Jump to content

«Շարունակվող լեգենդի» տիեզերական խորհուրդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սովորական բառերով, երեւի, հնարավոր չէ ներկայացնել մեր ժամանակների մեծագույն գեղագետ ու մտածող Սերգեյ Սարինյանի նախասիրությունների ընդգրկման սահմանները, նրա մեղմ ու միաժամանակ խստաշունչ բնավորության շռայլորեն հարուստ գծերը, որոնց բարդույթներում, սակայն, աննահանջ լույսով ուրվագծվում է բացառիկ տաղանդով օժտված գիտնականի ու նվիրյալի խիստ ինքնատիպ կերպարը. նա, ինչպես մի առիթով արդեն նշել եմ, դիմում է միայն այն թեմաներին, որոնք միայն ինքը կարող է բացել, մեկնել։ Որպես կանոն, այդ «թեմաները» ուրիշների համար լինում են ինչ-որ տեղ անհասանելի։ Եվ հենց այստեղ է, որ Սարինյան գիտնականի ու հետազոտողի խոսքը դառնում է անմրցակից ու անգերազանցելի, դասականորեն առինքնող ու իմաստաբանորեն գեղեցիկ։
Հայ իրականության մեջ Սերգեյ Սարինյանի մենագրական աշխատությունները՝ Րաֆֆու, Մուրացանի, Պռոշյանի, Տերյանի, Սեւակի եւ մյուս մեր մեծերի մասին, ժամանակին ընկալվել են որպես բացարձակ նորույթներ՝ եւ թեմայի բացման ու խորության, եւ ստեղծագործության համակարգման ու պարբերացման, եւ ուսումնասիրման մեթոդոլոգիայի ու գիտական հայտնությունների, եւ, մանավանդ, փիլիսոփայական ընդհանրացումների առումով։ Սարինյանը մշտապես հանդես է գալիս որպես այս կամ այն նյութի առաջին համակարգողը, հիմնադրական անդրանիկ դիտարկումների ու գնահատումների հեղինակը։ Ավելին, նրա յուրաքանչյուր արժեւորում ու մեկնություն կողմնորոշիչ դեր ու նշանակություն է ստանձնում հետագա վերլուծությունների ու ուսումնասիրությունների համար։ Այս առումով, թերեւս, բացառություն չէ սեւակագիտության հիմքը կազմող «Պարույր Սեւակ» բարձրարժեք մենագրությունը, որտեղ գիտնականը, փաստորեն, մեկնում է Պարույր Սեւակ երեւույթն իր անպարառելի բարդույթների, գեղագետի ու պոետի վեհության, ծայրագույն ազնիվ տարերքների ու պարզությունների մեջ։ Եվ գիտնականի կուռ ու նրբահյուս բանաձեւումներում չի կարող, բնականաբար, տողի մեջ սողոսկել որեւէ արհեստածին տարր. նրա խոսքի ու ձայնի բոլոր երանգներն ամբողջացնում են սեւակյան արվեստի ճշմարտությունը, որն, անշուշտ, աստվածաստեղծ է։ Այստեղ ուզում եմ հիշել ֆրանսիացի գեղանկարիչ ու մտածող Ժորժ Բրաքին. «Ճշմարտությունը գոյություն ունի, հորինում են միայն սուտը»։ Եվ հենց այդ դժվար տրվող ճշմարտախոսությունն է, որ Սարինյանի գիրը դարձնում է զորեղ, լեզուն՝ ոսկեղենիկ ու հիմնավոր։ Ահավասիկ, մի քանի բառով նա որքան դիպուկ է բնութագրում Զորի Բալայանին. «Անհանգիստ հոգի է, «արկածախնդիր» ճանապարհորդ։ Ամեն ինչի մեջ որոնում է փիլիսոփայականը, ուր շարժումն անվերջ է, եւ տարածությունն՝ անեզր»։
Ես այն համոզմունքն ունեմ, թե յուրաքանչյուր գրիչ, առավել եւս՝ գրականագետ ու հետազոտող, նախ եւ առաջ պիտի լինի ընթերցող։ Որովհետեւ առանց դրան, մանավանդ, դպրության ու գրականության բնագավառում, հնարավոր չէ ոչնչի հասնել։ Այս մասին ինչու հիշեցի։ Ասելու համար, որ մեզանում Սերգեյ Սարինյանն այն սակավաթիվ, ավելի ճիշտ՝ խիստ սակավաթիվ, գրականագետներից է, որի գիտությունը սկսվում է... ընթերցումից։ Գեղագետ լինելուց առաջ նա մեծ ընթերցող է։ Ոչ ոք չի կարող ժխտել (մանավանդ՝ դա երեւում է մամուլի մի շարք հրապարակումներից), որ այսօր գիտական հոդվածներ ու երբեմն նաեւ աշխատություններ են ասպարեզ գալիս՝ առանց նյութի պատշաճ ուսումնասիրության։ Սակայն սա այլ հարց է։
Սարինյանը դիմեց Զորի Բալայանի, առանց երկնչելու ասենք՝ մեր հրապարակագրության կենդանի դասականի ստեղծագործության մեկնությանն ու երեւույթի բացահայտմանը՝ ընթերցողի սեղանին դնելով մի գիրք, որն իր բովանդակային մասշտաբներով ու ընդգրկումներով, երեւույթի բազմակողմանի ուսումնասիրությամբ իրենից ներկայացնում է մոնումենտալ կոթող։ Նախ՝ այնպիսի անհատականություն, ինչպիսին Զորի Բալայանն է, գոնե մեր իրականության մեջ աննախադեպ է։ Շահեկանորեն առանձնանում է բոլորից։ Մենք կարող ենք հիշել մեր գրական-հրապարակախոսական դեմքերից շատերին, նույնիսկ գրականության պատմության մեջ մտած դասականների, սակայն, խոստովանենք, որ թե գրական ժանրերով, թե գործունեության ոլորտների ընդգրկումներով ու ձեռնարկումների «տեսականիով», թե, մանավանդ, ստեղծագործության գործառնական նշանակությամբ ու, ճակատագրական պահի համար գործուն ազդեցությամբ Զորի Բալայանը ոչ մեկին չի կրկնում, ներկայանում է որպես իր՝ բալայանական ժամանակի ստեղծարարը։
«Շարունակվող լեգենդի» հեղինակը «Մուտք»-ում խոստովանում է. «Ավելի բարդ է գաղափարների համակարգը, դիտարկումների, խոհերի, գեղարվեստական պատումների փոխկապակցությունն ու բարեշրջությունը, որ ձեւավորում են գրող-հրապարակախոսի աշխարհայացքը։ Նախընտրել եմ կառուցվածքի ժամանակագրական սկզբունքը՝ կենսագրության հետագծի քննությամբ՝ ներկայացնել նրա հայացքների ու համոզմունքների, նրա ինքնության կայացումը զարգացման ընթացքի մեջ»։
Զորի Բալայանն ունի իր շեշտված ժամանակը, որը, չափման միավորների վերածելու դեպքում, անընդհատ ենթակա է առարկայական ու գերառարկայական փոփոխությունների, որովհետեւ իրականությունը, որի մեջ ապրում է գրողը, նրա գրչով դառնում է գերիրական։ Գրողի ստեղծած ժամանակի մեջ ճանապարհն ավելի ճանապարհ է, քան ճանապարհը, որ մեզ հասցնում է անցյալ ու ապագա, պայքարն ավելի պայքար է, քան պայքարը՝ հանուն ազատության, ոգու չդադարող լույսն ավելի լույս է, քան ոգու լույսն է... Հետեւապես, Սարինյան գեղագետն իր առաջ խնդիր է դրել՝ առաջնորդվել ժամանակագրական սկզբունքով, իսկ Զորիի ժամանակը, ինչպես տեսնում ենք, ոչ թե տարեթվերի ու վայրկյանների, այլեւ իրադարձությունների ընթացքի ու ծավալումների, բալայանական ներազդու գործողությունների մեջ է։ Սարինյանի գլխավոր նախասիրությունն էլ հենց անլուծելիին լուծում տալն է։ Դա, կարելի է ասել, գիտնականի նրա հոբին է։
Առաջին գործից մինչեւ «Կիլիկիա» եռագրությունն ավարտող տողը Զորի Բալայանի ստեղծագործությունը կարելի է համարել մի ստվարածավալ վեպ։ Եվ, սակայն, ժանրային առումով այդ վեպը նորույթ է՝ որպես բովանդակային կառույց, որպես մի կատարյալ ամբողջություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդպիսին է եւ Արցախ աշխարհը։ Եվ եթե առաջնորդվելու լինենք հանրահայտ իմաստությամբ՝ յուրաքանչյուր մարդ իր հոգեկերտվածքով «կրկնում» է ներքին կառույցների ձեւն այն երկրամասի, որտեղ նա ծնվել է, ապա ամեն ինչ պարզ կլինի։ Էլի Ֆորի այս դիտարկումն ամբողջապես վերաբերում է Զորի Բալայանին, որը Արցախ աշխարհի անզուգական նկարագիրն է խտացնում իր կերպարում եւ յուրաքանչյուր երկում՝ անկախ նրանից, գործը Կամչատկայում տեղի ունեցած դեպքի կամ դիպվածի մասին է, կիլիկյան ինչ-որ իրողության, թե՝ Արցախյան գոյապայքարից քաղված ինչ-որ մի երեւույթի։ Այնպես որ, Հեմինգուեյի վկայությունն անվիճելի է ու անառարկելի՝ եթե ինքը գրի Սպարտակի ապստամբության մասին, ապա դա դարձյալ կլինի գիրք իր մասին։
Հրապարակախոսի ստեղծագործության «բացման» բանալին գտնված է բավականին վարպետորեն, մենագրությունում բալայանական պահը ներկայացվում է անընդհատականության ու շարժման մեջ, անվերջանալի պայքարում։ «Շարունակվող լեգենդի» հեղինակը, հարազատ մնալով գիտական իր սկզբունքին, կենսագրական տարրերն այնպես է տարրալուծում հրապարակախոսի ու ազգային գործչի ստեղծագործության ու ամենօրյա գործունեության մեջ, որ ընթերցողին մնում է միայն ուշի-ուշով հետեւել «գրչից դուրս» դեռեւս շարունակվող իրադարձություններին՝ գրքում ներկայացվածն անսխալ հասկանալու համար։ Թեեւ, խոստովանեմ, Սարինյանի հետ՝ «Առասպելի գոյաբանությունը» բաժնի վերջում, դժվար է համաձայնել, թե լրագրող Յուրի Լեոնովի գնահատանքը, ուր ասվում է, որ Զորին «հիմնական աշխատանքից զատ» ժամանակ է գտնում ամենատարբեր գործեր կատարելու համար, ճշմարտացի է։ Բայց այդ ո՞վ է սահմանել (եթե Աստված ինքը չի արել դա), թե որն է Զորի Բալայանի «հիմնական» աշխատանքը, երբ նրա համար ամեն գործ հիմնական է, մանավանդ՝ եթե առնչվում է Արցախին ու Հայաստանին։ Այս հիմքի վրա էլ Սարինյանն ընդգծում է Անդրեյ Պլատոնովի ճշմարտությունը. «Առանց ինձ ժողովուրդը թերի է»։
Նշենք, որ Զորի Բալայանի ոճին ու մտածողությանն, ընդհանրապես, հատուկ է աշխարհի մեծագույն մտածողների ու իմաստասերների ճշմարտություններն արցախյան գոյապայքարի խառնարանում միաձուլելը՝ բալայանական իր իմաստությունը դիֆերենցելու, առավել հավաստի ու ամբողջական ներկայացնելու համար, որովհետեւ գրող-հրապարակախոս-ազգային գործիչ Բալայանի նպատակը ոչ թե ընթերցողին համոզելն է, ինչպես ասում են, այլ նրան խոհերի մղելը... Դա է պատճառը, որ նրա տողը հաճախ, պատմելու փոխարեն՝ ցույց է տալիս, իսկ երեւույթները նկարագրելիս հեղինակը դառնում է ավելի օբյեկտիվ ու անկողմնակալ։ Ի դեպ, երբ ամբողջական հայացք ենք ձգում Զորի Բալայանի ստեղծագործությանը, ապա դժվար չէ նկատել նրա թատերակայնությունը՝ ժանրային առումով. գրողի գլխավոր հերոսը հեղինակի կերպարով մարտնչող ազատությունն է, որ ժողովրդին մշտապես պահում է արթուն՝ հարազատ մնալով գեղագետի ու արվեստագետի հիմնական առաքելությանը, այն է՝ ժողովրդին արթուն պահել (Սեւակ)։ Իսկ դրամատիկ պահերն ու անցքերն այնքան թեժ են, գործողություններն այնպես սրընթաց ու դինամիկ, որ, ուղղակի, մտածում ես՝ իսկ ինչ կլինի, եթե այն վերցնի մի վարպետ ռեժիսոր ու բեմադրի... Սկզբից մինչեւ վերջ...
Մահանալիս Զորիի մայրն ասել է. «Ուրախ եմ, որ տեսա ազատագրված Շուշին եւ մեր հողերը, բայց ծանր է ինձ համար, որ այդպես էլ չգտա հորդ՝ իմ Հայկի սպանության տեղը»։ Սարինյանն անդրադառնալով այս պատմությանը, միաժամանակ կանգ է առնում հրապարակախոսի կենսագրության մի ուրիշ դրվագի վրա։ Գրողի քեռին՝ Գիգո Սահյանը, 37-ից հետո մի կերպ հայտնվեց Իրանում, դարձավ իրանական բանակի գեներալ։ Բայց այդ մասին Գիգոյի քույր Գոհարն իր Զորի որդուն չի պատմել՝ զգուշանալով 37-ականների հալածանքներից։ Գրողը կարողանում է միայն ուշացումով գտնել քեռու դուստր Շուշանին, ԱՄՆ-ում։ Մի խոսքով, գերդաստանի ողբերգությունը վերաճում է ազգի ու ժողովրդի պատմության։ Եվ Զորի Բալայանը, բնականաբար, որպես ճշմարիտ արվեստագետ, գրելով իր մասին («Գրողը մշտապես գրում է իր վերապրածը», Սարոյան), դառնում է մայր ժողովրդի կենսամատենագիրը, իր երկրի պատմիչը։ «Իրավունքի նպատակը,- գերմանացի Ռուդոլֆ Հիերինգին է հիշում Զորի Բալայանը,- խաղաղությունն է։ Այդ նպատակին հասնելու միջոցը պայքարն է»։ Այս դիտարկումը պատահականորեն չի հայտնվել մեծ գրողի ու հրապարակախոսի, ազգային նվիրյալ գործչի տեսադաշտում. դա կարծես ասված է հենց Ղարաբաղի առիթով։ Եվ Սերգեյ Սարինյանը բալայանական կենսագրության փաստերը, հիշեցումները, մեկնաբանումները, մոտեցումներն այնքան հմտորեն է համակցում տրամանաբանական շղթայի մեջ, որ դրանք ակամա դառնում են հրապարակախոսի ստեղծագործական կյանքի կարեւոր մանրամասները եւ չեն զանազանվում արցախյան ճակատագրի ամենատարբեր ու ամենաբազմապիսի բեկբեկումներից՝ սկսած գրողի հոր՝ ԼՂՀ ժողկրթբաժվար Հայկ Բալայանի սիբիրյան ոդիսականից, մինչեւ մոր՝ Գոհար Բալայանի հալածյալ ու անդաստական դեգերումները։ Ահա թե ինչու այնքան լարված են Զորիի զգացումները, ահա թե ինչու նրա տագնապները բազմապատիկ մեծ են։ Նա իր ողբերգության մեջ տեսնում էր հարազատ երկրամասի ողբերգությունը. «Ամեն անգամ, երբ արձակուրդ էի գնում Ղարաբաղ, տագնապները ծանրանում էին հոգուս վրա։ Նկատում էի, որ գյուղերն ավելի ու ավելի էին դառնում անշուք, եւ ավելի ու ավելի շատ ադրբեջանցիներ էին հայտնվում Ստեփանակերտում ու գյուղերում»։
Անդրդվելի է Զորին՝ որպես բնավորություն, եւ վիշտը որքան մեծ է, նա այնքան, ինչպես Տերյանը կասեր, դառնում է հզոր, այնքան ամուր ու աննկուն։ Ես հիշում եմ այսօրվա պես, թե բալայանական տագնապները 1975թ. ինչպես հնչեցվեցին «Դրուժբա Նարոդով» հանդեսի էջերում՝ Ստեփանակերտի խմելու ջրի պրոբլեմի առիթով։ Կեւորկովյան պլենումի նյութ դարձավ հանդեսի այդ համարը, այն արգելվեց Ադրբեջանում, իսկ հանրապետության կուսակցական լիդերներն ամբողջ երկրով մեկ վայնասուն բարձրացրին։ Զորին ազատության մարտիկ է ի ծնե, եւ որպես Արցախյան շարժման անփոխարինելի առաջնորդ, նա պատվով շարունակեց իր մեծ նախորդի՝ Բագրատ Ուլուբաբյանի գործը։
Մենագրության հեղինակը տող առ տող, էջ առ էջ ուղղորդում է ընթերցողին, նրա համար Զորի Բալայանի մեջ հայտնաբերում մի նոր Զորի Բալայան՝ բազմաթիվ կողմերով դեռեւս անծանոթ նրա իսկ ընթերցողին։ Սարինյանի տրամաբանությունը միանգամայն անսովոր է, միտքը կուռ է ու հարուստ դարձակետային անակնկալներով, այնպես որ՝ իրադարձային երեւույթի «օղակը» ի վերջո հասկանալի է դառնում միայն ընդհանուր շղթայի կոնտեքստում։
«Շարունակվող լեգենդը» ամբողջանում է մի շարք կառույցներում՝ «Մուտք», «Առասպելի գոյաբանությունը», «Մինչեւ օջախը», «Օջախը եւ հետո», «Դժոխքը դրախտի մեջ», «Երեկ, այսօր, վաղը», «Հրապարակախոսության գիտությունը», «Ճանապարհ դեպի անցյալ»։ Ս. Սարինյանը պարզապես ստեղծել է բալայանագիտություն՝ համակարգելով Զ. Բալայանի ամբողջ ստեղծագործությունը, այն դիտարկելով պարբերացումի ընդհանուր ու միասնական մի շղթայի մեջ։ Նա ժամանակագրությունը «ենթարկել» է իր մտքի զարգացման ներքին օրինաչափություններին՝ այն սկսելով ու ավարտելով Արցախյան շարժման զարգացումներին։ Դա «նյութի» թելադրանքն է։ Ըստ Բալայանի, գրչի մի հարվածով, ինչպես ասում են, Գորբաչովը կարող էր լուծել Արցախի պրոբլեմը, բայց նա գերադասեց գրել իր հրաժարականը՝ 1991թ. դեկտեմբերի 25-ին։ Ադրբեջանը դրանից հետո դառնում է առավել սանձազերծ։ Սակայն հրապարակախոսի համար ոչինչ զարմանալի չէր, որովհետեւ Նախիջեւանն արդեն հայաթափած Ադրբեջանի քաղաքականության լկտիությունը գագաթնակետին է հասել հենց լենինյան կարգերի օրոք։ Այս մասին խորհրդային տերությունով մեկ անընդհատ ահազանգում էր Զորի Բալայանը, բայց, ավաղ, ճշմարտությունը դժվար էր ճանապարհ հարթում, ավելին պանթուրքիստական նկրտումներն ու հեռահար գործողությունները շարունակում էին տարփողել աթաթուրքյան «կոմունիզմի» գաղափարները։
Կյանքում յուրաքանչյուր սխրանք սկսվում է մարդ-անհատի մենությունից։ Բացառություն չէ այդ խնդրում եւ Զորի Բալայանը։ Նրա հերոսության հիմքում եւս, բառի ամենաուղղակի իմաստով, ընկած է մենությունը, որը եւ նրա կերպարին բերեց բոլոր այն գույներն ու առանձնահատկությունները, որոնք Սարինյան հետազոտողն ամփոփում է մեկ բառի մեջ՝ առասպելական։ Զորի Բալայանն անսահման երախտիքով ու սիրով է հիշում Մարկոս պապին, գուցե թե ինչ-որ տեղ չնկատելով, որ Մարկոս պապը հենց ինքն է, որովհետեւ նրա փիլիսոփայության մեջ է ինքը. «Մարկոս պապս հացը կանգնած էր կտրում»։ Սա աշխարհայեցողություն է, մի ամբողջ երկրի նկարագիր ու եզերքային կոլորիտ, կերպար ու համապատկեր, եւ իզուր չէ, որ այն շեշտի տակ է առնում գրականագետը։
Սերգեյ Սարինյանը, անդրադառնալով Զ. Բալայանի 60-ական թվականների գործունեությանն ու գրական աշխատանքներին, արձանագրում է մի հետաքրքիր փաստ. «Այստեղ ուշագրավ է ոչ միայն իր՝ Զորի Բալայանի՝ որպես ճանապարհորդի, կերպարը, այլեւ ուղեգրության ժանրային կերպը, որ ինքնին նորություն է հայ գրականության մեջ»։ Գիտնականը գրողի առաջին պատմվածքները դիտում է որպես «ուրույն մի աշխարհ», «հայ գեղարվեստական արձակի պատումներում»՝ նոր իրականություն։ Փիլիսոփայական մտքի նկատմամբ ունեցած հակումը գիտնականին անընդհատ տանում է դեպի այն խորքերը, ուր գրողն իմաստաբանում է, ստեղծում հոգեբանական մի դաշտ, որտեղ դիպվածը («Դիպված») փիլիսոփայորեն «խաղարկվում» է այնքան պատճառաբանված ձեւով, որ ուղղակի ինքդ էլ ակամա ասես դառնում ես իրադարձությունների մասնակից։ Զ. Բալայանը ստեղծում է գեղարվեստական իր սիմվոլները, միայն թե՝ բովանդակային այլ տարածքների եւ ուրույն ժամանակի մեջ՝ անսալով ներքին ձայնին, առաջնորդվելով իրեն տրված աստվածատուր կոչման (կոչումների) թելադրանքով։ Այնպես որ՝ «Հիպոկրատի գլխարկը» վերնագրով գիրքը Սարինյանն արժեւորում է յուրովի, կարեւորում գրողի ինքն իրենից ու իր ժողովրդից գալու եւ դեպի ինքն իրեն ու դեպի իր ժողովուրդը գնալու միտումը, որը եւ նրան մշտապես պահում է անսխալ ուղու վրա։
Ինքնատիպ է Զորի Բալայանի գեղարվեստական արձակը եւ այն առումով, որ գրական յուրաքանչյուր «դետալ» ներկայացնում է պատմությանը հայտնի մի իրադեպ, փաստ, երեւույթ, որոնք, սակայն, գրողի գրչի տակ բացվում են չորս անկյուն ունեցող առարկայի հինգերորդ կողմից, իսկ հանրահայտ իմաստասերների թեւավոր խոսքերը նա ոչ թե որպես «հովանի» է պահում իր հերոսների գլխավերեւում, այլեւ դարձնում է թռիչքադաշտ։ Ասել է թե՝ մեծերի իմաստությունները, որպես մարգարիտներ, այնպես է հելուզում ստեղծագործությունների մեջ, որ նրանք դառնում են անփոխարինելի հիմնավորումներ՝ նպատակի ճանապարհին։ Ահավասիկ. «Կանայք ստեղծված են, որ մենք սիրենք եւ գուրգուրենք նրանց։ Եվ գրկենք տարբեր ջերմությամբ՝ նայած թե ինչպես են անցնում տարիները։ Իսկ նավերը ծովերում լողալու համար են։ Եվ վերջ» (Վել Հաուելգ)։
Ամեն մի ճշմարիտ գրող յուրովի ճանապարհորդ է։ Սա անժխտելի ճշմարտություն է։ Առավել եւս՝ գրող-ճանապարհորդի համար (ե՛ւ աշխարհայացքային, ե՛ւ հոգեբանական առումներով) իմաստուններից քաղված ամեն մի դիտարկում ունի կողմնացույցի դեր։ Սարինյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Զորի Բալայանն, ուղեւորության դուրս գալուց առաջ («Վուլկան»-ով եւ «Հեյզեր»-ով), ստանում է մեծահամբավ «երեք նահապետների» օրհնությունը՝ Կոնյոնկովի (95 տարեկան), Սարյանի (89 տարեկան), Չուկովսկու (88 տարեկան)։
Ասում են՝ մարդ կարող է ամեն տեղ գնալ (հիմա երթեւեկության կատարելագործված այնքան տեսակներ կան), բացի... անցյալից։ Սակայն Զորի Բալայանը անհասանելի այդ ոլորտները եւս խոպան չի թողնում։ Բայց ինչպե՞ս։ Դիմենք երեւույթի սարինյանական բանաձեւին՝ այնտեղ, որտեղ ֆիզիկան անուժ է, վրա է հասնում գրողի մետաֆիզիկան։ Եվ «երեք նահապետներին» լրացնելու է գալիս չորրորդը՝ գեղագետ, փիլիսոփա եւ մատենագիր Սերգեյ Սարինյանը. «Զորի Բալայանը թե իր կերպարով եւ թե գրականությամբ մի ուրույն ջեկլոնդոնյան ուղղություն է նշանավորում հայ գեղարվեստական արձակում»։ Ականավոր գրականագետին նույնիսկ զարմանք է պատճառում, թե «այդ ե՞րբ, ինչպե՞ս կարողացավ Զորին այդքան խորը եւ անմնացորդ ճանաչել հյուսիսաբնակների կյանքն ու կենցաղը, թափանցել մարդկանց հոգեբանության մեջ, գրական բառապաշարի մեջ ներմուծել տասնյակ հասկացություններ, ծիսական արարողություններ, խոսքի ու ոճի տեղական կոլորիտ»։
Մենագրությունում հսկայական տեղ է հատկացված Զորի Բալայանի գեղարվեստական գործերին՝ «Գոտեմարտ», «Հայկաշեն», «Լույս եւ ստվեր», «Ցավ», «Խիղճ», բազմաթիվ այլ աշխատանքների, որոնց գլխավոր առանցքը ժողովրդի ցավի մեջ զույգ ոտքերով ամուր կանգնած հայ մարդն է։ Աշխարհի որ ծագում էլ ծավալվեն գործողությունները, միեւնույն է, հեղինակն ամենուրեք է եւ ամեն հերոսի մեջ, «նրա հայացքի կիզակետից» ոչինչ չի վրիպում՝ «կենցաղային ամենաաննշան թվացող մանրուքից մինչեւ ազգային-հասարակական գործունեության ոլորտ»։ Ս. Սարինյանը բավականին բարձր է գնահատել գրողի թե գրական, թե հասարակական ու քաղաքական գործունեությունը, նրա կերպարի մեջ տեսնելով իսկական հայի նկարագիր, գրող, որի մեջ խոսում են հայրենի հողի հանճարավոր գույները։ Զ. Բալայանի գեղարվեստական արձակը՝ թե ժանրային բովանդակությամբ, թե ձեւույթով ուրույն երեւույթ է մեր գրականության մեջ՝ դեռեւս պատշաճորեն չգնահատված։ Մեծ է բալայանական արձակի մանավանդ ճանաչողական նշանակությունը։ Թեմատիկ ընդգրկումների առումով նույնպես այն նորույթ է։
Այո, Զորի Բալայանը փորձել է ուղեւորության գրեթե բոլոր այն միջոցները, որոնք ստեղծվել են մարդկության կողմից, ճանապարհորդել է օդով, ջրով, ցամաքով, շատ ծովեր ու օվկիանոսներ է անցել նա՝ փնտրելով մեր Ծովից ծով Հայաստանը։ Եվ հավատում ես, որ այնտեղ եւս կհասնի ու, անշուշտ, արցախյան «Խինդողնի» գինով բաժակ կզարկի Տիգրան Մեծի հետ, հավատում ես, որովհետեւ ոչ միայն «ամեն բան է անցնում» սրտի միջով, այլ նաեւ՝ ամեն ճանապարհ։ Ահա թե ինչ է գրում է Զորի Բալայանը ժողովրդի մասին. «Իր բազմաչարչար պատմության ընթացքում նավաբեկությունների է ենթարկվել եւ հայ ժողովուրդը։ Բայց ամեն անգամ հաղթել է տարերքին, ինչպես էլ որ այն կոչվեր՝ փոթորիկ թե թայֆուն, ցիկլոն թե տրովատ, բարբարոսություն թե եղեռն։ Իմ ժողովուրդը հաղթել է ամեն անգամ։ Եվ հաղթել է նրանով, որ ապրել է։ Ապրել է յուրօրինակ տաղանդի շնորհիվ։ Կենսասիրության տաղանդի, ստեղծարար տաղանդի, սիրելու եւ բարեկամանալու տաղանդի շնորհիվ»։
Միանգամայն տեղին է նկատել Ս. Սարինյանը, որ Զորի Բալայանի «յուրաքանչյուր դիտարկումը փիլիսոփայական արմատներ ունի»։ Գրողի «Օջախը» նա իրավացիորեն անվանում է հայրենագիտական մատյան՝ վկայաբերելով Րաֆֆուն. «Գործել հայրենիքի համար, ամենից առաջ նշանակում է ճանաչել հայրենիքը»։ Զ. Բալայանը Հայաստանի «1067 բնակավայրերն» է մտել պատմության եւ ապագայի դռներով, մտել է որպես հայրենական օջախի անխոնջ դատապաշտպան՝ աշխարհի «չար հողմերի դեմ»։ Եվ նրան ազգային նվիրյալի այդ հատկանիշների մեջ էլ աշխատության մեջ ներկայացնում է Ս. Սարինյանը։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ «հասարակական ֆորմացիայի» փլուզումը էականապես ոչինչ չի փոխել մտածող Զորի Բալայանի աշխատանքում՝ եթե խնդրին մոտենում ենք գրողի պահանջատիրական պրոբլեմների տեսանկյունով, բայց ահա գեղագետ Զորի Բալայանն իր մի շարք հայացքներ ստիպված էր վերանայել։ Կուսակցական գաղափարաբանությունը գրողին երբեք էլ չի խանգարել, որպեսզի ասի այն, ինչ ուզում է, ինչը ճշմարիտ է։ Խոսքը մատուցելու ձեւ մշտապես գտել է՝ եթե անգամ անհնարին է դա եղել։ Եվ իզուր չէ, որ ալիեւակեւորկովյան մի ամբողջ ոհմակ մշտապես հետեւել է նրան, փորձել փոխել նրա գրչի ճանապարհը։ Եվ այսօրվա Զորին, պարզապես ավելի իմաստուն ու փորձառու ձեւով, «սովետական ժողովրդի հանդեպ» հավատը կորցրած, շարունակում է երեկվա Զորիին, այսինքն՝ նա միշտ ինքն է ու ինքը։
Տաղանդը, հիրավի, ազատություն է։ Եվ այդ ազատությունից խորհրդային տարիներին, թերեւս, ոչ ոք այնքան առատապես չի օգտվել՝ կյանքն անընդհատ վտանգելով, որքան Զորի Բալայանը։ Այստեղ ուզում եմ հիշել Ա. Կամյուին՝ իսկական գրողն իր ամեն բառով վտանգում է իրեն։ Ուրիշ խնդիր է, թե առաջադրած պրոբլեմների լուծումն ինչպես էր պատկերացնում գրողը։ Այստեղ է, որ, ինչպես Ս. Սարինյանն է նկատում, հրապարակախոսն իր մոտեցումները «խմբագրում» է նոր ելակետերի վրա՝ պայմանավորված ժամանակի հրամայականով։ Հասարակական որ ֆորմացիայի մեջ էլ լինի, Զորիի խոսքը հնչում է ուժգնությամբ ու ճշմարտությամբ, առանց այլեւայլությունների։ «Եվ այնուամենայնիվ, «Օջախում» մի մոտիվ կա, որ արժանի է հատուկ ուշադրության։ Դա թուրքական բարբարոսությունն է հայոց պատմության հազարամյակում»,- գրում է Ս. Սարինյանը՝ երեւույթին տալով արժանի գնահատական, այն է՝ պանթուրքիզմի պրոբլեմի արծարծումը համարձակ քայլ էր խորհդային պատմության մեջ։ Սակայն, ինչպես Սարինյանի դիտարկումներն են հավաստում, այստեղ միայն հայոց խնդիրը չէ, այլեւ այն, որ «պանթուրքիստական ֆաշիզմը» սպառնում է ամբողջ աշխարհին ու մարդկությանը։ Բանը հասել է նրան, որ ղազախ գրող Օլժաս Սուլեյմանովն «ամբողջ ռուսական կուլտուրան եւ անգամ «Ասք Իգորի գնդի մասին» էպոսը թուրքերի ստեղծածն է համարում։ Ուսումնասիրության մեջ Սարինյանը վերհանում-ակնառու է դարձնում այն զուգահեռները, որ հրապարակախոսը տեսնում է գերմանական եւ պանթուրքիստական ֆաշիզմների միջեւ, բայց եթե հայ հերոս Նելսոն Ստեփանյանը (ծննդով՝ շուշեցի) իր կյանքը նվիրում է գերմանական ֆաշիզմի դեմ պայքարին («Թեւեր»), ապա պանթուրքիստական ֆաշիզմը դեռեւս շարունակում է անարգել ծավալվել, մեծացնել իր ազդեցության շրջանակները, շարժելով մարդկանց զայրույթը՝ մի՞թե այդ չարիքը պիտի շարունակվի (Օրբելի)։
Զորի Բալայանի գրիչը պատմության խորքերից հանում է այնպիսի երեւելի դեմքեր, որոնք շարունակում են իրենց օրինակով ու խիզախությամբ, ազգի նկատմամբ ունեցած բացառիկ նվիրումով մնալ «բարիկադների վրա»։ Նրանցից է եւ Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, որի հայրենաբաղձության կիզակետը, ինչպես Սարինյանն է նշում, եղել են Շուշին եւ Ղարաբաղը։ Բայց ահա, քանի դեռ Շուշին չէր ազատագրվել ազերիներից, մեծ հերոսի կիսանդրին ավերեցին պանթուրքիզմի հետեւորդները։ Այժմ հերոսն անվեհեր կանգնած է իր ծննդավայրում։ Սարինյանը Զ. Բալայանի գրքից մեջբերելով Ն. Ստեփանյանի «պատմական ակնարկն» Արցախի մասին, մեկ անգամ եւս շեշտում է երեկվա եւ այսօրվա երեւույթների միջեւ ներքին կապ տեսնելու (անկախ հասարակական-տնտեսական համակարգերից) Զ. Բալայանի բարձր դիտողականությունը։
Ազգային գործիչն աշխարհը տեսնում է այնպես, ինչպես դա կարող է անել հայրենի սահմանի վրա ամուր կանգնած զինվորն՝ իր դիտակետից։ «Ամբողջ միջնադարում,- մենագրության հեղինակը հրապարակախոսի գրքից մեջբերում է այն տողերը, որ Նելսոնը նամակում գրել է եղբորը,- Նախիջեւանն ու Ղարաբաղը պահպանել են իրենց էթնիկական ու մշակութային ինքնությունը, իսկ Ղարաբաղը՝ նաեւ քաղաքական ինքնությունը։ Բավական է ասել, որ հինգերորդ դարում, հայկական պետականության անկումից հետո, Ղարաբաղում ստեղծվել էր հայկական թագավորություն՝ պետական իր բոլոր կառուցվածքներով։ Պահպանվել է «Կանոնիկ սահմանադրությունը», որ կազմել է այդ թագավորության առաջին տիրակալը՝ Վաչագան Բարեպաշտը»։ Չմոռանանք, որ այս մտքերը Զ. Բալայանը հնչեցրել է խորհրդային տարիներին հրապարակված իր գրքում՝ ՍՄ կրկնակի հերոսի շուրթերով։ Անդրադառնալով Ն. Ստեփանյանի կերպարի բալայանական բացահայտմանը, Սարինյանը կատարում է գաղափարական շեշտադրումներ. «Պատահական չէ, որ Նելսոնը հատկապես հետաքրքրություն էր հանդես բերում ազգային-ազատագրական շարժումների նկատմամբ։ Նա վկայակոչում է Ստրաբոնին, հավաստելու համար, որ Ղարաբաղը (հնագույն անվամբ՝ Արցախ) մշտապես ունեցել է ամենամարտունակ այրուձին Մեծ Հայքի բոլոր մարզերի համեմատ»։
Մենագրության հեղինակն առավելապես ուշադրություն է դարձնում այն երեւույթների լուսաբանմանն ու գիտական հիմնավորմանը, որոնք կազմում են հրապարակախոսի գրական եւ հասարակական գործունեության ատաղձը, նրա մտածումների ու անզիջում պայքարի էությունը։ Զ. Բալայանի ստեղծագործության, հասարակական-քաղաքական, ազգային գործունեության ընդհանուր համապատկերում Ս. Սարինյանը ամբողջության մեջ նորովի է դիտարկում-ստուգաբանում արցախյան հիմնախնդիրը։ Սերգեյ Սարինյանը ցույց է տալիս, թե ինչպես է մեր գրականության երեւելի դեմքերից մեկը՝ Զ. Բալայանը, «լքելով» գեղարվեստական արձակը, որտեղ նա այնքան ինքնատիպ ու հետաքրքիր է, միանգամից հայտնվում հրապարակախոսության ու հասարակական-քաղաքական գործունեության ամենատաք կետում՝ ազգի եւ երկրի ազատագրությունը դարձնելով իր կյանքի նպատակը։ Դա եւս խիզախության դրսեւորում է, մեծ հաշվով՝ սխրանք։ Բալայանն ինքն է խոստովանում. «Կարդալով ընդամենը 30 էջանոց այդ գրքույկը,- խոսքը Ա. Սախարովի «Խոհեր»-ի մասին է,- հասկացա, որ իզուր բան է վեպ, վիպակ, պատմվածք գրելը, մանավանդ՝ աշխարհում Շեքսպիրի, Դոստոեւսկու, Չեխովի առկայությամբ։ Հրապարակախոսություն միայն։ Որովհետեւ արդեն այն ժամանակ, 1968-ին, ավելի ստույգ՝ 1968-ի օգոստոսին, մենք շոշափելիորեն զգացինք, թե որքան փխրուն է աշխարհը։ Եվ որ նրա ճակատագիրը կախված է ոչ միայն ատոմային ռումբերի, այլեւ մոլորակի ազնիվ ու խիզախ մարդկանց քանակից»։
Հրապարակախոսի ու ազգային հերոսի աչքի առաջ է միշտ հայոց մեծերի՝ Իս. Օրու, ապա մեր ժամանակակից Բ. Ուլուբաբյանի օրինակը, որը եւ նրան օգնում է ավելի նպատակամետ լինել, քանի որ նախորդների փորձն իր մեջ անգնահատելի դասեր է պարունակում։ Ս. Սարինյանի դիտարկումներում առանձնահատուկ տեղ է տրված բալայանական փաստի փիլիսոփայությանն ու դրանց «մոտիվացիային»։
Գորբաչովյան վերակառուցումը յուրահատուկ հորդոր էր՝ երկրում կուտակված հարցերի (առաջին հերթին՝ ազգային) լուծմանը։ Պրոբլեմներն «առաջարկվեցին», բայց վճիռն այդպես էլ չկայացավ, պարզվեց, որ ինքը՝ խորհրդային համակարգն էր ամբողջովին խարխլված եւ, որպես ավազների վրա հիմնված ամեն մի կառույց, ենթակա է փլուզման։ Թեեւ, ինչ խոսք, նման ավարտ չէին ակնկալում ոչ հրապարակախոսը («Ճանապարհ», «Դիմակայում», «Բարության ծառը», «Տագնապ» եւ այլն), առավել եւս՝ ոչ վերակառուցման ճարտարապետները։ Վերակառուցման մեջ Զ. Բալայանը տեսնում էր «համընթաց քամու թարմ շունչը»։ Գրողի դիտարկումն, ինչպես եւ նկատում է Ս. Սարինյանը, իսկապես, վիճելի է. «Այստեղ բացահայտ ակնարկ կա հայացքների վերանայումների, անգամ՝ ինչ որ կշտամբանք՝ նախկինում թույլ տրված անստույգ պատկերավորումների վերաբերյալ, երբ ժամանակին ինչ որ միտք արտահայտելու համար ստիպված էին ասելիքը «զգեստավորել» օտարականի հանդերձանքով։ Թերեւս ճիշտ է նկատումը, բայց այն եզրակացությունը, թե ներողամտության արժանի չեն 37-ի զոհերը, քանզի նահատակվելու փոխարեն նրանք պետք է պայքարեին բռնության դեմ՝ վերացական է ու մտացածին»։ Նման մտայնության հետ համահունչ է նաեւ Դմ. Լիխաչովի «1937-ի համար մեղավոր ենք բոլորս» ձեւակերպումը։ Իհարկե, այսպիսի գնահատումները, «թե ներողամտության արժանի չեն զոհերը», չափազանց խիստ է, բայց այդ խստության մեջ կա եւ ճշմարտություն՝ եթե խնդիրը տեղափոխում ենք առավել լայնածավալ դաշտ։ Մեր ազգային պատմությունը ցույց է տալիս, որ այնտեղ, ուր հայերը թուրքական բռնապետության դեմ ինքնապաշտպանական մարտերի են դուրս եկել, զոհերը անհամեմատ քիչ են եղել, որովհետեւ «ոչ մի պետություն, որքան էլ բռնապետական լինի, չի կարող կասեցնել արարման բնական ընթացքը» (Սարինյան)։ Այսինքն, «անդիմադրողականության փիլիսոփայությունը կտրել է մեր ժողովրդի թեւերը»։ Ահա թե ինչու մենք իրավունք չունենք թույլ լինել, դրանով իսկ, բազմապատկել թշնամու ուժերը։
Նամակը՝ որպես պայքարի (իբրեւ թե՝ քաղաքակիրթ) ձեւ, հայտնի է վաղուց, թեեւ դրա հետ կապված քիչ հիասթափություններ չենք տեսել հայերս։ Նամակի լավագույն գնահատականը, այդ առումով, մեր դասական գրականության մեջ տրված է գերազանցապես, ես նկատի ունեմ Ա. Բակունցի «Նամակ Ռուսաց թագավորին» պատմվածքը, որի մասին մենք՝ 80-ականների շարժման գործիչներս, հաճախակի էինք հիշում, թեեւ չէինք «զլանում» կրկնել նախորդների միամտությունը՝ Մոսկվա հղած մեր գրություններով ու բացարձակ ճշմարտությունների արձանագրումով։ Սակայն եւ այնպես, այդ ամենի քաջ գիտակցումով, Զ. Բալայանը դարձյալ ավելորդ չի համարել դիմել Ելցինին՝ «Ապրելու ռազմավարությունը»։ Չի կարելի չշեշտել այդ նամակի կատարած անուրանալի դերը, այնումենայնիվ, եթե նկատի ունենանք հարցի պարզաբանման ու ճանաչողական խնդիրը։ Զորի Բալայանը ոչ մի միջոցի առաջ չի ընկրկում, պայքարում է զենքի բոլոր տեսակներով, բոլոր ձեւերով, բոլոր ճակատներում, որովհետեւ նրա յուրաքանչյուր մարտ ճակատագրական է ոչ թե իր, այլեւ իր ազգի, ժողովրդի համար։
Զ. Բալայանի նամակը պարունակում է մի շարք կարեւոր դրույթներ՝ Ղարաբաղի ոչ միայն աշխարահագրական, այլեւ «քաղաքական-պատմական» դիրքը ճշգրտելու առումով. հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հարցն առաջին անգամ ծագել է Արցախում, Արեւելյան Հայաստանն ու Ղարաբաղը միասին են անցել Ռուսաստանի տիրապետության տակ՝ «իմպերատորական հատուկ գթության եւ հովանավորության ներքո» (Պետրոս Մեծ), հետագայում ստալինյան կամայականությունն է Ղարաբաղը բռնակցել Ադրբեջանին՝ իբրեւ «հեղափոխությունը Արեւելք փոխադրելու համար», ապա «թուրքական հանրապետության ստեղծումը ռուսական պետության սահմաններում՝ որպես «տրոյական ձիու» առկայություն, Նախիջեւանի անջատումը Հայաստանից, Սեւրի դաշնագրի անտեսումն ու դրա աղետալի հետեւանքները, Ղարսի եւ շրջակա գավառների հանձնումը Թուրքիային... Մի խոսքով, այսպես՝ բառ առ բառ, դիտարկելով «Նամակի» դրույթները, Սարինյանը միաժամանակ ընդգծում է Զորի Բալայանի հրապարակախոսության աղբյուրագիտական կարեւոր նշանակությունը եւ այդ տեսանկյունով եւս արժեւորում նրա գործառնական դերը քաղաքակրթությունների այսօրվա պայքարի մեջ։ «Ուշագրավ է, որ Զորի Բալայանը,- նկատում է Սարինյանը,- Ղարաբաղի հարցը դիտում է ոչ միայն տեղային-ազգային, այլեւ Ռուսաստանի պետական շահերի տեսակետից, եւ այս առումով նա տարօրինակ է համարում, որ հաճախ պետական ատյաններում խորապես չեն գիտակցում պանթուրքիզմի նկրտումները Ռուսաստանի դեմ, չէ՞ որ ռազմականացված Թուրքիայի պետական քաղաքականությունն ամենից առաջ ուղղված է հենց «իրենց մեծագույն թշնամու՝ Ռուսիայի» դեմ, ինչպես բացահայտորեն ասված է պանթուրքիզմի ծրագրային փաստաթղթերում»։
Մենագրության հեղինակն արժեւորում է նամակի, այսպես ասած՝ արդյունքը։ Վ. Կրիվոպուսկովի վկայությամբ, նամակն էապես փոխեց Ելցինի «պատկերացումները Ղարաբաղի եւ Ղարաբաղյան շարժման մասին» եւ ճշգրտեց դիրքորոշումները «Ռուսաստանի հարավային քաղաքականության ասպարեզում»։
Հայկական հարցը, Ս. Սարինյանի գիտական մեկնությամբ, Բալայանը դիտարկում է ամբողջության մեջ՝ անկախ նրանից, այն առնչվում է Արցախի պրոբլեմին, ԱՄՆ-ի, Լիբանանի, Լոս-Անջելեսի հայկական համայնքներին, թե կիպրոսահայությանը։ Եվ նման մոտեցումը միանգամայն անսխալ է, որովհետեւ ազգը մեկ ամբողջական միասնություն է եւ որքան էլ տարանջատեն մասերը, միեւնույն է, այն ներկայանում է որպես մի սիրտ ու ոգի, մի մարմին։ Եվ կրկին Ս. Սարինյանն առաջին պլան է մղում բալայանական հետեւությունը, որն ավելի քան տեսանելի է դարձնում պանթուրքիզմի ծրագրային ուղղվածությունը ազերական ձեռնարկումների մեջ, ի վերջո, չէ՞ որ Թուրքիայի կամքով է («հեղափոխությանը միանալու» խոստումների ներքո) Արցախը բռնակցվել Ադրբեջանին (1921թ.)։ Զորի Բալայանը արձանագրում է կատարվածը՝ թվական առ թվական. «... Երբ Ստալինը Թուրքիայի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղը տվեց Ադրբեջանին, այդ ժամանակ ինքնավար մարզը սահման ուներ Հայաստանի հետ։ Միայն հինգ տարի հետո, այսինքն՝ 1926 թվականին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանվի, կազմավորվեց քրդական ազգային օկրուգ, որը բոլշեւիկյան ճարպկությամբ անվանվեց «Կարմիր Քուրդստան» եւ նույն ճարպկությամբ էլ չորս տարի հետո՝ 1930 թվականին, հանկարծ վերացվեց, կտրելով Հայաստանը Ղարաբաղից»։ Սակայն այս ամենով ազերիների բոլշեւիկյան ճամարտակությունները չավարտվեցին, Լեռնային Ղարաբաղը, մարզային ինքնավար միավոր դարձնելուց առաջ, նրանք ծվատեցին ու մաս առ մաս միացրին շրջակա ադրբեջանական շրջաններին՝ հայ բոլշեւիկների «լենինյան կոմունիզմից» կուրացած աչքերի ներքո։ Իսկ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից եւ Թուրքիայից՝ Լենինի վճռով, պատճառ դարձավ «Արեւմտյան Հայաստանի իսպառ բնաջնջման»։
Վերակառուցումը ելք տվեց տարիներով հասունացած, 60-ականներին արդեն մեկ անգամ իրեն զգացնել տված արցախյան շարժմանը, որին ազերիներն անմիջապես պատասխանեցին սումգայիթյան ջարդերով՝ հրապարակ հանելով իրենց փորձված ձեռագիրը, որը, սակայն, այս անգամ դեմ առավ արցախցիների վճռականությանն ու հաստատակամությանը։ Եվ չնայած մեր հերոսական ժողովուրդը գոյամարտում տարավ փայլուն հաղթանակ՝ անհամար զոհերի գնով ազատելով ԼՂ-ն, եւ չնայած մինչեւ Միության փլուզումը ամենադեմոկրատական սկզբունքներով Արցախն անջատվել էր իրեն պարտադրված բռնատիրական Ադրբեջանից, այնուամենայնիվ, թուրքերը շարունակում են անընդհատ հիշել ու հիշեցնել Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության խնդիրը, մինչդեռ խախտվում է միջազգային նորմերով ամրագրված մեկ այլ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ Ս. Սարինյանը, դիմելով բալայանական փաստագրության տրամաբանությանը, դիմում է անվանի փիլիսոփա Նիկոլայ Բելյաեւի դիտարկմանը. «Միանգամայն անհասկանալի է, թե ինչու Status qvo-ի՝ ժողովուրդների կեցության նախկին սահմանների պահպանումը պակաս բռնություն է համարվում, քան սահմանների փոփոխությունը, ազգային միավորների վերադասավորությունն ու այս կամ այն բնույթի անեքսիաները»։ Եվ նորից խոսում է, ինչպես ընդգծվում է հետեւության մեջ, եվրոպական մեծ տերությունների «ստոր, վախկոտ ու քինախնդիր» քաղաքականությունը։
Ս. Սարինյանի աշխատությունը ոչ մի դեպքում չպիտի դիտել միայն մենագրական ժանրի սահմաններում՝ երկու հիմնական պատճառներով։ Նախ՝ գեղագետի գիտական-փիլիսոփայական աշխարհայեցողությունն ու մտքի անսովոր թռիչքներն անհնար է տեղավորել կանոնիկ որեւէ սահմանումի տարածքում, ապա նրա ընտրած «նյութն» այնքան հարազատ է իր ոգուն ու էությանը, որ ընթերցելիս մեկ-մեկ թվում է, թե Սարինյանը ոչ միայն խոսում է արդեն կատարված-ավարտված երեւույթի, ստեղծված գրքի մասին, այլեւ ինքն է վերաստեղծում «արցախյան ֆենոմենի» վիպասանական պատմությունը, որը նրան հաճախ ստիպում է, ակամայից, անկողմնակալ գնահատողի դերից «վերածվել» փաստերը շահագրգիռ մեկնողի ու դրանք աշխարհին ներկայացնողի։ Ս. Սարինյանը յուրովի է մեկնում Զորի Բալայանի դիտարկումները նաեւ Գոբլի պլանի վերաբերյալ, այն գնահատելով որպես պանթուրքիզմի ծրագրային դրույթ, չէ՞ որ հրապարակախոսը «Հայկական հարցում ուղղակի կապ է տեսնում Խորհրդային Միության եւ Թուրքիայի դիրքորոշումների միջեւ», ահա թե ինչու գրողը «պանթուրքիզմի ռազմավարությունը դուրս է բերում տեղական-հայկական շրջանակներից եւ դիտում այն այլ տեսադաշտի վրա»։ Եվ Զորի Բալայանի կողմից փաստերի կիրառման բարձր արվեստի անվիճելիությունը, նրա ստեղծագործության բացառիկ ինֆորմատիվ լինելը հավաստելու նպատակով Ս. Սարինյանն առատորեն օգտվում է հրապարակախոսի «մատուցած» տեղեկություններից։ «Արժե բերել,- գրում է Ս. Սարինյանը,-մի երկու օրինակ թուրք դիվանագետների վկայություններից. «Մեզ անհրաժեշտ է հասնել գլխավորին՝ Նախիջեւանն ու Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Միայն աշխարհագրական այդպիսի գունափոխման դեպքում կարելի է խոսել Թուրքիայի ապագայի մասին», «Ես կարողացա այնպես անել, որ թուրքական եւ բոլշեւիկյան բանակները միավորվեն։ Խալիլ փաշայի հետ աշխատեցինք այնպես անել, որ Հայաստանը չկարողանա այդ բանին խանգարել», «Բոլշեւիկները մեզ առաջարկեցին անհապաղ մարտական գործողություններ սկսել հայկական սահմանի վրա, հայերի դեմ»։ Եզրակացությունը մեկն է՝ «Թուրքիայի համար ճանապարհ բացել դեպի «նախնիների հայրենիքը»։ Այստեղ էլ, ահա, Արցախի խնդիրը դադարում է միայն հայկական հարց լինելուց եւ դառնում է միջազգային, որովհետեւ պանթուրքիզմի ծավալման ճանապարհին՝ «դեպի նախնիների երկիրը» կա անհաղթահարելի խոչընդոտ, դա Ղարաբաղն է։
Հանգամանորեն վերլուծելով «Դժոխք եւ դրախտ» գրքի կառուցվածքային (դա, անշուշտ, պայմանավորվում է արծարծվող պրոբլեմների բազմազանությամբ) բարդույթները, Ս. Սարինյանը այն դիտում է որպես նոթագրություն, փիլիսոփայական խոհագրություն։ Հնարավոր չէ, որ գրողն ստեղծի իր ժամանակն՝ առանց դարաշրջանի հետ լուրջ բախումների։ Այստեղից էլ՝ գրողի պոլեմիկան, առանց որի գիրքը, ով էլ լինի հեղինակը, օտարվում է ընթերցողից։ Զորի Բալայանի ստեղծագործության հանդեպ ընթերցողի հետաքրքրությունը հենց բացատրվում է նաեւ նրա պոլեմիկական հարուստ լիցքերով, թեմաների ակտուալությամբ, որոնք եւ բարձրացնում են նրա ստեղծած գրականության ֆունկցիոնալ նշանակությունն ու դերը։ Ս. Սարինյանը նախանձախնդիր նրբանկատությամբ ու ոսկերչական ճշգրտությամբ, համադրելով հրապարակախոսի արձակը, գեղարվեստական նոթագրությունն ու հրապարակախոսությունը, առանձնացնում է Զորի Բալայան մտածողի ու գեղագետի ոճի հիմնական առաձնահատկությունը, այն է՝ «ներկայացնել ոչ միայն իրերի շարժումը, այլեւ այդ շարժման գիտությունը՝ փիլիսոփայությունը»։
Զորի Բալայանին, հիրավի, շատ է պատշաճում Պարույր Սեւակի հետեւյալ դիտարկումը՝ գրողը գործ ունի ամեն բանի հետ։ Ակամայից հիշում ես մեր նոր գրականության հիմնադիր Խ. Աբովյանին, նա անդրադառնում էր նաեւ ազգի կենցաղային մանրուք թվացող ամենատարրական խնդիրներին անգամ, տարածում լուսավորություն։ Եվ այդ ամենը գալիս է սեփական ժողովրդի նկատմամբ տածած խորը սիրուց, զավակի անթաքույց հոգատարությունից ու սրտացավությունից։ Մի՞թե հենց այդ հենքի վրա չեն ծնվել Զորի Բալայանի տողերն՝ ուղղված նորապսակներին, խնդիր, որ, ի վերջո, առնչվում է, ամենաուղիղ գծով, հայոց գենոֆոնդի պահպանմանը։ Կամ՝ ազգային ներքին պառակտումների հարցը, կուսակցական խժդժությունները, մաֆիաները, որոնք կազմալուծում են երկրի ամբողջությունը, ջլատում ազգի ուժերը, վտանգում ապագան։
Դարեր շարունակ հայը իր կողքին, իր երկրում թշնամի է ունեցել, ապրել է այդպես։ Եվ հիմա, երբ մենք ենք մեր կողքին, դարձյալ չենք կարողանում հաղթահարել «կողքինի մեջ» թշնամի տեսնելու սինդրոմը։ Բանը հասնում է նրան, որ ազգը բաժանում են արդեն գորիսցիների, շիրակցիների, ղարաբաղցիների... Մենք, այո, դարերում քաջ սերտել ենք թշնամու դեմ միասին պայքարելու արվեստը, ժամանակն է, որ միասին ապրելու ռազմավարությանը եւս տիրապետենք գերազանցորեն։
Ս. Սարինյանը «Երեկ, այսօր, վաղը» բաժնում դիմում է Զորի Բալայանի եւ Գագիկ Մկրտչյանի («Հայոց աշխարհ»-ի գլխավոր խմբագիր, հրապարակախոս) երկխոսությանը, նշելով, որ «իր ընդհանրության մեջ «Երկխոսությունը» գրեթե անընդգրկելի է՝ անընդհատ եւ անընդմեջ փոխանցվող թեմաներ, հարցեր, դեպքեր, իրադրություններ, որոնք անսկիզբ ու անվերջ են, ուր մտքի վերլուծությունն անընդմեջ բաժանվում է անհայտների»։ Սակայն այդ ամենի մեջ Սարինյանն առանձնացնում է էականը, դա, ըստ նրա, «փիլիսոփայական այն մոդելն է, որի շրջանակներում ծավալվում է երկխոսությունը, այսինքն՝ իրերի շարժումն ավելի ընդհանուր ու ընդհանրացված ճշմարտությամբ ստուգելու միտումը»։ Այդ հանգամանքի մեջ է մենագրության հեղինակը տեսնում երկխոսության «ինտելեկտուալ բովանդակությունն ու իմաստաբանական արժեքը»։ «Հրապարակախոսության գիտությունը» վերնագրային ձեւակերպումն ինքը կարող է հիմք հանդիսանալ մի ամբողջ գեղագիտության ու փիլիսոփայական ընդհանրացման համար, նախ՝ որպես մտապատկերային ամփոփ կառույց, ապա՝ որպես հրապարակախոսության գաղափարական ուղղվածության ճշգրիտ հիմնավորում։ Կա նաեւ հարցի երրորդ կողմը, որն արդեն տանում է դեպի շոպենհաուերյան իմաստասիրության հարցադրումների տեսադաշտը՝ փիլիսոփայությունն արվեստ է, վերջապես, թե գիտություն։ Սարինյանը մեծ փիլիսոփայից մեկ քայլ առաջ է անցնում՝ հայտնաբերելով արվեստի գիտությունը։
Ընթերցողի ուշադրությունը հրավիրելով գրողի հրապարակախոսության վրա, Ս. Սարինյանն ընդգծում է հոդվածների բազմազանությունը, որը հիմնված է, անշուշտ, հեղինակի համակողմանի իմացությունների, գիտելիքների ու ինտելեկտուալ բարձր հնարավորությունների վրա, որովհետեւ ոլորտները, որոնց դիմում է հրապարակախոսը, բազմաթիվ են՝ «Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, դիցաբանություն, անտրոպոլոգիա» եւ այլն։
Զորի Բալայանի հրապարակախոսության գիտության սահմանումը, հիրավի, երեւույթի յուրովի բացահայտում է։ Հրապարակախոսի կողմից գործողության մեջ դրվող հասարակական, փիլիսոփայական ու քաղաքագիտական մի շարք կատեգորիաներ ու հասկացություններ, ուրույն մեկնաբանություններ են ստանում տարբեր հոդվածների մեջ («Նիկոտինը եւ սերունդը», «Ողբերգություն՝ ծնված երազանքի գիշերը», «Վիլյամ Սարոյանի դասերը», «Հակաթույն» եւ այլն)։ Եվ այս ամենի տեսական հիմնավորումը գտնում է Սարինյանը՝ հրապարակախոս-գրողին բացահայտելով որպես գիտնական ու փիլիսոփա, կերպար, որն իր տեսակի մեջ ունիկալ է, այսինքն՝ գրող-հեղինակը ոչ միայն ասողիկ է, այլ նաեւ իր դրույթները պրակտիկ գործողությունների մեջ դնող ու կիրառող։ Գործունեության այս եզրում արդեն հրապարակախոսին ակնդետ հետեւում է մարտիկ-հերոսը՝ ազգային նվիրյալը։ Նկատենք, որ Զորի Բալայանի բնավորության եւ հոգեկերտվածքի համարձակ ու ինքնատիպ դրսեւորումները, որոշակիորեն ենթարկվելով որակական փոփոխությունների (մուտացիա), դառնում են նրա ստեղծագործության համար բնորոշ ու առանձնահատուկ գծեր՝ ե՛ւ բովանդակության, ե՛ւ ձեւույթի առումով։
Փաստերը, որոնց դիմում է Զորի Բալայանն իր ստեղծագործության մեջ, որպես կանոն, միշտ լինում են ծայրահեղորեն ճշմարիտ, հետեւապես եւ՝ հետաքրքրության մեծ լարում են պարունակում։ Նրա աչքից չեն վրիպում հանրահայտ դեմքերը, դեպքերը, հերոսները. սա եւս, ըստ Ս. Սարինյանի դիտարկումների, բալայանական արվեստին բնորոշ հատկանիշ է։ Այս տեսակետից բացառություն չեն կազմում ազգային գոյամարտի հերոսները։ «Զորիի հուշերում,- գրում է Ս. Սարինյանը,- միանգամայն տպավորիչ է ներկայանում Վազգեն Սարգսյանի կերպարը, եւ դրան արտակարգ գրավչություն է տալիս հուշագրողի անձնական մեծ համակրանքը ազգային գործչի նկատմամբ, գործիչ, որ հայտնվել էր ժամանակի հակասությունների կիզակետում եւ ինքն իսկ մարմնավորում էր այդ հակասությունը։ Ճակատագրով նրան էր տրված իր շավղից դուրս սայթաքած ժամանակն ուղղելու առաքելությունը»։
«Շարունակվող լեգենդը» սովորական գիրք չէ՝ բառի ամենախորն իմաստով։ Եվ դա բնական է ու նույնքան օրինաչափ՝ եթե նկատի առնենք, որ այստեղ խաչված են մեր ժամանակի գիտական ու գրական երկու ընդգծված եւ բավականին ինքնատիպ անհատականությունների՝ Սերգեյ Սարինյանի եւ Զորի Բալայանի ճանապարհները, որոնք ներկայացնում են նրանց աշխարհայացքների առանձնահատկություններն ու առավել ցայտուն կողմերը՝ գաղափարաբանական ամենամեծ ընդգրկումներով։ Ավելին, Սերգեյ Սարինյանը գրեթե անմրցակից լինելով մեր գեղագիտական մտքի ասպարեզում, խնդիրներին մոտենում է ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային իրականության մեջ գրչությանը եւ, հատկապես, հրապարակախոսությանը ներկայացվող ամենաբարձր չափանիշներով ու չափորոշիչներով։ Զորի Բալայան երեւույթը Ս. Սարինյանի կողմից դիտվում է հենց այդ զուգահեռների վրա եւ, ի տարբերություն, նրա ժամանակակիցների, Զորի Բալայանի մեջ գիտնականը տեսնում է ունիկալ քաղաքագետին։ Եվ որպես այդպիսին Զորի Բալայանը, իսկապես որ, միանգամայն նոր որակներ է դրսեւորում քաղաքականության ասպարեզում՝ շարունակելով այնտեղ արմատավորել գրականության եւ իրավագիտության կարգախոսը հանդիսացող «Միայն ու միայն ճշմարտություն» եւ «ճշմարտացիություն» հասկացությունները, ավելին՝ դրանց հավելում է նաեւ մարդասիրության գաղափարը, բարոյականությունը։ Մինչդեռ սրանք, ինչպես ցույց են տալիս աշխարհում մշտագո քաղաքական ու ոչ քաղաքական պայքարները, այնքան էլ հարգի չեն միջազգային բարձրադիր ատյաններում, եւ չին մեծ մտածողի (Կոնֆուցիոս) նշած «վեհանձն այրերը» (ցզյուն ցզի) առաջնորդվում են բոլորովին այլ հասկացություններով, որոնց մեջ, թերեւս, ամեն ինչ խարսխված է շահի վրա։ Այստեղ էլ բախվում են քաղաքականությունն ու բարոյականությունը։ Երբ Թուրքիան հրաժարվում է տարածք տրամադրել ԱՄՆ-ի զինուժին՝ Իրաքին խփելու համար, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անմիջապես ձեռքն է առնում դագանակը՝ եթե այդպես է, ուրեմն, մենք ստիպված կլինենք ճանաչել հայերի ցեղասպանությունը, չգիտակցելով գուցե, որ «ցեղասպանություն» բառն ինքը մինչ այդ օգտագործել է միայն իր նախընտրական արշավի ժամանակ՝ հայ ընտրողներին «խաբելու» համար, եւ հիմա է մեջբերում՝ թուրքերին ենթարկեցնելու նպատակով։ Այսպիսին է, ահա, դեմքն աշխարհի «ամենադեմոկրատական» երկրի պետական սիմվոլներից մեկի՝ նախագահի։ Սա Զորի Բալայանի բերած բազմաթիվ-բազմաթիվ փաստերից մեկն է, ուր Ս. Սարինյանը բացահայտում է գրողի մտքի ու տրամաբանության սլացքը։
Կամ՝ մեկ ուրիշ, առավել դավադրական «դիվանագիտության» մասին, որ անցյալ դարի 20-ական թվականներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել են մեծ տերությունները։ Սեւրի հաշտության պայմանագրի (1920թ.) դրույթները ոչ միայն չեն իրականացվել, այլեւ ուրացվել են։ Փաստաթղթի մեջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ այլ երկրներ ամրագրել էին Արեւմտյան Հայաստանի նկատմամբ մեր ժողովրդի ունեցած պահանջատիրական իրավունքները, այս նվաճումը սակայն մնաց թղթի վրա, ոչ միայն հայոց տարածքները չվերադարձվեցին Հայաստանին, այլեւ գաղթական հայերին Թուրքիան թույլ չտվեց վերաբնակվել իրենց բնօրրանում։ Լոզանի կոնֆերանսում (1922-1923թթ.), որը մարդկության մեծագույն ամոթներից մեկը դարձավ, Թուրքիան ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային սիրաշահում էր իր «նավթային» խոստումներով, Ռուսաստանին՝ «գաղափարակից» հարեւանության «մտադրություններով»... Եվ ինչ ստացվեց արդյունքում՝ բոլշեւիկները «մարդասիրաբար» խոստացան հայերին, որ նրանց, կորսված հայրենիքի փոխարեն, ապրելու տեղ կտրվի Ռուսաստանում ու Ուկրաինայում. ինչպիսի՜ մեծահոգություն։ Եվ այսպես, սովետների երկիրը կյանք տվեց ոչ թե Հայաստանին, ինչպես այսօր էլ շարունակում են հորջորջել որոշ պատմաբաններ, այլեւ արդեն իսկ «հոգին փչող» Թուրքիային։ Հայաստանի խորհրդայնացումը եւս մի կործանարար ողբերգություն էր մեր ժողովրդի համար, որը դրանով իսկ կորցրեց նաեւ մինչ այդ արդեն ստեղծած իր անկախությունը։ Եվ նորից զոհը Հայաստանն էր, որի նվիրյալ զավակներին՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, ըստ պատմագիտական աղբյուրների, նույնիսկ չեն թույլատրել, որպեսզի նրանք պահանջատիրոջ իրավունքով «պաշտոնապես» մասնակցեն Լոզանի կոնֆերանսին, քանի որ Հայաստանն արդեն սովետական երկրի անդամ էր դարձել... Ինչպես տեսնում եք, մեծ տերությունների «ժողովրդավարությունը» խորն արմատներ ունի ժամանակների մեջ եւ սահմաններ չի ճանաչում։
Իրոք որ, Զորի Բալայանի հրապարակախոսության գիտությունը համակարգելիս Ս. Սարինյանը չէր կարող իր ուսումնասիրության առանցքային գծերից մեկը չդարձնել փաստի հետազոտման կարեւոր հանգամանքը։ Ավելին, բազմափորձ գիտնականը միայն իրեն հատուկ բազմիմացությամբ քննության է ենթարկում գրողի ամբողջ ստեղծագործությունը՝ հիմնավորապես կանգ առնելով փաստի գիտության, փաստի աշխարհագրության, փաստի ռեալականության, հոգեբանության, ճշգրտության եւ այլ գաղափարական ու փիլիսոփայական կատեգորիաների բալայանական կիրառման ու բացահայտումների վրա։
Ս. Սարինյանը կարեւորում է նաեւ Զորի Բալայանի կողմից իրական փաստի ու հաճախ խոսքի մեջ «խաղարկվող» առարկայի ոգեղենացման, ինչպես ասում են, աստվածատուր շնորհները, ընդհուպ՝ մինչեւ հավատի զոհասեղանը՝ մենք դժվար թե կարողանայինք ազատագրել Շուշին, եթե այնտեղ չլիներ Ղազանչեցոց եկեղեցին։ Կիլիկիայի պատմության փիլիսոփայությունը Ս. Սարինյանը համարում է եռարշավի գիտական հիմունքը։ Եվ միանգամայն իրավացիորեն գրականագետը ներքին կապ է տեսնում Զ. Բալայանի ու մեր ազգային-ազատագրական պայքարի ռահվիրա Գարեգին Նժդեհի դիտարկման մեջ։ Վերջինս, «մարդկային հնարավորություններն անվանելով ոգի», ասում է, որ ոգին ինքնահարգանքն է՝ գործողության մեջ։ Ոգու իրատեսական այդպիսի մեկնությունն ու փիլիսոփայական հիմնավորումը հատուկ է նաեւ Պոլ Վալերիին («Ոգու քաղաքականություն»)։
Այսուհանդերձ, դժվար չէ նկատել, որ Ս. Սարինյանի մենագրության յուրաքանչյուր բաժինն ունի իր առանձնահատուկ կառույցը, գաղափարական-գեղարվեստական առանցքը, տարածքային ու, առավել եւս՝ ժամանակային ամբողջությունն ու, անշուշտ, «սուվերենությունը»։ Բայց եւ միաժամանակ բաժինը բաժնին շղթայված է անքակտելի մի միասնականությամբ, որը եւ հզոր շնչառություն է տալիս երկին՝ ապահովելով «համանվագի» ներդաշնակությունը։
Ասում են՝ նա, ով անցյալին հայացք չի ձգում, չի կարող հստակորեն տեսնել ապագան։ Ս. Սարինյանն իր աշխատության վերջին բաժինն անվանել է այսպես. «Ճանապարհ դեպի անցյալ»։ Այստեղ արդեն գիտնականը, թեմատիկ-գաղափարական ամենատարբեր անդրադարձումներով հանդերձ, հիմնականում խոսում է Զորի Բալայանի դեպի Կիլիկիա կատարած ճանապարհորդության մասին, իր մտածումների ու գեղագիտական վերլուծությունների հենքում տեսնելով մի կարեւոր ճշմարտություն, այն, որ երեւույթի «համաշխարհային արձագանքն արդիական հնչեղություն է տալիս նաեւ հայոց պատմության համաշխարհային ճանաչմանը, որն ուղղակիորեն կապվում է Հայկական հարցի եւ Ղարաբաղյան շարժման հետ։ Այս իմաստով ինքնին ուշագրավ է, որ դեռեւս 14-րդ դարի ռուսական տարեգրություններում պատկերացում կար հայկական երեք երկրների մասին՝ Կիլիկիա, Մեծ Հայք, Փոքր Հայք»։
Ս. Սարինյանի գրքի առանձնահատուկ կողմերից է եւ այն, որ նա գրողի յուրաքանչյուր գործ դիտարկում է քաղաքակրթության համաշխարհային արժեքների ու մարդասիրական գաղափարների համապատկերում՝ ապահովելով աշխարհի մեծագույն մտածողների անմիջական ներկայությունն այդ «դատին»՝ նրանց իսկ իմաստությունների կիրառումով։ Իսկ սա մշտապես ենթադրում է ճանապարհների, բառի աշխարհագրական եւ փիլիսոփայական իմաստներով, գործուն մասնակցություն երեւույթները մեկնելու գործում, որովհետեւ նավակով կարելի է հասնել, ասենք, Կիպրոս, բայց Զորի Բալայանը մեզ առաջնորդում է դեպի պատմության խորքերը, դեպի Կիլիկիա-Հայաստան։ Եվ գրողի գաղափարական «ալքիմիան» փրկության է հասնում, Ս. Սարինյանի հիմնավորումներում մտքի տրամաբանական ընթացքը մեզ հասցնում է նոր եզերք, ուր, ինչպես Ա. Կամյուն է խոստովանում, «ճանապարհը որպես գիտություն, ամենամեծ գիտություն, օգնում է, որ գտնենք ինքներս մեզ»։
«Կիլիկիա»-ում եւս Զ. Բալայանի մտորումները «սեւեռվում են ազգի, պետության, հասարակության գերակա հարցերի վրա»։ «Կիլիկիա» նավը հաղթահարում է պատմության շատ ու շատ խոչնդոտներ, անցնում է մեր ժողովրդի համար էական բազմաթիվ իրադարձությունների միջով, եռագույն դրոշ է բարձրացնում Սարդարապատի մեծ հաղթանակի առիթով, ավետում մեր անկախ հանրապետության ծնունդը... Եվ, որ ամենակարեւորն է, Զորի Բալայանի «Կիլիկիան» նավ է (հիշեցի Կոստան Զարյանի հանրահայտ գործը՝ «Նավը լեռան վրա»), որը միայն ծովերով ու օվկիանոսներով չէ, որ կարող է լողալ... Կիլիկիայի պատմության փիլիսափությունը Ս. Սարինյանը համարում է եռարշավի գիտական հիմունքը։
Րաֆֆին ասում է՝ մի լավ գիրքը կարող է մի ազգ փրկել։ Որքանով կնպաստի Ս. Սարինյանի «Շարունակվող լեգենդը» մեր ազգի վերընթացի սուրբ գործին՝ ցույց կտա ժամանակը։ Բայց մի բան պարզ է՝ մեր ժամանակների խոշոր գեղագետն ընթերցողի սեղանին է դրել հանրագիտարանային նշանակության մի գիրք, որն իր մեջ ներառում է մեր ժողովրդին հուզող գրեթե բոլոր էական հարցերի գեղագիտական դիտարկումները։ Պահի այժմեականության տեսանկյունով։ Այն կարող է, կարծում եմ, նաեւ օգտակար դեր խաղալ մեր դիվանագիտության համար՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Թեեւ, իհարկե, խոստովանենք՝ որքան էլ Զորի Բալայանի սհեղծագործությանը նվիրված մենագրությունը լինի ընդգրկուն, այնուամենայնիվ, գրողի աշխարհն անսպառ է ու անեզր՝ ապագա ուսումնասիրողների ու հետազոտողների համար։ Կարեւորը՝ բալայանագիտության հիմքը դրված է։ Եվ այն էլ՝ կայուն ու ամուր։