Կախարդի քսակը
ԿԱԽԱՐԴԻ ՔՍԱԿԸ
Լինում են, չեն լինում՝ լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը։ Էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում է, ասում է․ «Հերները մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»։ Բայց ինչպես կարգն ու օրենքն է՝ մեռելը դեռ հողավորած—թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրև թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է՝ քսակը ձեռք է գցում ու ծլկում, էնպես, որ չեն կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։
Էսպես խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու, ճարը կտրած, օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի։
Ժամանակ է անցկենում, էս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է․
— Ա՛յ մեր, ես էս է՝ մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար էսպես անբան ու անգործ տանը նստեմ։ Մի բաղարջ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքեաշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ։
Մերը բերում է մի բաղարջ է թխում ու աղջկանը հարցնում, թե ինչպես է ուզում․ կես բաղարջն է ուզում մոր օրհնանքը հե՞տը, թե՞ ամբողջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։ Աղջիկը ամբողջ բաղարջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։
Բաղարջն առնում է, ճամփա ընկնում։ Ասում է․ «Մի տարուց ու մի օրից ետը թե եկա՝ եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։
Գնում է, գնում է, դուրս է գալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնակ է լինում։
Էս տնակին մոտենում է, տեսնում է՝ շեմքումը նստած մի պառավ—զառամ կախարդ կնիկ։ Էս կախարդը հարցնում է, թե՝ ո՞ւր ես գնում։ Թե՝ գնում եմ բախտս գտնելու։
— Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա,— առաջարկում է կախարդը։
— Որ քեզ մոտ մնամ, ի՞նչ պետք է անեմ։
— Պետք է ձեռիս ջուր ածես, սրբես, շորերս հագցնես, ավլես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելուզի մեջը նայել ես։
Աղջիկն ասում է՝ համաձայն եմ։
Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե՝ ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելուզի մեջը նայեմ։ Նայում է, ի՜նչ է տեսնում․ տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելուզի մեջը կախ արած։ Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն։
Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է․
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ քորես․ էս օխտը տարի է՝ ոչով ինձ քորել չի։
Աղջիկը ձեռի փետով ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում։
Առաջն է գալիս մի ոչխար։ Ասում է:
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ խուզես․ էս օխտը տարի է՝ ոչով ինձ խուզել չի։
Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անցկենում։
Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ։ Էս օրիգած էծն աղաչում է, ասում է․ — Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ տեղփոխ անես։ Էս օխտը տարի է՝ ինձ տեղփոխ չեն արել։
Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։
Գնում է, պատահում մի խափան ջաղացի։ Էս խափան ջաղացը խնդրում է, ասում է․
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ բան գցես ինձ․ էս օխտը տարի է՝ խափան եմ, ոչով ինձ բան չի գցում։
Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում։
Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է՝ աղջիկը փախել է։ Ակն է տալի ծխնելուզին, տեսնում է՝ էնտեղ էլ քսակը չկա։ Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից։
Ճամփին պատահում է ձիուն։
— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։
— Հենց նոր էս տեղից փախած անցկացավ, —պատասխանում է ձին։
Կախարդը վազում է։ Պատահում է ոչխարը։
— Ա՜ ոչխար,— ասում է․— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։
— Տեսել եմ,— պատասխանում է ոչխարը։– Մի քիչ առաջ դեսը վազելով՝ անցկացավ։
Գնում և պատահում է իծին։
— Ա՛յ էծ,– ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։
— Ի՞նչպես չէ, տեսել եմ,— պատասխանում է էծը․– հենց նոր դեսը անցկացավ, դեպի էն խափան ջաղացը։
Գնում է խափան ջաղացի մոտ։
— Ա՜յ խափան ջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։
— Ի՞նչպես չեմ տեսել, նե՛րս արի, հրես իմ դռան ետևը քնած է, — պատասխանո՛ւմ է խափան ջաղացը։
Կախարդը ներս է մտնում, տեսնում է՝ աղջիկը հրես, քսակը գլխի տակին, դռան ետևը քնած։ Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը։
Սրա վրա մի տարին ու մի օրն անց են կենում․ միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է․
— Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում․ ամոթ չի՞, որ հենց ես տանը նստեմ պարապ—սարապ։ Մի բաղարջ թխի՛ր, տուր ինձ, գնամ աշխարհեաշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ։
Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում․ բաղարջի կեսն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղարջն ես ուզում՝ առանց իմ օրհնանքի։
— Ամբողջ բաղարջն եմ ուզում՝ առանց քո օրհնանքի,— պատասխանում է աղջիկը, ամբողջ բաղարջն առնում է ու ճամփա ընկնում, ասում է․
— Մի տարուց ու մի օրից ետը թե եկա՝ եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։
Գնում է։ Սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին է արժանանում։
Մի տարին ու մի օրն անց են կենում, ետ չի գալիս։ Փոքրը աղջիկն ասում է․
Իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին, մի՞թե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք ինձ համար էլ, ուրիշների համար էլ։ Մի բաղարջ թխի՛ր, մայրի՛կ, ես էլ գնամ իմ բախտի ետևից ման գամ։
Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում, կես բաղարջն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղարջն՝ առանց իմ օրհնանքի։
Փոքր աղջիկը թե՝ կես բաղարջն եմ ուզում, քո օրհնանքը հետը։
Մերը կես բաղարջը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։
Իր քույրերի նման սա էլ երկար դեսուդեն թափառելուց ետը գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելուզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը։
Ճամփին պատահում է ձիուն։ Ձին աղաչում է․
— Աղջի՛ ջան, աղջի՛,— ասում է․— ի՛նչ կլինի՝ ինձ քորես, օխտը տարի է՝ ինձ քորել չեն։
— Վա՜յ, խեղճ ձի․– ասում է աղջիկը, քսակը մի կողմն է դնում ու քորիչով քորում է ձիուն։
Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում․
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ ինձ խուզես․ էս օխտը տարի է՝ ինձ խուզել չեն։
— Վա՜յ, խեղճ ոչխար,– ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին։
Մի քիչ էլ գնում է, օրիգած էծն է կանչում․
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ տեղփոխ անես ինձ․— էս օխտը տարի է՝ մի տեղ օրիգած եմ, ոչով ինձ տեղփոխ չի անում։
— Վա՛յ, խեղճ էծ,– ասում է աղջիկը ու տեղփոխ է անում սոված իծին։
Վերջը հասնում է խափան ջաղացին։
— Աղջի՛ ջան, աղջի՛, ի՜նչ կլինի՝ բան գցես ինձ,— խնդրում է խափան ջաղացը․– էս օխտը տարի է՝ էսպես կանգնած եմ, ոչով բան չի գցում ինձ։
— Վա՜յ, խեղճ ջաղաց,— կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում, ու ջաղացը գոռում է։
Եվ որովհետև օրը հատում էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում, քնում։
Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է՝ աղջիկը չկա։ Ծխնելուզին ակն է տալիս, տեսնում է՝ քսակն էլ չկա։ Կատաղում, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից։
Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է․
— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին չե՞ս տեսել։
— Դու էլ հենց իմանում ես՝ ես էլ բան ու գործ չունեմ, բան ու գործս էն է, որ քո աղախիններին հսկեմ,— պատասխանում է ձին։— Ես ի՞նչ գիտեմ՝ ո՛րտեղ է քո աղախինը, գնա՛, մա՛ն արի, գտիր։ Գնում է, հերթով հասնում է ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջաղացին։
— Ա՛յ ջաղաց,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին չե՞ս տեսել։
— Ի՞նչ ես ասում, էս գոռոցի մեջ լավ չեմ լսում, պատասխանում է ջաղացը․— մոտիկ արի, ականջումս ասա։
Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումն ասի, ջաղացը նրան բռնում է, պտտում, կոլոլում, տակովն անում, շինում ալուր—աղցան ու շպրտում, ցրվում դեսուդեն։
Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում։ Ջաղացն աղջկանն ասում է․ «Էդ գավազանը վերցրո՛ւ, դրանով զարկի՛ր դռան տակի երկու քարին»։ Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է՝ առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը։ Փաթաթվում են իրար, համբուրվում ու ոսկով, արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ։
Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած է համարում ու նստած սուգ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին է լինում, ու էն օրվանից ապրում են ուրախ ու ապահով։