Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(ինքնաթիռների, նավերի) կազմակերպված ռազմական ընդհարումը: Նպատակն է՝ հակառակորդի ոչնչացումը, ջախջախումը կամ գերեվարումը, ինչպես նաև կարևոր շրջանների (բնագծերի) գրավումը: Մարտավարության ձևերն ու եղանակները փոփոխվել են՝ կապված մարտական տեխնիկայի և զորքի որակական կազմի փոփոխության հետ: Մ. լինում է համազորային, օդային և ծովային: 1. Ցամաքային զորքերի ժամանակակից Մ. համազորային է, որին մասնակցում են բոլոր զորատեսակներն ու հատուկ զորատեսակները, ռազմաօդային և ռազմածովային (ծովափնյա ուղղություններում) ուժերի համագործակցությամբ և զենքի տարբեր տեսակների գործադրմամբ: Մ–երը լինում են հարձակողական և պաշտպանողական: 2. Օդային Մ. զինված հակամարտությունն է օդում, միայնակ ինքնաթիռների (ուղղաթիռների) կամ խմբերի (ստորաբաժանումների, օղակների) միջև՝ թշնամուն ոչնչացնելու կամ հարձակումը կասեցնելու համար: Օդային Մ. կործանիչ ավիացիայի գործողությունների հիմնական տեսակն է օդում տիրապետություն ձեռք բերելու համար: 3. Ծովային Մ. պատերազմող կողմերի նավատորմերի միավորումների (զորամասերի, նավերի) կազմակերպված ռազմ. գործողություններն են հարվածի տարբեր միջոցների կիրառմամբ: Մղվում է բաց ծովում (օվկիանոսում) կամ մերձափնյա շրջաններում՝ հակառակորդի նավատորմի ուժերը ոչնչացնելու կամ դրանց կործանիչ հարված հասցնելու նպատակով: Բաղկացած է փոխադարձ գրոհներից, հակագրոհներից և դրանց կասեցումից: Ծովային Մ–ի տարատեսակներից են ծովային դեսանտի ափհանման և ափամերձ շրջաններում հարձակվող ցամաքային զորքերին օգնելու նպատակով ձեռնարկված Մ–երը:
«ՄԱՐՏ», քաղաքական ամսաթերթ: Վերակազմյալ հնչակյան կուսակցության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսել 1897-1901-ին, Լոնդոնում: Խմբագիր՝ Ա. Արփիարյան: Նպատակն էր միավորել արևմտահայ ազգային–ազատագրական շարժման ուժերը: Հրատարակել է 1894-96-ի հայկ. ջարդերին և ինքնապաշտպանական կռիվներին վերաբերող նյութեր, քննադատել եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկ. հարցի նկատմամբ, անդրադարձել հայ–ռուսական քաղ. հարաբերություններին: Լուսաբանել է Կ. Պոլսի հայ ազգային և կրոնական մարմինների գործունեությունը, արևմտահայության ինքնորոշման հարցում երիտթուրքերի գրաված բացասական դիրքը:Գ. Գույումջյան «ՄԱՐՏ», գրական, քաղաքական և հասարարական պատկերազարդ հրատարակություն: Լույս է տեսել 1911-16-ին, Մոսկվայում, անկանոն պարբերականությամբ (երկշաբաթաթերթ, կիսամսյա, ամսաթերթ): Խմբագիր–հրատարակիչ՝ Ա. Թումանյան (Կայծունի): Տպագրել է տեղեկություններ Հայաստանի, Կովկասի, Ռուսաստանի ներքին կյանքի վերաբերյալ: Հրատարակել է նաև նյութեր գրականության տեսության վերաբերյալ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանական գործեր: Քննադատել է հայ մեծահարուստներին, եկեղեցու գործիչներին՝ ազգային կարիքների հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար:
ՄԱՐՏԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, տես Թունավոր նյութեր:
ՄԱՐՏԱԿԱՌՔ, ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատար թեթև կառք: Մ–ին լծում էին մեկ կամ մեկ–երկու և ավելի զույգ ձի (մասամբ՝ նաև ջորի): Ռազմիկի պաշտպանության նպատակով Մ. առջևից և կողերից պատվում էր 0,5 մ կամ ավելի բարձր թափքակողերով: Մ–ում տեղավորվում էին հիմնականում ռազմիկը և կառավարը: Մ–ի թափքում ամրացվում–պահվում էին կապարճը, նիզակը և անհրաժեշտ այլ զենքեր: Հին աշխարհի զորամասերում Մ–երի ռազմիկները կազմում էին հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հետևազորի առջևից կամ թևերից: Մ–երի ջոկատների հարվածը խառնաշփոթություն էր ստեղծում հակառակորդի շարքերում՝ հետևակազորի համար ստեղծելով հակառակորդին ջախջախելու պայմաններ: Մ–երն օգտագործվում էին նաև հաղթական կամ հանդիսավոր շքահանդեսներում ու մարզական մրցույթներում: Սկսած III հազարամյակից Հին Արևելքում (Շումեր, Եգիպտոս, Ասորեստան, Պարսկաստան, Անդրկովկաս, Չինաստան, Հնդկաստան), Հռոմում և Հունաստանում բազմապիսի Մ–երի լայնորեն տարածվածության մասին են վկայում ինչպես պեղածոները (կառքերի մնացորդներ, կավե և բրոնզե մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ ևն), այնպես էլ սեպագրերն ու գրավոր այլ աղբյուրները (Հոմերոս ևն): Հայկական լեռնաշխարհում (Լճաշեն, Թոփրակ կալե, Կարմիր բլուր, Էրեբունի, Ախթալա, Ստեփանավան, Դիլիջան ևն) Մ–երի նույնպիսի պեղածոներ են հայտնաբերվել նաև նախաուրարտական և ուրարտ. ժամանակաշրջաններին (մ. թ. ա. XIV-VII դդ.) վերաբերող դամբարաններում: Արդեն մ. թ. ա. I հազարամյակի սկզբներից ռազմավարության մեջ, որպես առավել ճկուն ու հարվածային զորատեսակ, առաջնակարգ դիրք է գրավում հեծելազորը (այրուձին)՝ աստիճանաբար փոխարինելով Մ–երի ջոկատներին:
Գրկ. Пиотровский Б. Б., Урартская колесница, в сб.: «Древний мир», М., 1962; Есаян С. А., Оружие и военное дело древней Армении (III-I тыс. до н. э.), Е., 1966.Լ. Պետրոսյան ՄԱՐՏԱԿԵՐՏ, քաղաքատիպ ավան, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի կենտրոնը, Ստեփանակերտից 62 կմ հյուսիս–արևելք: Մ–ում կան շինանյութերի կոմբինատ, փայտասղոցման, յուղի–պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ, ինկուբատորաթռչնաբուծական կայան, շերամի սերմնամթերման կետ: Խաղողագործ. սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ունի 2 միջնակարգ, գիշերօթիկ, երեկոյան, երաժշտական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, գրադարան, կինո, կապի բաժանմունք, 2 մանկապարտեզ, հիվանդանոց, կենցաղսպասարկման կոմբինատ: Մ–ում է հրատարակվում շրջանային «Բարեկամություն» լրագիրը: Ավանի հս–ում է «Կռապաշտի հանգստարան» գերեզմանոցը (III-IV դդ.), Ս. Կարապետ եկեղեցին (կիսավեր, XIII-XVIII դդ.), շրջակայքում պահպանվել են տապանագրերով 2 գերեզմանոց, գյուղատեղիներ, 2 եկեղեցի (XIII-XV դդ.): Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Թ. Հ. Ավթանդիլյանը:
«ՄԱՐՏԱԿՈՉ», օրաթերթ: Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի օրգան: Լույս է աեսել 1923-1927-ին, Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Ա. Մյասնիկյան, Հ. Սուրխաթյան, Ա. Խումարյան, Ա. Երզնկյան, Ս. Խանոյան: Պայքարել է սովետական կարգերի ամրապնդման համար, աշխատավորությանը համախմբել կոմունիստական կուսակցության շուրջը, քննադատել մենշևիկյան և բուրժուական այլ կուսակցությունների գաղափարախոսությունը: Ծանոթացրել է մարքսիզմ–լենինիզմի դասականների աշխատություններին: Մեծ ուշադրություն է նվիրել Անդրկովկասի և միութենական մյուս հանրապետությունների արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման հարցերին, կարևորել աշխատավորության գեղագիտական դաստիարակությունն ու անգրագիտության վերացումը: Ներկայացրել է երկրամասի մշակութային կյանքի վերելքն ու գրականության և արվեստի նորությունները: Թերթում հոդվածներով և այլ նյութերով հանդես են եկել կուսակցական և պետ. գործիչներ, գիտնականներ, աշխատավորության ներկայացուցիչներ: Տպագրել է Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Հ. Հակոբյանի, Ե. Չարենցի և ուրիշների ստեղծագործությունները: «Մ.»-ին զուգահեռ՝ որպես գրական–գեղարվեստական հավելված, լույս է տեսել նույնանուն շաբաթական պատկերազարդ հանդեսը (խմբագիր