Jump to content

Ա՛յ ծիծեռնակ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ա՛յ ծիծեռնակ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 359,
տ. ― էջ 501, ծ. ― էջ 653



* * *


Ա՛յ ծիծեռնակ,
Մի լուր չունե՞ս ղարիբին.

Մի խրճիթ կա [կանգնած] Սասմա
Էն ահարկու քարափին,
5 Էն խրճիթը տեսե՞լ ես դու,
Մի լուր ասա ղարիբին.

Էնտեղ մեկին թողել եմ ես
Աչքը լացով ու ճամփին,
Էն սիրունից, Աստված սիրես,
10 Լուր չե՞ս բերել ղարիբին.

Սիրած ընկեր ունեմ այնտեղ ինձ,
Անմխիթար հայր ու մայր,
Ապրում են դեռ արտասվելով
[Աղոթում են ինձ համար].

15 Կարոտ յարից, ծեր ծնողից,
Էն սուրբ հողից, էն շեն գեղից,
Մի լուր չունե՞ս ղարիբին.

Երգում էի ես քո երդկին
Ամեն րիգուն-առավոտ,
20 Եվ քո կինը միշտ լալագին
Դունդունում էր քեզ կարոտ.

Քո տխուր զավակները
Խնդում էին ու հրճվում,
Երբ իմ անթև ձագուկները
25 Ճըվում էին, ճըվճվում։

Այսպես մենք հաշտ ապրում էինք
Շատ շատ գարուն ու ամառ,
Ո՛չ մի արած մեղք ունեինք,
Ո՛չ թշնամի մեզ համար.

30 Քուրդը եկավ
Սև ու խավար էն տարին,
Կրակ զարկեց, թալան արավ,
Գերի տարավ քո յարին,

[Ես լսեցի ծվծվոցը
35 Իմ սիրելի ճուտերի,
Ես լսեցի ճիչն ու կոծը
Եվ քո անտեր փոքրերի].

Վերջին օրն էլ որ ես եկա,
Սև էր էնտեղն ու դատարկ,
40 Էլ ոչ քո հին օճորքը կա,
Ոչ իմ բունը նրա տակ.

Չկա ձեր հին եկեղեցին,
Գյուղ ու դպրոց էլ չըկան,
Թուրքն ու քուրդը ավերեցին
45 Հիմնահատակ ամեն բան.

Ծիծառն այսպես երգ էր ասում
Հայ պանդուխտին վաթանից,
— Լսի՛ր, ղարիբ, լսի՛ր, ախպեր,
Լուր եմ բերել քո տանից։

1896