Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բրիտ․ բոլոր բարձրագույն շքանշաններով, նաև արտասահմանյան (այդ թվում սովետական՝ «Հաղթանակի» և Սուվորովի I աստիճանի) շքանշաններով։


ՄՈՆՏԵ–ԿԱՐԼՈ (Monte Carlo), քաղաք Մոնակոյում, Միջերկրական ծովի ափին։ Կուրորտ է և միջազգային տուրիզմի կենտրոն։ Հայտնի է խաղատնով (կազինո)։ Կա օպերային թատրոն, գեղեցիկ արվեստների ազգային թանգարան։


ՄՈՆՏԵ–ԿԱՐԼՈՅԻ ՄԵԹՈԴ, վիճակագրական փորձարկումների մեթոդ, հաշվողական մաթեմատիկայի մեթոդ, որը հենվում է պատահական մեծությունների և պրոցեսների մոդելավորման և փնտրվող մեծությունների վիճակագրական գնահատականների կառուցման վրա։ Մ–Կ․ մ–ի կիրառման առաջին և պարզագույն դեպքը л թվի մոտավոր հաշվումն է (Բյուֆֆոն, 1777)։ Ընդունված է, որ Մ–Կ․ մ․ սկզբնավորվել է 1944-ին՝ ատոմային ռեակտորների, ինչպես նաև ատոմային ռումբի ստեղծման աշխատանքների մաթ․ ապահովման կապակցությամբ (Ջ․ Նեյման, Ս․ Ուլամ, է․ Ֆերմի)։ Մ–Կ․ մ․ բուռն թափով սկսեց զարգանալ էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) երևան գալուց հետո և սկզբում կիրառվում էր ճառագայթման տեղափոխման ու նեյտրոնային ֆիզիկայի բարդ խնդիրների (որոնց նկատմամբ դասական թվային մեթոդները կիրառելի չէին) լուծման համար։ Այնուհետև այն սկսեց կիրառվել նաև խաղերի տեսության, մասսայական սպասարկման և այլ խնդիրների լուծման համար։

Խնդիրը Մ–Կ․ մ–ով լուծելու համար նախ կառուցում են խնդրի հավանականական մոդելը՝ ներկայացնում են որոնվող մեծությունները, օրինակ՝ բազմաչափ ինտեգրալը, պատահական պրոցեսի ֆունկցիոնալի մաթ․ սպասման տեսքով, որը հետագայում մոդելավորում են ԷՀՄ–ով։ Լավ հայտնի են նաև 2 սեռի ինտեգրալ հավասարումների, հանրահաշվական հավասարումների, էլիպսական եզրային խնդիրների լուծման, օպերատորների սեփական արժեքների գնահատման հավանականական մոդելները։

Գրկ․ Бусленко Н․ П․ [и др․], Метод статистических испытаний (Метод Монте-Карло), М․, 1962 (библиограф, с․ 313 – 327)․

Ռ․ Համբարձումյան

ՄՈՆՏԵՆ (Montaigne) Միշել դը (1533– 1592), ֆրանսիացի հումանիստ, փիլիսոփա, գրող, Վերածննդի ներկայացուցիչ։ Հագենոտյան պատերազմների ժամանակ եղել է Բորդոյի քաղաքագլուխ (1581– 1584), բնակչությանը զերծ պահել արյունահեղություններից։ «Փորձեր»-ում (1580–1588, 1–3 գրքեր) արտահայտված են Մ–ի ատելությունը ֆեոդալական անիշխանության ու կամայականությունների դեմ, ազատախոհությունն ու սկեպտիցիզմը։ Նրա սկեպտիցիզմը («que sais-je»– («ի՛նչ գիտեմ ես») սխոլաստիկան, կրոնական մոլեռանդությունը, քաղ․ կեղծ բարեպաշտությունը և անառարկելի հեղինակությունները քննադատելու միջոց է։ Ս․ փիլ․ հարցերում առաջնորդվում է մարդաբանական սկզբունքով, պաշտպանում մտահայեցողության նկատմամբ «բնական բնության» և հոգու նկատմամբ մարմնի առաջնայնության, ինչպես նաև հոգու անմահության ժխտման էպիկուրյան գաղափարները։ Ապրել բնության (որը և աստվածն է) և բանականության համաձայն՝ այս է Մ–ի փիլիսոփայական–բարոյագիտական հետևությունը։ Նա քարոզում էր կրոնական հանդուրժողականությունը և, կաթոլիկ լինելով հանդերձ, բարեկամական կապեր էր հաստատել հուգենոտների առաջնորդ Հենրիխ Նավարացու հետ։ Մ․ հուգենոտներին քննադատել է «նորամուծությունների» համար, որոնք հանգեցնում են երկպառակությունների և ֆրանս․ պետության ամբողջականության քայքայման։ Մ–ի գաղափարները նպաստել են մատերիալիզմի, աթեիզմի և առաջավոր բուրժ․ գաղափարախոսության ձևավորմանը։ Երկ․ CEuvres completes, v․ 1–6, P․, 1924– 1927; Опыты, в 3-х кн․, 2 изд․, М․, 1979–80․

Մ Դանիելյան


ՄՈՆՏԵ-ՌՈԶԱ (Monte Rosa), լեռնազանգված Պենինյան Ալպերում, Իտալիայի և Շվեյցարիայի սահմանում։ Կազմված է գրանիտներից և գնեյսներից։ Բարձրությունը մինչև 4634 մ է (Դյուֆուր լեռ)։ Կան ժամանակակից սառցադաշտեր (Հոռլներ, մոտ 14 կմ երկարությամբ ևն)։ Տարածված են ալպյան և ենթալպյան մարգագետիններն ու թփուտները, ստորոտին՝ փշատերև անտառները։


ՄՈՆՏԵՍՍՈՐԻ (Montessori) Մարիա (1870–1952), իտալացի մանկավարժ։ Ավարտել է Հռոմի համալսարանը (1896)։ Որպես համալսարանի հոգեբուժության կլինիկայի ընթերակա աշխատել է մտավոր կարողություններով ետ մնացող երեխաների հետ։ Կանանց բարձրագույն դպրոցի մարդաբանության և հիգիենայի պրոֆեսոր (1900–08) և Հռոմի համալսարանի մանկավարժական մարդաբանության դասախոս (1904–08)։ Ըստ Մ–ի, տարրական դպրոցը հնարավորություն է տալիս ուսումնասիրել երեխաների հոգեկան կյանքը։ Մշակել է հատուկ նախադպրոցական հիմնարկներում և տարրական դպրոցներում երեխաների սենսորային զարգացման յուրօրինակ համակարգ։ Մ․ կողմնակից էր ազատ դաստիարակության գաղափարին։ Իտալիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո տարագրվել է արտասահման, դպրոցներ հիմնել է ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Հնդկաստանում և այլուր, որոնք աշխատել են իր ստեղծած համակարգով։ Կազմակերպել է միջազգային կոնգրեսներ, հանդես է եկել պատերազմի դեմ։ Իտալիա է վերադարձել երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո։

ՄՈՆՏԵՍՈՒՄԱ, Մոկտեսումա, Մ․ I (1390– մոտ 1469), ացտեկների առաջնորդ 1440-ից։ Ացտեկներին է ենթարկել Կենտրոնական Ամերիկայի մյուս հնդկացիներին և գլխավորել այդ ցեղերի միությունը (կենտրոնը Տենոչտիտլանն էր, այժմ՝ Մեխիկո)։

Մ․ II (1466–1520), ացտեկների կառավարիչ 1503-ից։ Իսպանացի նվաճողները մտնելով Տենոչտիտլան՝ գերել են Մ․ II -ին, որը հնդկացիներին կոչ է արել ենթարկվել իսպանացիներին, դրա համար ապստավբած ցեղակիցները սպանել են Մ․ II-ին։


ՄՈՆՏԵՍՔՅՈ (Montesquieu) Շառլ Լուի դը Ս Ե կ ո ն դ ա, բարոն դը Լ ա Բ ր Ե դ և դը Մոնտեսքյո (1689–1755), ֆրանսիացի լուսավորիչ, փիլիսոփա, իրավագետ, գրող։ Ֆրանս․ ակադեմիայի անդամ (1727)։ Կաթոլիկական կոլեջն ավարտելուց (1705) հետո իրավագիտություն է ուսումնասիրել Բորդոյում և Փարիզում։ 1714-ին եղել է Բորդոյի պառլամենտի (դատարանի) խորհրդական, 1716-ից՝ փոխնախագահներից։ 1726-ից ապրել է Փարիզում։ 1728-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Իտալիա, Պրուսիա, Նիդերլանդներ), 1729– 1731-ին ապրել Մեծ Բրիտանիայում։ Մ․ դեիստ էր, քննադատել է աստվածաբանությունն ու եկեղեցին, թեպետ բարոյականության հարցերում որոշակի դեր է հատկացրել կրոնին։ Անգլիայի սահմանադրության և իրավագետների ու փիլիսոփաների հայացքների ազդեցության արգասիք է «Օրենքների ոգու շուրջը» (1748) հանրագիտական երկը, որտեղ օգտագործել է համեմատական մեթոդներ, հիմք դրել աշխարհագրական դետերմինիզմին։ Առանձնապես կարևորել է բանական պետ․ կարգը և դրա կազմակերպման խնդիրը։ Մ․ տարբերել է կառավարման երեք ճիշտ (դեմոկրատիա, արիստոկրատիա, միապետություն) և մեկ ոչ ճիշտ ձև (բռնակալություն)։ Ընդ որում, Մ․ նախապատվությունը տվել է սահմանադրական միապետությանը։ Միապետությունը բռնակալության չվերածելու ուղին տեսել է «իշխանությունների բաժանման» մեջ։ Մ․ առաջադրել է մի շարք առաջադիմական իրավական սկզբունքներ՝ օրենքի առջև քաղաքացիների հավասարություն, ընտրական իրավունք, խոսքի, մամուլի, խղճի ազատություն, եկեղեցու անջատում պետությունից ևն։ Ընդհանուր առմամբ Մ–ի քաղ․ ծրագիրը հենված էր ազնվականության և բուրժուազիայի փոխզիջման վրա։ Մ–ի պատմական հայացքները արտահայտվել են «Մտորումներ հռոմեացիների մեծության և անկման պատճառների մասին» (1734, հայ․ հրտ․ «Մեծություն և անկումն հռովմայեցվոց», 1870, «Երկրագունտ» ամսագրում) երկում, որտեղ առաջ է քաշել պատմական զարգացման օբյեկտիվ օրինաչափության մասին դրույթը, մերժել նախախնամությունը։ Որպես գրող Մ․ ճանաչվել է «Պարսկական նամակներ» (1721) վեպով, որը XVIII դ․ բնորոշ փիլ․ ժանրի լավագույն ստեղծագործություններից է։ Երկը շարադրված է Եվրոպայում ճանապարհորդող պարսիկներ Ուզբեկի և Ռիկիի նամակագրության ձևով, որտեղ Մ․ նուրբ սրամտությամբ, դիպուկ դիտողականությամբ հագեցած հումորով մերկացրել է ֆրանս․ քաղ․ կյանքը, բարքերը, քննադատել ազնվակիրթ հասարակությունը, բուրժ․ շահամոլությունը։ Մ–ի արձակ պոեմները՝ «Կնիդոսյան տաճար» (1725) և «ճանապարհորդություն Պաթոսում» (1727), գրված են հեդոնիստական էպիկուրականության ոգով։ «Փորձեր ճաշակի մասին բնության և արվեստի ստեղծագործություններում» (1735, հրտ․ 1757,