Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գեղարվեստական ձուլման, շինանյութերի գործարաններ։ Հայտնի է XV դարից։
ՄԻՏԿԵՎԻՉ Վլադիմիր Ֆյոդորովիչ (1872–1951), սովետական էլեկտրատեխնիկ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929, թղթակից անդամ 1927), ՌՍՖՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1938)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1895)։ Մասնակցել է ԳՈԷԼՌՈ–ի պլանի մշակմանը։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական երևույթների, լարային և ոչ լարային կապի պրոբլեմների, էլեկտրաէներգիայի հաղորդման ուսումնասիրմանը։ Առաջարկել է էլեկտրահաղորման բարձրավոլտ գծերի ֆազերի բաժանումը։ Հեղինակ է էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքների մի քանի դասընթացների։ Լենինյան (1928) և ՍՍՀՄ պետ․ (1943) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՄԻՏՈԳԵՆԵՏԻԿ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, փոքր ինտենսիվության, 1900–3250Å ալիքի երկարության ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Առաջանում են բույսերի և կենդանիների բջիջներում ու հյուսվածքներում, ֆերմենտային ռեակցիաների ժամանակ։ Հայտնաբերել է Ա․ Գուրվիչը (1923) և ցույց տվել դրանց խթանող դերը բջիջների բաժանման՝ միտոզի ժամանակ (այստեղից՝ անվանումը)։ Մ․ ճ–ի կենսաբանական ազդեցությունը պայմանավորված է դրանց ներգործության տակ բջիջներում շղթայական քիմ․ պրոցեսների առաջացմամբ։ Մ․ ճ–ի սպեկտրի վերլուծությունից պարզվել է, որ նրանց ինտենսիվությունը կախված է հետազոտվող օբյեկտի ֆիզիոլոգիական վիճակից։ Հակասական փորձնական արդյունքների պատճառով Մ․ ճ–ի գոյությունը վիճարկվում է։
ՄԻՏՈԶ (< հուն․ μίτος — թել), կարիոկինեզ, անուղղակի բաժանում, բջջի կիսման (բաժանման) եղանակ․ ապահովում է մայր բջջի գենետիկական նյութի համաչափ բաշխումը երկու դուստր բջիջներում և քրոմոսոմների հաջորդականությունը (ժառանգական կարգ) բջջի մի շարք սերունդներում։ Մ–ին նախորդող շրջանում (ինտերֆազի վերջում) կրկնապատկվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ), սինթեզվում միտոտիկ ապարատի նյութը (ցենտրիոլներ) և կուտակվում էներգիա մակրոէրգիկ միացությունների ձևով։ Տարբերում են Մ–ի չորս փուլ, պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և տելոֆազ․ պրոֆազում կորիզը մեծանում է, ուռչում, քրոմոսոմները պարուրաձև ոլորվում են, հաստանում և կարճանում։ Ցենտրիոլները, որոնք յուրաքանչյուր բջջում 2-ն են, տարամիտվում են դեպի բևեռները։ Դրանց միջև բարակ թելիկներ են գոյանում, որոնք ցենտրիոլների հետ միասին կոչվում են բջջի բաժանման իլիկ։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը լուծվում է, քրոմոսոմներն ազատ տեղաբաշխվում են բջջապլազմայում։ Մետաֆազում քրոմոսոմները տեղաշարժվում են դեպի բաժանման իլիկի հասարակածը, կպչում իլիկի թելիկներին և տեղի է ունենում քրոմատիդների (քույր քրոմոսոմների) անջատում։ Անաֆազում դուստր քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Տելոֆազում բջջի բևեռներին մոտեցած դուստր քրոմոսոմները կորցնում են իրենց ձևը, ապագալարվում, երկարում են և դառնում անտեսանելի։ Քայքայվում է միտոտիկ ապարատը։ Դուստր քրոմոսոմների յուրաքանչյուր խումբ շրջապատվում է կորիզաթաղանթով և ձևավորվում կորիզակը։ Բաժանվում է նաև բջջապլազման, վերականգնվում բջջի թաղանթը, որի հետևանքով դուստր բջիջներըն անջատվում են միմյանցից։ Մ–ի օրինաչափությունները համընդհանուր են տարբերակված կորիզ ունեցող բոլոր բջիջների համար։ Մ–ի տևողությունը կախված է բջիջների չափերից, կորիզների թվից, շրջապատող միջավայրի պայմաններից․ կենդանական բջիջների համար այն 30–60 րոպե է, բուսական բջիջներինը՝ 2–3 ժամ։ Օրգանիզմում Մ․ կարգավորվում է նյարդահումորալ համակարգով և ենթարկվում օրական տատանումների։ Օրինակ՝ գիշերային կենդանիների մեծ մասի օրգաններում Մ․ առավելապես տեղի է ունենում առավոտյան, ամենաքիչը՝ գիշերը։ Մարդու և ցերեկային կենդանիների մոտ նկատվում է օրական ռիթմի հակառակ դինամիկա։ Մ. կարող է խանգարվել տարբեր ախտաբանական պրոցեսների հետևանքով։
ՄԻՏՈՏԻԿ ԱՊԱՐԱՏ, միտոզին մասնակցող քրոմոսոմային և աքրոմատինային ժամանակավոր կառուցվածքների ամբողջություն, որն իրականացնում է քրոմոսոմների շարժումը դեպի կիսվող բջջի բևեռներ։ Ձևավորվում է ինչպես ինտերֆազային բջջի մակրոմոլեկուլներից, այնպես էլ բաժանումից առաջ սինթեզված նյութերից։ Մ․ ա․ կազմված է ցենտրոսոմայով շրջապատված ցենտրիոլներից, բջջի բաժանման իլիկից (միկրոխողովակների համակարգ) և միջանկյալ նյութից։ Բաղկացած է ռիբոնուկլեոպրոտեիդներից (90%), ռիբոնուկլեինաթթվից (6%), աքրոմատինային մասը՝ ակտինին նման սպիտակուցներից։ Հայտնաբերված են նաև բազմաշաքարներ, լիպիդներ, ադենոզինեռֆոսֆատազ։ Ցենտրիոլները մոտ 0,15 մկմ տրամագծով միկրոխողովակների զույգ գոյացություններ են։ Ենթադրվում է, որ դրանք կարգավորում են իլիկի առաջացումը, տարածական կողմնորոշումն ու աճը, չնայած վերջինս տեղի ունի նաև ցենտրիոլներ չպարունակող (բուսական) բջիջներում։ Բջջի բաժանման իլիկը կազմված է 2 տիպի՝ բևեռներն իրար և յուրաքանչյուր քրոմոսոմը բևեռներից որևէ մեկին միացնող ցիտոպլազմային թելիկներից։ Մասնակցում է քրոմոսոմների բաշխմանը դուստր բջիջներում։ Մ․ ա–ի ձևավորումը սովորաբար սկսվում է միտոզի պրոֆազում և ավարտվում մետաֆազում։ Մ․ ա–ի վնասվածքները և սինթեզի խանգարումները հանգեցնում են միտոզի ախտաբանության։
ՄԻՏՈՔՈՆԴՐԻԱՆԵՐ (< հուն․ μίτος – թել և χόνδρος – հատիկ), քոնդրիոսոմներ, բուսական և կենդանական բջջի կարևորագույն և մշտապես գոյություն ունեցող օրգանոիդներ, որոնք ապահովում են բջջի շնչառությունը։ Պարունակվում են բոլոր աերոբ էուկարիոտների բջիջների ցիտոպլազմաներում։ Բացակայում են միայն բակտերիաների, կապտականաչ ջրիմուռների ևն պրոկարիոտների մոտ, որտեղ դրանց ֆունկցիան կատարում են բջջային թաղանթները։ Մ․ կարևոր դեր են խաղում ֆոսֆորիլացման, իոնների տեղափոխման պրոցեսում, դրանցում են կենտրոնացած որոշ ֆերմենտային ռեակցիաներ ևն։ Մ–ի հիմնական ֆունկցիան օրգ․ միացությունների օքսիդացումն է և առաջացած էներգիայի օգտագործումը։ Նույնատիպ բջիջներում Մ–ի քանակը համեմատաբար հաստատուն է և կարող է անցնել 1000-ից։ Սովորաբար ձողիկաձև, թելանման կամ ճյուղավորված, 0,5–1,5 մկմ չափերով գոյացություններ են։ Ունեն 2 թաղանթ՝ արտաքին հարթ և ներքին ծալքավոր, որն առաջացնում է կատարներ՝ կրիստներ։ Մ–ի ներքին տարածությունը լցված է մատրիքսով, որը պարունակում է նաև բազմաթիվ կառուցվածքային սպիտակուցներ ու ֆերմենտներ (բջջի սպիտակուցների մոտ 30%–ը), հատուկ ձևի սեփական ԴՆԹ (բջջի ԴՆԹ–ի 0,2%–ը), ՌՆԹ–ի բոլոր տեսակները և առանձնահատուկ միտոքոնդրային ռիբոսոմներ, որոնք ապահովում են սպիտակուցների ինքնուրույն կենսասինթեզը Մ–ում։ Մ–ի առաջացման վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Ենթադրվում է, որ էվոլյուցիայի պրոցեսում, Մ․ կարող էին առաջանալ մատրիքսի ուլտրակառուցվածքներից, բջջի մյուս թաղանթային կառուցվածքներից կամ այլ եղանակներով։
Գրկ․ Ленинджер А․, Митохондрия, пер․ с англ․, М․, 1966; Рудин Л․, Уилки Д., Биогенез митохондрий, пер․ с англ․, М․, 1970․
ՄԻՏՏԱԳ–ԼԵՖԼԵՐ (Mittag-Leffler) Մագնուս Գուստավ (1846–1927), շվեդ մաթեմատիկոս։ Ավարտել է Ուպսալայի համալսարանը (1827)։