Jump to content

«Ես արցախցի բանաստեղծներից կառանձնացնեի Պըլը-Պուղուն եւ Ուիթմենին»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՍ ԱՐՑԱԽՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՑ ԿԱՌԱՆՁՆԱՑՆԵԻ ՊԸԼԸ-ՊՈՒՂՈՒՆ ԵՎ ՈՒԻԹՄԵՆԻՆ...»

-Վերջին երեք տարում գրական կյանքի նկատելի աշխուժացումը, ասել է թե՝ երակասնուցումը, նման է չորացած ցողունի դալարման, ոգու վերադարձի: Հարաբերական խաղաղությո՞ւնն էր պայմանը, թե հոգեւոր սննդի կարոտի արթնացու՞մն էր շատ ցավոտ:

- Երբ մարդիկ իրենք իրենց շատ են կարոտում, տեւականորեն ինքնաօտարման եզերքին գտնվելով, իրենք իրենց հանդիպելու ցանկություն են ունենում, բնականաբար: Եվ այդ հանդիպավայրը, ուր գնալու համար մարդ պիտի տրամադրություն, ներքին պահանջ ու պայմաններ ունենա, անշուշտ, գրական գործն է, արվեստն ընդհանրապես:

-Գրականությունը անկանոն հորձանք է՝ բերում է եւ տիղմ, եւ ոսկեհատիկ: Այսօր գրական արժեքները դժվարությամբ են երեւում, իսկ «տիղմը»՝ թացությամբ շողշողուն՝ հաճախ հրամցվում է իբրեւ արժեք: Ցավալին այն է, որ այս կարգին պատկանող գործերի երեւալուն հաճախ օժանդակում են անվանի գրականագետները:

-Տիղմի ու ոչ տիղմի մասին խոսելիս չմոռանանք հիշել նաեւ Էյնշտեյնին՝ հարաբերականության տեսության մեծ գեղագետին, որին, ցավոք, ամեն մեկը փորձում է ծառայեցնել իրեն՝ իր ճշմարտության «բացարձակության» թաքուն մարմաջներով տարված: Այսպես թե այնպես, ռելյատիվիզմը միշտ որոշակի դեր է խաղում, անկախ մեզանից: Ժամանակի քննություն է, սակայն, կարեւորը: Ամեն հորձանք, եթե ակունքը բնական է, ինքնամաքրման է գնում:

- Այս ամենը ինքնին ենթադրում է գրական քննադատության բացակայությունը: Մերօրյա գրական քննադատությանը որքանո՞վ է մերձ գրական արժեքների իսկական գնահատանքին, գրասեր մարդուն:

-Գրական քննադատություն, բառի լուրջ իմաստով, գոյություն չունի: Չհաշված բացառությունները: Իհարկե, այստեղ միայն գրական գործի դիտարկման, մեկնության խնդիրը չէ: Մանավանդ՝ ու՞ր են գրական արժեքները, իսկ չէ՞ որ քնադատության բացակայության մեջ ավելի շատ առկա է նոր կացութաձեւում դեռեւս չձեւավորված էթիկայի եւ, հետեւապես, էսթետիկայի պրոբլեմը, մոտեցումների եւ սկզբունքների անհամակարգությունը:

- Ժամանակի շունչն այնքան էլ շոյող չէ գրական կյանքի համար: Կա՞ր ժամանակ, երբ ամեն ինչ դյուրին էր, եւ ցավը չէր առաջնորդ...

-Գեղարվեստական գործն ինքնըստինքյան բախում է ժամանակի հետ: Հետեւապես, գրական կյանքը շոյանքի կարիք չունի երբեք: Խորհրդային տարիներին նման պատրանքներ փորձում էին ստեղծել, բայց՝ ապարդյուն: Վերջը տեսանք՝ ինչ եղավ: Ցավը զգացողության ազնվությունն է ապրումի մեջ:

-Ժամանակավոր տրամադրությունը ստեղծում է նմանատիպ գրականություն՝ անհետանալու սպառնալիքի հետագծով: Այս հարահոսում գրողի կեցվածքը, դիրքորոշումը:

-Իսկական գրողը հավիտենականության լծորդն է եւ գործ չունի ժամանակավորի հետ: Ահա Շիրազի խոստովանանքը՝ «Ես բանաստեղծ եմ, հավերժի որդի»: Կեցվածք, դիրքորոշում... Դրանք բառի մեջ` գրական գործում պիտի փնտրել: Կյանքը՝ բառում: Բառը՝ կյանքում: Հիշենք՝ ամեն բառ կիսատ է: Պոետը, ինչպես ասում են, պիտի հաջողությամբ խուսափի հոտի հետ վազելուց եւ կատաղիորեն անվախ լինի: Բացարձակորեն անկախ: Բացառիկ:

-«Երբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են» հանրահայտ միտքը արցախյան կեսկատակ տարբերակ ունեցավ. մուսաները գնում են նրա մոտ, ում հրանոթներն ավելի բարձր են որոտում: Մեր բարձր որոտացող հրանոթը մեր արդար ձայնն էր, ղողանջեց նաեւ օտարների հոգում` ասպարեզ հանելով ազատամարտին նվիրված մեծ ու փոքր գործեր:

-Այո: Մենք եզակի ժողովուրդ ենք նաեւ այն առումով, որ պատերազմի մեջ քաշվեցինք առանց մի հրանոթ ունենալու: Բայց հաղթեցինք, որովհետեւ մեր զենքը մեր ճշմարտությունն է. «Արդար պահանջ, ոչ մի նահանջ»: Այս մի քանի բառերն իրենց պարզության մեջ պարունակում են շեքսպիրյան ողբերգություն ու դինամիկա, դոնքիշոտյան ասպետականություն, դոստոեւսկիական հոգեբանության խորք ու աստվածապաշտություն:

Աղբյուրագիտական նշանակության գործեր մեզանում, իհարկե, արվել են: Արվում են: Կարվեն: Եվ դա գովելի է: Եթե դեռ չենք հասել, չի նշանակում, թե չպիտի շարունակենք քայլել, եթե դեռ չենք գտել, չի նշանակում, թե չպիտի շարունակենք փնտրել: Ընդհակառակը: Կարող է մեր փնտրածով վաղն ուրիշն է գտնելու: Ես համոզված եմ՝ բարձրարժեք գեղարվեստական գործ, որը խորը եւ բազմակողմանիորեն կարտացոլի մեր գոյամարտը, կծնվի: Պիտի պահպանենք զգացմունքի տաք արտացոլումը, անշուշտ, միաժամանակ խուսափելով երեւույթների պերցեպցիոն մեկնումներից: Ցավոք, շատ դեպքերում գեղարվեստական տարեգրի դեր են ստանձնում երեւույթի հետ միանգամայն առնչություն չունեցողները. ամեն մեկը կիսատ-պռատ շարադրում է գլխով անցածը՝ իր գլուխը ներկայացնելով, ոչ ավել, ոչ պակաս, որպես շարժման ու գոյամարտի առանցք: Պիտի Աստծով կոչվածները գրեն, պիտի գրվի իմացությամբ, տաղանդով, վարպետությամբ: Մեր ժամանակի հայ զինվորը նոր երեւույթ է ոչ միայն մեր, այլ նաեւ համաշխարհային իրականության մեջ՝ մեծ հաշվով եթե վերցնելու լինենք: Նա մենք ենք: Բայց եւ մենք չենք հասել մեզ: Գրական պատկերի մեջ նկատի ունեմ:

-Գյոթեն նրան, ով ցանկանում է հասկանալ բանաստեղծին, խորհուրդ է տալիս գնալ նրա երկիրը: Իսկ երկիրն էլ ճանաչելու համար արժե որպես ուղեկից վերցնել բանաստեղծին: Դուք ու՞մ կառանձնացնեիք արցախցի բանաստեղծներից, որը օտարին կկարողանա ներկայացնել մեր երկրամասը:

-Գյոթեին «շոշափող» մի այսպիսի տող ունեմ. «Կանգ առ, վայրկյան, գեղեցիկ ես: Ախ, դու Գյոթե, շուշան որդի»: Արցախցիներս սիրում ենք, չէ՞, հաճախ մեր անզուսպ սիրո զգացումը թաքցնել «ուշունցներում»: Ինչ վերաբերվում է հարցի մյուս կողմին, մի քիչ իմ մոտեցումն այլ է, ասեմ՝ ես արցախցի բանաստեղծներից կառանձնացնեի Ուիթմենին եւ Պըլը-Պուղուն...

- Ասում են, բոլոր ժամանակների բանաստեղծները բոլոր ժամանակների մարգարեներն են: Ձեր խոսքը:

-Չեմ ընդունում «բանաստեղծներ», «մարգարեներ» արտահայտությունները: Հոգնակին չեմ ընդունում: Այս մասին մի անգամ ասել եմ: Ավելի ճիշտ կլինի ձեւակերպել՝ ժամանակի բանաստեղծը ժամանակի մարգարեն է:

-Կորուստներ շատ ունեցանք, մարդկային ծով հույսեր վտանգվեցին, բայց քիչ գրական արժեքներ եկան լրացնելու հոգու պարապը: Ձեր ղեկավարած՝ ԼՂՀ գրողների միությունը կարողանու՞մ է տեր կանգնել նորաստեղծ գրական գործերին, օժանդակել դրանք ընթերցողին հասցնելու գործին:

- Այդ լծակները պետության ձեռքին են: Պետությունը պիտի հովանավոր լինի ժողովրդի հոգեւոր մշակույթի եւ ազգային արժեքների զարգացմանն ու պահպանմանը՝ առանց մեր խոսքի ազատությունը վտանգելու: Ունենք, բարեբախտաբար, գրողներ, որ դոնքիշոտյան ասպետությամբ վերջին կոպեկներով գիրք են հրատարակում եւ նվիրում ընթերցողներին: Բայց դա ընդհանուր ճանապարհ չէ:

- Ի դեպ, ի՞նչ կասեք գրող եւ իշխանություններ հարաբերության մասին:

- Ծայրահեղ սրությամբ դրված հարցադրումներում հաճախ ճշմարտությունը մի կողմ է մնում: Մեր գրողները Արցախի պետականության ստեղծման սկզբից մինչեւ հիմա էլ քիչ հիշարժան գործեր չեն կատարել: Այդ մասին քաջ գիտե ժողովուրդը: Եվ միշտ պիտի ձգտենք անել ավելին: Հետեւապես, մեր վերաբերմունքը մեր նորաստեղծ պետության հանդեպ միշտ էլ այնպիսին է, ինչպիսին պիտի լինի: Իշխանավորները փոխվում-գնում են, բայց պետությունը մնում է՝ որպես մեր գոյության առաջին պայման, այն մեր ստեղծածն է, պիտի սիրենք, պահպանենք, ամրապնդենք: Դարձնենք անպայման ժողովրդավարական: Ամեն առումով: Վայրենի օրենքներով առաջնորդվող աշխարհի հետ բախվելուց ամեն անգամ անակնկալի չգանք ու ցնցումներ չապրենք, չհրաժարվենք մեր ճշմարտությունից: Հայի եւ արցախցու մեր հիմնական հատկանիշը ուժի եւ համառության վերածված մեր արդարությունն է:

- Գրողը հասարակության մասնիկը լինելով հանդերձ՝ նրա դրոշակակիրն է: Ո՞րն է այսօրվա գրողի դավանանքը, դրոշը:

- Գրողի դավանանքը ժողովուրդն է: Հասարակություն ստեղծողը օրենքը չէ, գեղագետն է առաջին հերթին: Օրենքը ցանկացած հասարակարգում խոցելի եւ թույլ է առանց ձեւավորված բարոյականության: Լինի դա Արցախում, մայր Հայաստանում թե ԱՄՆ-ում: -Վերջում ավանդական հարց. առաջիկա Ձեր գրական ծրագրերի մասին:

- Գրել իմ այն գործը, որ հազարամյակներ շարունակ դեռ չի ստեղծվել եւ անպայման ես պիտի գրեմ, քանի որ այն ուրիշ ոչ ոք չի գրելու: Ամեն ծնունդ աշխարհում ունի իր առաքելությունը: