Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. հայերեն այբուբենի քսանվեցերորդ տառը։ Անունն է պե։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկար, կարճ և լայն տարրերից, ընդ որում, կարճը նուրբով միանում է երկարին վերին ձախ կողմում, վերևից, իսկ լայնը՝ կարճին ձախից, վերին մասից՝ Պ։ Հանդիպում են նաև լայնի՝ կարճին ստորին մասից միացման նախնական ձևին, որը, են թարկվելով դյուրագրությանը, շուտով փոփոխվել է։ Այդ ձևը պահպանվել է բոլորգրի և շղագրի մեջ։ Գրչագիր Պ–ի տարրերը երկարին են միանում ձախից ուղիղ նուրբերով, որոնք միմյանց շարունակություն են կազմում՝ Պ։ Երկաթագիր Պ–ի երկարը լայնին է միանում կոր գծով՝ իր մեջ միավորելով երկու նուրբերը՝ Պ, իսկ կարճը ձևավորվում է երկուսի՝ երկարի և լայնի միջև, երբեմն ստանալով զիգզագի ձև։ Որպես գլխագիր օգտագործվելիս երկարը ձգվում է տողից վար և երբեմն սուր ծայր ստանում՝ Պատահում է նաև, որ լայնը գեղեցկագրության ձգտումով կարճին է միանում նաև ստորին մասով՝ պ։ Բոլորգիր Պ ստեղծվել է գրչագրի հենքից, ընդ որում, լայնը հավասարվում է կարճին, իսկ վերջինս երկարին է միանում ստորին ծայրից, կամ ընդհակառակն, լայնն է միանում կարճին վերևից, տողի վրա է նստում մարմնով, իսկ լայնը ձգվում է տողից ցած։ Շղագիրը՝ պ, և նոտրգիրը՝ պ, ձևվել են բոլորգրից։ Շղագրում երբեմն լայնը երկարում է և ձգվում վեր։

Պ նշանագրում է ժամանակակից հայոց լեզվի շրթնային խուլ պայթական բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Արևմտահայ գրական լեզվում և արմ․ խմբակցության բարբառներում պ ձայնեղանալով հնչում է բ (պարտեզ–բարդէց, պայծառ–բայձառ)։

Պ նշանակել է ութ հարյուր և ութհարյուրերորդ, բյուրի նշանով (Բ*)՝ ութ միլիոն։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվա կանի նշանակությամբ (գլուխ Պ= գլուխ ութհարյուրերորդ)։ Ա․ Մաթևոսյան


ՊԱ (ֆրանս․ pas, բառացի՝ քայլ, < լատ․ passus), քայլ, տերմին, որ օգտագործ վում է բալետում և բալետային պարի առնչությամբ։ 1․ Պարային քայլ (կրճատ ֆրանս․ pas de danse-ից), հայերենում՝ պարաքայլ, ռիթմիկ շարժում՝ որոշակի քայլափոխումով, ոտքերի որոշակի դիրքավորումով։ Պ–երի մեծ մասը վերցված է ժող․ պարերից։ 2․ Երաժշտ․ տակտերի որոշակի քանակի, ինչպես և բալետում ամբողջ պարային համարի վրա բաշխված պարաքայլերի համադրությունը։ Այս առումով «Պ» տերմինը բալետային պրակտիկայում կիրառվում է որպես մեկ, երկու կամ երեք արտիստներով կատարվող բալետային պարի անվանման բաղկացուցիչ մաս՝ պա–դե–դյո, պա–դե–տրուա, ինչպես և պա–դ, ակսիոնեն։ Բալետից տերմինն անցել է պարահանդեսային պարերին (պա–դե–պատիներ, պա-դե–կատր, պա–դե–գրաս ևն)։ 3․ Կենցաղային հասկացողությամբ՝ պարային յուրաքանչյուր շարժում։


ՊԱ ԴԵ ԿԱԼԵ (ֆրանս․ Pas de Calais, անգլ․ Strait of Dover), Դուվրինեղուց, նեղուց Եվրոպայի մայրցամաքային մասի (Ֆրանսիա) և Մեծ Բրիտանիա կղզու միջև։ Առաջացել է անթրոպոգենում, Եվրոպայի ու Բրիտանական (հիների միջև եղած ցամաքային մասի իջնելուց։ Երկարությունը 56 կմ է, լայնությունը ամենանեղ մասում՝ 29 կմ, խորությունը՝ մոտ 64 մ։ Գլխավոր նավահանգիստներն են Դուվրը (Մեծ Բրիտանիա), Կալեն, Բուլոնը, Դյունկերկը (Ֆրանսիա)։ Պ․ դ․ Կ–ում գործում է երկաթուղային լաստանավ։


ՊԱԱՍԻԿԻՎԻ (Paasikivi) Ցուխո Կուստի (1870–1956), Ֆինլանդիայի պետ․ գործիչ։ 1918-ի մայիս–նոյեմբերին եղել է Ֆինլանդիայի պրեմիեր մինիստրը։ Սովետա–ֆին․ բանակցություններում Պ․ ղեկավարել է ֆին․ պատվիրակությունը, որը ստորագրել է ՌՍՖՍՀ–ի և Ֆինլանդիայի միջև 1920-ի հոկտ․ 14-ի հաշտության պայմանագիրը։ 1934–36–ին եղել է Ազգային կոալիցիոն կուսակցության նախագահ։ 1940-ի մարտի 12-ին մասնակցել է սովետա–ֆին․ հաշտության պայմանագրի կնքմանը։ 1940-ի ապրիլից 1941-ի մայիսը Ֆինլանդիայի դեսպանորդն էր ՍՍՀՄ–ում։ Հարել է, այսպես կոչված, խաղաղ օպոզիցիային, որի պահանջն էր Ֆինլանդիայի պատերազմից դուրս գալը։ 1944-ի փետրվար–մարտին սովետական կառավարության հետ վարել է հաշտության ոչ պաշտոնական բանակցություններ։ 1944-ի նոյեմբերից 1946-ի մարտը եղել է պրեմիեր մինիստր, 1946-ի մարտից՝ Ֆին․