Jump to content

«Արցախն Ավարայր»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐՑԱԽՆ ԱՎԱՐԱՅՐ»

(Խոսք)

Բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի նոր ժողովածուն, որը լույս է ընծայել Լեռնային Ղարաբաղի գրողների միության «Արցախ» հրատարակչությունը, այդպես էլ կոչվում է՝ «Արցախն Ավարայր»։ Վերնագիրն ինքն է խոսում գրքում զետեղված բանաստեղծությունների ու նրանց թեմատիկ գաղափարական ուղղվածության մասին։ Անմիջականությունն ու անկեղծ ապրումները հատկանշական են, այո, հիրավի, արժեքավոր ժողովածուի համար, արժեքավոր՝ «նշանի ահագնությամբ», ինչպես բանաձեւում էր Չարենցը։

Որտեղ Ավարայր՝
Ես այնտեղ թուր եմ։

Սա Հրաչյայի մտածողության առանցքային ելակետն է, որով եւ առանձնացվում է նրա գաղափարական ամբողջ համակարգը, անհատականացվում ոճը։ Պոզաներ ու ճիգեր չկան բանաստեղծի տողերի մեջ, նա նույնիսկ մոռացել է իր բանաստեղծ լինելը եւ անդավաճան «զուգաճորդն» է դարձել իր հող ու ժայռի, ինչպես ասում են, դարձել է նրա գոյությունն իր քայլերով հաստատող շարքային դպիրն ու զինվորը.

Ես քեզ հետ, Հայրենիք,
Անթեյ եմ,
Ես քեզ հետ հզոր եմ,
Հայրենիք,
Առանց քեզ, Հայրենիք,
Անթեւ եմ,
Առանց քեզ անզոր եմ,
Հայրենիք։

Արցախական աշխարհի գրեթե բոլոր բաղադրատարրերը կան Հրաչյա Բեգլարյանի բանաստեղծություններում, նրա բառն արյան շարժում է ու ընդվզում։ Ավելին լինելու կամ ներկայանալու հավակնություն էլ չունի բանաստեղծի ապրումը։ Նա բանաստեղծության մեջ բերում է եզերքների խտացված բնավորությունը, որը եւ կոլորիտ է ներկայացնում, աշխարհին պարզում է հայրենի ափերի հոգեւոր աշխարհագրության քարտեզը։ Պատմագեղարվեստական արժեք ունի «Խաչենաբերդ» պոեմը, որով բացվում է գիրքը։ Այո, ավարայրված Արցախի հերոսական գոյամարտի գեղարվեստական տարեգրության ամենաինքնատիպ էջերից մեկն է «Արցախն Ավարայր» ժողովածուն։