«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/123»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:00, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

4․ Ուղևորությունը Երուսաղեմ, հրաշքներ և ուսուցումներ (9․51–19․28)։

5․ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, վարդապետությունները չարչարանքներից առաջ, Վերջին ընթրիք (19․29–22․38)։

6․ Աղոթքը Ձիթենյաց լեռան վրա, մատնությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը և թաղումը (22․39–23․56)։

7․ Հիսուսի հարությունը, հանդիպումն Էմմավուսի ճամփորդների հետ, երևումն իր առաքյալներին և համբարձումը (գլ․ 24)։

Ավետարան ըստ Հովհաննեսի

Գրվել է I դ․ վերջին, Եփեսոսում։ Բաղկացած է 21 գլխից։ Հովհաննես ավետարանիչը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից էր և կոչվել է Քրիստոսի սիրեցյալ աշակերտ (Հովհ․ 13․ 23, 19․26, 21․7,20)։ Եկեղեց․ պատկերագրության մեջ ներկայացվում է արծվի կերպարանքով, որովհետև իր Ա-ում Փրկչին պատկերել է ոչ թե որպես պարզապես երկրային մի էակ, այլ աստվածաբանական բարձր ու վերասլաց ձևակերպումներով, երկնային անմատույց հավիտենական լույսի միջից մարմնացյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկանց հավիտենական կյանք պարգևող փրկություն։ Չորրորդ Ա-ի աստվածաբան․ կարևորությունը հենց սկզբից Քրիստոսի Աստվածությունը հռչակելու մեջ է․ Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն։ Բանի աստվածաբանության այսօրինակ կարևորումը մեծապես պայմանավորված էր անտիկ փիլիսոփայության ավանդներով դաստիարակված հույներին այդ փիլիսոփայության իսկ լեզվով աստվածային Խոսքի հայտնությունը բացատրելու անհրաժեշտությամբ։ Հովհաննես ավետարանիչը համարվում է քրիստոնյա առաջին աստվածաբանը և հայտնի է նաև Հովհաննես Աստվածաբան անունով։

Հովհաննեսի Ա-ի գրության պատճառը լավագույնս ձևակերպել է ինքը՝ ավետարանիչը․ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին․ նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք (20․31)։ Հովհաննես ավետարանչի մոտ հրաշքները հստակորեն ձևակերպվում են որպես նշաններ՝ շեշտելով Քրիստոսի կատարած հրաշագործությունները որպես մեսիական մի արարք՝ աստվածաբան․ խոր իմաստով, ինչպես նաև պատասխանելով այն հրեաներին, ովքեր Քրիստոսից նշան էին խնդրում։

Հովհաննեսի Ա-ի բովանդակությունը հիմնականում հետևյալն է․

1․ Հավիտենական Խոսքը՝ Քրիստոս, նրա երկրային ծնունդը՝ մարմնացումը և Հովհաննես Մկրտչի վկայությունը Հիսուսի մասին (1․1–34)։

2․ Հիսուսի առաջին աշակերտները, Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը, Կանայի հարսանիքը, Տաճարում առևտուր անողների վտարումը, Հիսուս և Նիկոդեմոս, զրույց սամարացի կնոջ հետ (1․35–4․42)։

3․ Բժշկումներ, Մարդու Որդուն տրված իշխանության մասին (4․43–5․47)։

4․ Հացի բազմացումը, Հիսուսը քայլում է ծովի վրայով (6․1–21)։ Հիսուս՝ կենաց հաց (6․22–72)։

5․ Վեճ Հիսուսի անձի շուրջ (գլ․ 7)։ Շնացող կինը (8․1–11)։

6․ Հիսուս՝ լույսն աշխարհի (8․12–59)։

7․ Ի ծնե կույրի բժշկումը (գլ․ 9)։ Ճառ բարի հովվի մասին (գլ․ 10)։

8․ Ղազարոսի հարությունը (գլ․ 11)։

9․ Մուտք Երուսաղեմ, խաչի խորհուրդը (գլ․ 12)։

10․ Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը (13․ 1–20), կանխասացություններ (13․ 21–16․33)։

11․ Հիսուսի աղոթքն առ Հայր (գլ․ 17)։ Մատնությունը, չարչարանքները, խաչելությունը և հարությունը (18․1–19․42)։

12․ Հարուցյալ Քրիստոս, երևումներն իր աշակերտներին, Թովմաս առաքյալի անհավատությունը, այլ երևումներ (20․1–21․25)։

Ավետարանը հայ իրականության մեջ։ Քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելուց (301) ի վեր Հայաստանի եկեղեցիներում մինչ գրերի գյուտը հունարեն և ասորերեն լեզուներով Ա․ է ընթերցվել, թարգմանվել և բացատրվել հայ շինականին, ռամիկին, իշխանավորին և արքունիքի անդամներին։ Հայոց պատմության ոսկեդարը պայմանավորված էր Սահակ-Մեսրոպյան գրերի գյուտով, իսկ գրերի գյուտը՝ ավետարանական պատգամները հայ հոգուն առավել հարազատ դարձնելու հրամայականով։ Հայոց պատմության մեջ Աստվածաշունչ մատյանի գրքերի մեջ իրենց գերապատիվ տեղն են ունեցել և բազմիցս արժեքավորվել հատկապես Ա-ները։ Եղիշեի բնորոշմամբ՝ Հայր մեր զսուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկե։