Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՍՐՈՊ 469

Լիտինսկու «Նյուրգուն Բոհոթուր» աոաջին յակուտական օպերան (1947)։
ՄԵՍՐՈՊ Գևորգ (Տեր–Մեսրոպյան Գևորգ Պողոսի) [12․5․1881, Պարտիզակ (Նիկոմեդիայի գավաո) – 30․9․1948, Սոֆիա], մանկավարժ, պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես–Շուշանյան վարժարանում, ամերիկյան դպրոցում, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում (1899–1902), Արմաշի դպրեվանքում (1904–08)։ 1908–22 -ին Մ․ իբրև տեսուչ և մանկավարժ աշխատել է Կ․ Պոլսում, դասավանդել հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։ Կ․ Պոլսում գլխավորել է հայկ․ պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։ Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ 1922-ից գիտամանկավարժական և հրապարակախոսական գործունեությունը շարունակել է Բուլղարիայում։ 1923-ին Պլովդիվում հիմնել է «Մեսրոպյան ճեմարանը» (1925-ին փոխադրվել է Սոֆիա)։ Մ․ Գ․ հրատարակել է (կնոջ՝ Շաքե Մեսրոպուհու հետ) «Հայելի աշխարհի» (1937, Սոֆիա) գիտամանկավարժական պարբերաթերթը։ Աշխատություններից են «Ու րա ար տու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը» (1911), «Պատմություն հայ եկեղեցվո» (հ․ 1–2, 1913–14) դասագիրքը։ Նրա «Հայոց պատմություն» (տարրական և միջին 4 դասարանների համար) դասագիրքը օգտագործվել է սփյուռքի բոլոր դպրոցներում, ունեցել մի քանի հրատարակություն, հեղինակ է նաև «Հայոց պատմություն» (քննական, բարձր դասարանների համար, հ․ 1, 1914) և «Աշխարհագրություն պատմական Հայաստանի» (1924) դասագրքերի։
Երկ․ Հայ թարգմանիչները Բյուզանդիոնի մեջ, ԿՊ, 1909։ Ազատության իդեալը, ԿՊ, 1909։ Հայաստան, ԿՊ, 1919։ Հայկարան, Սոֆիա, 1931։
Գրկ․ Գևորգ Մեսրոպ (կենսագրական գիծեր), Սոֆիա, 1929։ Ա․Գրիգորյան ՄԵՍՐՈՊ (Մեսրոպյան) Լևոն Մեսրոպի (1880, Պոլիս – 1960, Փարիզ), հայ գրող, բանասեր, հասարակական–մշակութային գործիչ։ Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մ–ի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուրդիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար Խայյամ», 1923)։ 1946-ին և 1954-ին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին։
Երկ․ Կախարդող լեոը, Ե․, 1955:Ս․ Կուրտիկյան ՄԵՍՐՈՊ Բ ԱՐՏԱԶԵՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 1372), Հայոց կաթողիկոս 1359-ից։ Գումարել է Սսի 1361-ի ժողովը՝ կաթոլիկական ծեսերի դեմ պայքար տանելու նպատակով։ 1364-ին հիմնել է լեհահայոց արքեպիսկոպոսական թեմը։
ՄԵՍՐՈՊ ԵՐԵՑ, Վայոցձորեցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դարի հայ մատենագիր։ Ծագումով Վայոց ձորի Հողոցմանց գյուղից։ 967-ին գրել է Ներսես Ա Մեծի վարքը և Մամիկոնյանների տոհմի պատմությունը։ Մ․ Ե–ի գրվածքում արտացոլվել է հայ ազատագրական լեգենդի նախնական տարբերակը, որը հայկ․ պետականության անկումից հետո Հայաստանի նորոգ ազատագրումն ու վերականգնումը կապում էր քրիստոնյա հռոմեացիների օգնության հետ։ Երկի հիմքում ընկած է նաև հայ–վրացական միացյալ պայքարի գաղափարը։ Հետագայում, կապված միջազգային քաղ․ իրադրության փոփոխման հետ, Մ․ Ե–ի երկը լրացվել է ընդմիջարկություններով, որոնք արտահայտում են հայ ազատագրական լեգենդի էվոլյուցիան։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1737-ին։ Վերահրատարակվել է (2 անգամ, տարբեր վերնագրերով)։ Թարգմանվել է ֆրանսերեն (1869)։
Երկ․ Պատմութիւն սրբոյն Ներսիսի Պարթևի Հայոց հայրապետի (Սոփերք Հայկականք, հ․ 6), Վնտ․, 1853։Վ․Դիլոյան ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ, Մաշտոց, Մաշթոց [մոտ 362, գ․ Հացեկաց (Տարոնի գավառում) – 17․2․440, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին), թաղված է Օշականում], հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային–հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մ․ Մ–ի կյանքի ու գործի վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, նաև՝ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։ Մ․ Մ․ կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հուն. կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389-ին հաստատվել է Արշակունյաց մայրաքաղաք Վաղարշապատում և երկրի հազարապետ Առավանի ղեկավարությամբ պաշտոնավարել արքունիքում որպես ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության։ 394-ին թողել է զինվորական ծառայությունը և աշխարհիկ կյանքը, դարձել վանական։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո եղել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Մ․ Մ–ի ճգնավայրերից մեկը եղել է Հայաստանի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ի կազմում) Մեսրոպավանիս (Մսրավանիս) գյուղի մոտակայքը։
Մ․ Մ. աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ․ նախ եղել է Գողթն գավառում, որտեղ, ինչպես և Հայաստանի այլ վայրերում պահպանվում էր հեթանոսական կրոնը։ Տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն՝ Գողթնում հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Մ․ Մ․ այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք էր գործել I դ․, 301-ին դարձել պետ․ կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հուն. կամ ասորերեն էին, ընթերցումները, ժամերգություններն ու ծեսերը կատարվում էին ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մ․ Մ․, Աստվածաշունչը հրապարակորեն կարդալիս, անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մ․ Մ–ի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387-ին երկու մասի բաժանված Հայաստանի արլ․ և արմ․ հատվածները միմյանցից օտարանում էին։ Պարսից գերիշխանության տակ գտնվող արլ․ մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկ․ ազդեցությունն օրավուր մեծանում էր․ արքունական գրագրությունը կատարվում էր պարսկ․։ Այդ լեզուն ավելի ու ավելի էր թափանցում ժողովրդի բանավոր խոսքի մեջ։ Երկրի արմ․ մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հուն. եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետ․ լեզուն հուն. էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հուն. էր, մասամբ՝ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ և ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։ Արմ․ շատ գավառներում հունարենն ու հուն. կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։
Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մ․ Մ․ կանխազգացել է հայկ․ ինքնուրույն պետության մոտալուտ անկումը․ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968, էջ 284)։ Այսպես Մ․ Մ–ի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները․ 1․ հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն, 2․ ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն, 3․ հայությունը փրկել ձուլումից և