«Իմ ասածն ասողը ոչինչ չի ասում»
«ԻՄ ԱՍԱԾՆ ԱՍՈՂԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍՈՒՄ»
-Ինչո՞ւմ են արտահայտվում արվեստագետի եւ քննադատի հարաբերությունները:
-Անհատականության մեջ: Բանաստեղծը ծաղկի մեջ հայտնաբերում է անհայտ ծաղկին, քննադատը բանաստեղծի բերած բառի մեջ` անհայտի բառը. երկուսի հայացքներն էլ միտված են հեռվի ու հասարակ աչքով անտեսանելիի վերածմանը: Ամեն մեկն իր ասելիքն է բերում: Հստակ է գեղագիտական սկզբունքը` իմ ասածն ասողը ոչինչ չի ասում:
-Քննադատական դիտողություններն ի՞նչ չափով են ազդում արվեստագետի գործունեության վրա:
-Քննադատական դիտողությունները գրողի վրա չեն ազդում, այլ ընդհանուր մթնոլորտի` եթե ճշմարտության աղերսներ են ունենում. եւ հենց այստեղ էլ գալիս է մի պահ, որ քննադատը (ժխտելով կամ հաստատելով) շարունակում է գրողի ասելիքի վրա հրավիրել ուշադրություն` իր գեղագիտությունը հաստատելու համար: Գրողի գործը անտարբերությունը ոչնչացնելն է` բավականություն կամ անհամաձայնություն հնչեցնելով, որով եւ նա տիեզերական շարժմանը հաղորդում է իր ուղղությունը:
-Նոր գրքի մասին գրում են` հոդվածի 80 տոկոսը... գրքի բովանդակության վերաշարադրանք է: Պե՞տք է նման քննադատությունը:
-Պետք չէ, անշուշտ: Արվեստը չի հանդուրժում ոչ մի «նման»:
-Համաձա՞յն եք, որ գրական քննադատությունը, որպես գրականագիտության բաղկացուցիչ մաս, դեր է խաղում ոչ միայն ճաշակի, այլեւ հասարակական գիտակցության ձեւավորման գործում:
-Անկասկած: Ցանկալի է, որ ոչ մի գաղափար չլինի պարտադրական, նույնիսկ` եթե այն ամենալավն է, թեեւ «ամենալավ» չի լինում երբեք: Անկողմնակալ ճշմարտախոսությունը գրողի բնական վիճակն է: Կանխամտածված յուրաքանչյուր գաղափար անընդունելի է:
-Ինչո՞վ են տարբերվում օբյեկտիվ քննադատությունը եւ «մշակողական ջարդը»:
-Կա քննադատություն եւ չկա քննադատություն: Օբյեկտիվն ու ոչ օբյեկտիվը, տվյալ պարագայում, ավելորդ հասկացություններ են: Մշակողական ջարդ`ասում ես: Ցանկացած ստեղծագործություն, համաձայն չե՞ս, հասցե լինելուց առաջ` հետհասցե է: Դա խիստ տխուր բարք է, որ ոչ մի կապ չունի գեղագիտության հետ:
-Ո՞րն է առհասարակ քննադատության խնդիրը, ո՞ւմ համար է գրվում քննադատական հոդվածը, ընթերցողի՞, թե` նրա, ում գրքի մասին խոսում է քննադատը:
- Ավելորդ է քննադատության մասին դասագրքային ձեւակերպման դիմելը, սակայն մի բան պարզ է` քննադատությունը, գրականության միջոցով, նպաստում է հասարակության գեղագիտական մտքի ձեւավորմանն ու զարգացմանը, դրանով իսկ բարոյական չափանիշների հաստատմանը: Այդ մասին է վկայում եւ քննադատության բնույթը`համաժամանակյա (սինխրոն):
-Ինչի՞ց է, որ քննադատական շատ հոդվածներ, եւ անգամ աշխատություններ, կարծես թե ունեն ե՛ւ գրական մակարդակ, ե՛ւ կոնկրետ ուսումնասիրության տպավորություն, սակայն զուրկ են գրական ստեղծագործության կենդանի զգացողությունից:
- Այդ ամենը բացատրվում է հոդվածի կամ աշխատության հեղինակի (տվյալ դեպքում` քննադատի) օժտվության չափով: Գրական ստեղծագործության կենդանի զգացողության բացակայությունը` լինի քննադատի, ընթերցողի, թե «գրողի» մոտ, կործանարար է, զրոյից ցածր գտնվող այն գիծն է դա, որից դենը սլաք իջնելու տեղ չունի:
-Մեծ հաշվով վերցրած` հայ քննադատությունը արդյո՞ք պարտք չունի տալու Արցախի գրական ընտանիքին` որչափ էլ որ համեստ լինի այդ ընտանիքի ներուժը...
- Ամենագլխավորը` գրական երկը որտեղ էլ գրվի, նախ ինքը պիտի կարողանա գեղարվեստական-գաղափարական անվիճելի արժեքով ուշադրություն հրավիրել իր վրա: Պատվերայնությունը` ե՛ւ հոդվածում, ե՛ւ բանաստեղծության մեջ, ե՛ւ սիրո մեջ, ամենուրեք, անընդունելի եմ համարում ու հակաբնական: Շատ կարեւոր է ազգային (դրանով իսկ` նաեւ համաշխարհային) գրական պրոցեսից դուրս չմնալը, դա անհատականության (եթե այն առկա է) դրսեւորվելու, առանձնանալու, ամբողջականության մեջ ընդգծվելու ճանապարհն է: