Jump to content

«Տաղերի» ու քնարական մյուս գործերի պատմափիլիսոփայական բովանդակությունը եւ գաղերվեստական ու լեզվաոճական առանձնահատկությունները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե («Տաղերի» ու քնարական մյուս գործերի պատմափիլիսոփայական բովանդակությունը եւ գաղերվեստական ու լեզվաոճական առանձնահատկությունները)

«ՏԱՂԵՐԻ» ՈՒ ՔՆԱՐԱԿԱՆ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՈՒ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մինչ «Տաղերին» հասնելը, Վահագն Դավթյանի ճանապարհը անցել է անզուգական պոեմներով ու «Անկեզ մորենի» գրքով։

Գողթան երգերն ու միջնադարի հարուստ պոեզիան այն կենսահարուստ աղբյուրներն են, որտեղից աստվածաշնորհ «ջուր խմողները» ոչ միայն կարողանում են ուրույն տեղ գրավել մեծ համաստեղությունների մեջ, այլեւ ունենում են իրենց համաստեղությունը։ Լուսավորել տառապած հոգին, լույսն այնքան շատացնել աշխարհում, որ լինի «լույսի տոն ու արարողություն». սա է իսկական բանաստեղծների ծննդոց առաքելությունը։

Վահագն Դավթյանը որքան ավանդապահ է, նույնքան էլ նորարար է։

Ինչո՞ւ։ Պարզ է՝ բանաստեղծը նորարար է լինում այն դեպքում, երբ լավ է յուրացնում ավանդները, ինչպես ասում են, եւ ավանդապահ է այն ժամանակ, երբ կարողանում է խորությամբ ընկալել նորը։ Դավթյան պոետը համարձակորեն է մտնում ժողովրդական բանահյուսության, միջնադարի պոեզիայի հարուստ ծովը եւ դուրս գալիս ավելի հարստացած, իր գույների ու ջրերի, ավելի ճիշտ՝ աղբյուրների, համը տեղը։ Ծովում անհետանում, ձուլվում, իրենց գույնը կորցնում են ոչ ինքնության ակունքներից բխող բանաստեղծական գետերը, որոնք ավելի շատ անձրեւաջրով են սնվում։

Դավթյանն իր ճշմարիտ ակունքն ունեցող բանաստեղծ է։ Ժողովրդական մտքերի, տրամադրությունների ու զգացումների բյուրեղացում է Դավթյանի արվեստը։ Եվ նրա հայացքը որքանով հեռատես, այնքանով էլ խորաթափանց է։ Իսկ այդ խորաթափանցությունն ի վերուստ տրված շնորհ է։ Դիտարկենք «Տաղերը»։ Տաղարանը բացվում է «Տաղ ներշնչման» գործով։

Ինձ շռայլորեն շնորհիր նորից
Խոսքն այն նախնական,
Ուր մարմին բառը բուրում է կավով ու արեգակով
Եվ ոգի բառը թրթռում է դեռ խորհրդով լույսի։

Ոգին լույսի խորհրդով է թրթռում, մարմին բառը բուրում է արեգակով. ահա աշխարհընկալման, ինքնաարտահայտման այն ոճը, որը ինքնին հանդիսանում է երեւույթների պարզաբանման նոր մեկնակետ, բերում է թարմ հայացք։ Վերջապես, դա հենց Վահագն Դավթյանի մտածելակերպն է։ Եվ եթե տաք են ու արդար նրա բառերը՝ ապա ցորենի պես, եթե ցոլցլուն են՝ աստղերի պես։ Դրանք կարող են բանաստեղծի թախիծը փոխել լույսի, նրան դարձնել համասփյուռ ու անանձնական, այքան, որքան աստղալույսն ու քամին։ Ի վերջո, բանաստեղծի շուրթերին թրթռում են այն խոսքերը, «Որով գնում են խոստովանության»։

«Տաղերը» շարքը, որ կարելի է, հիրավի, համարել գլուխգործոց, հենց այդպիսի մի խոստովանություն է մարդու, արեւի, աստղերի ցոլանքը վրան առած բարդիների, կապույտ ծաղկի ու խոտի առաջ։

Բանաստեղծը տողից տող, երգից երգ բացում է բառերի ամենախոր շերտերը, ընթանում դեպի ակունքը «Որ խղճի պես է, Հավատի նման» թռչող հավքի թեւերն անգամ բառեր են նրա բանաստեղծության համար, եւ դրանց սոսափի մեջ երգ է տեսնում։ Պոետն օրհներգում է նրանց, ովքեր

Արեւածագը խմում են որպես ներշնչման գինի
Ու մայրամուտին գեղեցկանում են ու սրբանում են
Ինչպես վաստակած սերմնացանները...

Հումանիզմը, որ խորախոր արմատներ ունի Վահագն Դավթյանի ամբողջ ստեղծագործության մեջ, այս տողերում երեւում է ավելի ընդգծված ձեւով։ Եվ բանաստեղծի խոսելը («Եվ ասում եմ») նման է երազելուն, նման է հավատով փնտրելուն։ Նրա հերոսը «հավքի թեւի մեջ» էլ զգում է իր «սեփական հոգին» եւ, մանավանդ, սոսափից թռիչքի՝ աշխարհի տխուր, ամենատխուր երգն է լսում։

Ինչու անպայման՝ տխրության երգեր։

Ճշգրիտ պատասխանի համար անդրադառնանք հավքին։ Ինչ հավք է դա։ Անանձնական հովիտներից թռած, երազի լրիվության ու մարդու, նրա ձգտման, նպատակի, հողի էության չկիսվածության երազանքների հավքն է դա, որի մեջ «կապույտի տեղ կա» ու հեռավոր, մաքուր կարոտ։ Եվ եթե հավքի թեւերում կարոտը շարունակում է ահագնանալ, ապա հասկանալի է, որ թեւերի սոսափում տխրությունը բույն է հյուսելու... Սակայն դռները կարոտի, ինչպես ասում են, փակ չի թողնում բանաստեղծը, նա ձեռք է մեկնում՝ լույսի շողը բռնելու, օգնելու։ Օգնելու մարդուն, որը ճանաչում է արցունքի ծանրությունը եւ թեթեւությունը։ Նրա հերոսը հոգեկան հարուստ, բազմածալ ու բազմաբույր աշխարհ ունի, տառապանքներում է իմաստնացել։

Նա կարող է պայթել ամպրոպի պես («Տաղ ամպրոպի»)։ Եվ այդ պայթյունի մեջ էլ մենք կտեսնենք նույն մարդուն, սակայն՝ մեկ այլ եզրից։ Իսկ եզրերն այնքան շատ են, այնքան խորախորհուրդ։

Քո որոտի մեջ ցասումիդ մութն ու ընդվզումն է հին
Եվ կայծակիդ մեջ քո սիրո լույսն է իր քնքուշ դողով։

Որքան էլ ծննդավայր-հայրենիքը կիսված լինի, միեւնույն է, հայրենիքի զգացումը միշտ էլ լինում է ամբողջական։ Դա ոգու հաղթանակն է։ Եվ այս հանգամանքը հանդիսանում է Վահագն Դավթյանի տաղերի ներնքնատար շարժիչ ուժի ակունքը, շարժումների շարժումը, ցասումն ու ընդվզումը։ Այստեղից էլ՝ լույսի քնքշությունը։

Ինչպես տեսնում ենք, Դավթանի մոտ ուժեղ են հակադրությունները ոչ միայն մտապատկերների, այլ նաեւ զգացումների մեջ։ Հակասությունները սրվելով, իրարից անկախ, պարուրվում են մի ներդաշնակության մեջ, ավելին՝ լրացնում են իրար... կայծակող, ամպրոպող երկինքը «սիրո հառաչից փլչում է... Տեղացող «աստղերի, կապույտի, ամպի» կայծակի հանդեպ «կուրծքը բացող» կաղնու, խոտի, գարնանացման հանդես է բացում տաղը։ Եվ այդ հանդեսի ամեն մի մասնակից իր խորհուրդն է բերում։ Ահա կաղնու խորհրդանշումը. «Լավ է մի վայրկյան ապրել բոցի պես, քան փտել դարեր»։ Եվ ինչ... կաղնին դառնում է հրդեհ, «Երկինք համբարձվում՝ իբրեւ կրակի մաքուր մարգարե...»։

Եվ սիրում ես գրողի հերոսին։

Եվ նրա հետ տխուր ծիծաղում ես եւ ուրախ լալիս։

Եվ չես նկատում, թե Դավթյանն ինչպես է քեզ միաձուլում իր հերոսի մեջ, ինչպես է բառանկարում քո հոգեկան քարտեզն իր ողջ գունահարստությամբ։

Բնության երեւույթները նա իմաստավորում է` դրանք ենթարկելով իր ապրումներին, իր ներքին տրամադրություններին։ Եվ դա կատարում է միանգամայն բնականորեն ու համոզիչ ձեւով։

Առաջին ձյուն՝ բնական, սովորական երեւույթ։ Բայց ինչպես է այն իմաստավորում Դավթյանը։ Առաջին ձյունի եւ սիրո համադրությունն աննկատելիորեն աճումևզարգանում ու հասցվում է մարդու անձնվիրությանը, ինքնամոռացությանը։ Եվ այստեղ է, որ «անանձնականությունը» արյանդ միջով բարձրանում է սիրտդ, ամբողջ էությունդ պարուրում... Սերն ու հայրենիքը միավորվում են մի բարձր, վեհ ապրումի մեջ, դառնում գոյության նպատակ։

Պոետի ցավը դառնում է համամարդկային, նրա ուրախությունը դառնում է ավելի վարակիչ, նրա ձայնը համասփռվում է երկրագնդով մեկ, որովհետեւ մարդը ներկայանում է մարդկության ու մարդկայնության անունից։ Մաքառող լույսը տաղարանի անսպառ հարստությունների բացման բանալի կարող է լինել, որովհետեւ մարդուն հասկանալու համար պիտի նախապես ճանաչել նրան։ Տաղարանի հերոսն ինքն է մեզ ներկայանում («Տաղ առաջին ձյան»).

Կորստի ցավ կա իմ երակներում Եվ կարոտներ կան, Որ թաքուն լալիս ու տնքում են խուլ, Եվ կանչում են ինձ, կանչում այն հեռուն, Ուր դու ես իջնում Առաջվա նման թեթե ու տխուր։

Ուշադրություն դարձնենք տաղի «Կարոտի ցավ կա իմ երակներում» տողին։

Ահա այդ ցավի անմիջականությունը անմնացորդ ձեւով հունցվում է տաղերի հետ, արյանդ հետ շարժվում ու արագացնում է արյանդ շարժումը, որ անցել է Ավարայրներով, Դեր-Զորով, հազար ու մի արհավիրքներով, թափվել հողին՝ հողի համար, նորից զարկերակում է կրծքիդ տակ...

Կորստի ցավով իմաստնացած արյուն...

Եվ Դավթյանի պոետական աշխարհում «կարոտն» արդեն դառնում է ընթացքավորող երեւույթ։ Այդ կարոտևերազանքևձգտումևհասնում բազմաշերտ ապրումին այս անգամ էլ բանաստեղծը տալիս է նժույգի («Տաղ նժույգի») անունը։

Կարոտները «Տաղ առաջին ձյան» բանաստեղծության մեջ «թաքուն լալիս ու տնքում են խուլ», «Տաղ կարոտի» երգի մեջ խոսում են բարձրաձայն, լալիս են բարուրի պես, որն, ինչպես ասում են, ինքն իրեն բացում է։ Այստեղ էլ «հայտնվում է» ձյունը, այն իջնում է դարձյալ թեթեւ, բայց ոչ տխուր, իր հետ բերում է «խոստովանելու մի տաք ցանկություն», որից էլ թելադրվում է տաղի (եւ տաղարանոււմ տեղ գտած շատ գործերի) ոճը, պատումի եղանակը։ Գրողի խոսքը հնչում է անցյալ կատարյալ ժամանակով՝ «ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր...»։ Եվ այդ «կար»-ի մեջ այնքան թանձր երանգներով է գրողը խտացնում իր նպատակը, նաեւ ափսոսանքը՝ իսկ ինչու չկա հիմա, իսկ ինչու չունենալ... Եվ ունենում է՝ «Այդ աղբյուրն ես դու...»։

Զգացմունքայնությունը Դավթյանի պոեզիայի ամենահատկանշական տարրերից է։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ կրում է բազմապիսի հարուստ լիցքեր ու բազմաշեշտ տրամադրություններ։ Հայրենիք, հող, սեր, կարոտ... Այս հասկացությունները, վերաիմաստավորվելով, հարստանալով Դավթյանի գրչի տակ, բացում են նոր հորիզոններ, զգացմունքդ ու հայացքդ, որ շատ կարեւոր է, դարձնում են ավելի տարողունակ...

Ու հերոսի դրաման առնվում է լույսի տակ։ Ինչքան էլ մեծ լինեն կորուստները ու շատ հողի վրա, միեւնույն է, հազարապատիկ սիրելի է հողը, պաշտելի է ավելի։

Դավթյանի լույսը, ինչպես ասում են, հողեղեն է։

Դավթյանի հողն ու լույսը ոգեղեն են։

Ոգեղեն են նաեւ նրա տառապանքն ու բերկրանքը, որոնք տեղ չունեն «վերին ոլորտում», որոնց ոլորտը միայն ու միայն աստղի պես «ցոլցլուն» հողի պես փխրուն հոգին է, մեծ հոգին, «շատ ապրած» հոգին։ Եվ «վերին ոլորտում» էլ պոետն իր ոտքի տակ զգում է մայր հողի ջերմությունը.

Եվ ես մոռացած, թե որքան ցավ ես պատճառել ինձ, հող,
Ու որքան կսկիծ ու որքան ծարավ,
Երազում էի քո անձրեւների լույսը արարող
Եվ քո վիհերի խորհուրդը խավար։

Այս տաղի մեջ, իհարկե, միայն հողին չէ, որ «խոսեցնում» է բանաստեղծը։ Նա ամենից առաջ հայ մարդու կենսագրությունն է պատմում այդ տաղի մեջ, որտեղ պատահական բառեր չեն «ծարավը», «ճաքճքածը», «ցրտահարը», «տոթակեզը», «աստվածը»։

Դավթյանի երգած հողը ներկայացնում է մարդու կենսագրություն, Դավթյանի երգած մարդը հող ու երկիր է ներկայացնում։ Եվ դրա մեջ է բանաստեղծի գեղարվեստական գործերի բարձրարժեքությունը։ Դա «Տաղերի» գաղափարա-գեղարվեստական առանձնահատկություններից մեկն է։

Բանաստեղծը, խոսելով հողի «նախնականության» մասին, կատարում է ավելի մեծ ընդհանրացում, իր ցավից անցնում է համամարդկային հոգսերի, որովհետեւ նրա երգածը այն հողն է, ուր մարդն արդար է արեւի, հողի ու սիրո նման, սերն ու արեգակը աստվածներ են նոր («Տաղ երգի»)։

Ու ինքդ, ինքդ լույսով մաքրվում,
Դառնում սխրություն,
Բարձրանում ասես ու գնում էիր ինքնազոհության...

Բանաստեղծի տաղարանում ընդգրկված են քսանմեկ տաղ, որոնք օրգանապես միահյուսված են իրար, կազմում են մի ամբողջական միասնություն։ Եվ պիտի ասել, որ պայմանական են նրանց անվանումները՝ «Տաղ արյան», «Տաղ անանձնական», «Տաղ կարոտի» եւ այլն։ Պայմանական են, որովհետեւ դրանց ներաշխարհն ու այրումները, արծարծումներն ու աշխարհի բանաստեղծական մեկնաբանությունները բխում են նույն կետից, գնում միահավասար ուժով դեպի նույն հեռուն, յուրաքանչյուրում քայլում են եւ կարոտը, եւ կապույտը, եւ անանձնականությունը, եւ նժույգը, եւ ծննդավայրը, եւ սերը... Մի խոսքով, «Տաղերը» հնչում է որպես մարդկային ամենախոր ու ամենաջերմ մտքերի, խռովքների, հակասությունների ու ներդաշնակությունների, տրամադրությունների ու զգացմունքների համանվագ։

Տաղարանի հիմնական մոտիվներից է սերը, որը կերպարավորվում է անաղարտության, պարզության ու մաքրության, լուսեղենության անխառն գույներով։ Սերը՝ Եվան, որ արարվել է ոչ միայն տղամարդու կողմից, այլեւ... «կողի ցավից»։ Եվ նա «սեր է համակ», դավ կա անգամ նրա գեղեցկության մեջ («Տաղ կնոջ»)։ Սակայն իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, պոետի երգած սերը անկրկնելի է։

Ուշադրություն դարձնենք. «Տաղ կնոջ» եւ «Երկրորդ տաղ կնոջ»։ Ինչ է ուզում ասել պոետը... Առաջինում սերն այնպիսինն է, ինչպիսին նրան ստեղծել է Տերը, երկրորդում կինը տրվել է դարի խելահեղ վազքին ու մոլորությունների մեջ սպանում է իրեն ու ինքը չգիտե։ «Մայթերն ի վար» այդ նրանք են, որ անցնում են «բաց ու մեղսական, շպարի շուքով կանչող, ակնարկող, անդող ու անկայծ...»։ Դա կնոջ կերպարանքով ներկայացող փարիզյան գիշերն է՝ «լանջը բաց» գոհարի, ոսկու, մարջանի շորերով ծածկված...

Կինը՝
Գաղտնիքը,
Կրակե ուրուն,
Կինը՝
Շաղախված լույս ու խորհրդով...
Թե համբուրեիր,
Քեզ թվար պիտի լույս ես համբուրում,
Կամ օրհներգության խոսքեր ես ասում երկյուղած շուրթով։

Սիրո եւ մաքրության կորստի ցավը հասունանում է բանաստեղծության մեջ, տողիցևտող ավելի սրվում։ Դա անարատության, սրբության ճիչն է սթափեցնող, որ չի ուզում մեռած տեսնել «կանացի շիկնանքը», սիրո հավատարմությունն ու գեղեցկությունը, զգացման պարզությունն ու գեղեցկությունը։ Եվ էլ ով, եթե ոչ դարի պոետը չպիտի ազդարարի. «Մարդկություն, ոտի...»։

Նույնիսկ ապակու միջով հոսող նեոնը «չար քմծիծաղ է» թվում բանաստեղծին, «ցուրտ ծիծաղ է նրա դարի դեմքին...»։ Փարիզուհու մեջ մեռնում է կինը, հրաշքը... Եվ դա դարի արատներից է։ Այդ նույն դարի մաքրման համար է, որ բանաստեղծը «ձեռնոց է նետում» ժամանակին...

Իսկ ահա «Տաղ երազի» քերթվածը գալիս, ամբողջականացնում է բանաստեղծի ասելիքը, այստեղ արդեն երեւում է սերն այնպես, ինչպես նրան ուզում է տեսնել բանաստեղծը։ Բանաստեղծը ինքն է արարարում իր սերը, սիրո օրհնանքների ու «անանձնական բարությամբ օծում, բարենորոգելով «մոլորակն այս հին»։ Եվայից առնում է նրա հողեղեն բույրը, խառնում Լիլիթի «խուսափող հրին ու հեւքին վայրի» ու ստեղծում է «ուրիշ, մի այլ կին...»։ Ու այնպես գեղեցիկ է այդ արարման պահը. «Արարում էի ինքս ինձ համար, հավատը այրում անկեզ մորենու ցոլցլուն բոցով...»։ Ի դեպ, նշենք, որ «անկեզ մորենի» բառերով ստեղծված այս պատկերը ոչ միայն կրկնում է բանաստեղծի համանուն գրքի առանձին մտքեր ու տրամադրություններ, այս անգամ «ներկայանում է» պոետի հոգու նոր ծալքերի բացումով, սրտեր ջերմացնում «ցոլցլուն բոցի» հրով։

«Անկեզ մորենին», ինչպես գիտենք, գալիս է դեռեւս Մովսես Խորենացուց։ Սակայն Դավթյանը այնպես վարպետորեն է այն շաղախում իր սեփական քուրայում, իր շնչի մեջ, որ պատկերային համակարգը նոր իմաստ է ձեռք բերում՝ ավելի ընդհանրական ու լայն։ Պատկերը, տրամաբանորեն, դառնում է մերդարյա, դառնում է Դավթյանական, ինչպես «լույս զվարթը»` Սեւակի մոտ, ինչպես միջնադարյանը՝ Չարենցի ու Իսահակյանի շատևշատ գործերում... Ահա թե այն ինչպես է հնչում Խորենացու մոտ.

Անկէզ մորենի եւ սերովբէ հողեղէն, սուրբ կոյս, քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ, Զքեզ բարեբանեմք, աստուածածին եւ կոյս։

Սա, անշուշտ, խոսում է Դավթյանի պոեզիայի մեջ նորի եւ ավանդականի գեղեցիկ համադրության մասին։ Հետեւապես, անդրադառնալով մեր մտքին, ասենք, որ նա պետք է ունենար (եւ ունեցավ) սիրո իր՝ դավթյանական պատկերացումները։ «Պատկերացում» բառը տվյալ դեպքում նեղ է։ Նա ունեցավ իր ըմբռնումը, իրենը, ինքնատիպը, որը անկրկնելի է, ինչպես ներշնչումը։

Իր սիրերգությամբ էլ Դավթյանը առանձնանում է սերնդակիցների մեջ (Սահյան, Կապուտիկյան, Հավհաննիսյան եւ մյուսներ)։ Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Դավթյանը, զարգացնելով (Քուչակի, ՍայաթևՆովայի, Իսահակյանի) բանաստեղծական ավանդները, ստեղծեց իր սերը։ Դա Դավթյանի բանաստեղծական անհատականության բնորոշ գծերից մեկն է։ Սիրերգություն՝ նոր ձեւով, նոր մտածողությամբ ու արվեստով։ Եվ իզուր չէ, որ նա բանաստեղծի ճակատագիր է դնում ձնծաղկի մեջ («Տաղ ձնծաղկի»), որը մենակ կանգնում է աշխարհի դեմ՝ «փխրուն, արցունքոտ ու ճառագայթող» դիմավորում «ցուրտ հողմերը», քայլում ձյուների միջով, մինչեւ գալիս են նրա հետքերով մանուշակները, վարդերը, բոլորը... Իսկ ինքը՝ ձնծաղիկը, նահատակվում է գարնան ճանապարհին, մարտիրոսվում...

Բնության, սիրո, կարոտի զգացումների գեղեցկությունն առավել պերճաշուք ընդհանրացումներով է մեզ ներկայացնում բանաստեղծն իր «Տաղ անծանոթուհու», «Տաղ սպասման», «Տաղ ճանապարհի», «Տաղ կրակի», «Տաղ ծառի», «Տաղ արյան» եւ «Տաղ ժամանակի» քերթվածներում, որտեղ, ինչպես ամբողջ շարքում, բարձրի, մարդկայինի ու բարու պանծացումն ընթանում է լուսերգությամբ։ Այս տաղերին, սակայն, ինչպես կատարման, այնպես էլ ասելիքի առումով, բավականին զիջում է «Տաղ ժամանակի» բանաստեղծությունը, ուր պոետական խոսքը խորության չի հասցված, նկատելի է զգացման մակերեսայնությունը։

Տաղերի մեջ բանաստեղծը հայացք է նետում անցյալին, ապա նայում ապագային։ Այդպես է ներկայացնում նա երգերի հերոսի ներկան։ Ինչպես ասում են, գալիքն ավելի պարզ տեսնելու համար պետք է անցյալին դիմել։ Եվ Վահագն Դավթյանը, որի գրչի տակ հայոց պատմության բազումևբազում դրվագներ գեղարվեստական մարմնավորում եմ ստացել, ճշգրիտ նայել ու անսխալ տեսնել գիտե։

Սպասումը գեղեցկանում է («Տաղ սպասման») հավատի խորությամբ։ Տաղարանի ամենաչքնաղ բռնկումներից է «Տաղ արյան» գործը, որտեղ բանաստեղծի խոստովանանքը կատարվում է նախնական անաղարտությամբ ու անկեղծությամբ.

Եթե հրաշքով հյուլեիդ կարմիր գաղտնիքը բացվի,
Նրա մեջ պիտի բարբարոս թախիծն ու կարոտը լա,
Ու շողա պիտի սկիզբը կայծի,
Առասպելների լույսը ցոլցլա։

Բարբարոս թախիծ... Շատ լավ է ասված, ասված է ըստ էության։ Ապա գալիս, լրացնում են բանաստեղծության տողերը։ Ահա թե ինչպես է բանաստեղծի աչքերով «դիտարկվում» արյունը, որ մարմնի մեջ «փակված արշալույս է»։

Դու՝ զարմանալի,
Դու տառապանքը իմ սիրտը մղում,
Արտամղում ես մի թեթեւություն, որ կոչվում է հույս...

Հույսը հավասարազոր է հանդես գալիս լույսի հետ, այն ավելի է խտացնում բանաստեղծի կարոտը։ Պոետը հավատում է ճշմարտության ու արդարության վերջնական հաղթանակին, երբ «հովատակն առանց լկամների անթամբ, անսանձ» կսուրա սիրած լեռներում։ Եվ այդ հավատը նրա արյան մեջ է, արյուն, որ նախ նրա «գիշերային անքնության տվայտանքն է մեծ» ապա եւ «արշալույսի բերկրությունը զով»։

Ես տեսնում էի կապույտ գետերի երակները ձիգ,
Որ մոր ձեռքերի երակներ էին մաքուր ու մաշված...
                                                                                 («Տաղ հողի»)

Վահագն Դավթյանի տաղերում կա մի լուսավոր թրթիռ, որը եւ տաղերին անմիջականություն է հաղորդում խոսքի։ Ահա մի պատկեր. «Գարնան օրն ասես դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր բաց...»։ Այսպես, մի փոքրիկ պատկերի մեջ բանաստեղծը ցույց է տալիս հոգեկան անհուն ապրումները, որոնցով եւ պայմանավորվում է օրվա նմանությունը «անձրեւի վերջին արտասուքի» հետ։

Կառուցվածքով, իր բանաստեղծական ճարտարապետությամբ, խոսքի ներքին դինամիզմով ու գեղարվեստականությամբ «Տաղերում» առանձնանում է «Տաղ հայրենի տան» գործը, որը եւ, կարելի է համարել Վահագն Դավթյանի այդ թեմայով գրված բոլոր գործերի պսակը։ Ինչու բանաստեղծն այդ քերթվածի մեջ, ավելի շատ հարազատ մնալով ինքն իրեն, այսինքն՝ հեռու մնալով առարկայական նկարագրություններից, կարողացել է խոսքի մեջ ապահովել տրամաբանական տրամադրությունը եւ տրամադրական տրամաբանությունը, ինչպես կասեր Սեւակը։ Այս բանաստեղծության մեջ կա մի առնական զգացմունքայնություն, որը, ներդաշնակվելով պատկերների ընդհանուր համակարգին ու խոսքի նպատակասլացությանը, դառնում է ոգու ամրության ու աննկունության ընդգծում։ Ուրիշ է հայրենի տան կանչը.

Կանչում է նա ինձ...
Իր մաշված դռան տխուր ճռինչով,
Որ հեռվից-հեռու ասես երգում է
«Առավոտ լուսո»,
Կանչում է նա ինձ...

Հայրենի տան կանչը... Երբ մարդ չի զգում, չի լսում այդ կանչը, ուրեմն՝ մեռած է։ Եվ այստեղ էլ դարձյալ հայտնվում է բանաստեղծի կարոտի հավքը, որը տաղարանում արդեն բավականին խտացված կերպար է դարձել։ Հավքը այս անգամ նաեւ գիշերն է «տխուր ճախրում» տան վրա։ Դա այն տունն է, որի «կավե կտուրից» է տեսել նա, թե «աստղը ինչպես է սրբում իր արտասուքը», տեսել է «արցունքի միջից մայրական դեմքի ցոլանքը»։ Ի դեպ, տաղարանում բանաստեղծը երկուևերեք անգամ ակնարկում է մոր մասին։ Բայց դա էլ բավական է, որ մոր կերպարը մեզ ներկայանա ամբողջական գույներով. մեկ նա գետերն է համեմատում մոր ձեռքի երակների հետ, մեկ «մայրական դեմքի ցոլանքն» է տեսնում... «արցունքի միջից»։ Դավթյանի պատկերները ստեղծվում են ոչ թե արտաքին նմանությունների հենքի վրա, այլ էական բնույթ են կրում դրանք։ Եվ պատահական չէ, որ կորսված ծննդավայրն այսօր բանաստեղծը տեսնում է մոր արցունքի միջից։ Բանաստեղծի կարոտը շիկանում է։ Եվ ահա նարեկյան ընդվզումը. «Հասկացիր, Աստված, Կանչում է նա ինձ...»։ Բայց եւ այնպես, նա չի հապաղում գալ եզրահանգման.

Եվ սակայն ինչպե՞ս հասկանաս,
Աստված,
Երբ ոչ մայր ունես,
Ոչ հայրենի տուն,
Ոչ ծննդավայր...

Տան կանչը ավելի կենդանի մարմնավորում է ստանում հաջորդ տաղի մեջ («Տաղ անձնական»), որտեղ բանաստեղծին թվում է, թե կարոտի այդ աշխարհում «մի ոսկեւորիկ ճրագ են վառել» եւ սպասում են իրեն։ Եվ, արդյոք, հոգեկան այս տվայտանքներից ու «անկեզ մորենու» այրումների՞ց չէ, որ «խիղճ» բառը բանաստեղծի գրչի տակ իր վրա է առնում «ցավոտ», «թեթեւ», «ծանր» գույները, որ «փոքրիկ հողը» բնակեցվում է պոետի սրտի «այն խորշում, ուր բնակվում են երդումն ու ցավը»։

Բանաստեղծի ներկապնակի գույները շատ են ու բազմազան։ Նա հիմնական «շինանյութերից», որոնք կազմում եմ տաղարանի առանցքը, կարողանում է ստեղծել նոր համադրություններ, գեղարվեստական նոր որակներ։ Հայրենասիրությունը, սերն ու կարոտը նա այնպիսի վարպետությամբ է տարրալուծում իր հոգում, որ ստանում է դրանք հաստատող ու ավելի ընդգծող այլ գույներ, պատկերներ։

Դավթյանը պարզապես արարում է։

Եթե նա «անկեզ մորենին» հալելևձուլել է իր քերթվածների կոփվածքի մեջ, ապա «Առավոտ լուսո» տողը թողել է շնորհալիական հնչողության սահմաններում.

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագէա։

Բանաստեղծն, անշուշտ, ունի իր սիրած շինանյութ բառերը, որոնցից նա օգտվում է նրբորեն։ Դրանցից են նախնական թախծություն, աստղ, առեղծված, առավոտ, երազ, կարոտ, լույս եւ ուրիշ շատ ու շատ բառեր, որոնք պոետի ձեռքով «կաթեցվում» են երգերի մեջ, ամեն անգամ հանդես գալով նոր իմաստով։ Օրինակ. «լույս» բառը միայն տաղարանում բանաստեղծն օգտագործել է երեսունից ավելի անգամ, միշտ էլ սակայն այն հնչում է նորովի, հանդես գալով միանգամայն պատկերային նոր համաձուլվածքում, իր մեջ առնելով թարմ զգացողություններ ու իմաստներ։ Ահա. «Թախիծը հանկարծ փոխում են լույսի», «Քո սիրո լույսն է իր քնքուշ դողով», «Առեղծվածներիդ լույսը վրդովիչ», «Քայլիդ տակ իմ հիացումի լույսը տանջելով», «Ալեբախումը լույսի ու մութի», «Խտանում է լույսն ու մեղրը վայրի», «Առասպելների լույսը ցոլցլա», «Թուխ ծոցիկդ է լույսի դեմ բացել»... Եվ ճիշտ է նկատել գրականագետ Հ. Գալստյանը, որ լույսն այստեղ ամենից ընդհանրական խորհրդանիշ է դառնում։

Ինչ խոսք, Դավթյանի մտածողությունից էլ բխում են նրա ոճի գեղագիտության առանձնահատկությունները, կառուցվածքային, տաղաչափական բոլոր այն ինքնատիպ ձեւերը, որոնք կիրառվել են «Տաղերում»։

Խոսելով բանաստեղծի պոեզիայի մասին, գրականագետ Դավիթ Գասպարյանը «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» գրքում նշել է, որ Դավթյանի ստեղծագործության մեջ տարբեր երակներ գալիս, խառնվում են իրար, նոր ու թարմ ձայները համադրվում վաղջնական առասպելների ու սյուժեների հետ, արդիական արտահայտչաձեւերը զուգակցվում հինավուրց ոճերի ու պատումների նրբերանգներին եւ ստեղծում ինքնատիպ պոեզիա, որը հարուստ է գրավիչ էջերով ու ինքնատիպ տաղաչափությամբ։

Դավթյանը ինքնատիպորեն է յուրացնում ժողովրդական բանահյուսության եւ միջնադարյան մեր «հանճարեղ ճորտերի» պոետական ավանդները։ Դա, իհարկե, ավելի է ընդգծում նրա անհատականությունը, նրան ներկայացնում «իբրեւ կրակի մաքուր մարգարե»։ Բերենք բազում օրինակներից միայն երկուսը՝ հեթանոսական շրջանի երգերից.

Ո տայր ինձը զծուխը ծխանի
Եւ զառաւօտըն Նաւասարդի,
Զվազելըն եղանց եւ ըզվարգելն եղջերուաց.
Մենք փող հարուաք եւ թըմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։

Կամ՝

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւըն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանըն՝
Եւ անցեալ որպէս զարծուի սըրաթեւ ընդ գետըն
Եւ ձըգեալ զոսկէօղ շիկափոկ պարանըն
Ընկեց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց ըզմեջք փափուկ օրիորդին,
Արագ հասուացանելով ի բանակն իւր։

Ահա այս տողերի ոճն է կիրառել Դավթյանը իր ստեղծագործությունների մեծ մասում, ամենից առաջ՝ պոեմներում եւ «Տաղերի» մեջ։ եվ այդ անվերջ կրկնվող «Եւ»ևը, որ ստեղծագործության ճարտարապետության մեջ ասես տանողևբարձրացնող աստիճանաքարի դեր է տանում միաժամանակ, իր առավելությունն անգերազանցելի ձեւով է կատարում Դավթյանի գրչի տակ` ետեւից բերելով մտքերի, զգացումների ու տրամադրությունների անկանգ, անընդհատ զարգացման մեջ գտնվող գույները։ Ու ամեն անգամ այդ «մի հատիկ» բառը մեզ բացվում է նոր կողմից։ Ահա.

Եվ օրորվում են, տարուբերվում են պարտեզներ կախված,
Եվ օրորվում են, տարուբերվում են թափանցիկ զանգեր,
Եվ վար է հոսում երկինքն անհունի խորհրդով շաղված,
Եվ վար են հոսում ջինջ երազանքներ։
                                                                                  («Տաղ ամպրոպի»)

Լեզուն, ինչպես Չեխովն է նկատել, պետք է լինի մատընտիր։ Այս սկզբունքին էր դավանում Ավ. Իսահակյանը։ Իսկ ինչ վերաբերում է Վահագն Դավթյանին, ապա նա ալքիմիկոսի բծախնդրությամբ է օգտվում մայրենի լեզվի ընձեռած հարուստ հնարավորություններից։

Արվեստի կենսունակության նախապայմաններից է անհատականի ըմբռնումը՝ սեփական աշխարհընկալումների միջոցով։ Իսկ դա տանում է, անշուշտ, դեպի լեզվաշինություն։ Ժամանակակից պոեզիայում Վ. Դավթյանը, Սեւակից հետո, բոլորից շատ է զբաղվում լեզվաշինությամբ։ Տվյալ դեպքում ճիշտ չնշվեց «զբաղվելը»։ Նրա համար դա ոչ միայն զբաղմունքի հարց է, այլ ստեղծագործական ոգեշնչում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Դավթյանը ոչ մի եզրում արվեստը չի մոտեցնում արհեստին։ Արհեստավորությունը պոեզիան զրկում է կենսունակությունից։ Պոետի մտածումները հիմնականում ակունքվում են պատմահասարակական այն իրադարձություններից, որոնք, միահյուսվելով մի ընդհանուր կենսագրական դաշնության մեջ, դառնում են բնորոշ՝ ժողովրդի ու ժամանակի համար։ Բայց քանի որ բանաստեղծն ունի իր յուրահատուկ տեսողությունն ու դիտողությունը, նա պոեզիա է բերում մինչեւ այդ «չհայտնաբերված», հետեւապես եւ՝ անուն չունեցող գույներ։ «Անվանակոչությունը» գալիս է զգացումի, բառի, տրամադրության, արտահայտվող գաղափարների թարմ նորությունից։ Դավթյանի մոտ կատարվում է բանաստեղծական այն հրաշքը, որը, հիրավի, անվանվում է «աստվածային»։

Բանաստեղծական այն ոճը, որը հատուկ է Դավթյանին, «Ծուխ ծխանի» գրքում ընդարձակել է իր հնարավորությունների սահմանները։ Եվ պիտի ասել, որ բանաստեղծի լեզվական ճոխությունը, որը մշտապես հենված է ժողովրդական բառ ու բանի վրա, նրան հսկայական հնարավորություններ է ընձեռում կերպարներն անհատականացնելու, ասելիքն ավելի համոզիչ դարձնելու գործում։ Այստեղ է, որ պոետի բառը բերում է ոչ միայն միտք ու զգացմունք, այլ նաեւ կերպար, բնավորություն։ Իսկ Վահագն Դավթյանը մեր այն բանաստեղծներից է, որոնք աչքի են ընկնում բառագունային դիպուկ դիտողականությամբ։ Ու պատահական չէ միանգամայն, երբ բանաստեղծը կիրառում է այն բառերը, որոնք «երակների թախիծը» կարող են «փոխել լույսի», մարդուն դարձնել «Այնքան համասփյուռ ու անանձնական, որքան աստղալույսն ու որքան քամին, որքան անձրեւը ու որքան քարը»։ Նա ընթերցողի առաջ բացում է հայոց արծվենի լեզվի հարստությունները։ Ոչ միայն բացում։ Այն ավելի է հարստացնում։

Խոսելով գրողի, լեզվի, խոսքի, ոճի, հայրենի անսպառ հարստությունների ու ճկունության մասին, ակադեմիկոս Գ. Ջահուկյանը խիստ կարեւոր ու ճշմարիտ եզրահանգումներ է անում. «...հայերենն աչքի է ընկնում բառակազմական հարուստ հնարավորություններով, ճկունությամբ։ Ամենից առաջ հայերենն ունի բառաբարդման գրեթե անսահմանափակ հնարավորություններ։ Այսպես, օրինակ, սեմական լեզուները բառաբարդման հնարավորություն ընդհանրապես չունեն, թուրքական լեզուներն ունեն սակավ չափով։ Եթե նկատի ունենանք, որ դեռեւս Արիստոտելի ժամանակներից ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ բարդ բառերը բանաստեղծական, ընդհանրապես գեղարվեստական լայն հնարավորություններ են տալիս, ապա պարզ կլինի հայերենի կարողությունը գեղարվեստական խոսքի համար։ Կարող ենք ստեղծել այնպիսի բառեր, որոնք այլ լեզուներով երբեմն անթարգմանելի են (արեւահամ, արեւավառ, արեւադեմ եւ այլն)։ Նշենք սակայն, որ հայերենի բառաբարդման հնարավորությունները երբեմն չարաշահվում են, ստեղծվում են բազմաբաղադրիչ այնպիսի բառեր, որոնք ե՛ւ հնչյունական կազմով, ե՛ւ հասկանալիությամբ ծանր են»։ Հենց Ջահուկյանի նշած «բառաբարդման» ու բարբառների լեզվական հարուստ բառապաշարներից օգտվելու ասպարեզում էլ իր սերնդակիցների մեջ իր ուրույն տեղն ունի Վահագն Դավթյանը։

Վահագն Դավթյանը իմաստային նոր որակներ է ստեղծում բառաբարդումների ճանապարհով։ Մայրագութ, ոսկեբանված, խայտակն, պղնձաջիդ, երկաթաջիղ, պղնձաձայն, միջամուխ, հայրենահամ, կորովատեսք, թանձրածալ, օձաշապիկ, քաջաձի, եռասլաց, աստղահամ, բոցագանգուր, ձենձենոց, ահիպարան, սպառնաձայն, վեհատես, օձաճապուկ, ծիրանածիր, ծալվեծալ, եղեգնամեջք... Նման բառերի հարուստ պաշար ունեն Դավթյանի ոչ միայն պոեմները։ Խոսքի արտահայտման մեթոդով եւս Դավթյանը հարազատ ու մոտ է Նարեկացուն։ Այստեղ մենք նկատի ունենք հատկապես բառերի բազմածալության ու բազմիմաստության հանդեպ ունեցած նախասիրությունը, մտքի ու զգացումի միաձույլ արտահայտչականությունը, մեղեդայնությունը։ Ահա.

Ձայնը ասես տավիղի ձայն է քնքշաթով...
Քաղցրանվագ, աստվածային, շարժվարժենի...
Ծաղիկ ծոցով կույսն այդ ծովաչ
Ծաղկանց ծավի ու ծիրանի
Ծովերի մեջ պսակ հյուսում
Ու ճեմում է թեթեւաքայլ։

Նարեկացու հետ ունեցած ներքին հոգեհարազատությունը այսպես է բացատրում Հ. Գալստյանը. «Օգտագործելով նարեկյան ոճի առանձին արտահայտություններ, պատկերներ եւ նույնիսկ բառաստեղծումներ («քաղցրանվագ», «շարժվարժենի»), Դավթյանը փորձում է վերստեղծել ժամանակի՝ հավաստիություն ներշնչող բանաստեղծական նոր պատկերներ։ Դիմելով նարեկյան տաղի ոճավորմանը, մերօրյա բանաստեղծը վերապրում է միջնադարյան հոգեւոր բանաստեղծության իրական ծննդի պատրանքը։ Բայց դա պասիվ վերապրում չէ։ Դավթյանի բանաստեղծական անհատականությունը չի աղոտանում, այլ միայն մոտենում է հնագույն տաղին։ Եվ իր ոճավորումով նա վերաբերմունք է արտահայտում Նարեկացու՝ որպես միջնադարյան տվյալ ժամանակաշրջանի ամենամեծ երեւույթի նկատմամբ»։

Տիրայրի տաղը («Թոնդրակեցիներ» պոեմում), ըստ էության, հանդիսացավ այն առաջին ծիծեռնակը, որ հետագայում պետք է բերեր տաղերի մի ամբողջ երամ։ Հենց այդտեղ Դավթյան բանաստեղծի հոգում իրենց ծլունակությունը դրսեւորեցին այն բարի հունդերը, որոնցով գեղեցկացավ պոետական հողը։

Դավթյանի հողը։

Քաջատեղյակ լինելով միջնադարյան մեր հարուստ պոեզիայի անսպառ գանձերին, Դավթյանը իր ստեղծագործության մեջ ոչ միայն մոտեցավ նրանց, դա իր հերթին, այլեւ դրանք միջոց դարձրեց ավելի անսխալորեն տեսնելու պոեզիայի հավիտենականության ու անմահության արմատները ժողովրդական մտածողության խորքերում։ Եվ որտեղ բանաստեղծը երգում է ժողովրդի հոգուց, սրտից, այնտեղ նրա ձայնը ավելի անկեղծ ու անմիջական է, ավելի համոզիչ ու հարուստ։ Իսկ Դավթյանի ամբողջ ստեղծագործությունը ժողովրդի հոգու թարգմանականն է։ Ժողովրդական կնիքն է կրում եւ պոետի ոճը։

Մեր այսօրվա գրականության մեջ, մանավանդ՝ երիտասարդականում, քիչ չեն ճիգերը սեփական ոճ ստեղծելու ուղղությամբ։ Դա միանգամայն անընդունելի եւ մերժելի է, երբ մեխանիկական բնույթ է ստանում։ Նման ճիգերը ի չիք են դառնում հենց ինքըստինքյան, որովհետեւ ոճը, ինչպես ասում են, դա հենց մտածողությունն է։ Իսկ մտածողության մեջ մտցնել արհեստականորեն այս կամ այն (իբրեւ՝ բնորոշ) տարրերը, նշանակում է խաթարել մտածողությունը։ Եվ ճիշտ է նկատված, որ «Ոճավորումը ոչնչացնում է ոճը» (Հ. Գալստյան)։ Հետեւապես, ոճավորման ճիգերը, ինքըստինքյան, խոսում են կանխամտածված միջամտության (եւ այն էլ՝ դժվար) մասին, հետեւապես ստեղծագործությանը ներարկում են արհեստականություն։ Ոճը պետք է թելադրվի բովանդակությունից։

Կա այսպիսի մի ճշմարտություն, երբ ոճը նոր չէ, բառերն էլ մաշված ու հնաբույր են լինում։ Եվ հակառակը՝ նոր ոճը տանում է դեպի բառաստեղծումներ։ Դավթյանի մոտ այսպիսի բնական ծնունդ ունեն բոլոր այն բառերը, որոնք ունենում են ոչ միայն խորը միտք ու զգացմունք, այլ իրենց հետ բերում են եւ հոգեբանական նկարագիր։

Այո, ուրիշ է Դավթյանի բառը։ Դա այն բառն է

Որ թղթի ճերմակ թախծության միջով
Գնում է որպես ծարավից այրվող անապատական
Եվ որոնում է կարկաչը ջրի։
Եվ որոնում է հեռաստանների թրթիռը կանաչ։

Առաջին տողում բանաստեղծը օգտագործել է թախծության բառը, որը նոր որակ ու իմաստ է ներկայացնում այստեղ։ Դա, իհարկե, ամենեւին էլ թախիծը չէ նույն կամ տխրությունը, որոնց գունային անդրադարձումներին վաղուց են ծանոթ մեր աչքերն ու հոգիները։ Բառը տվյալ դեպքում ինքն իրենից բարձրացել է, ճկվել է ավելի գեղեցիկ ձեւով, ինչպես ուրիշ շատ ու շատ բառեր բանաստեղծի լեզվի վրա. բերկրություն, օրինակ, ինքնազոհություն։ Իսկ ինչու անպայման՝ թախծություն, ոչ տխրություն, չէ որ այս վերջին բառը ավելի գործածական է ու ընդհանրական, քան առաջինը, չէ որ տխրությունը ավելի լայն տարողունակություն ունի, քան թախծությունը։ Պատասխանի համար ճշգրտենք. բանաստեղծը թախիծ բառը թախծություն է դարձրել ոչ թե միտումնավորությամբ, այլ ներքին մղումով, դա բխել է նրա մտածողությունից ու ասելիքից։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ տխրությունը «Ճերմակ թղթի» համար կլիներ անհամոզչականորեն թանձր, ոչ բնական, ոչ կոնկրետ զգացումի կերպարով։ Մանավանդ՝ հաջորդ տողում «թախծության միջոցով» անցնող բառը արդեն դառնում է «ծարավից այրվող անապատական», որը փնտրում է ոչ թե ջուր, այլ ջրի կարկաչ, ոչ թե կանաչություն, այլ «հեռաստանների թրթիռը կանաչ»։ Եվ հենց այստեղ է, որ բանաստեղծի անապատական բառը ձեռք է բերում հոգեբանական իր ուրույն պատկերը։ Բառը արդեն հանդես է գալիս որպես քնարական հերոս, որպես պայքարի մարտիկ, որոնման մարտիկ։ Իսկ երբ արդեն ասվում է, թե նա ինչ է որոնում, տեսանելի է դառնում եւ նրա բնավորությունը։ Բառի բնավորությունը։ Ուրվագծվում է բառի հոգեբանական կերպարը, որտեղ դարձյալ եւ նորից մարդն է, անհատականացված բնավորությունը։ Այս առումով խիստ բնութագրական է բանաստեղծի օգտագործած մի ուրիշ բառ՝ սխրություն։ Այսպես.

Եվ արթնանում է
Մի զարմանալի, մաքուր տխրություն,
Եվ տխրության մեջ
Զիլ զնգում էր փառքը գոյության,
Ու ինքդ, ինքդ լույսով մաքրվում,
Դառնում սխրություն,
Բարձրանում ասես
Ու գնում էիր ինքնազոհության...

Այս գործում Դավթյանը, արդյո՞ք, դիտավորյալ խուսափել է թախծության կրկնությունից, կիրառելով տխրությունը։ Ամենեւին էլ՝ ոչ։ Մեր լեզուն, որ չարենցյան ճշգրիտ բնորոշմամբ, «Ճկուն է ու բարբարոս», ունի բառերի ըտրության անսպառ հնարավորություններ։ Թախծության մեջ փառքը զիլ զնգացող չէր կարող լինել, ընդամենը կզնգար նվազաձայն, դրա համար էլ կիրառվել է տխրություն բառը։ Յուրաքանչյուր բառ տարողունակ է իր տեղում։ Դավթյանի հերոսը մաքրվում է լույսով եւ դառնում... Տխրությունից բացի ինչ էլ որ դառնար, կլիներ անհավանական։ Ոչ միայն տողը, այլ բանաստեղծությունն էլ շնչահատ կլիներ վերջնագծին հասնելու պահին։ Սխրությունը իր վրա է վերցնում ինչպես իր իսկ հարուստ «բեռը», այնպես էլ բանաստեղծության ամբողջ ասելիքը։ Արդյոք, իմաստն ու զգացումը, պատկերային համակարգը չէի՞ն տուժի, եթե սխրության փոխարեն լիներ, ասենք, սխրանք։

Կխամրեին գույները։

Գտնված բառերին տալով ություն վերջավորությունը, բանաստեղծը համապատասխանորեն բերած զգացումի ու մտքի խորության մեջ, հարկավոր ձեւով, դոզավորում, չափավորում է բառը։

Մի քանի բառով Վահագն Դավթյանը ցույց է տալիս ոչ միայն մարդուն, այլ նաեւ դարը, ժամանակաշրջանին հատուկ հոգեբանական համայնապատկերը։ Նա գտնում է, որ 20-րդ ահեղ դարում, երբ ամեն ինչ իր վրա է կրում ատոմային դրոշմը, խիստ կարեւոր է չկորցնել խոտով, անձրեւով, ճառագայթով զարմանալու հատկանիշը։ Մարդուն մարդ պահող հատկանիշը։ Իսկ երբ արդեն խաթարվում են «մարդուն մարդ դարձնող» այդ կարեւոր նախապայմանները, բանաստեղծի ձայնը դառնում է ցասումնալից։ Նա, հավատալով մարդու մեջ ընդվզման ու հաշտության, ցասումով ու քնքշության զուգորդությանը, հաղթանակը տալիս է բարությանը, լույսին. «Եվ կայծակիդ մեջ քո սիրո լույսն է իր քնքուշ դողով»։

Բառարվեստի մեծ մշակ է Դավթյանը։

Նա հմտորեն օգտվում է նաեւ մի քանի բառեր իմաստային մեկ միավորի մեջ ներկայացնելու լեզվաշինական մեթոդից։ Մեթոդ, որն ամենից շատ կիրառեց մեր նորօրյա պոեզիայում Պարույր Սեւակը, հավաստելով մեկ անգամ եւս, որ ճշմարիտ բանաստեղծները չեն կարող չլինել նաեւ լեզվաշինարարներ։

Այնտեղ, ուր նոր բառի ծննդի համար չի բողբոջում միտքը, թարմություն չի կարող լինել։ Լեզվաշինության Դավթյանի մեթոդներն ու ձեւերը բազմազան են ու բազմապիսի.

Սլանում ես դու հեռու լեռների կանաչ երիզով,
Ուր արշալույսը շող ու շաղով է սեզերը օծել,
Քո աչքերի մեջ այդ արշալույսի տխրությունն է զով,
Կոպերիդ վրա՝ հալհլող, մարողևբռնկող բոցեր։

Հալհլող, մարող, բռնկող բառերով ստեղծվել է մեկ բառամիավոր, որը իմաստային բազմաշերտայնության մեջ հնչում է նորովի։ Այդ երեք բառերն արտահայտում են նաեւ ընթացք, արագություն, թռիչք։ Մտածողություն, որն, անշուշտ, 20-րդ դարի համար հատկանշական է։ Բառաստեղծումները բավականին նպաստում են նաեւ տողերի հանգավորմանը, մի հանգամանք, որը մեծապես անդրադառնում է ստեղծագործությունների ռիթմին ու երաժշտականությանը։ Հանգաբառը այստեղ ոչ միայն դառնում է ցցուն ու մերկապարանոց, այլ ներդաշնակում է մտքի, զգացման ու հնչյունականության միաձուլվածքը։ Ահա.

Այնտեղ՝
Քարափի պղնձե շուրթին
Մի վանք կար ավեր,
Ու վանքից ներքեւ մի հովիտ կար տաք,
Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ
Լուռ արածում էր մի ալ հովատակ։

Այստեղ երրորդ տողը հանգավորված է հինգերորդի հետ, չորրորդը՝ վեցերորդի հետ։ Կամ՝ նույն տաղի առաջին յոթնյակում. երկրորդ տողը վերջանում է թացևով, նախավերջինը՝ դարձևով, չորրորդը՝ ջինջևով, վերջինը՝ ոչինչևով։ Սակայն երաժշտություն ստեղծողը այդ հանգերը չեն, նրանցով չէ, որ պահպանվում է տողերի ներդաշնակությունը։ Կա ներքին հնչյունահանգավորում, եթե կարելի է այսպես ասել, որը նպաստում է մտքի ու զգացումի արտահայտչականությանը։ Հաճախակի կրկնվող տողերն էլ իրենց հերթին ստեղծում են ռիթմ, որը եւ ավելի ամբողջական է դարձնում ստեղծագործության ընկալումը։

Մի հանգամանք եւս. ինչպես տեսնում ենք, վերեւում բերած մեր օրինակում («Տաղ կարոտի») ընդամենը վեց տողի մեջ բանաստեղծը ներկայացնում է մի ամբողջական պատկեր, քարափի պղնձե շուրթին՝ ավեր վանք, վանքից ներքեւ՝ տաք հովիտ, հովտում՝ ալ հովատակ... Եվ եզրահանգումի մեջ ասում է.

Այդ հովիտն ես դու,
Այդ հովատակը։

Ամեն բառ, Դավթյանի մոտ, ունի իր հոգեբանական կենսագրությունը, տաք հովիտ, ալ հովատակ, ավեր վանք... Ընթերցում ես՝ այնտեղ, քարափի պղնձե շուրթին մի վանք կար ավեր։ Առաջին իսկ հայացքից կարծես վանքն ու քարափը ոչ մի առնչություն չունեն այն հովտի ու հովատակի հետ, որոնց ուզում է ցույց տալ բանաստեղծը։ Բայց «գաղտնիքը» պարզվում է Դավթյանի վերջնական ասելիքում. «Վերեւում թափառող ամենամաքուր երազը առել, փշրել էր Աստված ու Վար էր թափում իբրեւ լույսի մի ձյուն»։ Եվ դրանից առաջ՝ ավեր վանք։ Ավեր բառը հնչում է որպես մի ամբողջական ռեքվիեմ։ Երբ վանքն է ավերված, նշանակում է ավերվել են ոչ միայն շենքեր ու քաղաքներ, ոչ միայն տներ ու երազանքներ, այլ նաեւ հավատ ավերելու փորձեր են արվել։ Չարը ձգտել է մարդու մեջ սպանել մարդկայինը։ Այստեղից էլ՝ լցված հոգու «խոստովանելու» տաք ցանկությունը։

Դավթյանի սրտից ծնված բառերը օժտված են պոետական ու հոգեբանական լավատեսական լուսավորությամբ։ Այդ ավերի ու փշրված երազների մեջ էլ հառնում է սիրո, երջանկության, հարատեւության ծաղիկը՝ կյանքի կենսունակության խորհրդանիշը։ Իր թախիծը «մեն մենակ աղող» ջրաղացից նա հասնում է մինչեւ աղբյուրն այն, որից

Դու կարող էիր ծնկաչոք իջած,
Մաքրություն,
Կապույտ
Ու լույս հավաքել։
Այդ աղբյուրն ես դու։

Հիրավի, լավ նժույգի պես գեղեցիկ է Դավթյանի բառը։

Բառիմաստային գունավորումներից ու դրանց անդրադարձումներից, ինչպես արդեն նշել ենք նախորդ էջերում, վարպետորեն է օգտվում Դավթյանը։ Նրա «չէր» բառը կարող է ցույց տալ ոչ միայն անցյալը (ժամանակի առումով), այլ նաեւ անցյալով ու ապագայով հագեցած ներկան։ Մեր մեջբերման առաջին տողում («Դու կարող էիր ծնկաչոք իջած») միտքն ու զգացումը խորացնում է «ծնկաչոք» բառը։ Քնարական հերոսի հոգեբանական նկարագիրն է ներկայացնում նրա ազնիվ անաղարտությունը, մաքրության հանդեպ ունեցած խորը հավատն ու ակնածանքը, լույսի առաջ խոնարհվելու պատրաստականությունը։ Չէ որ միայն այդպիսի հոգու տեր մարդը կարող է «ծնկաչոք իջնել» մաքրություն` կարոտ ու լույս հավաքելու համար։ Մանավանդ, որ այդ մաքրությունը, կարոտը, լույսը հանդես են գալիս որպես խորհրդանիշներ։

Եվ պիտի ասել, որ յուրաքանչյուր անգամ նա բանաստեղծական տեքստն ու ենթատեքստն ընդհանրացնող բառերում խտացնում է ոչ միայն ասելիքը, այլ նաեւ ժամանակաշրջանի հոգեբանությունը։ «Մի բուռ հում կավից» հունցված պոետը «ոգու ցավից» ծանրանում է այնքան, այնքան է ծանրանում «հրաշքի լույսի», ցողի ծարավից, որ ծանրությունն այդ տանում է «իբրեւ փառքն անանձնական»։ Ծանրությունն այստեղ պիտի հասկանալ միայն տառապանքի իմաստով, մանավանդ՝ «Տառապանքն այս ակոսն է սեւ, որի մեջ լույսի ու իմաստության Սուրբ հատիկն է աճում»։ Եթե այս տեսանկյունով էլ զննելու լինենք, ապա Դավթյանի բառը, «տառապանքի սեւ ակոսից» ելած հասկ է։ Ընդ որում՝ սուրբ հասկ...

Եվ իզուր չէ, որ նա այդ ծանրությունևտառապանքը կրում է իբրեւ անանձնական փառք։ Պոետական դավանումի այս սկզբունքը սերվել է Տերյանից. «Իմ տառապանքը բախտ եմ համարում, Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա»։ Այո, Դավթյանը միանգամայն խոր արմատներ ունի մարդկային տառապանքի ու ոգու լույսերի մեջ։ Նրա բառը հասուն է, խոսուն ու լուսամփոփ, պայթուցիկ է ու ճառագայթող...

Ապրումների, մարդու եւ ժողովրդի կորուստների տառապագին ոգին է խոսեցնում Վահագն Դավթյանը իր «Տաղ երգի» գործում։ Այստեղ արդեն «դողդողում են» «շիթերն արցունքի»։ Այստեղ արդեն խոսում է ինքը պատմությունը։

Բլոկյան տողն է բնաբան ընտրել Վահագն Դավթյանը։ Եվ տաղը սկսվում է զգացումների խորը ճառագայթումներով, անզուսպ այրումներով.

Երգում էր աղջիկն ավերակ վանքում,
Սպիտակ հագած աղջիկն այն բարակ
Մխում էր ասես,
Եվ արթնանում էր խորհուրդը քարի,
Գաղտնիքն էր զանգում,
Եվ ժամանակն էր հսկումի կանգնում ճառագայթի պես։

Աղջիկ եւ ավերակ վանք հասկացություններն այս տաղի մեջ հնչում են կոնտրաստային այնպիսի գծերով (մանավանդ դրան է հետամուտ բանաստեծն իր նկարագրական բառերի մեջ), որ լցվում ես խորին ափսոսանքով ավերվածության համար վանքի, միաժամանակ ապրում աղջկա միջոցով վանք մտած կենսունակության չհատվող երակի ուրախությունը։ Եվ ողբերգականը մարդու ասես լարում է տաղի տողերը։ Վերջապես երգն աղջկա ձեռքով կյանք է սփռում անգամ ավերակների վրա, խոնարհեցնում մարդուն իր անսուտ ու նոր աստվածների՝ Հողի, Սիրո, Արեգակի առաջ։ Հենց դա է սխրությունը, հենց դա է, բանաստեղծի ընկալումներով, ինքնազոհության ճանապարհը։ Ու նման ապրումների անսահմանորեն հստակ կտակի վրա է, որ նոր բառը արարչագործում է ճառագայթի պես։

Դրանով է առանձնահատուկ Դավթյանի բառը, որը հարստանալ գիտե նաեւ հակադրությունների սրման լույսով։ Բանաստեղծն, ասենք, աղջկա մարդկային պայծառությունը, անխաթար կամ, ինչպես ինքն է ասում, նախնական ոգեղենությունը ցույց տալու համար դիմում է շատ հասարակ, միեւնույն ժամանակ անչափ յուրատիպ մեթոդի.

Եվ չթե մի պարզ զգեստ ունեիր դու այն ժամանակ,
Ու չգիտեիր դու սիրո խոսքեր,
Ինքդ, դու ինքդ սեր էիր համակ...

«Պարզ զգեստ ունեիր» բառերով նա ցույց է տալիս հերոսուհու հոգու պարզությունը, որ ունեցել է, իսկ «չէիր» մի հատիկ բառը հերոսուհու այսօրը ներկայացնում է մի այնպիսի ճոխության, սիրո բառերի ու զգացումների «բերանացիության» մեջ, որ չես կարող չտեսնել պոետի երակների մեջ «տվայտող» «տխրությունը ծեր» («Տաղ կնոջ»).

Գիտեի արդեն՝ քեզ իմ կողից է սերը ստեղծել,
Բայց չգիտեի՝ ինչո՞ւ էր այդպես իմ սիրտը ցավում։

Տաղարանում Դավթյանը դասեր է առել ոչ միայն Նարեկացուց, այլ նաեւ Չարենցից։ Առաջին մեծ առնչությունը, որ կա նրանց տաղերի մեջ` բառերի միջոցով կատարվող հոգեհույզ ու սրտասույզ թափանցումներն են։ Բառիմաստային խտացումներն ու զգացումների շիկացումն առանձնահատուկ է եւ Դավթյանին։ Չկա նրա մոտ զուտ ձեւի համար բերված գույն, ամեն ինչ բխում է ասելիքի խորությունից, բովանդակությունից։ Եվ ձեւի կիրառման տեսակետից էլ Դավթյանը ոչ միայն շարունակեց, այլ նաեւ զարգացրեց, հարստացրեց միջնադարյան «հանճարեղ ճորտերի» ու Չարենցի (դրամատուրգիայում՝ նաեւ Զարյանի) լավագույն ավանդույթները։ «Տաղ կնոջ» եւ ապա՝ «Երկրորդ տաղ կնոջ» վերնագրերն անգամ խոսում են Չարենցի հետ Դավթյանի ստեղծագործության ունեցած առնչությունների մասին։ Չարենցի տաղերում էլ հանդիպում ենք գեղարվեստական ու դավանանքասկզբունքային նման կիրառումների, որոնք ամենեւին էլ ձեւին տուրք տալ չեն նշանակում, այլեւ բխում են էությունից. «Տաղ եկվորներին ողջունելու համար» եւ «Երկրորդ տաղ եկվորների համար»։ Եվ բացի այդ ամենը, Դավթյանը իր «Տաղ ներշնչման» գործում օգտագործում է խիստ ինքնատիպ ձեւով «ցորենի պես» եւ «աստղերի նման» շինանյութևբառերը, որոնք ժամանակին կիրառել է եւ Չարենցը. «Դուք գալիս եք աստղերի նման եւ ցորյանների նման»։ Երկու դեպքերում էլ պոետական բարձր յուրատիպությամբ են բուսած բառերը տեքստերի մեջ։ Իսկ դա խոսում է այն «մեծագույնի մասին», որ չունի ցորյանը եւ չունեն աստղերը ստեղծելու հմայքը հոյակապ, ի վերուստ մեզ տրված այս ճանապարհի...»12։

Եվ հենց այդ` «ստեղծելու հոյակապ հմայքն» է խոսում Դավթյանի մեջ նաեւ «Երկրորդ տաղ կնոջ» ստեղծագործությունում, որը միաժամանակ դրսեւորում է բանաստեղծի մարդու մեջ մարդկայինը կորցնելու հանդեպ ունեցած մտավախությունը, նաեւ՝ հավատը մարդկության նկատմամբ։ Մարդկությանը ոտքի է հանում՝ «կանացի շիկնանքը» չկորցնելու համար։ Եվ համոզված է, որ մարդկությունը լսում է իր ձայնը, հավատացած է խորապես.

-Մարդկություն, ոտի... Ինչպես կելնեիր, Թե իամանայիր, որ այսուհետեւ Էլ չի ծագելու Լույսն առավոտի։

«...Իսկական պոեզիան,- գրում է նա,- հաճախ ոչ այնքան տողերում, այդ տողի անմիջական իմաստի մեջ է, որքան դրանց ստեղծված ընդհանուր մթնոլորտի, դրանցից բարձրացող խորհրդի մեջ։ Կարդում ես իսկական բանաստեղծությունը եւ մեծ մասամբ չես կարողանում կռահել, թե հատկապես ինչն էր, որ հանկարծ շարժման մեջ դրեց զգացմունքդ, ստիպեց, որ նյարդերիդ միջով թրթիռ անցնի, փոխվի այն լուսավոր զգացողությանը, որ արվեստի վայելք է կոչվում»13։

Դավթյանը ասելիքը հավաստի է դարձնում տրամադրության նրբերանգներով, ճշգրիտ «ընտրելով» հնչունակությունը` ամենեւին էլ ձեռք չտալով բառերի «աստվածային» հորդումին։ Ահա մի տող «Տաղ ձնծաղկից».

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին...

Անգամ ծաղկի կոպի ծարիրը աննկատ չի թողնում բանաստեղծը, ցույց տալով մարդու սերը այն փոքրիկ ծաղկի հանդեպ, որի հետեւանքով գարուն պիտի գա, որը իրեն տանում է ինքնազոհության, հանուն լավի, լույսի, գարնան։ Եվ բացի դա, մի բառով՝ ծարիր, բանաստեղծը ցույց է տալիս նաեւ մարտիրոսվող ծաղկի նազելիությունը, փխրունությունը։ Նրա խոստումից գարուն կծագի...

Ու տոն կլինի...
Կզնգա աշխարհն արեւի զանգից
Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի...
Բոլորը կգան,
Բոլորը կգան այդ խրախճանքին,
Բայց ինքը, ավաղ,
Մեռած կլինի...

Մեռած բառով ուժգնանում է ամբողջ բանաստեղծությունը, բացում ծաղկի կենսագրությունը, նրա «հոգու» ծալքերը, առեղծվածները, որը եւ նույնքան հերոսական է։ Հանրածանոթ բառերն էլ Դավթյանի գրչի տակ թոթափում են դարերի փոշին, նորացվում։ Ահա. «Այդ սեւի միջից լույսով է բխել պարանոցդ տաք...»։

Բխել... Մենք այս բառի իմաստում հասկանում ենք մի գործողություն, որ «կատարում» են առուները, աղբյուրները։ Իսկ երբ այդ բխելը վերագրվում է անծանոթուհու պարանոցին, մի հատիկ բառը բերում է ոչ միայն նոր իմաստ, դա իր հերթին, այլ նաեւ բացում է աչքերիդ առաջ մի ամբողջական պատկեր. «Լույսով է բխում պարանոցդ տաք»։

Պատկերային եւ բառիմաստային նման բազմապիսի անդրադարձումներ կան Դավթյանի ստեղծագործություններում. «Կռունկի կանչ է, Ակոսի տող է, Դող է զանգի մեջ ու չվերծանվող բանաստեղծություն» («Տաղ սպասման»)։

Բանաստեղծը կարողացել է տաղարանում ավելի խոր հոգեկան զննումներ կատարել։ Դրանում նրան օգնել է մարդու ապրումների արտահայտման դավթյանական մեթոդը, որի էությունը կայանում է բառի բազմիմաստությունն ու նրա հոգեբանական ծալքերի բացումը, կարոտի ինքնաբացումը՝ «պարտությունը» հաղթականության ու հերոսականության հասցնելու աստիճանի։ «Տաղարանով» Վահագն Դավթյանը հոգեմերձության շողեր է մեկնում դեպի պոեզիայի միջնադարն ու... գալիքը։

Իրավացի է Սուրեն Աղաբաբյանը, երբ «Ասք սիրո» հատընտիրի առաջաբանում գրում է. «Այս շարքը (խոսքը «Տաղարանի» մասին է.- Վ.Հ.), ըստ էության, առանձին «սյուժետային պատումներից»՝ բանաստեղծական նովելներից կառուցված խոստովանանքային պոեմ է, ուր պանծացվում են հոգեւորևզգացական այն արժեքները, որոնք անհրաժեշտ են մեծ կյանքի լիարժեքությանն ու ամբողջականությանը, այն արժեքները, որոնցով աշխարհը երեւում է հարուստ եւ անհատելի բովանդակությամբ։

...Տաղերի հուզական ներշնչանքների կրողը, որին գրական տեսության մեջ պայմանականորեն կոչում են «քնարական հերոս», այն անհատականությունն է, որը աշխարհին նայում է ոչ թե պղտորված, մշուշոտ, հոգնած աչքերով, այլ ջինջ, զուլալ, ինչևոր տեղ նախնական հայացքով, որը կյանքի ընթացքը դիտում է ոչ թե իբրեւ մայրամուտային հոգեվարք՝ դալկացողևխամրողևմարող գույներով, այլեւ իբրեւ լուսաբացյան հայտնություն լույսի ու զույգի զրնգուն խաղերով»14։

Իր ստեղծագործության մեջ Վահագն Դավթյանը հանդես է գալիս նաեւ որպես հոգեբան, ժամանակակից մարդուն ներկայացնում է նրա անանձնական ապրումների ու զգացումների կենսագրությամբ։

«Բայց կենսագրությունը քիչ է,- գրում է Վ. Դավթյանը,- ստեղծագործությունը նախ եւ առաջ հոգու կենսագրություն, հոգու պատմություն պիտի լինի»։

Դավթյանի ստեղծագործությունը մայր ժողովրդի ոգու պատմությունն է։


***

«Տաղերի» օրգանական շարունակությունն է կազմում «Լույս առավոտի» շարքը, որը առաջին հերթին իր մեջ պարունակում է նախնական պարզության հասնելու, մարդկայինի հաղթանակի, երջանկության մեջ անանձնականության բերկրանքի խորացման եւ այլ խնդիրներ։

Ուրիշ է լինում առավոտի լույսը։

Մանավանդ՝ լեռներում։

Այդ լույսի մեջ գերիշխողը անբիծ ու անաղարտ կապույտն է, հղի` բացվող օրվա լավագույն երազանքներով, հավատով, սիրով։ Այդ լույսի մեջ մարդը մաքրամաքուր է, սիրտը՝ բարի, աշխարհը՝ անասելի գեղեցիկ։ Ասես աշխարհի վրա ոչ միայն օր պիտի բացվի, այլեւ բարություն, ավետիք։ Առավոտը սքանչելի է եւ նրանով, որ այդ աստվածային պահերի մեջ յուրաքանչյուրը գեղեցիկ սպասումներ է ունենում՝ կապված ծագող լույսի հետ։ Եվ Վահագն Դավթյանն այս ամենը խտացնում է մարդու մեջ, այստեղ էլ դարձյալ հարազատ մնալով մեր տաղերգուների լուսերգությանը, առաջին հերթին՝ ինքն իրեն։

Ժողովրդի մեջ, նույնիսկ, այն սովորությունն է արմատներ ձգել ու ավանդույթի ուժ առել, ըստ որի, երբ մարդ իր խոսքը բացվող լույսին, առավոտի լույսին է ասում, նրա երազանքը անպայման կատարվում է։ Հայի մեջ անհիշելի ժամանակներից է մնացել այդ ավանդույթը։ Եվ պատահական չէ, որ Դավթյանի մեծագույն նախորդներն էլ շատ են դիմել լույսին, երգել «արեգակն արդար»։ Իսկ հայկական պատմական Արցախում այսօր էլ ժողովրդի շուրթից կարելի է լսել. «Ա նոր ծեքծեքող իրիքնակ, տու իմ սրտենս տըես, լուզվինս ըսկաց»։

Լուսերգությունը Դավթյանի պոեզիայի մայր երակներից է՝ սկսած նրա վաղ շրջանի գործերից։ Գնալով, խտացան լուսային թափանցումները նրա բանաստեղծություններում, շաղախվեցին նրա կորուստների, ցավի ու տխրության հետ, բանաստեղծի թախիծը դարձրին լուսավոր։

Եթե «ծննդավայր» շարքում Դավթյանը շեշտը դնում էր կորած ծննդավայրի, մանկության, առավոտների ու իրեն հարազատ մի ամբողջ աշխարհի վրա, ապա այստեղ նա ոչ միայն տեսնում է առավոտը, այլ առավոտի միջով նայում է համայն աշխարհին, որտեղ նա ընդհանրապես ձգտում է մարդու հոգեկան ապրումների, մտածումների, իղձերի ներդաշնակությանը։ Նա թաքուն տագնապներ է ապրում՝ չլինի, թե կորստի ցավն ընդհանրական է դառնում եւ սպառնում ոչ միայն մարդուն, այլեւ մարդկայնությանը։ Սակայն եւ դա հեղինակին ոչ միայն չի խանգարել, այլ օգնել է ավելի խորամուխ լինել պատմության խորհուրդների մեջ, համամարդկային հնչեղություն հաղորդել ցավին, թախիծը դարձնել համամարդկային.

Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից։
Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած, մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությամբ պատերս էր ծեծում։

Դարի տառապանքը, մարդու մեջ միշտ արթուն ցավի կսկիծը նրան մատնում է ներքին այրման, կիզումների։ Թվացումը ավելի հեռու է տանում բանաստեղծին, եւ նա տեսնում է «արեւի գինի, սեր ու հաց» մուրացողների։ Հետեւապես եւ խոսքս ուղղվում է լույսին. չհոգնենք «ունայն ու հոգնած» վերադառնալուց «Ու գնանք նորից անձրեւի, գինու, սիրո ետեւից...»։

Ամեն անգամ բանաստեղծը նույն տողով է սկսում իր երգը, սակայն այդ «ամեն անգամը» միշտ էլ տարբեր է լինում, մանավանդ, որ հաջորդող տողի մեջ արդեն փոխվող բառամիավորն իր վրա է վերցնում ասելիքի ծանրությունն ու պատասխանատվությունը, ստանում նախերգանքի ուժ։ Եթե առաջին բանաստեղծության երկրորդ տողում Դավթյանը առավոտի լույսը ներկայացնում է երաժշտության հետ, ապա երկրորդում այն նմանեցնում է հարության, երրորդում՝ ոսկե կածանի, չորրորդում՝ օրհնաբանության։ Եվ այսպես շարունակ։ Սա բանաստեղծական հնարանք չէ միայն։ Այսպես նա ներկայացնում է լույսի հոգեբանական պատմությունը, ոչ թե միայն կենսաբանությունը։

Առավոտը որքան էլ պարզ ու անմեղ, որքան էլ անարատ, նորից «մեղավոր շողեր» է նետում պոետի մեջ։ Եվ չի կարող չնետել, որովհետեւ մարդն ինքն իր շարունակողն է, շարունակողն իր պատմության, իր ամբողջականության կրողը եւ երբեք էլ, ինչքան տարբեր լինեն ժամանակները, չեն կարող նրա պատմությունը մասնատել օրգանապես, առավել եւս՝ գունավորել։ Պոետն իր ժողովրդի պատմության մարմնացումն է։ Հետեւապես եւ Վահագն Դավթյանը լույս առավոտի մեջ, իր իսկ երգով, կանգնում է՝ որպես անցած ժամանակների կենդանի խռովք, ընդվզում ժողովրդյան.

Լույս առավոտի, Դու, որ նման ես Հարությանն այն մեծ, Չեղյալ անեիր Եղեռնը արնոտ, Ու ես ծնվեի, Ու ես ապրեի պապերիս տան մեջ, Ու ես հերկեի երկնքին կպած դաշտը մեր Կարնո։

Դավթյանը բարձրանում է ինքն իրենից ու ժամանակից։ Նա գտնում է, որ եթե «Չլիներ կյանքում այսքան երկարող մորմոքն այս դեղին», ապա մարդը իր մարդկայինի մեջ կլիներ ավելի կատարյալ, ավելի ամբողջական։ Բայց քանի որ նրանից խլում են ամենատարրական իրավունքն անգամ՝ պապերի հերկած հողը ցանելու, նրանց տանն ապրելու իրավունքը, նա արդեն ոչ միայն տան ու հողի կորուստ է ունենում, այլ ավելին՝ հավատի ու սիրո կորուստ։

Բանաստեղծի ցավը պայթուցիկ է, երազանքը թախծալից ու լուսեղեն.

Քնեի հավետ պապերիս հողում Ու ցող դառնայի, Դառնայի ցորեն, Դառնայի հավքի ոսկե ճռվողյուն։

Լույսն առավոտի ոսկե կածան է, իսկ ինքը՝ բանաստեղծը, նրա «երդվյալ ու հին ճամփորդը» եւ ծովով անգամ ընթանում է, «ինչպես աստծո որդին»։ Գնում է, որ միանա «կորուսյալներին», որոնց փնտրում է մշուշում... Իր միանալով էլ նա ուզում է գտնել կորցրածը։

Եվ գտնում է։

Լույսը բանաստեղծի թալիսմանն է, նրա ձեռքի կախարդ բանալին։

Հրաշք է այդ լույսը։

Վահագն Դավթյանը միանում է լույսի հրաշագործությանը։ Եվ այդպես է ծնվում նրա ստեղծագործությունը։ Բանաստեղծը լույսի մեջ ոգեկոչում է ոչ թե իր, այլ աշխարհի երազանքը։ Տիեզերական այս խուլ դարում նա լույսը կարողանում է դարձնել օրհնաբանություն, փոխել բարության. «Իջիր ու թաքուն փոխվիր բարության, Հասկ դարձիր, Փեթակ ու լեռան աղբյուր»։ Ժայռերից ելնող ծաղիկների ծնունդը միշտ էլ դժվարին է լինում («բուսել է ցավով ու շատ է ծարավ»), մանավանդ այդ «կապույտ ծաղկի» արմատները ջուր չեն տեսնում, հետեւապես եւ բանաստեղծը հուշում է լույսին. «Դու նրա վրա քո ցողը մաղիր, Արմատը շաղիդ արժանի արա»։ Այստեղ զուտ ծաղիկը չէ, որ նկատի է առել բանաստեղծը։ Ծաղկի մեջ նա մարմնավորում է բոլոր այն լավագույն ցանկություններն ու ձգտումները, որոնց իրագործումը կտաներ մարդուն դեպի կատարելություն, կօգներ, որ «խիղճ» բառը լույսի շուրթերին հավերժաբար ցոլցլա «որպես աստղը նորածին»։

Իջիր,
Մշուշի ծվենը վերջին դարձրու երազանք,
Քո շառավիղը ճամփա դարձրու լույսին ու բարուն,
Եվ այնպես արա,
Որ երկաթը՝ խոփ,
Որ պղինձը՝ զանգ,
Աղջիկն հարսնացու դառնա աշխարհում։

Բանաստեղծը տագնապում է. չլինի՞ հանկարծ այնքան մեծ կորուստների հետ մարդն ունենա նաեւ կորուստն այս թրթիռի, առանց որի չի կարող եւ սիրահարվել։ Դա կլիներ մարդու անմարդկայնացումը։

Ալ. Բլոկը իր բանաստեղծություններից մեկում նկատել է, որ լոկ նա իրավունք ունի մարդ համարվելու, ով սիրահար է։ Եվ մարդն ավելի մարդ է, երբ նա, անգամ ծաղիկը կորցնելով հանդերձ, չի կորցնում այդ ծաղկի հանդեպ ունեցած իր սերը։ Ավելին, կորցրած մանկության ու ծննդավայրի սերը ավելի վարար է բանաստեղծի երակներում, այդ սիրուց երակների միջով ասես ոչ թե հոսում է արյուն, այլեւ կրակի հալոցք։ Այստեղից էլ՝ այն հսկայական, այն այրող, հուզող, ջերմացնող տաքությունը, որ կա Վահագն Դավթյանի ստեղծագործություններում։ Բանաստեղծը լույսից է վերցնում այն բախտը, «որից հրաշք է ծնվում աշխարհում»։

Վահագն Դավթյանը, իր ցավը մոռացած, մարդու հետ նրա ցավի մասին է խոսում։ Եվ ոչ միայն զարմանքով, այլ տագնապով է նկատում, որ երեկվա իր ցավն այսօր բոլորինն է դառնում։ Նա տեսնում է, թե այսօր երկրագնդի ամենահեռավոր ու տարբեր ծայրերում ինչպես են մանուկները մնում առանց մանկության, պատանիները` առանց պատանեկության... Եվ հենց այդ տեսնելևշոշոփելևզգալուց է, որ նրանում կսկիծն է «զարթնում մոռացված ցավի», նրա շուրթերին դողում է պատանեկության կորած երգի կարոտը.

Իմ այդ երգի մեջ
Աստղերի մաքուր հեկեկանքը կար,
Կար մեր տան շեմքին բառաչով մորթվող սպիտակ մի գառ,
Ու ցաված մի սիրտ, ու ցաված մի խիղճ։
Դեղձիներ կային,
Որ թերթեր էին քնքշորեն թափում,
Եվ առավոտներ,
Որ մաքուր էին, որպես արտասուք,
Գիշերներ կային՝ խենթորեն կապույտ,
Ու կապույտի մեջ՝
Բարակ մի աղջիկ, բարակ մի ասուպ։
Ո՞ւր է նա հիմա,
Ո՞ւմ հետ է լույսի իր խաղերն անում,
Ո՞ւմ է նա կանչում ու խուսափելով հեռանում անձայն...
Գիտեմ, ախ, գիտեմ, նա չի ծերանում
Ու չի էլ թողնում, որ ես ծերանամ։

Եվ եթե աղջիկն այդ չի ծերանում ու չի էլ թողնում ծերանալ բանաստեղծին, նշանակում է՝ աշխարհում խաթարվել է շատ կարեւոր ու հիմնական մի բան՝ բնականությունը։ Ու այստեղ ավելի է խորանում մարդ արարածի ողբերգությունը։

Խոսելով Վահագն Դավթյանի բանաստեղծական արվեստի ու նրա լուսերգության մասին, Ս. Աղաբաբյանը նշել է. «Նրա ոճային մտածողությունը ամենասերտ առնչությունների մեջ է «Լույսի աղբյուրների» որոնման ներքին տարերքի հետ, որի կարիքով էլ իր աշխարհապատկերումը լիցքեր է ստանում, նախ եւ առաջ, հայկական գեղարվեստական ակունքներից, լուսապաշտության ազգային ոճի ավանդներից։ Դրանց մեջ են եւ հեթանոսական հնագույն պատումները, եւ ժողովրդական անտունիները, եւ գարնան ցողաբեր ամպերն ու արեւածագը մեծարող միջնադարյան Բանքերը, եւ աշխարհիկ տաղասացության, հատկապես Ներսես Շնորհալու» («Աշխարհն ամենայն», «Առաւոտ լուսո») եւ Կոնստանտին Երզնկացու («Լույս ի լուսոյն ծագումն արեգական», «Ի լուսոյն սկզբանե...») օդի պես թափանցիկ «արեւգալի» նվագները, որոնք գալիս հասնում են մինչեւ Միսաք Մեծարենցի լույսի պատարագն ու Եղիշե Չարենցի արեւային ծնծղաները»15։

«Լույս առավոտի» շարքը ամբողջության մեջ հնչում է որպես մի նորօրյա մատյան՝ լույսի, ցավի ու սիրո։ Եվ նվագ առ նվագ պոեմն ամբողջականանում է, պոետի ձայնը դառնում է իր քնքշանքի մեջ ավելի հզոր ու ներգործուն։ Դավթյանը լույսը դարձնում է «Մի մեծ մաքրություն».

Լույս առավոտի,
Դու, որ նման ես մի մեծ մաքրության,
Եկ ու ինձ մաքրիր, ինչպես
Նարեկա այն տառապյալին,
Սրտիս մեջ վառիր լույսն անանձնության
Եվ ինձ դարձրու
Լեռան առավոտ,
Աղբյուրի ալիք։

Բառ առ բառ բանաստեղծն ամբողջականացնում է իր հերոսի ներքնաշխարհը։ Նա լույսը միջոց է դարձնում, որպեսզի մարդը նրանով հասնի ինքնամաքրման, մանավանդ, որ լույսի ճառագայթների մեջ տեսնում է «արդարությունը»։ Նա ուզում է որպես քնքշություն, որպես սեր մերվել հողին, որովհետեւ հողը «կարոտ է սիրո, քնքշության կարոտ» է, իսկ աշխարհի սիրտը «քարքարոտ» է։

Մարդու անմահության գաղափարն է արծարծում բանաստեղծը, գտնելով, որ գոյությունը մշտնջենական է, որպես հող էլ նա պիտի շարունակի «մասնակցել» հայրենիքի ծաղկեցմանը, արտույտների երգի քաղցրացմանն ու խորհուրդների խորացմանը։ Ու նա, դիմելով լույսին, գրում է.

Եվ տուր ինձ խղճի ցորենը մաքուր ու անանձնական,
Որ նա հասկ դառնա թեկուզ շիրիմիս այդ փոքրիկ հերկում,
Հասկի կարոտով թող լուսաբացին արտույտները գան,
Իսկ դու լավ գիտես,
Թե լուսաբացին
Արտույտներն այդ խենթ ինչեր են երգում...

Դավթյանի շուրթերով խոսում է հայ ժողովրդի անցյալի, ներկայի եւ գալիքի պատմության մեջ զույգ ոտքերով ամուր կանգնած մարդը, որը մարմնավորում է իր մեջ դարերի երազանքներն ու ձգտումները, պարտություններն ու հաղթանակները։ Եվ նրա ձայնը հնչում է հենց այս ամենի իմաստնությամբ ու «մարգարեական խոսքերի այրումով»։