Անտառելի տողն իր ռիթմով ելևէջում է իմ ներսում.
Խոսքեր չեմ գտնում,
Որովհետև նայում եմ Աստծու աչքերի մեջ...
Ու թվում է, թե Նրա տաք աչքերի բուրվառում
Առաջին բառն է ծնվում,
Որի մեջ ահագնանում է սարսուռը՝
Չարարված հնչյունների թախիծով ակնամոմված...
Ու հիմա առաջին մարդու նման
Ուզում եմ սիրուց պոկվել ու ճչալ,
Բայց կոկորդս անարձագանք է մնում...
Եվ ցավը երեսս շրջում է,
Իսկ ես հեռանում եմ՝
Թիկունքիցս լսելով Աստծու անբառ աղոթքները,
Որոնք որոնել ու չեմ գտել...