Jump to content

«Միշտ չէ, որ րոպեն բաղկացած է լինում վաթսուն վայրկյանից»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

(Հարցարան՝ Վարդան Հակոբյանին)

1. Վարդան Հակոբյանը 60 տարեկան է...
- Ես իմ ապրած ու չապրած պահերը տեսնում եմ Ձեր նշած թվի մեջ, բայց եւ այնպես չեմ ուզում տեսակավորել տարիները, կամ, ընդհակառակը, դրանք դիտել համահավասար, այս պարագայում, պիտի նկատեմ, միշտ չէ, որ մեկ րոպեն կարող է բաղկացած լինել 60 վայրկյանից։
Վայրկյանը անզիջում կռիվ է։ Կան պահեր, որ չավարտած (ամբողջացրու վայրկյանը՝ քանի դեռ ուշ չէ), ստիպված ես լինում «գործ ունենալ» հաջորդ ակնթարթների հետ։ Թեեւ կա նաեւ երեւույթի փիլիսոփայական ընկալումը։ Իմ երկրի, հողի վերածնունդը (ես նկատի ունեմ Արցախյան շարժումը) նույնպես իմ ծնունդն եմ համարում, ուրեմն՝ թիվը՝ 1948, տեղափոխվում է ուղիղ 40 տարի ետ՝ 1988, եւ պարզվում է, որ ամենեւին էլ 60 տարեկան չեմ։ Տարբերությամբ՝ եկող ամեն մի վայրկյանի մեջ նախորդ ժամանակներից բեկորներ կան անպայման։ Այնպես որ՝ հավիտենությունը վայրկյանի մեջ է։
Ժամանակի մի առանձնանիշ եւս՝ զգույշ, վայրկյանը սիրում է վազանցել։
2. Ի՞նչ է բանաստեղծությունը Ձեզ համար։
- Ամեն անգամ, երբ նման հարց է տրվում, հիշում եմ ճապոնական նշանավոր այգու տասնհինգ քարերի պատմությունը. դրանք այգում տեղադրված են այնպես, որ ինչ կետից էլ նայում ես, տասնհինգերորդ քարը չի երեւում։ Սա հենց պոեզիայի խորհուրդն է։
Ես փորձում եմ ստեղծել անհայտը բացող բանաստեղծական այն տողը, ուր բառերի ներկայությունը նկատելի չէ։
3. Բանաստեղծություն գրելու համար ո՞րն է ամենահարմար տարիքը։
- Նայած գրողն ով է՝ Մեծարենցը, Դուրյանը, Ռեմբոն, Թումանյանը, Գյոթեն...
4. Ինչպե՞ս է ծնվում տողը. ոգեշնչում ասվածը բանաստեղծի համար։
-Այն, ինչ նկատի ենք ունենում, ավելին է, քան ոգեշնչումը, այլապես ինչպե՞ս կարող էր Քրիստոսը քայլել ջրերի վրա։
5. Հայաստանի գրողների միության կից գործում է գրականագիտական խորհուրդ, որն ամփոփում է տարվա լավագույն բանաստեղծական շարքերը։ 4 տարի անընդմեջ Ձեր պոետական շարքերը համարվել են 5 լավագույնների կարգում։
-Եվ իմ վերջերս գրած գործը. «Պոեմ իմ մասին, կամ ժամը 24-անց է 81 րոպե»։ Տպագրվել է «Գարուն»-ում։ Այնուամենայնիվ, ընդունելի լինելուց պակաս հետաքրքիր չէ հասանելի լինելը, ինչպես ասում են։
6. Կողքից հայացք՝ ինքներդ Ձեզ։
- Ես միշտ ներսից եմ նայում, անգամ՝ ուրիշին, ուր մնաց, թե ինքս ինձ կողքից դիտեմ։ Կողքից հայացքը հաճախ է լինում սխալ ու կողքանց...
7. Ո՞վ է Ձեր ընթերցողը։
-Ես նրան ստեղծում եմ։ Նախկինում, օրինակ, խորհրդային տարիներին, կարդում էին եւ նրանք, ովքեր չէին կարդում։ Հիմա միայն նրանք են կարդում, ովքեր կարդում են։ Երկրորդ իրավիճակն առավել ազնիվ է։ Ի վերջո, պոեզիան միշտ էլ սակավաթիվ մարդկանց մենաշնորհն է եղել։ Ցավոք։
8. Ձեր բանաստեղծական սկիզբը։
-Այն ժամանակ ես դեռ չէի ծնվել, իսկ Նոյը գինուց հարբել ու մորեմերկ պառկել էր ծաղկած խնձորենու տակ։
9. Ձգտումդ։
-Անմահական հուրը գտնել ու, ի վերջո, բերել նրա համար, ով դրան սպասում է դեռեւս հավատով։
10. Ծննդավայրդ։ Հայրենիքդ։
-Հայոց պատմական Հարարն է իմ նախնիների բնակավայրը։ Սաթենիկ տատս պատմում էր, թե ինչպես էին թուրքերը Մեծ ձորագետի ափերին մորթոտում հայ երեխաներին, կրակի մատնում հայերի տները։ Այս մասին ես գրել եմ իմ «Երամականչ» ասքում։ Հետագայում թուրքերն էլի մտան ու գլխատեցին Արփագետուկ գյուղի բնակիչներին՝ որին հանդում, որին բոստանում, որին իր տան շեմին։ Սա խոսում է այն մասին, որ թույլ լինելը եւ սպանվելը նույնպես հանցագործություն է, գուցե եւ՝ սպանություն կատարելուց ոչ պակաս։ Այսինքն, դու թույլ լինելով՝ նպաստում ես սպանություն գործելուն։ Մենք ճակատագրով դատապարտված ենք՝ ուժեղ լինել։ Դա անվիճելի եւ մեր միակ ելքն է։
Ես հիմա չեմ հիշում, թե վերջին հարսանիքը մեր գյուղում երբ է եղել, երբ է վերջին ծնուդը եղել Արփագետուկում։ Հիմա այդ գյուղը մի բնակիչ ունի՝ հորեղբայրս է։ Այնպես որ, իմ տողը՝ Քեզնից ծնվելը դեռ քիչ է որդիդ լինելու համար, խորը ակունքներ ունի։
Երբ հայրս մեր գյուղում մենակ էր մնացել ու չկային ունեցած կենտումենտ աշակերտներն անգամ, մի ամբողջ շաբաթ մեն-մենակ, ասում են, դպրոց էր գնում, ժամը ժամին զանգը հնչեցնում, լրացնում մատյանները... Եվ միայն մորս հորդոր-խնդրանքով էր տուն գնում։ Վերջին անգամ, ուղիղ քսանհինգ րոպե զանգը հնչեցնելուց հետո գյուղից հեռացել է այն հույսով, որ մի օր կվերադառնա... Հանդ ու սարին հրաժեշտ տալու պահին, Քարաղբյուրի մոտ ոտքերը կարմիր-կարմիր մի կաքավ կանգնել էր ճամփին ու երգում էր՝ հեռացող հորս համար, հայրս մոտենում էր՝ թռչում էր մի ուրիշ քարի, էլի երգում հեռացող հորս համար... Այնքան, մինչեւ հայրս Մեծ քարի ետեւն անցավ։ «Էդքան սիրուն, էդքան սիրուն կաքավ ու էդքան տխուր երգ,- վերհիշում էր հայրս,- ոչ մի տեղ կյանքում ոչ տեսել եմ, ոչ էլ լսել»։
Հիմա Արփագետուկում արդեն նոր բնակարաններ են կառուցվում՝ պետական հովանավորությամբ։ Իմ գրական գործունեությունը զուգորդում եմ նաեւ վերաբնակների հարցերի հետ... Հին արփագետուկցիներ ու ոչ արփագետուկցիներ ցանկություն են հայտնել ընտանիքներով վերաբնակվել այնտեղ։ Ուրեմն՝ հորս զանգը տեղ է հասնում... Ուրեմն, հայրս վերադառնալու է։
Իսկ Արցախի համար ուր-որ է վրա կհասնի (500-ից ավելի) հարսանիքների աշունը...
Իմ հայրենիքը մարդիկ են։ «Հողը, որդիս, քո պապիկն է, Վաղուց է, որ դարձել է հող»։ Արցախ-Սփյուռք-Ծովից ծով Հայաստան։ Հայրենիքս մորս ժպիտն է՝ փռված հայոց արցախական լեռների վրա։
11. Սերդ։
-Այնքան խելագարորեն սիրեցի (մեր ազգին հայրենի գյուղում բնութագրում էին երկու բառով՝ Զառունց պելեր), որ անգամ չհասցրի իմանալ, թե ում եմ սիրում։
12. Երազանքդ՝ անձնական ու անանձնական։
-Բանաստեղծությունն աշխարհի բոլոր երկրներում ու սահմանների վրա դառնա անցագիր։
13. Ի՞նչ է երջանկությունը Վարդան Հակոբյանի կարծիքով։
-Զգացում, որ ունենում են անուղղելի ապուշները։
14. Ե՞րբ ես անցնում արձակի կամ այլ ժանրերի։ Ներքին պահա՞նջ է, թե՞...
-Ես, գրիչ առնելուց առաջ, ինձ չեմ տրամադրում կանխամտածված ձեւով որեւէ ժանրի դիմել։ Դա որոշում է նյութը։ Իմ երեք պիեսները մեր պետթատրոնին եմ հանձնել, բեմադրվել եւ խաղացվել են հաջողությամբ։ Առանց իմ կամքը հարցնելու այսօր իմ մեջ հասունանում է մի ծավալուն գործ, վեպ է հյուսվում, ծնվում են կերպարներ... Սկիզբն ու վերջը չեն երեւում։ Ինչպիսին կլինի՝ կտեսնենք։ Թղթին կհանձնվի՞ արդյոք։ Իսպանացի մի մտածող այսպիսի խոսք ունի՝ երբ ցանկանում եմ լավ գիրք կարդալ, սկսում եմ այն գրել։ Այս հավատքը գրողի համար կարեւոր է, թերեւս։
15. Բանաստեղծ, գրականագետ, հասարակական գործիչ. արդյո՞ք դրանից չի տուժում ձեր տողը։
-Կարող էիր այդ թվարկումներն էլի շարունակել, քանի որ մայր արմատն այս պարագայում բանաստեղծն է, իսկ մնացյալը սոսկ ածանցյալներ են, որոնք լրացնում-ամբողջական են դարձնում երեւույթը։ Անշուշտ, հնարավոր չէ տիեզերքի մեկ մասը կազմել՝ առանց մյուս բաղկացուցիչների ու հյուլեների անտեսանելի մանրակերտը քեզանում կրելու։ Որքան շատ ու խորն են իմացության ու աշխարհաճանաչողության ակունքները, բառն այնքան մոտ է կատարելությանը։ Այլապես, ինչ ձեւով կարող է արվեստագետը, կայացած անհատը ներկայացնել մարդկանց, թեեւ, այսպես թե այնպես, ով էլ գեղանկարչի դիմաց նստում է, միեւնույն է, գեղանկարչի բնորդը հիմնականում ինքն է ու դարձյալ ինքը՝ գեղանկարիչը։
16. Ձին, որի կերպարը կա Ձեր պոեզիայում, մանկության օրերի հեքիա՞թ է, թե՞... «Ինձ թվում էր, թե ես ձիով կհասնեի ամենուրեք, անգամ՝ Պառնաս... Իմ չունեցած ձին տեսնես ո՞ւմն է հիմա»։
-Ես իմ աշխատասենյակում պահում եմ ձիերի մի երամակ, որոնց մեջ՝ սեղանիս վրա, կա Մեկը (մեղք եմ համարում՝ խաղալիք կոչել, մանավանդ, որ վաղուց մանուկ չեմ), երբ ձեռքս սահեցնում եմ բաշի վրայով, սկսում է խրխնջալ, աչքերից կրակներ են ցայտում, եւ հասկանում-տեսնում եմ, թե ինչպես է ձայնը ճշգրտությամբ իր մեջ պահում սարերի, ձորերի ու նաեւ ժամանակի պատկերները, ավելին, ձայնի անսահմանության մեջ ոչինչ հուշ չի դառնում, անգամ ձին չի հոգնում ինձնից, չէ՞ որ նրա թեւերի վրա եմ մեծացել... Այսպիսի տողեր ունեմ. «Արցախ, դաժան սեր, վիրավոր անուն, Քարտեզի վրա՝ մի ծառս եղած ձի...»։ Ասել է թե՝ նրա ձայնից սկիզբ են առնում երկիրն ու իրական հեքիաթը, ուր հայրս՝ մաթեմատիկական իր խնդիրները թողած՝ խնձորախոտ է հարում Հարոսում, Գարսիա Մարկեսն իր «Հարյուր տարվա մենությունն» է գրում՝ Սերվանտեսից հետո իսպաներենի «երկրորդ հայտնությունը» կատարելով, մայրս կալ է կալսում, Գագարինը թռչում է տիեզերք, Սաթենիկ տատս Եխծուն տակի բոստանը ջրում է՝ ինձ լոբու արխերի ծայրին կանգնեցրած՝ որպեսզի ժամանակին ասեմ, թե ջուրը երբ է տեղ հասնում, իսկ առուն ո՞ւր է, ուշանում է, գուցե շրջանցել ու հեքիաթի խնձորենու մո՞տ է վազում...
Ձին բարության եւ թռիչքի խորհրդանիշ է, նրա սմբակների տակից ամենամաքուր աղբյուրն է բխում՝ երբ երկար է ճամփան եւ ծարավ ես դու... Ձին, թող ների ինձ, իմ թալիսմանն է։ Ձին իմ ստեղծած Արշակ ապերն է... Ձին ես եմ։
17. Ձեր կուռքը։
-Ես կուռքեր չունեմ։ Ես պաշտում եմ Արցախյան շարժման բոլոր նահատակներին, իմ կյանքի րոպեներն այլեւս նրանց անվան մեջ բացվող խնկածաղիկներ են... Առանց դրան՝ բանաստեղծությունը այլասերություն է։ Եվ իմ գրական-ստեղծագործական երեկոյին, երբ շարժման ակունքում կանգնած իմ զինակիցները՝ Գրիգորյան Համլետը, Պետրոսյան Ռազմիկը, Աղաջանյան Ռոլեսը, Արաքսի ափից եկած սահմանապահ ընկերներս, մյուսները ներկա էին, ինձ մի պահ թվաց, թե «հայոց բոլոր պատերազմներից», որ այնքան կսիրեր Սարոյանը, պատվիրակներ էին եկել... Ես բախտ ունեցա բոլոր նահատակների աչքերով նայել նաեւ մի հարկի տակ բոլորած իմ սփյուռքահայ քույրերին ու եղբայրներին՝ բազմաթիվ երկրներից։ Հային գտնելու համար, ցավոք, պիտի բացել ցավի քարտեզը, որն անսխալ ու ճիշտ է ցույց տալիս նրա գտնվելու վայրը։ Այդ օրը, ի դեպ, ես Արցախի նախագահ Բակո Սահակյանի շուրթերից լսեցի ամենահզոր բանաստեղծությունը (գոնե՝ հայության համար)։ Ահա այն՝ մեր կարգախոսն այսուհետեւ պիտի լինի այսպիսին՝ հաղթել առանց զոհվելու։ Ասել է թե՝ իմացյալ մահը փոխարինվում է իմացյալ կյանք ու ծննդով։ Սա մեր ազգային նոր գաղափարաբանության անկյունաքարը պիտի դառնա։ Երախտապարտ եմ Աստծուն, որ ծնունդս առիթ տվեց նման իմաստության, որն ասելու իրավունքը մեն ու միայն ասողինն էր, նրանը, ով պատերազմի ու անթիվ զոհերի ցավ ու վշտի ծանրությունը, զինակիցների հետ միասին, ամբողջապես կրել է իր ուսերին։
18. Ձեր սիրած զբաղմունքը, ձեր ազատ ժամանակը։
-Ընթերցանությունը։ Եվ ապա՝ սիրում եմ ջրի ու կրակի հետ խաղալ։
19. Գրողի դերը՝ Ձեր պատկերացմամբ։
Դեր բառը գրողի պարագայում ճիշտ չի հնչում, որովհետեւ այն ենթադրում է որոշակի խաղ, կատարում, որը չի համապատասխանում գրողի էությանը, քանի որ նա ինքն է ու ինքը, իր, այսպես ասած, «բնագրային» ու չմիջնորդավորված «ես»-ը։ Դրանից դուրս նա գոյություն չունի եւ չի հանդուրժում ոչ մի նմանակ։ Գրողը բացառիկ երեւույթ է, մտածող ու գեղագետ, որ իր մեջ արտացոլում է դարը, ժողովուրդը, պատմությունը, ապագան, ամեն-ամեն ինչ։ Մեծագույն շարժումն ու ընթացքը, որ իր հոսքում ներառում է տիեզերքը, դա մտածումն է՝ ստանդարտներից դուրս, որը դժվարությամբ է ընդունվում նույն այն «տարածքում», ուր ծնվում է։ Օրինակ, աշխարհի բանաստեղծական աննախադեպ հեղափոխություններից մեկը կատարեց Ուիթմենը՝ «Խոտի տերեւներ»-ով, բայց այդ գիրքը չորս անգամ հեղինակը հրատարակեց իր նվազ միջոցներով, այն չէր ընդունվում, մինչեւ որ այլ երկրներում ճանաչեցին պոետի հզոր տաղանդը։ Գրողը նոր գաղափարներ է առաջադրում իր ազգին ու մարդկությանը՝ մնալով կյանքում մշտապես անսովորի, նորի, լույսի անվրեպ դատապաշտպան։
20. Ձեզ ո՞ր տարիքի Վարդան Հակոբյանն է դուր գալիս՝ սկսնակ բանաստե՞ղծը՝ ինքնահաստատվա՞ծը, թե՞ 60-ամյան...
-Նախ՝ ձեր նշածներից ինձ դուր կգար նա, ով տարիք չունի։ Կամ՝ որի տարիքը բանաստեղծությունն է։ Եվ ապա՝ ես բացարձակապես հեռու եմ ինքնահիացումից, ավելին, իմ մեջ մշտապես հակառակ պրոցեսն է տիրում։ Իսկ թե մեկ-մեկ ինձ թույլ եմ տալիս ոգեւորվել ինձանով, միայն այն դեպքում, երբ զգում եմ, որ եգիպտական բուրգերի ստեղծմանը մասնակցել եմ, Ավոյի հետ հաղթել եմ թշնամուն ու խաղաղություն բերել մեր երկրին, Հոկուսայի հետ աշնան տերեւներով գետ եմ պատկերել՝ ոտիկները կարմիր ներկած աքլորին բաց թողնելով կապույտ ընթացք պատկերող կտավի վրա, մորս հետ միասին ավլածաղիկ եմ քաղել Մասրուտի թումբում՝ երբ դեռ քայլելը նոր էի սովորում... Այնպես որ՝ հայ ժողովուրդը մեծագույններից է աշխարհում (քանակն այստեղ կարեւոր չէ, եգիպտացիները բուրգերը ստեղծել են այն ժամանակ, երբ ընդամենը երկու միլիոն էին), որովհետեւ մասնակցել է աշխարհի բոլոր մնայուն հայտնագործություններին ու արարումներին եւ Մասսյաց գագաթներով մարդկությանը փրկել է ջրհեղեղից... Այս փրկության գաղափարը, ի վերջո, Փրկիչ ծնեց։
Ընդհանրապես անքննելի են ինքնահիացումն ու ինքնադժգոհությունը, որովհետեւ դրանք նույն բանն են, քանի որ Սալվադոր Դալին խելագարներից տարբերվում է նրանով, որ ինքը խելագար չէ...
21. Հիասթափության պահեր ունենո՞ւմ եք։
-Երբ աշխարհը բարձում են աքլորի կողին ու բաց թողնում...
22. Ձեր ելույթը 1988-ի փետրվարի 20-ին հիշվում է...
-Ուրախ եմ։ Այն, անկեղծ ասած, իմ բանաստեղծության շարունակությունն էր ու նոր սկիզբը։ Ես չէի խոսում, ես փորձում էի իմ երկիրը ստեղծել՝ այնպիսին, ինչպիսին ուզում եմ տեսնել։ Ես, կարծես վերին մի իրավունքով, հնարավորություն էի ստացել մասնակցելու աստվածային արարչությանը։ Դողում էի՝ չլինի՞ ինչ-որ բան վրիպի իմ խոսքից, չստացվի այնպես, մանավանդ, որ ես միայն ես չէի, ես հրապարակում ոտքի ելած ժողովուրդն էի՝ Ար-ցախ, Հա-յաս-տան, Մի-ա-ցում... Ի՜նչ հզոր շնչառության տեր է մեր ժողովուրդը։ Նրա ամեն բառը լեռան ծանրություն ունի։ Հաստատ։ Անվրեպ։ Իմաստուն։ Հետո այս ամենը պիտի դառնար հիմն՝ «Արցախի հիմնը». «Պատմությունը մեր երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք»...
23. Ձեր հավատքն ավելի շատ դեպի ո՞ր ժամանակին է ուղղված՝ ներկայի՞ն, անցյալի՞ն, թե՞ ապագային։
-Երեքին՝ միաժամանակ, որքան էլ դա թվա տարօրինակ, որովհետեւ դրանից որեւէ մեկի բացակայության դեպքում տեսողությունս իսկույնեւեթ կորչում է։ Որին էլ նայեմ՝ ներկային, անցյալին, թե ապագային, միեւնույն է, առանց մեկի մյուսը չի երեւում։
24. Օրվա, տարվա Ձեր ամենասիրած պահը։
-Հանդիպումս՝ դարեր շարունակ փնտրված բառի հետ։ Մանավանդ՝ երբ խաղաղ առավոտի միջով ծագում է արեգակը եւ, լույսի թաքուն բերկրանքից ավելի խորն են թաք մտնում բացվող մանուշակները։
25. «Մենարան» եք անվանել Ձեր ժողովածուներից մեկը։ Եվ գրչակիցները, եւ ընթերցողները հաճախ են Ձեր մեջ տեսնում Մենարանի ուխտավորին...
-Մենությունը մեծագույն արժեք է։ Իմ մենարանը տաճար է, որ կերտում եմ ինքս, տաճարը մարդն է, որ ծնվում է մենակ, խիզախում է մենակ, հերոսանում է մենակ, գրում է մենակ... Եվ «հոտից դուրս» գտնվելու (դա շատ կարեւոր է արվեստագետի համար) բազում միջոցներ կան, բայց գլխավորներից մեկը, կարծում եմ, սա է՝ որեւէ խմբի մեջ չմտնելու-չձուլվելու համար անհրաժեշտ է հենց այդ խմբի անդամը լինել... Տարօրինա՞կ է։ Բայց դա է ճշմարտությունը։
26. Դուք Ձեր ստեղծագործական կյանքն սկսել եք խորհրդային շրջանում...
-Պիտի ասել, որ խորհրդային տարիները հոգեւոր Արցախի համար եղել են բացարձակապես կործանարար։ Ես հիշում եմ, թե Բաքվում հազվադեպ տպագրվող մեր «լղարիկ բրոշյուրներին» ինչպիսի պահանջներ էին ներկայացվում խմբագիրների կողմից. այսպիսի մի «պահանջ» էլ (գրքում անպայման Արդբեջանի մասին բանաստեղծություն դնել) ներկայացվեց ինձ, ես հրաժարվեցի նման «պատվեր» ընդունելուց, որը եւ քիչ բարդություններ չստեղծեց ինձ համար։ Ի դեպ, ասեմ, որ Կեւորկովը նույնպես սիրում էր առիթից առիթ «պատվերներ իջեցնել» գրողների համար։ Եվ եթե ես նրանցից մեկն էի, որ «անվնաս» շրջանցում էր այդ պատվերները, ապա դա կատարվում էր շնորհիվ Գաբո Ապոր եւ Հրաչյա Բեգլարյանի միջամտության, այլապես վիճակն ավելի կբարդանար։ Եվ, այնուամենայնիվ, այս եւ նման միջադեպերը բացասաբար էին անդրադառնում եւ արժանանում էի բռնակալի «թաքնված» հակակրանքին, ու մեր միջեւ մշտապես պահպանվող հեռավորությունը ծավալվում էր։ Նույնիսկ եղավ մի պահ, երբ ստիպված էի Ղարաբաղից դուրս գալ, բայց այստեղ էլ մեծ դեր խաղաց «Սովետական Ղարաբաղ»-ի խմբագիր Հովհաննես Արզումանյանի միջամտությունը։ «Բա մեզ ինչ կասեն,- ասաց նա Կեւորկովին,- շնորհալի տղա է, որ գնա, բոլորը կասեն՝ տեսեք երկիրը հայերից դատարկում են»։ Եվ Կեւորկովը նահանջեց։ Բայց դրանով բանը չէր ավարտվում, մի քանի անգամ նա, տարբեր ժամանակներում, ինձ կանչել է ու «վերջին զգուշացում» տվել այս կամ այն բանաստեղծության համար. Րաֆֆի անունը օգտագործել է, մի տողի մեջ, դա նրան ափերից հանեց, առավել զայրացած էր, երբ գրել էի «Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր» տողը։ Ումից ես պինդ պահում, արա, հոխորտում էր նա։ Իսկ «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծությունը, որը տպագրվել էր Երեւանում եւ որի մասին ինչ-որ մեկը՝ ազերական գաղափարախոս, Ստեփանակերտից անանուն նամակ էր հղել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմ, ուղղակի փոթորիկ էր առաջացրել։ Ոչ միայն ապրում, այլ նաեւ ստեղծագործում էինք տոտալիտար համակարգի մամլիչի տակ։ Հիմա նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք նմանատիպ քաղաքականություն իրականացնող այդ շրջանի մասին փորձում են «արդարացում» գտնել՝ «լավ արարքներ» եւս վերհիշելով։ Եկեք չմոռանանք՝ ապազգային ռազմավարություն իրականացնելու խնդրում իշխանական դրածոները, որպես կանոն, չէին զլանում մարտավարական գույնզգույն «խայծեր» մատուցել, այն էլ՝ առատ։ Ուրեմն, կույր չլինենք, գոնե տարիներ հետո, ու դրանք չորակենք «ազգօգուտ գործողություններ»։ Հանուն սերունդների անսխալ դասի ու իմացության։
27. Ժամանակի հոգեւոր ու աշխարհիկ շատ մեծերի հետ եք Դուք ունեցել հանդիպումներ, շփումներ, մտերմություն, արժանացել նրանց գնահատանքին. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինից մինչեւ հայ գրականության դասականներ՝ Շիրազ, Սեւակ, Սահյան, Սարինյան, մինչեւ Հովհաննես Գրիգորյան, Արտեմ Հարությունյան... Դա ի՞նչ է տվել Ձեզ...
-Շատ բան։ Անունները, որոնք Դուք նշեցիք, ազգային արժեքներ են։ Եթե դրան գումարենք նաեւ իմ ընկերները, ապա պարզ կդառնա, թե ես որքան հարուստ եմ։ Եվ, ընդհանրապես, լավ ընկերների հարցում իմ բախտը կյանքում միշտ բերել է։
28. Ինչ ճանապարհներ եք տեսնում Արցախի համար, որ տանում են դեպի ցանկալի վաղը։
-Հիմա Արցախը վերագտնում է իրեն. բայց դա ասելով չի լինում, դա բարդ պրոցես է, որ պահանջում է հետեւողականություն ու անմնացորդ նվիրում, ջանք ու քրտինք, հնարամտություն, նախաձեռնողականություն, աչալուրջ տիրոջ մշտապես ներկա ձեռք ու աչք... Արցախի նոր իշխանությունները բավականին լավ սկիզբ են դրել։ Կարեւոր է նաեւ երկրի բարոյահոգեբանական ազնիվ մթնոլորտը, որն արդեն ստեղծվում է։
Այն, ինչ արվում է, բոլորն են տեսնում։ Մի խնդիր եւս. ես ուզում եմ չմոռանանք, որ գիտությունն այն ասպարեզն է, ուր, պատճաշ ու ճիշտ վերաբերմունքի դեպքում, մենք կարող ենք լինել մրցունակ ու հաղթող։ Սակայն մի բան պարզից էլ պարզ է՝ Արցախը գյուղատնտեսական երկիր է, հետեւապես պիտի ծայրամասային գյուղերից մինչեւ քաղաքամերձ բնակավայրերն, անխտիր բոլորը, շենանան, մարդաշատ դառնան։ Իսկ դրա միակ ելքը գյուղում աշխատատեղ ստեղծելն է. մենք «Ամերիկա հայտնաբերած» չենք լինի, եթե նորից նշենք ու շեշտենք՝ շերամապահությունն այն եզակի եւ եկամտաբեր ոլորտն է, որին պիտի դիմենք ու բաժանմունքներ բացենք Արցախի բազմաթիվ բնակավայրերում։
Ըստ տեղանքի ու բնական ռեսուրսների պիտի լուծել տվյալ բնակավայրի ու «տարածքի» վերակենդանացման պրոբլեմը, մանավանդ, դրա լավագույն օրինակը տվել է վանքեցի Լեւոն Հայրապետյանը։
Արցախում արժեքավոր մետաղների հանքավայրեր կան՝ թաքնված հողի երակների մեջ, դրանք բացել է պետք։ Բնակավայրերում՝ որպես առաջին ու անհետաձգելի անհրաժեշտություն, ջրատարների կառուցումը կյանքի խնդիր է... Այս ամենից առաջ եւ այս ամենին զուգահեռ՝ մեր բանակը առավել, կրկին, դարձյալ ու վերստին հզորացնել է հարկավոր։ Իմ հայրենի լեռնաշխարհի փրկությունը գյուղատնտեսական հզոր համալիրների ու արդյունաբերական ձեռնարկությունների մեջ եմ տեսնում։ Դրանց պահանջն օրվա հրամայական է։
29. Ահա Ձեր տողերը. «Իսկ Մայակովսկին կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե Ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի եւ, Առավել եւս, բանաստեղծ լինելը»...
-Ես փորձում եմ քաղաքականության մեջ չխորանալ, բայց, ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ, հայ ենք, չէ՞։ Եվ այն էլ՝ ղարաբաղցի։ Զարմանալի դոգմատիզմ է տիրում քաղաքական ոլորտում, որը ծնունդ է տալիս նոր ողբերգությունների՝ մանավանդ փոքր ժողովուրդների կյանքում։ Խորհրդային երկրի փլուզումն ու լենին-ստալինյան գաղափարաբանության կործանումը ողջունեց համայն աշխարհը, բայց, ահա, նույն այդ ստալինյան գաղափարաբանության ու ռեժիմի մեծագույն սխալը՝ մարդկության հանդեպ, որ էր՝ առանձին ազգերի ու ժողովուրդների միավորումը հանրապետական մեկ միավորի մեջ՝ առանց նրանց կամքի ու իրավունքի նկատառման, իր ուժը զարմանալիորեն դեռ պահպանում է եւ այսօր, ավելին՝ ՄԱԿ-ը եւս հենվում է դրա վրա։ Աբսուրդ է։ Հետեւապես մարդու իրավունքների մասին հոդվածը միջազգայնորեն պիտի վերախմբագրվի ու բանաձեւվի նորովի, որովհետեւ այդ երկու կետերը՝ տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք, ոչ միայն հավասար մոտեցումներ են երաշխավորում, այլեւ առաջինը պետք է հենված լինի երկրորդի վրա։ Այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա է խարսխվում տարածքային ամբողջականությունը։ Ահա այս պարագայում է, որ վերջինը դառնում է անխախտելի ու օրինական։ Անարդարությունը ծնվում է այնտեղ, ուր մարդու ազատությունը անտեսվում է, ուր գլխավոր պլան են մղվում մեծ տերությունների ամբողջատիրական շահերը։
Աշխարհը, ի վերջո, ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունը։
30. Դուք գտե՞լ եք Ձեր լավագույն բանաստեղծությունը։
-Այդ հարցը, սովորաբար, տալիս են տեղ հասած եւ արդեն վերադարձողներին։ Իսկ ես դեռ գնում եմ։ Ու հավերժորեն գնալու եմ, որովհետեւ Ձեր ասած բանաստեղծությունը, ուր էլ հասնես, մշտապես առջեւում է։ Բանաստեղծությունը, որի համար ծնվել է մարդը, դեռ ուշանում է. սա իմ բանաձեւն է, իմ հավատամքն է։ Ես այն բանաստեղծությունն եմ ուզում գրել, որ պիտի երկրագնդի վրա բացառի պատերազմները, որովհետեւ ցանկացած երեխայի մահ, որ կատարվում է պատերազմող «մեծերի» մեղքով, խոսում է մարդու անսահման վայրենիության մասին։ Ցավոք, մարդն այսօր ավելի վայրենի է, քան այն ժամանակ, երբ վայրենի էր։ Բանաստեղծությունը բառերի հրավառություն չէ, այլ ժողովուրդների ազատ ապրելակերպ ու ստեղծարար մթնոլորտ, մարդկայինի սահմանադրորեն անսահմանադիր կարգավիճակ, բանաստեղծությունը աշխարհաստեղծություն է։ Եվ՝ կատարելություն։ Իսկ ո՞վ է հասել կատարելության։