Jump to content

«Քանդված օջախ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ»

1

Ապրիլի 19-ին սիրողների խումբը առաջին անգամ ներկայացրին ձմեռային թատրոնում պ. Սունդուկյանցի «Քանդված օջախ» անունով նոր կատակերգությունը: Որպես սիրողների վերա, ես ավելորդ եմ համարում խոսել, թե նրանցից ամեն մինը որպես կատարեց յուր դերը, միայն չէ կարելի մի քանի խոսք չասել տաղանդավոր հեղինակի այդ նոր պիեսայի բեմական արհեստի և նորա կրթողական նշանակության մասին:

«Քանդված օջախը» որպես մեր այժմյան հասարակական կյանքի մի պարզ հայելի, ցոլացնում է յուր մեջ մի տխուր երևույթ, որ պատկերացնում է նորա թե՛ տնտեսական, թե՛ բարոյական և թե՛ մտավորական ընդհանուր բանկռոտությունը — նորա անկումը:

Մի կողմից, առևտրական գործը, — հայի ապրուստի գլխավոր աղբյուրը, կայանալով խաբեբա, փտած և անհաստատ հիմքերի վերա, չէ տալիս բավականացուցիչ արդյունք փոքր ի շատե յուր գործը խղճմտանքով վարող վաճառականին: Մյուս կողմից, ընդհանրացած շռայլությունը, ընտանեկան անկարգ տնտեսությունը, մոլությունները դեպի նորաձևությունք` անխնայաբար խլում են, սպառում են գերդաստանի աշխատավորի դառը քրտինքի արդյունքը, և նա, թեև այդ բոլորը հասկասում է, թեև աշխատում է ընդդիմադրել նորանց, բայց կամա ակամա ենթարկված լինելով ընդհանուր շռայլության հոսանքին, չէ դիմանում և, վերջապես, ընկնում է: Այդ սարսափելի դրամատիկական պատերազմը կյանքի և մահվան մեք տեսնում ենք Օսեփի տիպի մեջ:

2

Օսեփը երևակայական տիպ չէ:

Նորա մեջ կա հասկացողություն և համոզմունք. նորա մեջ կա կամք և հաստատամտություն, մի խոսքով, նա թույլ բնավորություն չէ: Այսուամենայնիվ, նորա ազդեցությունը յուր գերդաստանի վերա ստանում է բոլորովին թույլ կերպարանք, երբ նա, մի կողմից շփոթվելով յուր արտաքին գործերի անհաջող հանգամանքներից, մյուս կողմից, տանջվում է ընտանեկան երկպառակություններով: Վերջին երևույթը ավելի խոշոր կերպարանք է ստանում այն ժամանակ, երբ նորա աղջկան, Նատոյին ուզում են ամուսնացնել: Օսեփի կինը, Սալոմեն, չգիտե և չէ էլ ցանկանում գիտենալ յուր ամուսնի դժբախտ դրությունը: Նա պահանջում է յուր մարդուց մեծ բաժինքով յուր դուստրը չինովնիկի կին շինել: Օսեփը մանրամասնաբար պատմում է Սալոմեին յուր վիճակը, թե նորա պահանջմունքը վեր է յուր կարողությունից, այլև խորհուրդ է տալիս, որ ավելի հարմար է յուրյանց դստեր ապագա բախտավորությանը լինել մի համեստ և աշխատավոր վաճառականի կին, որ բավականանար փոքր բաժինքով, քան թե մեծ բաժինքով գնալ որևիցե գրպանը և գլուխը դատարկ չինովնիկին: Բայց այդ կինը այդ ընտանեկան կռվի մեջ տանում է հաղթությունը: Նատոն նշանվում է Ալեքսանդր Մարմարով չինովնիկի վերա:

Անբնական մի երևույթ է թվում այդ, որ հայ տղամարդը դարերով կնոջ վերա տիրող և նորան ստրկացնող բռնակալը, հանկարծ ենթարկվում է նորա ազդեցությանը: Բայց հեղինակը չէ սխալվել այստեղ, նա որսացել է մեր այժմյան ընտանեկան կյանքից ամենազգալի մի գիծ: Այստեղ երևում է մեր առաչյոք քաղաքակրթված հայ կնոջ տիպը, որ ինչպես ինքը Օսեփը բացատրում է «վուտումեն ինչրու բողազը փռանգստնու է ու գլուխը կի էլի էն է մնացի»: Հայ կինը, արտաքին ձևերով նմանելով Եվրոպայի կնոջ օրինակներին, առանց նոցա կրթությունը և ուսումի յուրյանց սեփականելու, միայն լինում է մոդայի և մոդնի մագազիններին գերի, դառնում է ընտանիքի ծանրությունը, բաժանորդ լինե նորա բախտավոր և անբախտ րոպեներին: Օսեփը թեև ինքը ուսում առած մարդ չէ, բայց նա արտասահմանում տեսել է, թե որպես կանայք օգնում են յուրյանց տղամարդներին և հասարակական գործիչներ են դառնում: Բայց հայ կինը միայն մտածում է բալերի, վեչերների, պիկնիկների և լոտոյի վերա: Այդպիսի կապիկությունները եվրոպական ձևերի միայն վատ կողմերեն սովորելու, առանց նոցա գիտությանը և ուսմանը մասնակից լինելու, տալիս է Սալոմեին մի դարտակ և վայրիվերո բնավորություն: Նա փոխադրում է յուր անձի վերա այն, ինչ որ մի ժամանակ նորա տղամարդն էր, — պարզ ասած լինում է մի նոր բռնակալուհի տան մեջ: Այսպիսի վնասակար և այլանդակ վերանորոգությունը ընտանեկան կյանքի մեջ հիշեցնել է տալիս սրբազան նահապետականությունը, այն անցած, գնացած պարզ և անհոգ օրերը, որոնց երանի տալով միտքն է բերում մամիդա Խախոն, Օսեփի հորաքույրը: Պառավի հիշողության մեջ զարթնում է ոսկի անցյալը, երբ ամեն մարդ սակավով էր բավականանում, երբ ամեն մարդ գոհ էր յուր վիճակեն և ընտանիքը երջանկություն էր վայելում:

3

Նատոյի, Սալոմեի աղջկա կրթությունը, նորա ուսումը` բոլորովին համապատասխանում է այն շրջանին, որո մեջ զարգանում է նա: Այստեղ մեք տեսնում եմք այն տխուր պատկերը, որով ներկայանում է մեզ այժմյան կրթված հայ աղջիկը: Նորա մեջ չէ երևում մի հաստատ բան, ամեն ինչ նորա մեջ թեթև, թերի և անկատար է, որպես այն ուսումը և կրթությունը, որը ստացել է նա: Նա ոչինչ գաղափար չունի յուր գոյության բուն նշանակության մասին, նա անտարբեր է դեպի յուր ազգը և կրոնքը, նա մինչև անգամ ատում է յուր մայրենի լեզուն: Ամուսնական գաղափարը զարթնում է նորա մեջ բոլորովին դարտակ շարժառիթներից, չինովնիկի կին լինելով մտածում է Նատոն, ավելի հեշտ միջոցներ կունենա կրուժոկ, թատրոն և այլ զվարճությանց տեղերը հաճախելու և ամեն օր մի նոր շիք տալու յուր հագուստին ու զարդարանքներին: Այդպիսի դարտակ բնավորությունը, որպես է Նատոն, չունի իր մեջ մի կենդանի կապիտալ, որով գրավեր դեպի ինքը փեսաներին, միակ կապիտալը, որով նա կարող էր յուր համար փեսա ընտրել, լինում է արծաթը և այդ նյութի վերա դրվում է նորա ամուսնական կյանքի հիմքը: Նորա ճակատագիրը կապվում է յուր նման մի երիտասարդի հետ, որպես էր Ալեքսանդր Մարմարովը: Վերջինս չունե յուր աչքի առջև որևիցե անձնական արժանավորությունը Նատոյի, միակ բանը, որ գրավում է նորան դեպի Նատոյի սերը, է այն քանի մի հարյուր թուման փողը, որ պիտի ստանար նա որպես բաժինք: Այդ պատճառավ, Օսեփի անակնկալ դժբախտության հետ, երբ քանդվում է նորա բոլոր նյութական զորությունը, նորա հետ և վերջանում է Մարմարովի սերը դեպի յուր հարսնացուն, երբ նա մտածում է, թե այլևս ոչինչ ստանալու հույս չկա: Փողի հաշիվը, բոլորովին նյութական նպատակը դեպի ամուսնական կապը, մինչ այն աստիճան կուրացրել են թեթևամիտ, բայց միևնույն ժամանակ կրթված երիտասարդին, որ նա արտասուքը աչքերում թողում է և հեռանում է Նատոյից…

4.

«Քանդված օջախի» մեջ բոլորովին հակառակ Օսեփին, որպես նորա հակապատկերը, — հանդիսանում է մի այլ տիպ — «Լիպրոինց Մաթուսի վուրթի Փարսեղը»: Այդ անձնավորությունը մի հարազատ ծնունդ է մեր անկարգ, փչացած, հասարակական կազմակերպության: Սնվելով, զարգանալով անբարոյական շրջանի մեջ, ուր միշտ խաբում են, կողոպտում են, մի խոսքով, ամեն կեղտոտ միջոցներ գործ են դնում միայն արծաթ որսալու նպատակով, Փարսեղը կազմել է յուրյան մի ամբողջ գաղափար, թե աշխարհումս սուրբ բան չկա: Հիմնվելով այդ վարդապետության վերա, Փարսեղը յուրյան ներելի է կացուցանում բոլոր անարդար հնարները հարստանալու և նա հասնում է յուր նպատակին: Ծածկելով յուր կեղտոտ անցյալը ոսկու թիթեղի տակ, փինաչի Մաթուսի տղան հանդիսանում է որպես պատվավոր քաղաքացի, նա ստանում է վարկ և կշիռ, նորան պատվում են և երկրպագում են: Նորա առևտրական խանութը պատկերացնում է այն հիմնարկությունը, եթե կարելի է այդպես ասել, այն ըշկոլան, ուր պատրաստվում են այդպիսի Փարսեղներ, այդպիսի պատվավոր քաղաքացիք: Խաբեությունը, ստախոսությունը և խորամանկությունը` գլխավոր դասախոսության այդ ըշկոլայի ամբիոնից առարկայքն են, որք քարոզվում են: Փարսեղը գլխավոր պրոֆեսորի դերն է խաղում: Նորա աշակերտները հպատակում են նորան, որպես մի բարձր հեղինակության: Փարսեղը գովում է յուր մեծ աշակերտի` Դարչոյի, այդ պրիվատ դոցենտի առաջադիմությունը յուր ուսման մեջ և նախագուշակում է նորա բախտավոր ապագան, որին նա մի օր կհասներ այդ կեղտոտ ճանապարհներով: Փարսեղը նախատում է, մինչև անգամ ծեծում է, յուր դուքնի փոքրիկ աշակերտ անմեղ Միխոյին, նորա անընդունակության համար, որ նա չէր կարողանում կտավը ձգելով, և արշինի տակ սլլացնելով, օրինակի համար, տասը գազը` տասներկուսի տեղ ծախել: «Դուն մարթ չիս դառնա» — ասում է ուստան, խեղճ աշակերտի ականջներեն ձիգ տալով:

Աչքի առաջ ունենալով այդպիսի Փարսեղները, աչքի առաջ ունենալով նոցա առևտրական խանութները, ուր պատրաստվում են յուրյանց նման վաճառականներ, ինքնըստինքյան պարզվում է այն հարցը, թե ինչու մեր, հայերիս մեջ շատ փոքր են թվով օրինավոր և յուրյանց գործը խղճմտանքով վարող առևտրական մարդիքը: Հայտնի բան է, որ Օսեփները մի մասնավոր բացառություն են կազմում այդ փչացած դասի մեջ: Նոքա լինելով փոքր ի շատե յուրյանց խղճմտանքով կենդանի մարդիկ, չեն կարողանում ազատ մրցություն անել ամենայն խաբեբայությամբ զինավորված բազմության հետ, և նոքա ընկնում են: Ահա գլխավոր անբախտության պատճառը Օսեփի և նորա ընտանիքի:

5

Փարսեղը այն է յուր ընտանիքի մեջ, ինչ որ է յուր առևտրական խանութումը: Նա կամենում է այնպես «գլխիցը ռադ անել» յուր աղջիկը — տան անպետք վաճառքը, որպես նորա ուշիմ աշակերտ Դարչոն «սաղացրեց» — փտած ապրանքը խեղճ սղնախեցու վերա ծախելով: Նա կամենում է և այդ առևտուրի մեջ մրցություն անել յուր հակառակորդի հետ: Այդ ձեռնարկության մեջ նորան գործակից է լինում յուր կինը` Քալին: Նոքա միասին խորհուրդ են անում խլել Օսեփի և նորա կնոջ Սալոմեի ձեռքից, նոցա աղջկա, Նատոյի նշանածը` Ալեքսանդր Մարմարովին: Աշխարհի ամեն բաների շինվելու և քանդվելու գլխավոր ուժը միայն փողի մեջ ճանաչող հայ վաճառականը ձեռք է առնում այդ զորավոր գործիքը: Նա խոստացել է տալ Մարմարովին 100 թուման ավելի, քան Օսեփի խոստացածը, այլև ամենայն խորամանկ հնարներով աշխատում է վերջինիս զրկել յուր նյութական միջոցներեն, կոտրել նորա վարկը առևտուրի մեջ, որպեսզի նա չկարողանա վճարել խոստացած արծաթը յուր փեսացուին: Հիշյալ դավադրությանց մեջ փոքր չէ օգնում Փարսեղին նորա աշակերտ Դարչոն, որը սկսում է սուտ լուրեր տարածել Օսեփի գործերի ավերված վիճակի մասին, և հրապարակավ պահանջել այն գումարը, որ Օսեփը պարտական էր յուր ուստային: Փարսեղը յուր կողմից ուրանում է Օսեփից որպես գրավ ստացած «չարչիի բարաթները» և գործը դատաստանին հասցնելով, Օսեփի դուքանը կնքել է տալիս: Օսեփը սնանկանում է: Եվ նորա աղջիկը` Նատոն, որպես հիշեցի, զրկվում է հիմար և միևնույն ժամանակ շահասեր Մարմարովի կինը լինելուց:

Իհարկե Օսեփի սնանկության գլխավոր պատճառը պետք է որոնել, ոչ միայն Փարսեղի չարանենգ դարանագործությանց մեջ, որ նա վերջինիս մի հարվածքովը գլորվեցավ դեպի անկումն, այլ նորա գործերի անհաստատ և փտած տրամադրության մեջ, որոնք շատ տարիների հասարակական և տնտեսական պայմանների հետևանքներ էին, որոնց ակամա կերպով ենթարկվել էր խեղճ Օսեփը:

6

Որպես երկրորդական տիպեր «Քանդված օջախի» մեջ հանդիսանում են Օսեփի` Գևոն, նորա մտերիմ բարեկամը, իսկ Փարսեղի կողմից` Գիժ Մոզին, նորա մերձավոր ազգականը: Գևոն երևում է մի թույլ բնավորություն, թեև բարի և խղճմտանքով մարդ: Նա յուր բարեկամի դժբախտությանը չէ կարողանում այլ բանով օգնել, միայն նորա սնանկանալու ժամանակ բավականանում է նորանով, որ չէ ցանկանում պահանջել նորանից այն գումարը, որը Օսեփը պարտական էր յուրյան: Իսկ Գիժ Մոզին չէ կարելի ասել, թե իսկական տիպ է, նորան կարելի է համարել մի երևակայական մարդ, որին ստեղծել է հեղինակի քանքարը, Փարսեղի բոլոր չարագործություններին և նորա կեղտոտություններին թարգման լինելու:

Իսկ ինչ որ վերաբերում է «Քանդված օջախի» բեմական նշանակությանը, պետք է ասել, որ նա հորինված է բավականին գեղարվեստական կերպով: Տիպերը հանդես են դուրս գալի խիստ հատկանիշ բնավորություններով. իսկ լեզուն, խոսքերը, արտահայտությունքը` հնչվում են ժողովրդի սրտի և հոգու խորքիցը: Ձանձրացնում է միայն մոնոլոգների երկարությունը, և էֆեկտը վերջանալու միջոցին խիստ սառն է, երբ այն տխուր դրամատիկական րոպեում, որ կործանվում է Օսեփի տնտեսական կյանքը, լոտոխաղ կնիկները նորից սկսում են վիճել յուրյանց անպատվության մասին, որ զրկվեցան յուրյանց զվարճությունից:

Վերջացնում եմ իմ նկատողությունները այդ խոսքերով. որ «Քանդված օջախը» է մի ցավալի ողբերգություն, որ պատկերացնում է մեր ժողովրդի քանդված դրության տխուր կործանվիլը, և նորա անկումը թե՛ բարոյապես և թե՛ նյութականապես…