Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

40 ՂԸԶՂԱԼԱ
գտնվում են եկեղեցիներ, գյուղատեղիներ, խաչքարեր (VII, IX, XIII, XVII դդ․)։ Գյուղից արլ․ Հինգշենատեղ հնավայրից գտնվել են բրուտագործի արհեստանոց, կավե խողովակների շարք, բրոնզից և պղնձից ձուլած բազմաթիվ իրեր, որոնք նման են Դվինում հայտնաբերված համանման իրերին։ 1972-ին Ղ–ում հայտնաբերվել է թրծված կավե պատերով ձուլարան։
ՂԸԶՂԱԼԱ (1978-ից՝ Գետավան), գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևելք։ Միավորված է Սարատովկայի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան։
ՂԼԻԶԲԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս։ Միավորված է Խանաբադի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։ Ղ–ում կա եկեղեցի (Աստվածածին, XIX դ․)։
ՂԼՏՃՅԱՆ Արսեն (28․3․1868, Ալեքսանդրապոլ – 1943, Վաղարշապատ), հայ իրավագետ։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1894)։ 1907–13-ին արտասահմանում ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն։ Եղել է վարդապետ, վարել եկեղեցական պաշտոններ։ Ղ–ի հին հայ իրավունքին (հայ եկեղեցական ժողովներ ու կանոնական որոշումներ, ամուսնաընտանեկան իրավունք ևն) նվիրված աշխատություններում արժեքավոր են բաժինքի (օժիտ), տնփեսայության, գնմամբ ամուսնության, նշանադրության իրավահարաբերությունների վերաբերյալ հետազոտությունները։ Ղ․ մշակել է հայ նահապետական ընտանիքի ճյուղագրությունը, փորձել է տալ հայ ընտանեկան իրավունքի համակարգը։ Արիական և սեմական իրավունքների միջև եղած տարբերությունը Ղ․ բացատրել է ռասայական տարբերություններով, անտեսել իրավունքի զարգացման սոցիալ–տնտեսական պատճառները։ Նրա կարծիքով հայ իրավունքը զուտ արիական է, որը Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում ամբողջությամբ չի արտացոլվել, իբր, օտար աղբյուրներից կատարված փոխառումների հետևանքով։ Այդ առումով Ղ․ դատաստանագրքերը հայ իրավունքի լիարժեք աղբյուրներ չի համարել։
Երկ․ Նյութեր Դավիթ Բեկի պատմության վերաբերյալ, «Արարատ», 1905, էջ 382։ Ընտրական սկզբունքը հայ եկեղեցու պատմական կյանքում, «Մուրճ», 1905, № 8–9։ Կանոնագիրք հայոց, Թ․, 1914։ Ասորական դատաստանագիրք, Էջմիածին, 1917։ Սմբատ իշխանի (Գունդստաբլի) Կիլիկյան դատաստանագիրքը, Էջմիածին, 1918։
Գրկ․ Սամունելյան Խ․, Հին հայ իրավունքի պատմությունը, հ․ 1, Ե․, 1939։ Հովհաննիսյան Ս․ Հ․, Ամուսնա–ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV–IX դդ․), Ե․, 1976։Ա․ Սուքիասյան ՂՇԼԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից կմ հյուսիս։ Միավորված է Նորագյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Ղ–ում պահպանվել է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․)։
ՂՈՂԱՆՋ, տես Զարկումներ։
ՂՈՆՋԱԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ է հյուսիս-արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։
ՂՈՇԱԲՈՒԼԱՂ գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
ՂՈՇԱՎԱՆՔ, տես Հոռոմոսի վանք։
ՂՈՎՇՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Գեղի գետի ափին, շրջկենտրոնից 17 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Լեռնաձորի անասնապահական սովետական տնտեսության կետ։ Ունի ակումբ, գրադարան։
ՂՈՐՂԱՆՅԱՆ (Կորգանով) Գենարիոս Հովսեփի [30․4(12․5)․ 1858, Ղվարելի Կախեթիա (այժմ՝ Վրացական ՍՍՀ–ում) – 23․2(7․3)․1890, Դոնի Ռոստով, հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ Ղորղանյանների տոհմից։ Թիֆլիսում աշակերտել է Է․ Էպշտեյնին։ 1874–1876-ին սովորել է Լայպցիգի (դաշնամուր, դասատու՝ Է․ Ռայնեկե), 1877–78-ին՝ Պետերբուրգի (դաշնամուր, դասատու՝ Լ․ Բրասեն) կոնսերվատորիաներում։ 1879-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ 1889-ին Պ․ Ի․ Չայկովսկու խորհրդով կոմպոզիցիայի դասեր է առել Ա․ Տանեևից։ Գրել է ռոմանսներ Պուշկինի,Ա․ Տոլստոյի, Մայկովի, Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, դաշնամուրային երկեր, որոնց մի մասում («Բայաթի», «Նոր բայաթի», «Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա») օգտագործել է հայկ․ ժող․ երգեր ու պարեղանակներ։ Կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժող․ («Սիրուհիս») երգերի մշակումներ։ Լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի առաջին ներկայացուցիչներից՝ Ղ․ նպաստել է հայկ․ պրոֆեսիոնաւ երաժշտական ձևերի զարգացմանը։ Ղ–ի դաշնամուրային էտյուդները տեղ են գտել Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական երկացանկում։Մ․ Հարությունյան
ՂՈՐՂԱՆՅԱՆ (Տերյան–Կորգանովա) Հեղինե Հովսեփի (1864 – մահ․ թ․ անհտ․), հայ երգչուհի (կոլորատուրային, այնուհետև դրամատիկական սոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ Ղորղանյանի քույրը։ Երգեցողություն է սովորել Փարիզում (դասատու՝ Պ․ Վիարդո–Գարսիա), երգել Եվրոպայի մի շարք քաղաքների թատրոններում։ 1884-ին տեղափոխվել է Թիֆլիս, ելույթներ ունեցել տեղի և Մոսկվայի օպերային թատրոններում։ 1899-ից Խարկովի օպերային թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են՝ Ռոզինա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Հուդիթ (Սերովի «Հուդիթ»), Վալենտինա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Լիգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»)։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ 1904-ին թողել է բեմը, անցել մանկավարժական աշխատանքի (աշակերտներից են Ք․ Դերժինսկայան, Ե․ Կատուլսկայան)։Մ․ Հարությունյան ՂՈՐՂԱՆՅԱՆ (Սվետադե) Մարիամ Հովսեփի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIX դարի վերջի – XX դարի սկզբի հայ երգչուհի (մեցցո–սոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ Ղորղանյանի քույրը։ Երաժշտական կրթությունը ստացել է Փարիզում։ Եղել է Եվրոպայի և ԱՄՆ–ի մի շարք օպերային թատրոնների մեներգչուհի։ 1905-ին Թիֆլիսում բացել է երգեցողության դասընթացներ։
ՂՈՐՂԱՆՅԱՆ (Դարիալի) Նինա Հովսեփի (1852–1896), հայ երգչուհի (մեցցոսոպրանո), մանկավարժ։ Կոմպոզիտոր Գ․ Ղորղանյանի քույրը։ Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Մասնագիտական երաժշտական կրթությունն ստացել է Միլանում (դասատուներ՝ Լամպերտի, Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ Սկսած 1880-ական թթ․ ելույթներ է ունեցել Թիֆլիսում։ 1888-ին տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, 1891-ին երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա–Մուրոմցևայի հետ)։Մ․ Հարությունյան
ՂՈՐՂԱՆՅԱՆ Ստեփան Ալեքսանդրի (1865–1925), հայ հասարակական գործիչ, Ղորղանյանների տոհմից։ 1885–1888-ին եղել է Սուրմալուի, 1888–95-ին՝ Նախիջևանի գավառապետի օգնական, 1895–1910-ին՝ Նոր Բայազետի, 1910-1915-ին՝ Քութայիսի գավառապետ, 1919–1920-ին՝ Կարսի նահանգապետ։ 1886-ից «Մշակ» օրաթերթում հրապարակած «Գավառական նամակներ» և «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» (1896-ից) հոդվածաշարում լիբերալ նարոդնիկության դիրքերից վերլուծել է Հայաստանի տնտ․ կացությունը (հատկապես 1870-ի գյուղացիական ռեֆորմը և դրա հետևանքները), մերկացրել ցարական պաշտոնեության զեղծարարությունները, կաշառակերությունը, պաշտպանել մանր արտադրողի շահերը։ Դատապարտել է դաշնակցական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը։ Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո անցել է կենսաթոշակի։
Գրկ․ Եղիազարյան Ա․ Մ․, Հայ լեգալ նարոդնիկ Ստեփան Ղորդանյան, «Տեղեկագիր ԳԱ», 1959, № 8։