Jump to content

Ա՛րի համով ղուլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ա՛րի համով ղո՛ւլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա

Ա՛րի համով ղո՛ւլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա.
Ամէն մարդ չի կանայ ճանգի շահով շըքար, Սա՛յաթ-Նովա.
Ով քիզի լիղի պարգիվէ, դուն տու շա՛քար, Սա՛յաթ-Նովա.
Ղա՛ստ արա՝ շուշէդ չըկոտրին, չըխըփին քար, Սա՛յաթ-Նովա:

Թէգուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնէն չըդուս էհայ անախտիլի էն չար դիվըն.
Բէդասլըն ասըլ չի՛ դառնայ, թօլով չի՛ սիպտակի սիվըն,
Ծուռըն փէտըն չի դըրըստի ռանդան, դո՛ւրգար Սայաթ-Նովա:

Թէգուզ իմանաս, գիդենաս աստղիրու համբարքըն սիրուն.
Անբարի գուրձըն կորած է՝ կա՛րդա Հարանց վարքըն սիրուն.
Աւիտարանի խօսքիրըն մարգարիտ է, կարգըն՝ սիրուն.
Մի՛ ածի խուզի առջիվըն լալ ու գովհար, Սա՛յաթ-Նովա:

Թէ էս կենաց փառքըն չուզիս՝ էն կենաց ալմասըն կու տան.
Թէ հոգուդ խաթիր շալ հագնիս՝ զար քաշած ատլասըն կու տան.
Թէվուր լալով զըխճում անիս՝ անմահացըն մասըն կու տան.
Խոստովանիս արած միղքըդ՝ չանիս ինքար, Սա՛յաթ-Նովա:

Վուրտիղ հարսնիք, վուրտիղըն սուգ, վուրտիղ սօյբաթ, խաղ է ըլում.
Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում.
Թէվուր հոգուդ կամքն իս անում, մարմինդ բէդամաղ է ըլում.
Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս, դուն ջըրա՛տար Սայաթ-Նովա:


Էսպէս Արութինի ասած. քրոնիկոնի 446-ին (1758):

թարգմանություն
Ա՛րի տքնությամբ ծա՛ռայիր, խա՛լխի նոքար Սա՛յաթ-Նովա

Ա՛րի տքնությամբ ծա՛ռայիր, խա՛լխի նոքար[1] Սա՛յաթ-Նովա.
Ամեն մարդ չի կարող ճանկել բարիք ու բար, Սա՛յաթ-Նովա.
Ով քեզ դառնություն պարգեւի, դու տուր շա՛քար, Սա՛յաթ-Նովա.
Ջա՛նա՝ ապակիդ չկոտրեն, չխփեն քար, Սա՛յաթ-Նովա:

Թեկուզ դպրատանը պահ տաս՝ ծեծով չի խրատվի խեւը.
Մինչեւ որ հոգուց դուրս չգա անհաղթելի էն չար դեւը.
Անազնիվն ազնիվ չի՛ դառնա, սապնով չի՛ սպիտակի սեւը,
Ծուռ փայտը ռանդան չի ուղղի, ատա՛ղձագործ Սայաթ-Նովա:

Թեկուզ իմանաս, գիտենաս աստղերի համրանքը սիրուն.
Ոչ բարի գործը կորած է՝ կա՛րդա Հարանց վարքը[2] սիրուն.
Ավետարանի խոսքերը մարգարիտ են, կարգը՝ սիրուն.
Մի՛ լցնիր խոզի առջեւը լալ ու գոհար, Սա՛յաթ-Նովա:

Թե այս կյանքի փառքը մերժես՝ այն կյանքի ալմասը կտան.
Թե հանուն հոգու շալ հագնես՝ ոսկեզօծ ատլասը կտան.
Թե որ ողբով զղջում անես՝ անմահների մասը[3] կտան.
Խոստովանես արած մեղքդ՝ չհերքես այն, Սա՛յաթ-Նովա:

Որտեղ հարսանիք, որտեղ սուգ, որտեղ զրույց, խաղ է լինում.
Որտեղ ժամ, որտեղ պատարագ, որտեղ սիրով տաղ է լինում.
Թե որ հոգուդ կամքն ես անում, մարմինդ նեղված է լինում.
Ո՞ր մի ցավին կդիմանաս, դու ջրա՛տար Սայաթ-Նովա:


  1. խալխի նոքար – ժողովրդի ծառա
  2. Հարանց վարք — սրբերի վարքի վերաբերյալ կրոնական ժողովածու:
  3. Մաս — նշխարք