Jump to content

«Ո՞ւր գնացին հոգուս թռիչքները»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ո՞ւր գնացին հոգուս թռիչքները»
***

Ո՞ւր գնացին հոգուս թռիչքները,
Որտե՞ղ սայթաքեցին...

Ո՞ւր կորավ ականջներիս խլությունը,
Որ տիվանդորրի մշտաբեղուն արարչությունն էր,
Եվ որտե՞ղ լռեցին հոգուս շեփորները,
Որ դեռ չեղած
Ահեղ դատաստանի հուշերն էին...

Ես դեռ սիրում եմ այն աղջկան,
Որի պատկերը աղավաղեց աչքերիս տեսողությունը՝
Հաստատելով, որ քաոսից է գեղեցիկը ծնվում,
Իսկ սերը գեղեցիկից...

Ես դեռ սիրում եմ այն սրբերին,
Որոնք աղոթք էին ինձանից փախցնում՝
Հաստատելով, որ ներշնչումը խաղաղություն է բերում,
Իսկ խաղաղությունը՝ մտասևեռում...

Ես դեռ սիրում եմ միակ Աստծուն,
Որին չհանդիպեցի երբեք ու երբեք չհասա,
Եվ զգացի, որ գեղեցիկը հեռվում է լինում,
Հոգուս տեսողության հորիզոնից անդին...

...Ելիր,
Ոտքի կանգիր, հոգիս,
Եվ հալածիր քո իսկ ստեղծած դժոխքը,
Արարիր բարին, որքան կարող ես,
Եվ սեր մի հայցիր ոչ մեկից բնավ՝
Բաժանելով այն...
Դու արարիչ ես...

6.10.2001

Երևան