Jump to content

Ինքնատիպ ու նորովի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՔՆԱՏԻՊ ՈՒ ՆՈՐՈՎԻ

«Երջանիկ մի պահ - երբ արեւը եւ կապույտ երկինքը, Հրավիրում են վեր իրենց մաքրությամբ,- սա Արտեմ Հարությունյանի հրավերն է, որը մեզ տանում է նրա բարձություններով հարուստ ներաշխարհը։ Աշխարհ, որն զգում ես ինչպես հոգեկան ապրումներիդ, զգացումներիդ շարժումը։ Ընկալիր աշխարհը ձգտման պահին եւ ճանաչիր ժամանակը՝ մաքուր ձայն միայնակ ջրի հոսքի, որ խուսափել է քարերից... Սուրբ է ժամանակն այս վայրում... Բանաստեղծական ինքնատիպ գույներ, ընկալումներ։ Աշխարհի յուրօրինակ վերարտադրում, որ Արտեմ Հարությունյանի՝ մեր սիրելի հայրենակցի համար պարզապես հոգու պարզում է։ Իսկ նա հոգին պարզում է ափի պես, ուր «Լույսը երգում է, դառնում թռչուն։»

Քիչ է ասել տարողունակ են բանաստեղծի բառերը։ Նրանք միշտ շարժման մեջ են, անսահմանության ճանաչում են նրանք եւ խորության նշաններ։ «Նշանների երկիր» գրքի լավագույն երգերում (իսկ դրանք շատ են) բանաստեղծը կարողանում է միաձուլել լույս ճառագող թփի, ամպի եւ հոգու ներքին խլրտումների շնչառությունը։ «Դու չես տարբերի խոսքերն ու ճյուղը»։ Եվ չափազանց հետաքրքիր է նրա մտածումների մեկնումը.

...Խոսիր անձրեւը մինչեւ վերջ։

Կամ

Քամին ձգվում է ջրից դեպի ձայն։

Արտեմ Հարությունյանը լավ գիտե, որ «Պատկերը կյանք չի դառնա, մինչեւ չխոսես հայացքիդ ուղղությամբ»։ Իսկ նրա հայացքը միշտ լուսավոր է, պայծառ է միաժամանակ, սուր ու թափանցիկ։ Այնպես որ, նա զգում է, տեսնում անգամ շարժումը բլրի ետեւ պահվող լուսնյակի։ Հետեւապես, ինչո՞ւ չթեքվի քարը՝ նրա խոսքը լսելու։ Տրամաբանական է նրա խոսքը եւ, որ կարեւոր է, այդ տրամաբանությունը անպայման տրամադրող է, թարմ, շատ ավելի գեղեցիկ՝ ընդհանրացումը.

Բայց ես ամրանում եմ ամենաբարձր հնչյունում
Ու միասնության մեջ տեսնում ամենքին...

Բանաստեղծը երեւույթները դիտում է ոչ թե դրսից, այլ նրանց խորքից։ Եվ նրա ներկապնակի հարուստ գույները երբեք չեն կորցնում իրենց ձայնեղությունը։ Դրա համար էլ Արտեմի ձայնը հնչում է միանգամայն յուրովի, պատկերներն այնքա՜ն կյանքոտ են, մտածումներն ազնվագույն ու խորապես բանաստեղծական։ Ահա «Մանկության վերհուշ» բանաստեղծությունը.

Խոտ, գրված մանր ձեռագրով-դաշտի էջին,
Խոտ-բացված մեջտեղից, ինչպես մազափունջ,
Քարեր, մինչեւ կոկորդը խոտի քնքշանքում-
Էլ մի քայլիր-նայիր,
Էլ մի նայիր-զգա
Եվ տեսածդ հանձնիր անցյալիդ։
Քո օրը
Տուն է գնում հիմա-
Վերջապես, այսքան ձայներից հետո։

«Նշանների երկիրը», անկասկած, բանաստեղծական նորություն է մեր այսօրվա պոեզիայում։ Ամենից առաջ այն բացված դուռ է՝ դեպի մարդու հոգեկանի անմատչելի խորքերը։ Եվ այս առումով էլ հետաքրքիր երեւույթ է «Նշանների երկիր» գիրքը, գույների, ընկալումների, ապրումների փիլիսոփայական յուրօրինակ խտացում, ժամանակի անմիջականություն ու շունչ։ Դիպուկ է նկատել Գեւորգ Էմինը. «Այսպիսին է բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ ինքնատիպ, նորի շունչն ունեցող բանաստեղծ, որի բանաստեղծությունները «մաքուր ու բարձր են... երկնքի պես»։

Այո, նրա երգերը մաքուր ու բարձր են։ Եվ այդ բարձրությունները միաժամանակ ընդգծում են խոհերի ու տրամադրությունների խորությունը։ Արտեմի առաջին գիրքը գեղեցիկ հանդիպում է ընթերցողի հետ։ Այդ գրքի տողերից ճառագող լույսն արդեն բնակավայր է։ Պոետի երգերը նրա հոգու ներքին նշաններն են դարձել եւ գեղեցիկ սպասումներ են ծնում ընթերցողի մեջ՝ երկրորդ հանդիպման համար։