Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46 ՂՐԻՄԻ
ՂՐԻՄԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓ, նեղ (2–8 կմ) բլրահարթավայրային շերտ (տեղ-տեղ՝ դարավանդաձև) Ղրիմի թերակղզու հարավային ափի երկայնքով՝ Այա հրվանդանի և Կարադաղ զանգվածի միջև։ Հս–ից սահմանափակված է Ղրիմի լեռների Գլխավոր լեռնաշարքով։ Բնության առանձնահատկությամբ բաժանվում է 3 մասի, արևմտյան՝ Այա հրվանդանից մինչև Ալուշտա (տիպիկ միջերկրածովյան կլիմայով), կենտրոնական՝ Ալուշտայից մինչև Պրիվետնայա (ավելի զով և չոր կլիմայով) և արևելյան՝ Պրիվետնայայից մինչև Կարադաղ լեռը (ցամաքային տիպի կլիմայով)։ Ղ․ հ․ ա․ կազմված է կավային թերթաքարերից՝ կտրտված խոր ձորերով ու հովիտներով։ Հանդիպում են բյուրեղային ապարների ցրոններ ու լակոլիթներ։ Տարածված են գորշ լեռնաանտառային, կարմրագորշ և շագանակագույն հողերը:Կա բուսական երկու գոտի: Ստորին գոտում աճում են միջերկրածովային տեսակներով քսերոֆիտային տիպի բույսերը, վերին գոտում՝ լայնատերև անտառները։ Այգիներում ու պուրակներում աճեցվում են դափնեկեռաս, մագնոլիա, հովհարաձև արմավենի։ Զարգացած է խաղողագործությունը և ծխախոտագործությունը։ Միութենական առողջարաններց է։ Այստեղ են Յալթա, Ալուշտա, Ալուպկա, Սիմեիզ, Գուրզուֆ, Միսխոր, Լիվադիա ևն առողջարանները։
ՂՐԻՄԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական մանրանկարչության դպրոց Ղրիմում։ Ղրիմի հայկ․ գաղութը գոյատևել է XIII–XIX դդ․։ Այստեղ կառուցված եկեղեցիներում և վանքերում գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր (միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվում են Ղրիմում ընդօրինակված շուրջ 300 հայերեն ձեռագրեր)։ Ղ․ մ․ դ․ հայ մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը (XIV դ․ վերջին Ղրիմ էին գաղթել նաև Կիլիկիայից)։ Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հաղորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն։ Գրչության առավել նշանակալից կենտրոններն էին Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա) և Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ)։ Այստեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, ողջ Ղրիմում հռչակված Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը։ Երբ XV դ․ վերջին թաթարները և թուրքերը գրավել են Ղրիմը, հայ գաղութի մշակութային կյանքըն անկում է ապրել։ Գրչատների գործունեությունը կրկին աշխուժացել է XVII դ․։ Նկարիչներից են Նաղաշ Էոլպեն, Նիկողայոս Ծաղկարարը, Խասպեկը, որոնք շարունակել են իրենց նախորդների լավագույն ավանդույթները։ Տպագրական տեխնիկայի երևան գալով մանրանկարչական արվեստը իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը։ Այս ասպարեզներում ևս Ղրիմի հայերը նշանակալից հաջողություններ են ունեցել, որի ամենավառ արտահայտությունը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկոլ ստեղծագործությունն է։
Պատկերազարդումը տես 41-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 2, Կահիրե, 1955։ Միքայելյան Վ․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1964։ Дурново Л., Краткая история древнеармянской живописи, E․, 1957; Корхмазян Э., Армянская миниатюра Крыма, E․, 1978․Է․ Կորխմազյան ՂՐԻՄԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ–ի կազմում։ Կազմվել է 1945-ի հունիսի 30-ին։ Մինչև 1954-ի փետրվ․ 19-ը եղել է ՌՍՖՍՀ–ի կազմում։ Տարածությունը 27 հզ․ կմ2 է, բն․ 2208 հզ․ (1980)։ Բաժանվում է 14 շրջանի։ Վարչական կենտրոնը՝ Սիմֆերոպոլ։ 1958-ին պարգևատրվել է Լենինի, 1970-ին՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Բնությունը տես Ղրիմ, Ղրիմի լեռներ, Ղրիմի հարավային ափ հոդվածներում։
Բնակչությունը։ Հիմնական մասը ռուսներ և ուկրաինացիներ են։ Կան նաև բելոռուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Առավել խիտ են բնակեցված Ղրիմի հվ․ ափը և հս․ նախալեռնային շրջանները։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 80,8 մարդ է, քաղաքային բն․ 67%։ Կարևոր քաղաքներն են՝ Սիմֆերոպոլը, Սևաստոպոլը, Կերչը, Յալթան, Եվպատորիան, Սակին, Թեոդոսիան ևն։
Տնտեսությունը։ Ղ․ մ․ լեռնահանքային և քիմ․ արդյունաբերության, ինչպես նաև բարձր ինտենսիվությամբ բազմաճյուղ գյուղատնտ․ շրջան է։ Զարգանում են մեքենաշինական, սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը։ Էներգետիկ բազան Սիմֆերոպոլի, Սևաստոպոլի և Կամիշ Բուրունի ՊՇԷԿ–ներն են։ Շահագործվում են գազի մի քանի հանքավայրեր։ Կամիշ Բուրունում կա երկաթի հանքանյութի արդյունահանում և հարստացում, Կերչում՝ մետալուրգիական գործարան։ Մեքենաշինությունը թողարկումէ սարքավորումներ (գինեգործական արդյունաբերության համար), հեռուստացույցներ, գյուղատնտ․ մեքենաների պահեստամասեր, տրակտորային կցիչներ, ամբարձիչ–տրանսպորտային սարքավորում։ Կան նավանորոգարաններ։ Սննդարդյունաբերությանը բաժին է ընկնում արդ․ արտադրանքի շուրջ 50%–ը․ առանձնանում են գինեգործական, պահածոների, ծխախոտի, վարդի ու նարդոսի եթերայուղի և մսեղենի–կաթնեղենի արդյունաբերության ճյուղերը։
ՂՐԻՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ 1853–1856, Արևելյան պատերազմ, Ռուսաստանի պատերազմը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ XIX դ․ կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շու–