Ես վայրենի եմ,
Ինչպես ինձ սնած
Այս բնությունը.
Չփորձեք հանկարծ
Չռված աչքերով
Ինձ կաղապարել:
Ես անկաշկանդ եմ,
Ինչպես ժայռն ի վար
Վազող գետակը.
Չփորձեք հանկարծ
Ինձ հանգավորել:
Ես անթաքույց եմ,
Ինչպես մեր հպարտ
Արարատները.
Չփորձեք հանկարծ
Խորխորատ դարձնել
Հպարտությունս:
Սեգ սիրահար եմ,
Ինչպես քարն ի ճեղք
Տոկուն կակաչը.
Չփորձեք հանկարծ
Ինձ մի գլխահակ
Մանուշակ դարձնել,
Որ հետո ամեն
Եկող-գնացող
Ինձ ոտքի տակ տա:
Ես նոր օրերի,
Անցած կորստի
Սպեղանին եմ.
Չփորձեք հանկարծ
Ինձ վավերացնել
Նորաբանությամբ:
Ես միշտ եղել եմ,
Ու դեռ կմնամ:
Ես վայրենի եմ
Ու վայրի անչափ,
Ու արմատներս
Խորն են մխրճված: