Jump to content

Այլասերված լռություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Ես բնորդն եմ արեւի, եւ նա իր գործը միշտ
թերի է կատարում։ Սերը մարդուն վերածում է
նախնադարյան քարայրի։

Ակնթարթը՝ որքան էլ փոքրիկ, ունելիով չի բռնվում եւ,
առավել եւս, չի դրվում
ժամանակից դուրս։ Երկուսով քայլում են, բայց
գուցե մարդն է ստվեր, իսկ ստվերը՝ մարդ։

Առարկայի մեջ կա մի բան, որ
հայացքը դարձնում է
սեւեռուն,
տխրությունը՝ սիրալիր։

Իսկ վայրկյանները նեղանում են, որովհետեւ ես
չեմ ապրում նրանց, ես նրանց մեջ վերապրում եմ
անցած պահերը։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է
Վեռներն իր բանաստեղծությամբ
այլասերում լռությունը։

Երբ վայրի երաժշտությունը խառնվում է
արյան հետ, ռիթմը անհասկանալի
ստվերներ է նկարում քարայրի պատերին։

Ձեւը հոգնել է իմաստի տարամիտումներից։ Արեւը շրթնաներկի
կարմիր է թողել մասրենու տերեւներին։ Աստիճանները
հասարակացնում են անհասությունը։ Անտառի բարձր ճյուղերի վրա
արածում են քամու մտրուկները։