Jump to content

«Վլադիմիր Մայակովսկի» տրագեդիայի պրոլոգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 284 ]

«ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ» ՏՐԱԳԵԴԻԱՅԻ ՊՐՈԼՈԳԸ

Կարո՞ղ եք
Դուք
Հասկանալ,
Թե ինչո՞ւ ես
5 Հանգիստ
Հոգի՛ս եմ ափսեով տանում
Գալիք օրերի ճաշին։
Փողոցի չսափրած դեմքից
Հոսելով, ինչպես արցունք —
10 Ես,
Գուցե,
Պոետն եմ վերջին։
Նկատե՞լ եք,
Ճոճվում է
15 Քարե ալեյներում
Զոլավոր կերպարանքը ձանձրույթի, որ մեռել է.
Իսկ վազող ջրերի
Սապնափրփուր վզին
Կամուրջներն են ծալել երկաթե ձեռները։
20 Երկինքը լալիս է
Անզուսպ,

[ 285 ]

Բարձրաձայն
Իսկ ամպի կնճռոտ շրթունքին
Խեղկատակ գրիմա՛ս կա։
25 Կարծես թե մանկիկ է երազել մի կին,
Իսկ աստված պարգևել է մի իդիոտ երեխա։
Շեկլիկ ու մազածածկ,
Գիրուկ մատներո՛վ իր
Ձեզ գուրգուրել է արևը՝ բոռի՝ պես աներես.
30 Ձեր հոգում ճորտ կա պառկած։
Իսկ ես,
Անվախ,
Ատելությամբ լքված դեպ ցերեկվա լույսերը՝
Երկաթե լարերի նման
35 Իմ հոգի՛ն ձգել եմ —
Ես — լամպերի արքա։
Եկե՛ք բոլորդ մոտս,
Ով ծվատում էր լռությունը,
Ով ոռնում էր, քանի՛ որ
40 Ցերեկների հանգույցը ձիգ է.
Խոսքերով, որ պարզ են
Ինչպես բառաչյունը —
Ես կբանամ ձեզ ձեր հոգիները՝
Դժժացող, ինչպես հեռագրասյունը․․․
45 Ես ձեր գլխին միայն
Կդիպչեմ մատներով —
Եվ, կբուսնեն շրթեր — հսկայական
Համբույրների համար,
Եվ կունենաք լեզու, որ հարազատ է
50 Տիեզերքին համայն։
Իսկ ես,
Կաղլիկ հոգով,
Կքայլեմ դեպի գահս,
Որի հին

[ 286 ]

55 Գմբեթներին
Կան աստղային ծակեր։
Կպառկեմ, լուսավոր,
Ծուլության շորերով,
Իմ փափուկ անկողնում, որ իսկական թրքի՛ց է,—
60 Եվ անչա՜փ կամացուկ,
Շպալների ծնկները գգվելով,
Շոգեկառքի անիվը կհամբուրե իմ վիզը․․․