Մի քանի խոսք
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ
«Արարատ» ամսագրի ներկա տարվա մայիսի տետրակումը կարդացի պ. Շերմազանյանի պատասխանը իմ Մշակի 7-րդ համարումը տպված հոդվածի դեմ:
Պարոնը շատ վրդովվում է, իբրև թե ես, հեռանալով պատմական փաստերից, պատասխանել եմ նորան հեգնորեն: Բավականին ուղիղ է նկատել նա: Չմտածելով, մի գրվածք, որ ստոր էր ամենայն կրիտիկայից, նորան հերքելու ամենահարմար զենքը կատակն է:
Իսկ պ. Շերմազանյանը յուր վերջին հոդվածում մի նոր առաջադիմություն ևս է արել, — նա, անցանելով պատմաբանական դաշտից, հասնում է անձնականության: Ի՞նչ փույթ, գուցե «էդ էլ մի նոր» կրիտիկա է:
Մի բան վաղուց մեք գիտեմք կյանքի մեջ, թե կատուն նեղի ընկած միջոցին սկսում է չանգռել մարդի ձեռքերը: Մի այլ բան դորա նման երբեմն հանդես է դուրս բերում գրականությունը, երբ թույլ մարդ են ծանր պոլեմիկայի մեջ, սկսում են հայհոյանք և լուտանքներ արձակել:
Մեր քաղաքում նույնպես մուրը շատ թանկ չէ ծախվում, եթե պետք լիներ նորա գործածությունը: Բայց ո՞վ ախորժակ ունի արատավորել յուր ձեռքերը:
Գրականության մեջ այս և այն անձի պսեոդոնիզմը մերկացնել կատարյալ անազնվություն է: Այդ պատճառավ, ոչ ոք իրավունք չէ տալիս պ. Շերմազանյանին ասել, թե Մելիքզադեն Րաֆֆին է, կամ Րաֆֆին Հակոբ Միրզայանն է և այլն: Որովհետև այդ անունները, ով ոք և լինեին նոքա, Եղիշեի, Փարպեցու և Ավարայրի դաշտի հետ ոչինչ կապ չունեն:
Բայց թե Մելիքզադեն էշի կամ ուղտի վերա հեծնելով է ճանապարհորդել այն կողմերը, և դորա համար նորա խոսքերի մեջ ճշտություն չկա, այդ շատ իրավացի է: Ինչ պետք է արած, երկրի սովորությունների դեմ մարտնչելը դժվար բան է: Երևելի Վամբերին ևս էշով անցավ Պարսկաստանը: Այդ բանը կարծես, թե արևելքի ճանապարհորդների ճակատագիրն է: Միայն շատ քչերին է հաջողվում հարստանալ, փողի և գյուղի տեր դառնալ, և նժույգ ձի նստած, Փառնա գյուղեն մի քանի ժամվա մեջ մինչև Խորվիրապ հասնել և լավ հետազոտել երկիրը...
Պարոն Գալուստ, ես իմ կողմից վերջացնում եմ իմ բանակռիվը ձեզ հետ, գուցե պարոն Րաֆֆին ինքը կպատասխանե ձեզ, որովհետև, ես թեև մինչև այսօր համոզված էի, որ դուք լավ պատմաբան եք (՞), բայց չգիտեի...: Միայն բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ուշադրությամբ կարդալ ձեր առաջին և երկրորդ հոդվածները, եթե կա նոցա մեջը միտք, դուք կհամոզվիք, թե որքան հակառակում եք ինքներդ ձեզ:
Պարսից առածը ասում է. «ստախոսները հիշողություն չունեն»: Միևնույն հակասությունն է պատահում գրականության մեջ, երբ մարդ ամեն րոպե մի նոր խոսք է խոսում: