Օ՜, ծխածարավ դևերի ոգիք, որ ինձ գամեցիք սյունին անարգման
Ու մշտահոլով երգեր հյուսեցիք թախիծի համար,
Եվ հեռուներում,
Որտեղ աստղաբիբ հոգիս սավառնեց,
Ինձ գտա անուժ, վհատ ու նկուն,
Նաև աներազ...
Մահս է տենչում նույնիսկ գալիքը իմ ոգեղենիկ...
Հրաշքների մեջ
Աչքս բացեցի
Եվ տեսա Աստծո աղերսները մառ
Հուսահատության ճիվաղի շրթին
Եվ արարեցի հավերժապատում ասքը իմ գերող,
Բայց... ես գերվեցի...
Օ՜, մահս է տենչում ամեն մի վայրկյանն այս աստղացոլքի,
Եվ մահս է տեսնում ամեն ապիկար իմ դարի շնչին...
Եվ իմ ապրելու մարմաջը մահվան ստվերի նման
Գալարվում է դեռ
Իմ ուղեղային ընդվզումներում...
Իմ ճանապարհը հեռո՜ւ-հեռավո՜ր աստղերի պես հար,
Ես պիտի հասնեմ հոգուս դրախտին,
Եվ հավերժության գաղտնիքներ պիտի անվերջ շշնջամ
Ու պիտի ասեմ,
Որ մահս է տենչում խղճուկ լուսնկան...
Բայց ես դեռ կապրեմ,
Ու պիտի ապրի եդեմն իմ հոգու,
Որտեղ նշխարներ դեռ կան անթեղած
Գալիքի համար...