Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂՊՏԻՆԵՐ 41

ՂՈՐՂԱՆՅԱՆ (Կորգանով) Վասիլ (Բ ա ր ս ե ղ) Դավթի [22․1(3․2)․1865, Թիֆլիս – 6․6․1934, Երևան], հայ երաժշտագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1934)։ Աշակերտել է Է․ Էպշտեյնին (դաշնամուր), Կ․ Ալիխանովին և Գ․ Ղորղանյանին (տեսություն)։ 1880-ական թթ․ վերջերին ավարտել է Պետերբուրգի ոազմաինժեներական ուսումնարանը, աշխատել Սարիղամիշում, 1888-ից ապրել Թիֆլիսում։ Ծավալել է հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հանդես եկել տեղական մամուլում, եղել Մոսկվայի և Պետերբուրգի մամուլի խոշոր երաժշտական հանդեսների թղթակիցը։ Առաջինն է նկատել երիտասարդ Ֆ․ Շալյապինի մեծ տաղանդը։ 1890-ական թթ․ եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, հանդիպել Յո․ Բրամսին, Ժ․ Մասնեին, Կ․ Սեն–Սանսին, Ջ․ Վերդիին։ 1896-ին թողել է զինվորական ծառայությունը։ 1891–1901-ին Ղ․ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ էր։ 1900-ին հիմնել է Անդրկովկասում առաջին ռուս․ «Կավկազսկի վեստնիկ» («Кавказский вестник») գիտագրական ամսագիրը (հրատարակել և խմբագրել է մինչև 1902-ը)։ 1900–04-ին Միջազգային երաժշտական ընկերության կովկասյան բաժանմունքի տնօրենն էր։ 1904-ին Կովկասի երաժշտության մասին ելույթներ է ունեցել Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինյան սեկցիայի նիստերին, 1909-ին՝ Վիեննայի կոնգրեսում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ղ․ հիմնականում գործել է Երևանում՝ 1925–30-ին եղել է հանրային գրադարանի դիրեկտորի տեղակալ, Պետհրատի երաժշտական սեկտորի նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր–կոնսուլտանտ։ Արևմտաեվրոպական և ռուս. երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներին նվիրված աշխատությունների, հոդվածների հեղինակ է։ Տասնյակ տարիներ հավաքել, ուսումնասիրել և համակարգել է Բեթհովենի կյանքին վերաբերող փաստական հարուստ նյութեր, դեռևս 1888-ին Թիֆլիսում կոմպոզիտորի մասին հրատարակել գրքույկ, նրա նամականին (1300 նամակ, երկու գրքով՝ 1900 և 1904), մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909) և ճանաչվել որպես խոշորագույն բեթհովենագետ։ Գրել է Մոցարտի մասին ծավալուն աշխատություն (1900), ակնարկ՝ նվիրված Վերդիին (1897), առաջինն է լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման։ Ուսումնասիրել է հայկ․ և վրաց. երաժշտությունը, հավաքած նյութերը ընդհանրացրել «Կովկասյան երաժշտություն» ժողովածուում (1901), ուր հեղինակի թարգմանությամբ տեղ են գտել նաև Կոմիտսաի «Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջուկ պարերգեր» աշխատությունները։ Ղ–ի բազմակողմանի գործունեությունը նպաստել է մինչսովետական և սովետական երաժշտական մշակույթի զարգացմանը։
Երկ․ Статьи, воспоминания, путевые заметки, Е․, 1968, c․ 3–29 (Библиография)․
ԳրկԹադևոսյան Ա․ Գ․, Էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, Ե․, 1977․ էջ 202–215։Մ․ Հարությունյան ՂՈՐՂԱՆՅԱՆՆԵՐ, հայ ազնվական տոհմ։ XVIII դ․ վրաց պատմագիր Վախուշտիի հավաստմամբ Ղ–ի նախնին՝ Ղորղանը, իր գերդաստանով Հայաստանից (Սուրմալուի Ղորղան ամրոցից) 1415-ին գաղթել է Վրաստան։ Ազնվականի իրավունքներով նա կալվածքներ է ստացել Բորչալուի գավառում, ապա՝ Թիֆլիսի մոտակայքում (Մեծ և Փոքր Ենագեթի գյուղերը)։ Վրաստանում Ղ․ վարել են պալատական և զինվորական պաշտոններ։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց (1801) հետո Ղ․ պահպանել են իրենց ազնվականական իրավունքները։ Տոհմը տվել է նշանավոր մի շարք գործիչներ (գեն․ Հովսեփ Ղորղանյան, Գենարիոս Ղորղանյան, Ստեփան Ղորղանյան և ուրիշներ)։ Ղ–ի տոհմից էր նաև Բաքվի կոմունայի զինվորական կոմիսար Գրիգոր Կորգանովը։
ՂՊՏԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ղպտիների գրականությունը, որը գոյություն է ունեցել IV–XVIII դարերում։ Առաջացել է Եգիպտոսում քրիստոնեության տարածման հետ և հիմնականում զարգացել վանքերում։ Ղպտիական առաջին գրավոր հուշարձանները եղել են Հին ու Նոր կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի և այլ գործերի թարգմանությունները հունարենից։ Ամենամեծ գրողն է համարվում պատմական գործիչ Շենուտեն (մահ․ 451)։ Ղպտիերենով ստեղծվել է վարքագրական հարուստ գրականություն, որը ազդեցություն է գործել միջնադարյան Եվրոպայի գրականության վրա։ Լայն ճանաչում են ունեցել ճգնավորների մասին առասպելները։ I հազարամյակի վերջին զարգացել է պոեզիան, գրվել են հեքիաթի և խրատական բնույթի ստեղծագործություններ։ Արաբերենի կողմից ղպտիերենը դուրս մղվելուց հետո էլ ստեղծվել են գործեր արդեն մեռած, գրքային ղպտիերենով («Տրիադոն», պոեմ, XIV դ․)։ Մինչև XVIII դ․ ղպտիերենով դեռևս գրվել են եկեղեցական հիմներ։
ՂՊՏԻԵՐԵՆ, եգիպտերենի վերջին փուլը, որն ընդգրկում է զարգացման մոտ մեկ հազարամյակ։ XI–XII դդ․ Ղ․ արդեն մեռած լեզու էր՝ դուրս մղված արաբերենի կողմից։ Պահպանվել է քրիստոնյա եգիպտացիների մոտ՝ որպես պաշտամունքային լեզու։ Ունի 5 հիմնական բարբառ, սայիդյան (IV–XI դդ․, գրական լեզու), բոխարյան (որն այժմ գործածում են ղպտիները), սուբախմիմյան, ախմիմյան, ֆայումյան։ Ղ–ին հատուկ է զարգացած վերլուծական կառուցվածքը։ Հնչյունական համակարգում առկա է 23 բաղաձայն (խուլեր, ձայնորդներ, մեկ ձայնեղ՝ յ) և 7 հիմնական ձայնավոր։ Շեշտը ուժային է։ Բառապաշարում կան հուն․ փոխառություններ։ Այբուբենը տաոագիր է․ ստեղծել են եգիպտացիները մ․ թ․ II–III դդ․՝ Աստվածաշունչը հունարենից Ղ–ի թարգմանելիս։
ՂՊՏԻՆԵՐ, քրիստոնյա եգիպտացիներ, հին եգիպտացիների հետնորդները։ «Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղ–ում բնակվում են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, հիմնականում քաղաքներում՝ Ասյութ, Ախմիմ, Կահիրե ևն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում, Թուրքիայում։ Ղ–ի թիվը ավելի քան 2 մլն է։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։
II–III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև VII դ․)։ VII դ․ Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղ․ բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն Ղ–ի նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտ․ ճնշման հետևանքով Ղ–ի թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց Ղ–ի մշակույթը։ XII դ․ ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), Ղ․ դարձան արաբախոս։ Ղ–ի գերակշիռ մասը դավանում է միաբնակություն (տես Միաբնակներ)։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։
Հայ–ղպտիական հարաբերություններն ունեցել են մշակութային, կրոնական բնույթ, որոնք, սկզբնավորվելով վաղ միջնադարում, շարունակվում են ցայսօր։ VII դ․ Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, Ղ–ի, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ։ Այժմ Երուսաղեմում Ղ. ծիսակատարություններն անում են հայկ․ եկեղեցիներում։ Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբ. համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից։ IV–VII դդ․, մինչև արաբ, նվաճումները Ղ․ ստեղծել են Հին Եգիպտոսի և անտիկ աշխարհի մշակութային ժառանգությանը աղերսվող ինքնատիպ արվեստ։ Ալեքսանդրիայից դեպի հվ․, Նեղոսի հովտում, պահպանվել են Բաուիտի վանքը (IV դ․), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440), Կարմիր վանքը (V դ․), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (IV–VI դդ․), ինչպես և 2–4-հարկանի բնակելի տներ։ Ճարտ․