Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեկորատիվությամբ։ Մ․ նկարազարդել է նաև գրքեր։ Նոր Ջուղայում Մ․ արվեստանոց և աշակերտներ է ունեցել, որոնց հետ որմնանկարներ է կատարել տեղի մի շարք եկեղեցիներում։ Աշխատանքներ է կատարել նաև Սպահանի պալատներում և ապարանքներում։
Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII– XVIII դարերում, Ե․, 1974։ Մ․ Ղազարյան ՄԻՆԱՍ (Մինասյան) Իսկուհի (ծն․ 1884, Կ․ Պոլիս), հայ գրող։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի իտալ․ օրիորդաց դպրոցում։ 1900–01-ին տպագրել է առաջին գործերը։ Մ–ի նախընտրած ժանրերն են արձակ բանաստեղծությունը և նովելը։ Գրել է ֆրանս․։ «Վենետիկյան մարգարիտներ» (1914), «Հեծեծանքներ», «Ուժգին ժամեր», «Ինչ որ մեռնում է», «Աթենքի վարդերը», «Իտալիայի լուսաստվերը» (1928) ժողովածուներում գերիշխող թախիծը հոռետեսության հետևանք չէ, այլ լույսին, գեղեցկին հասնելու յուրօրինակ աստիճան։ «Ապրել» (1930) ժողովածուի նովելներից մեկը պատկերում է Գ․ Զոհրապի կյանքը։ Վերջինիս թարգմանությամբ Մ–ի որոշ նովելներ լույս են տեսել հայ մամուլում։Ն․ Վարդանյան ՄԻՆԱՍ Ա ԱԿՆԵՐՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 12․5․1753), Հայոց կաթողիկոս 1751-ից։ Սկզբում եղել է Մշո Ս․ Կարապետ վանքի առաջնորդ, 1749–51-ին՝ Կ․ Պոլսի հայոց պատրիարք։ Կաթողիկոս դառնալով Էջմիածնի միաբանությունում վերջ է տվել հոգևորականների միջև բուն դրած թշնամանքին։
ՄԻՆԱՍ ԱՄԴԵՑԻ, Մինաս վարդապետ Ամդեցի (ծն․ թ․ անհտ․, Ամիդ – 5․12․1704, Երուսաղեմ), հայ մատենագիր, գրիչ, եկեղեցական գործիչ։ Եղել է Եվդոկիայի եպիսկոպոսական թեմի առաջնորդ (1686–88), Երուսաղեմի հայոց պատրիարք (1690–96, 1698–1702, 1704)։ Գրչագրել է Սամուել Անեցու «Ժամանակագրությունը» և Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»։ Հրատարակել է (1700–01, առաջին անգամ) Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի ամբողջական բնագիրը և նրա ներբողյանները։ Գրել է (1698) «Ազգաբանութիւն Հայոց» երկը (1870, 2 հրտ․), որի սկզբի մասը հայոց պատմության (Հայկից մինչև Լևոն Զ), իսկ շարունակությունը հռոմ․ ու բյուզանդական կայսրերի համառոտ ժամանակագրությունն է։ Գրել է (1680–1704) նաև «Օրագրութիւն» (անտիպ), որն ունի ինքնակենսագրական արժեք և XVII դ․ վերջին քառորդի ու XVIII դ. սկզբի հայ հասարակական–քաղաքական կյանքի մասին վավերական սկզբնաղբյուր է՝ տեղագրական հարուստ տվյալներով։
Գրկ․ Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։ Քյոմուրճյան Ե․ Չ․, Օրագրութիւն, Երուսաղեմ, 1939։Պ․ Խաչատրյան ՄԻՆԱՍ ԹՈԽԱԹՑԻ [Լովանդացի, Լեհացի, 1510, Թոխաթ (Եվդոկիա) – 1621 կամ 1622], հայ միջնադարյան տաղասաց, գրիչ։ 1540-ին գաղթել է Կամենից, ապա տեղափոխվել Սուչավա։ 1563-ին անցել է Լեմբերգ (այժմ՝ Լվով), եղել Գրիգոր Վանեցի արքեպիսկոպոսի քարտուղարը։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրա «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» հայրենասիրական ծավալուն բանաստեղծության մեջ պատկերված են Մոլդավիայի թագավոր Շտեֆան Ռարեշի (իշխել է 1551–52-ին) հալածանքներն ընդդեմ հայերի։ Ողբը, որ գրել է որպես դեպքերի ականատես, սկզբնաղբյուր է Մոլդավիայի հայերի պատմության ուսումնասիրման համար։ Մ․ Թ–ու գործերից է նաև «Գովասանք հերիսի» երգիծական ոտանավորը։ Ստեղծագործել է գրաբար՝ աշխարհաբարի տարրերով, երբեմն էլ՝ ժամանակի խոսակցական լեզվով։
Գրկ․ Ալիշան Ղ., Կամենից․ Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ, Վնտ․, 1896, էջ 19–27։ Ակինյան Ն․, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն․, 1921, էջ 57–114։ Խաչատրյան Պ․, Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ–ԺԷ դդ․), Ե․, 1969։ Սահակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (16–17-րդ դդ․), Ե․, 1975։Ա. Դոլուխանյան ՄԻՆԱՍ ԺԵՐԱԻՍ (Minas Gerais), նահանգ Բրազիլիայի հարավ–արևելքում։ Տարածությունը 582,6 հզ․ կմ2 է, բն՝ 13,68 մլն (1980)։ Վարչական կենտրոնը՝ Բելու Հորիզոնտի։ Տնտեսապես զարգացած և խիտ բնակեցված նահանգներից է։ Տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն է, սև և գունավոր մետալուրգիան։ Մ․ Ժ–ում է կենտրոնացած երկրի ոսկու և ալմաստի հանույթի 80–90 %–ը, երկաթի հանքաքարի, բոքսիտների և գրաֆիտի հանույթի մոտ 100 %-ը։ Արտադրվում է պողպատի մոտ 40 %–ը, մետաղական ցինկի 50 %–ը, ալյումինի ավելի քան 60 %–ը, երկաթամիահալվածքի 75 %–ը, նիկելի 100 %–ը։ Զարգացած է մետաղամշակման և մեքենաշինական, նավթաքիմիական, ցեմենտի, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են սուրճ, շաքարեղեգ, ծխախոտ, ցիտրուսային, հատիկային և այլ կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։
ՄԻՆԱՍ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ, Մինաս Երևանցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIX դ․ տոմարագետ։ 1801-ին կազմել է «Լուսավորիչ» տոմարը, որի տարեսկիզբ է ընդունվում «Քրիստոսի ծննդյան օրը»՝ հունվարի 6-ը։ Ամսանունները հայկական հեթանոսական տոմարինն են (տես Հայկական օրացույց)։ Նահանջ տարվա լրացուցիչ օրը ավելացվում է հոռի ամսվա վերջում։ «Լուսավորիչ» և հուլյան տոմարի ամսանունները գտնվում են հետևյալ համապատասխանության մեջ․

նավասարդի 1 հունվարի 6
հոռիի 1 փետրվարի 1
սահմիի 1 մարտի 3
տրեի 1 ապրիլի 2
քաղոցի 1 մայիսի 2
արացի 1 հունիսի 2
մեհեկանի 1 հուլիսի 2
արեգի 1 օգոստոսի 2
ահեկանի 1 սեպտեմբերի 1
մարերիի 1 հոկտեմբերի 2
մարգացի 1 նոյեմբերի 1
հրոտիցի 1 դեկտեմբերի 2
ավելյացի 1 հունվարի 1

Տարեթվերը հաշվվում են հիմնականում ըստ «Քրիստոսի ծննդյան թվականի» («Փրկչական թվական»), որոշ դեպքերում՝ ըստ «Խաչելության թվականի» (33 թ․)։

Բ. Թումանյան

ՄԻՆԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ (Գասպարյանց, Արթվինցի, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVIII դարի հայ լուսավորչական գործիչ, մաթեմատիկայի ուսուցիչ, Մխիթարյան միաբանության անդամ։ Հրատարակել է «Նոր գիւտ կամ Գործ համարողական արհեստին» (1787) գործնական հաշիվներ կատարելու մաթեմատիկայի ձեռնարկը վաճառականների համար։
ՄԻՆԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ, Տիգրանյան, Խարբերդցի (մոտ 1658 – 12․5․1740, Մոսկվա), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Իսրայել Օրու մերձավոր զինակիցը։ 1680-ին ընդունել է կուսակրոնություն, 1684-ին դարձել Արցախի Մեծարանք գավառի Ս․ Հակոբա վանքի վանահայր։ 1699-ին մասնակցել է Անգեղակոթի ժողովին, որտեղ նշանակվել է Իսրայել Օրու ուղեկիցն ու գործընկերը՝ վերջինիս եվրոպական առաքելությունում։ Իսրայել Օրու հետ եղել է Պֆալցում (1699), Ֆլորենցիայում և Հռոմում (1700), Մոսկվայում (1701)։ Մասնակցել է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու նպատակով ռուս. արքունիքի հետ վարվող բանակցություններին։ Իսրայել Օրու մահից (1711) հետո շարունակել է նրա գործը, հիմնականում միջնորդի դեր կատարել ռուս. կառավարության և հայ ազատագրական գործիչների միջև։ Ռուս. կառավարության հանձնարարությամբ Պետրոս I-ի պարսկ․ արշավանքից առաջ, 1715–16-ին եղել է Անդրկովկասում, այցելել Գանձասար և Էջմիածին։ 1716-ին Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանը Մ․ Վ–ին ձեռնադրել է եպիսկոպոս և նշանակել Ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդ։ Մասնակցել է Պետրոս I-ի պարսկ․ արշավանքին (1722)։ 1720-ական թթ․ ծավալված հայ ազատագրական շարժումների ժամանակ, ռուս. արքունիքում ներկայացրել և պաշտպանել է ազատագրական պայքարի ելած հայ ժողովրդի շահերը։ 1740-ի ապրիլին ընդունել է ուղղափառություն։Վ․ Դիլոյան ՄԻՆԱՍՅԱՆ Աշխեն Կարապետի [20․11․1902, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 13․6․1980, Երևան], հայ սովետական բուսաբույծ–սելեկցիոներ։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1946)։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1926)։ 1929–35-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ բուսաբանական այգում, որտեղ կազմակերպել և ղեկավարել է սերմստուգիչ առաջին լաբորատորիան։ 1951–56-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի և սելեկցիայի ինստ–ում, 1956–74-ին՝ ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության երկրագործության ԳՀԻ–ում։ Գիտական աշխատանքները վերաբերում են գարու, ցորենի, եգիպտացորենի, երկհար թավոտ վիկի տեսակակազմի, փոփոխականության, ագրոկենսաբանական առանձնահատկություններին։
Երկ․ Ячмени Армении, Е., 1961․
ՄԻՆԱՍՅԱՆ Գուրգեն Արմենակի [ծն․ 16․6․1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)],