Jump to content

Ագռավի կտուցին՝ սուրճի հատիկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱԳՌԱՎԻ ԿՏՈՒՑԻՆ՝ ՍՈՒՐՃԻ ՀԱՏԻԿՆԵՐ


(Էլեգիա)

Մայրաքաղաքի մայթերին, գավառական
մի պոետիկ (ծնվ. N քաղաքում, չգիտեմ՝ որ թվին)
բանաստեղծություններ է հանում սուրճի դատարկ բաժակից
ու բարձրախոսով փչում է դեպի հեռավոր դաշտերը -
ծաղիկներն իսկույն
դառնում են անբուրելի,
ու բարձրախոսով փչում է դեպի հեռավոր աղբյուրները -
ջրերը իսկույն
դառնում են անխմելի,
ու բարձրախոսով փչում է դեպի կապույտը վերին -
երկինքն իսկույն
դառնում է անթռչելի,
ու բարձրախոսով փչում է դեպի ճանապարհները-
ուղիներն իսկույն
դառնում են անգնալի,
ու բարձրախոսով փչում է դեպի հորիզոնները-
հեռուն իսկույն
դառնում է ոտնատակված թախիծ,
ու բարձրախոսով փչում է դեպի շիրիմները նահատակների-
նրանց անուններն իսկույն
կորչում են քարերի մեջ։

Փչում է, փչում է, փչում է պոետիկն այնքան,
մինչեւ գլուխն ընկնում է ուսերից՝
բերանի վրա,
սուրճի շրջված բաժակի նման։ Ապա
ագռավները սեւ ճանճերի պես վրա են տալիս՝
տանելու այն հատիկը, որ
աղալուց առաջ
եղել է սուրճի բրազիլիական թփերի վրա։