գաղթեցին այլ երկրներ: Ներկայումս գոյատևում են թուրք և քուրդ Մ–ներ:
Գրկ. Ա–Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912: Համբարյան Ա. Ս., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856-1914), Ե., 1965: Ա. Համբարյան ՄԱՐԱԲՈՒ (Leptoptilus), արագիլների ընտանիքի թռչունների սեռ: Հայտնի է Մ–ի 3 տեսակ՝ աֆրիկական Մ., հնդկական Մ. և ճավայական Մ.: Փետրազուրկ գլխով և հսկայական կտուցով խոշոր, ծանրամարմին թռչուններ են (բարձրությունը՝ 110-150 սմ, թևերի բացվածքը՝ մինչև 3 մ, կտուցը՝ 30 սմ, քաշը՝ 5-6 կգ): Պարանոցի առջևի մասում ունեն փետրազուրկ մսալի ելուստ (ճավայական Մ. չունի), որի վրա հենում են իրենց կտուցը: Բնադրում են ծառերի, ժայռերի վրա. աֆրիկականը և հնդկականը՝ գաղութներով, ճավայականը՝ զույգերով: Դնում են 2-4 ձու, թխսում են և՛ էգը, և՛ արուն (մոտ 1 ամիս): Սնվում են գլխավորապես լեշով, ինչպես նաև գորտերով, կրծողներով և միջատներով:
ՄԱՐԱԳ, ձմռան անասնակեր (խոտ, հարդ) պաշարելու կառույց: Լինում է հիմնականում կալին մոտ, երբեմն՝ գոմին կից կամ գոմի վերնահարկում: Գոմից անջատ լինելու դեպքում Մ–ի ներսում զետեղվել է հարդը, տափարակ բացօթյա կտուրի կամ երկթեք կղմինդրածածկ տանիքի մեջ՝ խոտը: Այս դեպքում անասնակերը գոմ է հասցվել կողովներով: Եթե Մ. եղել է գոմի վերնահարկ–տանիքում, անասնակերը գոմ է մղվել կտուրում բացված անցքով: Վաղ աշնանը, կալսման շրջանում, Մ. օգտագործվել է որպես կալվորների ժամանակավոր կացարան, ուր զետեղվել են նաև կալուկուտի հետ առնչվող պարագաները: Անձրևի ու ձյան ժամանակ տակավին չկալսված հացահատիկը լցրել են Մ., մինչև որ հնարավոր լիներ կրկին կալսել: Անտառոտ շրջաններում Մ–ում, հարդի մեջ, հասունանալու համար պահվել են վայրի տանձ ու խնձոր: Դ. Վարդումյան ՄԱՐԱԶՄ (< հուն. μαρασμός — հյուծում, մարում) հոգեկան, մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատում, որը պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ: Հանդիպում է ծերունական թուլամտության, պրոգրեսիվ պարալիզի վերջին փուլում և գլխուղեղի այլ հիվանդությունների դեպքում:
ՄԱՐԱԹԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մարաթի ժողովուրդների գրականությունը (Հարավ–Արևմտյան Հնդկաստան, Մահարաշտրա նահանգ)՝ մարաթի լեզվով: Կազմավորումը սերտորեն կապված է XI-XII դդ. կրոնա–բարենորոգչական շարժումների հետ, որոնց գաղափարախոսները հրաժարվեցին սանսկրիտից և դիմեցին ժող. կենդանի լեզուներին: Միջնադարյան Մ. գ-յան խոշորագույն ներկայացուցիչներն են բանաստեղծներ Մուկունդարաջան (1128-98), Դնյաննեշվարը (1271-96), Նամդևը (1270-1350), Էկնաթը (1533-99), Տուկարամը (1608-49), Ռամդասը (1608-81) ևն: XVII դ. Մ. գ. հարստացավ պովադա (հերոսական բալլադ) և լավինի (սիրային քնարերգություն) ժող. բանաստեղծական ձևերով: Առաջացավ բրահմանա–ազնվականական «գիտական պոեգիա»-ն (Վաման, Մորոպանտ): XIX դ. 1-ին կեսին մարաթական իշխանություններում հաստատվեց անգլ. գաղութային տիրապետություն: Մարաթական մտավորականությունը ծանոթացավ բուրժ. փիլիսոփայությանն ու գրականությանը, Հնդկաստանում զարգացան բուրժ. հարաբերությունները, այս հանգամանքը նպաստեց Մ. գ–յան նորացմանը: Առաջատար ժանրը դարձան սոցիալ–կենցաղային ու պատմական վեպը և կենցաղային ու քաղ. դրաման: XIX դ. վերջին հայտնվեց պատմվածքի ժանրը, պոեզիան հագեցվեց քաղ. բովանդակությամբ: Վ. Բրահմաչարիի (1825-70), Ջ. Փուլեի (1827-1890), Հ. Ահարքարի (1856-95), Բ. Թիլաքի (1856-1920) հրապարակախոսությունը և արձակագիր Հ. Ապտեի (1864-1919), բանաստեղծներ Կեշավսուտի (Կ. Դամլե, 1866-1905), Ն. Գուպտեի (1872-1947), դրամատուրգներ Գ. Դևալի (1854-1916), Կ. Քադիլքարի (1872-1948) և ուրիշների ստեղծագործությունները լի էին ֆեոդալական սովորույթների ու սահմանակարգումների, ինչպես նաև անգլ. գաղութարարների դեմ բողոքով: 1920-ական թթ. պոեզիան ներկայացված է «Արևի ճառագայթ» ռոմանտիկ դպրոցով: 1930-1940-ական թթ. Հնդկաստանում ազգային–ազատագրական շարժումը նպաստեց ռեալիստական արձակի ուժեղացմանը