Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ն, հայերեն այբուբենի քսաներկուերորդ տառը։ Անունն Է«նու»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է ուղղաձիգ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում երկար գծերն իրար են միանում ստորին ծայրերից, իսկ լայնը՝ ձախ կողմի երկարին՝ վերին ծայրերից։ Գրվում է երկու տողագծերի միջև։

Գրչագիր Ն–ի երկարները և լայնը իրար են միանում ուղիղ նուրբերով։ Դյուրագրության հետևանքով լայնը երկարի ծայրին է միանում ստորին ծայրից՝ Ն, իսկ հետո բարձրանում է երկարից վեր, որպեսզի միացնող նուրբը հորիզոնական դիրք ստանա՝ ն։

Երկաթագիր Ն–ի երկրորդ երկարը կարճացել է և երկարին է միացել կոր նուրբով՝ Ն։

Բոլորագիր Ն ստեղծվել է գրչագրից, բայց շուտով կորցրել է երկրորդ երկարը, նմանվել երկաթագրին՝ Ն, և նստել է տողի վրա։

Նոտրագիր Ն առաջացել է բոլորգրից, սակայն նուրբերը հաստացել են, իսկ երկարը՝ բարակել՝ Ն։

Շղագիրը` Ն, հաճախ դիրքափոխության է ենթարկվել, լայնը անցել է երկարի աջ կողմը և արագագրության հետևանքով ստորին ծայրով հատել երկարին և ավելի փոքրացել։

Ն նշանագրում է արդի գրական հայերենի ատամնային ձայնորդ ռնգային հնչյունը (հնչույթը)։ Շրթնային պայթականներից առաջ, որպես կանոն, ն տառը հնչում է մ՝ անպարտ-ամպարտ, անբան-ամբան: Ն նշանակել է չորս հարյուր և չորսհարյուրերորդ, բյուրի նշանով (Ն)՝ չորս միլիոն։ Արաբ. թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական ու դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով։

Ա․ Մաթևոսյան

ՆԱԲԱԹ, Նաբադ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառում, Վան քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Արճակ լճից մոտ 5 կմ արևմուտք, ծովի մակերևույթից շուրջ 2140 մ բարձրությամբ սարահարթի վրա։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ն-ում կար եկեղեցի (Ս․ Հարություն)։ Ն–ի բնակիչները եռանդուն մասնակցություն են ունեցել 1915-ի Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Ն․ ավերվել է, բնակիչների մեծ մասը զոհվել։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Թ․Հակոբյան

ՆԱԲԱԹԵԱ, արաբ, հնագույն պետություն ժամանակակից Հորդանանի թագավորության տարածքում մ․ թ․ ա․ III դարի վերջ- մ․ թ․ 106-ին։ Թագավորության մայրաքաղաքը Պետրան էր՝ հելլենիստական ոճի ժայռափոր տաճարներով և բնակելի շենքերով։ Մինչև մ․ թ․ ա․ III դ․ նաբաթեացիները հիմնականում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ, II–I դդ․ նաև՝ երկրագործությամբ։ Մ․ թ․ ա․ II դ․ կեսին Ն․ իր տիրապետությունն է հաստատել Հյուսիսային Հեջազում՝ Եգիպտոսից զավթելով Ամպելոնա նավահանգիստը (Կարմիր ծովի ափին), որտեղ խաչվում էին Հնդկաստանից և Արաբական թերակղզու հվ-ից Միջերկրականի ավազանը տանող առևտրական ուղիները, ինչի շնորհիվ Պետրան դարձել է առևտրական կենտրոն։ Ն–ի հայտնի առաջին թագավորը Հարիթաթ I է (թագավորել է մ․ թ․ ա․ 169-ից)։ Ն․ հզորության է հասել Հարիթաթ III-ի (մ․ թ․ ա․ 87–62) օրոք, որը պարտության մատնելով Սելևկյաններին, մ․ թ․ ա․ 85-ին գրավել է Դամասկոսը՝ Ասորիքի հվ․ շրջանների հետ, մ․ թ․ ա․ մոտ 84-ին հաղթել հրեական զորքին։ Մ․ թ․ ա․ 73–72-ին դաշնակցել է Փյունիկիայի հվ-ում հաստատված Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեին՝ ընդդեմ Տիգրան Բ Մեծի։ Դամասկոսի մոտ հայկ․ բանակից պարտվելուց հետո Հարիթաթ III զիջել է Դամասկոսը Տիգրան Բ Մեծին և ընդունել նրա գերիշխանությունը (մ․ թ․ ա․ 72–69)։ Մ․ թ․ ա․ 64-ին Ասորիքում հռոմ․ տիրապետության հաստատումից հետո Ն․ դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Մ․ թ․ 106-ին կայսր Տրայանոսը վերացրել է Ն–ի թագավորությունը և դարձրել հռոմ․ «Արաբիա» պրովինցիա։

Գրկ. Шифман И․ Ш․, Набатейское государство и его культура, М., 1976․

Ռ․ Մանասերյան

ՆԱԲԻԵՎ Ռահման (ծն․ 1930), սովետական պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ 1954-ին ավարտել է Տաշքենդի գյուղատնտեսության ոռոգման և մեքենայացման ինստ․։ Աշխատել է (1960–61) Տաջ․