Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատանքներից են՝ «Շինել» (ըստ Ն. Գոգոլի), «Փարիզն արտասվում է, Փարիզը ծիծաղում» պանտոմիմները, «Պատանեկություն, հասունություն, ծերություն, մահ», «Դիմակների արվեստանոցում» մանրապատումները: Զարգացրել է XIX դ. նշանավոր միմոս Ժ. Բ. Գ. Դեբյուրոյի արվեստի ավանդույթները: 1960-ին Մ–ի թատերախումբը ցրվել է. նա հիմնականում հանդես է գալիս այլ երկրներում: Հյուրախաղերով այցելել է ՍՍՀՄ, ելույթ ունեցել նան Երևանում:
Գրկ. Бояджиев Г., Театральный Париж сегодня, М., 1960.
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մարսողական ապարատ, կենդանիների և մարդու մարսողական օրգանների ամբողջությունը: Իրականացնում է սննդի մեխանիկական և քիմ. մշակումը, սննդանյութերի ներծծումը, կղանքի ձևավորումը և հեռացումը, օրգանիզմն ապահովում անհրաժեշտ էներգիայով ու կառուցվածքային նյութերով: Ցածրակարգ կենդանիները Մ. հ. չունեն: Նախակենդանիներին բնորոշ է ներբջջային մարսողությունը, իսկ պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներն ունեն հատուկ մարսողական բջիջներ: Աղեխորշավորների ստամոքսային խոռոչը և տափակ որդերի առաջնաղին ու ետնաղին արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում են միայն բերանային անցքով: Մնացած անողնաշարավորներին հատուկ է հետանցքով վերջացող ետնաղին: Փափկամորթներն ունեն ըմպան, եղջրային ծնոտներ, թքագեղձեր, ստամոքս՝ խոշոր մարսողական գեղձով (լյարդ): Գլխոտանիներն ունեն նաև ենթաստամոքսային գեղձ, բազմաթիվ հոդվածոտանիներ՝ մալպիգյան անոթներ: Կենդանիների որոշ խմբերի (կետանմաններ, որոճող կաթնասուններ, թռչուններ, որոշ ձկներ) հատուկ է բարդ ստամոքսը: Ողնաշարավորների մեծամասնության աղիքները տարբերակված են մորֆոլոգիապես և գործունեությամբ տարբերվող բաժինների: Մարդու Մ. հ. կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը սկսվում է բերանի ճեղքով և վերջանում հետանցքով: Երկարությունը 8-10 մ է, ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիքներ: Այդ խողովակը զետեղված է դիմային գանգում, պարանոցի շրջանում, կրծքի, որովայնի ու կոնքի խոռոչներում: Առաջին երեք բաժինների ընթացքը գրեթե ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ և ծնկեր: Մարսողական խողովակի պատերը, բացի գլխային հատվածից, ուր կան նաև կմախքի տարրեր (ոսկր, աճառ), կազմված են երեք շերտից. արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական ֆունկցիա, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է օրգանից օրգան (տես Մարսողություն): Միայն ըմպանի և կերակրափողի արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են. թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, բացի այդ, մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութը (ստամոքսահյութ, աղիքահյութ, թուք, լորձ, լեղի) արտազատվում է մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմ. մշակմանը:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ, ներքին օրգաններ (բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիքներ), որոնք կազմում են մարսողական համակարգը և մասնակցում մարսողությանը:
ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ, սննդանյութերի մշակման, ներծծման և յուրացման բարդ ֆիզիոլոգիական պրոցես: Տարբերում են 3 հիմնական տեսակ՝ ներբջջային, արտաբջջային և առպատային (թաղանթային): Ներբջջային Մ. տեղի է ունենում բջջի ներսում, որտեղ կիսաճեղքված կամ չճեղքված սննդանյութերը ենթարկվում են ջրատարրալուծման (հիդրոլիզ): Բնորոշ է բոլոր միաբջիջներին, սակայն հանդիպում է նաև բարձրակարգ կենդանիների մոտ (արյան սպիտակ գնդիկների ֆագոցիտոզ, պինոցիտոզ): Արտաբջջային Մ., բջջում սինթեզված ֆերմենտները դուրս են գալիս մարսողական ուղու խոռոչների մեջ և ազդում հեռավորության վրա: Այս ձևը հատուկ է օղակավոր որդերին, միջատներին, գլխոտանիներին, քորդավորներին: Բարձրակարգ կենդանիների մեծամասնության (օրինակ՝ կաթնասունների) հյութազատող գեղձերը (օրինակ թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ) հեռու են տեղադրված ստամոքսից և աղիներից: Առպատային Մ. կատարվում է բջջաթաղանթի վրա եղած գոյացությունների արտադրած ֆերմենտների միջոցով և միջանկյալ դիրք է գրավում արտաբջջային ու ներբջջային Մ–ների միջև: Բարձրակարգ կենդանիների օրգանիզմներում առպատային Մ. տեղի է ունենում աղիների պատերի վրա, այսինքն՝ սննդանյութերի վերջնական տարրալուծումը կատարվում է այն նույն մակերեսին, որն իրականացնում է ներծծման պրոցեսը (Ա. Ուգոլև): Մ–յան նշված տեսակը հատուկ է մարդուն, բարձրակարգ կենդանիներին, բազմաթիվ անողնաշարավորների (միջատներ, փափկամարմիններ, որդեր ևն): Մ. իրականացվում է մարսողական օրգաններում: Սննդանյութերը ենթարկվում են ֆիզիկական՝ մանրացվում են, շաղախվում մարսողական հյութերով, լուծվում, և քիմ. մշակման՝ զանազան ֆերմենտների միջոցով օրգ. բարդ միացությունները (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) վերածվում են պարզ միացությունների, որոնք ընդունակ են ներծծվելու արյան կամ ավիշի մեջ: Մարսողական ֆերմենաները բաժանվում են 3 խմբի՝ պրոտեազներ, լիպազներ և կարբոհիդրազներ, որոնք համապատասխանաբար տարրալուծում են սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը: Վերջիններիս տարրալուծումը սկսվում է բերանի խոռոչում, թքի մեջ պարունակվող ֆերմենտների օգնությամբ (ամիլազ, մալթազ) և շարունակվում 12-մատնյա ու բարակ աղիքներում (ամիլազ, մալթազ, ինվերտազ, լակտազ): Ի վերջո բարդ ածխաջրերը վերածվում են միաշաքարների և ներծծվում արյան մեջ: Սպիտակուցները ճեղքվում են ստամոքսում աղաթթվի ներկայությամբ (ֆերմենտներ՝ պեպսին, ժելատինազ ևն), 12-մատնյա աղիքում (տրիպսին, կարբօքսիպոլիպեպտիդազ ևն) և բարակ աղիքներում (ամինոպոլիպեպտիդազ, դիպեպտիդազ), վերածվում են ամինաթթուների և անցնում արյան մեջ: Ճարպերը ստամոքսում, 12-մատնյա աղիքում և մասամբ բարակ աղիքներում, լիպսպ ֆերմենտի միջոցով տարրալուծվում են մինչև գլիցերինի և ճարպաթթուների, որոնք աղիքի պատով անցնում են ավիշի մեջ: Ճարպերի տարրալուծման մեջ կարևոր դեր է կատարում լեղին: Ենթաստամոքսային գեղձը արտադրում է մի շարք ֆերմենտներ (տրիպսին, ամինոպոլիպեպտիդազ, լիպազ, նուկլեազ ևն), որոնք գեղձի ծորանով արտաբերվում են 12-մատնյա աղիք և ազդում սննդանյութերի վրա: Վերջիններիս չմարսված և չներծծված մասերը անցնում են հաստ աղիք, որտեղ հիմնականում ներծծվում է ջուրը և ձևավորվում կղանքը: Մ–յան համակարգի ինչպես հյութազատական, այնպես էլ շարժական ու ներծծող ֆունկցիաները կարգավորվում են բարդ ռեֆլեքսային և հումորալ ճանապարհով և իրականացվում թափառող ու ընդերային (սիմպաթիկ) նյարդերի միջոցով: Տես նաև Մարսողական համակարգ:Վ. Գրիգորյան ՄԱՐՏ, պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների