Jump to content

Քո խոսքերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔՈ ԽՈՍՔԵՐԸ


Քո խոսքերը փափուկ են, քան
խոտը թավիշ,
որի վրա թավալվելիս միայն տեսանք,
թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,
ավազից էլ մանր քարեր։
Քո խոսքերը մաքուր են, քան
ակն աղբյուրի,
որի վրա խոնարհվելիս միայն տեսանք,
թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,
ավազից էլ մանր քարեր։

Քո խոսքերը շիտակ են, քան
ճանապարհը,
որով բոբիկ ընթանալիս միայն տեսանք,
թե ինչպիսի մանր քարեր ունի պահած,
ավազից էլ մանր քարեր։

Բարձրանում եմ ես սարն ի վեր
ավազների,
ուր ամեն մի քայլ անելիս,
ավազի հետ
        սահում եմ... ետ։

Քո խոսքերը՝
մանրահատիկ, ավա՜զ-ավազ,
ՈՒ դեռեւս... չհողացած,
Եվ ծիլ չի տա հունդը այնտեղ,
եւ նրանցով բույն չի հյուսի ծիծեռնակը։