(1873-74): Մ. ձգտել է այլաբանական կերպարներով մարմնավորել մարդկության «ոսկե դարի» մասին երազանքները («Ոսկե դար», 2 տարբերակ, 1879-85, Նոր պատկերասրահ, Մյունխեն): Ուշ շրջանի դիցաբանական թեմաներով նրա սյուիտ–եռանկարներն իրենց կառուցվածքային և այլ առանձնահատկություններով կանխորոշեցին «մոդեռն» գեղանկարչությունը: Միաժամանակ գեղարվեստական իդեալի ձգտումը Մ–ի գործերին հաղորդել են սառը վերացականության տարրեր («Պարիսի դատը», 1880-81, Ազգային թանգարան, Բեռլին):
ՄԱՐԵՇԱԼ (Marechal) Պիեռ Սիլվեն (1750-1803), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող: Մ. հեղափոխական կողմնորոշվածությամբ աթեիստական մատերիալիզմը համակցել է հավասարողական կոմունիզմի հետ: Դիրեկտորիայի ընթացքում հակվել է Գ. Բաբյոֆի գլխավորած «հանուն հավասարության» շարժմանը, գրել «Հավասարների մանիֆեստ»-ի առաջին տարբերակը, պամֆլետներ, «Ֆրանսիացի Լուկրեցիոսը» (1797), հակակրոնական պոեմ՝ «Պյութագորասի ճանապարհորդությունը» (հ. 1-6, 1799) վեպը.: «Հին և նոր աթեիստների բառարան» (1800) աշխատության մեջ պրոպագանդել է աթեիզմը և կոմունիստական իդեալները:
Երկ. Избранные атеистические произведения, вступ. ст. X. Н. Момджяна, М., 1958.
Գրկ. Момджян Х. Н., Сильвен Марешаль, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1944, № 1-2; Обломиевский Д., Литература французской революции 1789-1794 гг., М., 1964.
ՄԱՐԵՍԵՎ Ալեքսեյ Պետրովիչ (ծն. 1916), օդաչու, մայոր, Սովետական Միության հերոս (24.8.1943): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է կործանիչ ինքնաթիռների գնդի օղակի հրամանատար, գնդի հրամանատարի օգնական, գնդի շտուրման: 1942-ի մարտին Մ–ի ինքնաթիռը մարտում խփվել է: Ծանր վիրավոր Մ. հարկադրական վայրէջք է կատարել թշնամու տերիտորիայում և 18 օր սողալով՝ հասել ռազմաճակատի գծին: Երկու սրունքների անդամահատումից հետո հարմարվելով պրոթեզներին՝ Մ. իր իսկ խնդրանքով, 1943-ի մայիսին ուղարկվել է կործանիչ ավիացիայի 63-րդ գվարդիական գունդ: Օդային մարտերում խփել է թշնամու 7 ինքնաթիռ: Մ–ի սխրանքը նկարագրված է Բ. Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» գրքում: 1952-ին ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոց: 1956-ի սեպտեմբերից Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի պատասխանատու քարտուղարն է: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով:
ՄԱՐԵՐ, մեդացիներ, հնագույն ժողովուրդ Իրանական բարձրավանդակում, տես Մարաստան:
ՄԱՐԵՐԻ, հայկական հեթանոսական տոմարի 10-րդ ամսվա անունը: Մ–ի 1-ը համապատասխանում է մայիսի 8-ին:
ՄԱՐԵՑԿԱՅԱ Վերա Պետրովնա (18(31).7. 1906, Մոսկվա – 17.8.1978, Մոսկվա), ռուս սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1949): 1924-ին ավարտել է Ե. Վախթանգովի անվ. թատրոնի դպրոց-ստուդիան և ընդունվել Յու. Զավադսկու ստուդիան: 1940-ից՝ Մոսսովետի անվ. թատրոնի դերասանուհի: Լավագույն դերերից են՝ Գլաֆիրա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Ժիվկա (Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին»), Միսիս Սևիջ (Զ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»): 1925-ից նկարահանվել է կինոյում (Նատալյա Սոկոլովա, «Կառավարության անդամը», Պրասկովյա, «Նա պաշտպանում է հայրենիքը», Վարվառա, «Գյուղական ուսուցչուհին», Նիլովնա, «Մայրը» ևն): Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1948, 1951):
ՄԱՐԶ, 1. վարչա–տերիտորիալ միավոր ՍՍՀՄ–ում (և նախահեղափոխական Ռուսաստանում), ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում: 1979-ի հու. 1-ին ՍՍՀՄ–ում կար 121 մարզ:
2. Տոպոլոգիայի հիմնական հասկացություններից մեկը (օրինակ, հարթության վրա շրջան, շերտ, կիսահարթություն և):
3. Ֆիզիկա–աշխարհագրական շրջանացման միավոր, ֆիզիկա–աշխարհագրական երկրի մաս, որը միավորում է հասակով և ծագումով իրար մոտիկ լանդշաֆտները: Առանձնացվում են տեկտոնական շարժումների, ծովային տրանսգրեսիաների և ազոնալ այլ գործոնների ազդեցությամբ:
ՄԱՐԶԱԴԱՇՏ, ստադիոն, մարզական բացօթյա կառույցների համալիր, որը խմբավորվում է ֆուտբոլի դաշտից, վազքուղուց, թեթև աթլետիկական և մարմնամարզական հրապարակներից բաղկացած, մեկ կամ մի քանի կողմից հանդիսականների տրիբունաներով երիզված սպորտային միջուկի շուրջը: Առաջին Մ–երը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում՝ Օլիմպոսում (մ. թ. ա. VII դ.), Դելփիքում (VI-V դդ.), Աթենքում (մ. թ. ա. IV դ.)): Օլիմպիական խաղերի վերսկսումը (1896) նոր զարկ է տվել Մ–երի շինարարությանը: Արդի Մ–երը բարդ և տեխնիկապես հագեցված կառույցներ են՝ մարզիկի և հանդիսականի սպասարկման բոլոր հարմարություններով (հանդերձարան, ցնցուղարան, մասաժային, բուժական և հանգստի սենյակներ, տրիբունաներ, ճեմասրահներ, բուֆետներ ևն): Հայտնի են Լոնդոնի (1908), Ստոկհոլմի (1912), Փարիզի (1924), Չիկագոյի (1926), Ամստերդամի (1928), Պրագայի (1928), Լոս Անջելեսի (1932), Բեռլինի (1936), Հելսինկիի (1952), Հռոմի (1956), Բարսելոնի (1958), Ռիո դե Ժանեյրոյի (1960), Մեխիկոյի (1968), Տոկիոյի (1972) ևն Մ–երը: ՍՍՀՄ–ում լավագույններից են. Լենինգրաղում՝ Կիրովի անվ. (1952), Մոսկվայում՝ Լենինի անվ. (1956), Երևանի, Կիևի, Բաքվի, Թբիլիսիի, Տաշքենդի Մ–երը:
Հին և միջնադարյան Հայաստանում Մ–եր կառուցվել են առանձին՝ բաց հրապարակների ձևով և օգտագործվել են թե՛ մարզական, թե՛ զորավարժությունների նպատակով (տես Ասպարեզ): Նման մրցասպարեզներ են եղել Բագավանում (Դիցավանում), Զարեհավանում (Ծաղկոտն գավառում), Վանում, Վաղարշապատում, Դվինում, Գառնիում, Հերում, Անիում, Կիլիկիայի քաղաքներում: Հայկ. ՍՍՀ–ում կառուցվել են բազմաթիվ Մ–եր, լավագույնը Երևանի «Հրազդանն» է՝ 70 հզ. հանդիսատեղով (1971, ճարտ–ներ՝ Կ. Հակոբյան, Գ. Մուշեղյան, կոնստրուկտոր՝ Է. Թոսունյան):
Գրկ. Տիգրանյան Է. Ա., "Հասարակական շենքերի ճարտարապետական նախագծման հիմունքները, Ե., 1973, էջ 185-224:
ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, մարզիկներ և մարզական կյանքով հետաքրքրվողներ միավորող հասարակական կամ մասնավոր կազմակերպություն: Մ. ա–ները լինում են սիրողական (բյուջեն ստեղծվում է արհմիութենական հատկացումներից, օգտագործման տրվող մարզակառույցների համար ստացվող վարձավճարից, անդամավճարներից) և պրոֆեսիոնալ (ֆինանսավորում են խոշոր ձեռնարկատերերը, բաժնետիրական ընկերությունները, դրանք ըստ էության պրոֆեսիոնալ սպորտի առևտրական ձեռնարկություններ են):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/310
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ