468 ՄԵՍԻԱՅԱՆ
ՄԵՍԻԱՅԱՆ Հայկազ Կոսմոսի (ծն․ 8․1․1917, Սեբաստիա), հայ փողհար, դիրիժոր, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1962)։ 1947-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ․ Տաբակովի դասարան)։ 1938–42-ին, 1945–47-ին եղել է ՍՍՀՄ Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆո–ջազի, 1947–60-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ 1964-ից՝ «Երևան» փողային նվագախմբի (1970-ից՝ Հայաստանի պետ․ փողային նվագախումբ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1966-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում (կամերային անսամբլի դասարան, դոցենտ՝ 1977-ից)։ Մ․ համամիութենական երաժիշտ–կատարողների մրցույթի դիպլոմանտ է (1941, Մոսկվա)։
ՄԵՍԻՆԱՅԻ ՆԵՂՈՒՑ, գտնվում է Ապենինյան թերակղզու և Սիցիլիա կղզու միջև։ Միացնում է Հոնիական և Տիրենյան ծովերը։ Երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ 3,5–22 կմ, նվազագույն խորությունը՝ 115 մ։ Հայտնի է ուժեղ ջրապտույտներով։ Նավահանգիստներն են Մեսինան և Ռեջո դի Կալաբրիան։
ՄԵՍԽԵԹ, մեսխերի (վրացական ցեղերից մեկի) երկիրը, Հարավային Վրաստանի մի մասի պատմական անվանումը։ XIII դ․ 2-րդ կեսից Մ․ մտել է Սամցխե–Սաաթաբագո իշխանության մեջ։ XVI դ․ այն նվաճել է Թուրքիան։ 1829-ին․ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, Մ–ի հս․ մասը միացել է Ռուսաստանին։
ՄԵՍԽԵԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Աջարա–իմերեթյան լեռնաշղթա, Փոքր Կովկասի լեռնաշղթաներից Վրացական ՍՍՀ–ում։ Ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո լեռ)։ Կազմված է ֆլիշային և հրաբխածին նստվածքային ապարներից։ Գագաթը ծածկված է լեռնային մարգագետիններով, լանջերը՝ լայնատերև և փշատերև անտառներով։
ՄԵՍՅԱՆ Գևորգ Մնացականի [1883, Դաղեթ Խաչեն (այժմ՝ Վրացական ՍՍՀ Թեթրի Ծղարոյի շրջանում) – 1937], հայ սովետական մանկագիր, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի հայկ․ հոգևոր սեմինարիայում։ 1909–1915-ին սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստ–ում։ 1911-ին լույս է տեսել Մ–ի առաջին գիրքը՝ «Զարի» պոեմը։ Այնուհետև «Մարտակոչ», «Պրոլետար», «Կարմիր ծիլեր», «Լուսաբաց», «Արշավ» պարբերականներում տպագրվել են հայ գյուղին նվիրված նրա պատմվածքները, ակնարկները, պոեմներն ու բանաստեղծությունները։ Հրատարակվել են Մ–ի «Պատմվածքներ» (1931), «Մենք ենք կառուցում» (1933), «Պիոներ Գարիկի հիշատակարանը» (1936) գրքերը և այլ գործեր։ Թարգմանել է ռուս և արևմտաեվրոպական մի շարք դասական գրողների երկեր։
Երկ․ Մեր ծիծեռնակները, Ե․, 1961։
ՄԵՍՉՅԱՆ Ստեփան Ռուբեն ի (ծն․ 9․10․1922, Ախալցխա), հայ սովետական մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից: Ավարտել է Թբիլիսիի Վ․ Ի․ Լենինի անվ․ երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ–ը (1944)։ Մասնակցել է Գյումուշի ՀԷԿ–ի շինարարությանը (1946–53)։ 1953-ից գիտ․ աշխատակից ՀՍՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների, մաթեմատիկայի և մեխանիկայի, մեխանիկայի ինստ–ներում։ 1968-ից Երևանի համալսարանի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են կավային բնահողերի ռեոլոգիայի՝ սողքի, լարումների ռելաքսացիայի և տևական ամրության հարցերին։ Մ․ կավային բնահողերի փորձառական ռեոլոգիայի հիմնադիրներից է։ Ընտրվել է «Բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության» (1964), «Ինժեներ երկրաբանների» (1977) միջազգային գիտական կազմակերպությունների անդամ։
Երկ․ Ползучесть глинистых грунтов, Е., 1967; Механические свойства грунтов и лабораторные методы их определения, М., 1974; Начальная и длительная прочность глинистых фунтов, М․, 1978․
ՄԵՍՍԱ (իտալ․ messa, < ուշ լատ․ missa, լատ mitto – հղել, ներել), վոկալ–խմբերգային (հաճախ՝ մեներգիչներով) կամ վոկալ–գործիքային բազմամաս երաժշտական ստեղծագործության ժանր, լիթուրգիայի՝ կաթոլիկական եկեղեցու կողմից ընդունված անվանումը (համապատասխան է ուղղափառ եկեղեցու պատարագին)։ Մ–ի կազմն ու արարողության կարգը ստեղծվել են դարերի ընթացքում։ Սիմվոլիկ իմաստը կապված է հացն ու գինին Հիսուսի մարմին ու արյուն դարձնելու ծեսի հետ։ Սկզբում եղել է միաձայն, XIV դարից՝ բազմաձայն (Գիյոմ դե Մաշո) և ցիկլային։ Մասերի քանակն ու հաջորդման կարգը հաստատվել է Տրիդենտյան տիեզերական ժողովում (1545–63)․ Վատիկանի 2-րդ տիեզերական ժողովը (1962–65) թույլատրել է արարողությունը վարել ոչ միայն լատ․, այլ նաև տեղական լեզուներով։ Մ–ի 5 հիմնական մասերն են Kyrie eleison (Տեր ողորմեա), Gloria (Փառք ի բարձունս), Credo (Հավատամք), Sanctus (Սուրբ) և Benedictus (Օրհնեալ է), Agnus Dei (Գառն Աստծո)։ Տարբերում են կարճ Մ․ (missa brevis)՝ 2–3–մասանի, և հանդիսավոր Մ․ (missa solemnis), որի մասերը բաղկացած են առանձին, այդ թվում՝ Քրիստոսի մարմնառությանը («Et incarnatus»), խաչելությանը («Crucifixus»), հարությանը («Et resurrexit») վերաբերող և այլ բաժիններից։ Վերածնության դարաշրջանում Մ․ երաժշտական ստեղծագործության առավել մոնումենտալ ժանրն էր։ Մ–ներ են գրել Գ․ Դյուֆային, Ժոսքեն Դեպրեն, Օ․ Լասսոն, Պալեստրինան։ Առանձնապես բարձր գնահատելի են Յո․ Ս․ Բախի սի–մինոր «Բարձր Մ․» (24 մասից), Մոցարտի դո–մինոր «Մեծ Մ․» (18 մասից), Բեթհովենի ռե–մաժոր «Հանդիսավոր Մ․» («Missa solemnis»)։ Սրանցում Մ–ի ժանրը վճռականապես հեռացել է կրոնական–հոգևոր երաժշտությունից և ձեռք բերել խորապես մարդկային բովանդակություն։ Հոգեհանգստյան Մ․ կոչվում է ոեքվիեմ։
Գրկ․ Иванов-Борецкий М. В., Очерк истории мессы, М., 1910; Фишман Н. Л., «Торжественная месса» Бетховена, в изд․; Л․ Бетховен․ Торжественная месса, М., 1970; Друскин М. С․, Пассионы и мессы И. С․ Баха, Л․, 1976; Wagner Р., Geschichte der Messe, Bd 1, 2, Lpz․, 1913.
ՄԵՍՍԻԱՆ (Messiaen), Օլիվիե, Էժեն Պրոսպեր Շառլ (ծն․ 10․12․1908, Ավինյոն), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ։ Բանաստեղծուհի Սեսիլ Սովաժի որդին։ 1930-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան։ 1936-ին կոմպոզիտորներ Ա․ Ժոլիվեի, Դ․ Լեսյուրի, Ի․ Բոդրիեի հետ ստեղծել է «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործական միությունը։ 1942-ից՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Բուլեզը, Կ․ Շտոկհաուզենը, Յա․ Քսենակիսը)։ Մ–ի ստեղծագործությունը ներթափանցված է աստվածաբանական–միստիկական գաղափարներով։ Լայնորեն կիրառում է ժամանակակից արտահայտչամիջոցներ՝ բարդ լադային կառուցվածքներ և ռիթմական համակարգեր։ Իր ստեղծագործական որոնումները Մ․ հիմնավորում է տեսականորեն՝ «Իմ երաժշտական լեզվի տեխնիկան» (հ․ 1–2, 1944) գրքում։ Հոդվածների, դասագրքերի հեղինակ է։ Ելույթներ է ունենում որպես դաշնակահար և երգեհոնահար։
Գրկ․ Шнеерсон Г․ М․, Французская музыка XX века, 2 изд․, М․, 1970; О творчестве и теории Мессиана, «Советская музыка», 1965, № 10; Mari Р․, О․ Messiaen, [Р․, 1965]․
ՄԵՍՍԻՆԱ (Messina), քաղաք և նավահանգիստ Իտալիայում, Սիցիլիա կղզու հյուսիս–արևելքում։ Մեծությամբ և տնտ․ նշանակությամբ երկրորդ քաղաքն է կղզում (Պալերմոյից հետո), 263 հզ․ բն․ (1975)։ Կա քիմ․, սննդի, կարի, փայտամշակման արդյունաբերություն, նավաշինություն և նավավերանորոգում։ Ունի համալսարան (1548-ից), կենսաբանական, ծովային ինստ–ներ, բուսաբանական այգի։ Հաճախակի են երկրաշարժերը։ Պահպանվել են XII –XVI դդ․ ճարտ․ հուշարձաններ։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 730-ին։
ՄԵՍՏՆԻԿՈՎ Վասիլի Վասիլևիչ (1908, Յակուտսկ – 1958, Յակուտսկ), յակուտ սովետական ռեժիսոր և դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1931–34-ին սովորել է Մոսկվայի թատերարվեստի ինստ–ում։ 1952-ից աշխատել է Յակուտական թատրոնում (այժմ՝ Պ․ Ա․ Օյունսկու անվ․ Յակուտական երաժշտա–դրամատիկական թատրոն), 1935–38-ին և 1942–43-ին եղել է գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը։ Լավագույն բեմադրություններից են՝ Սիվցևի «Նյուրգուն Բոհոթուր» (1940), Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա» (1951), Ա․ Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1952)։ 1946–1948-ին Յակուտական երաժշտական թատրոնի ստուդիայում աշխատել է իբրև ռեժիսոր, ուր բեմադրել է Ժիրիկովի և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/468
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ