Jump to content

Աղջիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՋԻԿԸ


Շատ սիրով՝ Շադունցին

Աչքերը...
Այդ ի՞նչ էր.
Կանգնել էր—նայում էր խոսողին։
Աչքերում... նստել էր գյուղի կոմբջիջը՝
5 Տագնապը
Գրգիռը,
Կամքը հողի։

Եկել էր գյուղից։
Հազիվ ունենար նա— տասնըյոթ տարի։
10 Գյուղի կոմբջիջը
Ղրկել էր աղջկան
Համագումարի։

Աղջիկը շիկնել էր։
Կարծում եք՝ սիրու՞ց էր նրա կարմրությունը...
15 Օ, ո՛չ.
Նա լսում էր շուրջի շշուկները,
Զգում էր, որ սիրտը ուռչում է,
Պայթո՜ւմ է...

Բանվոր էր խոսողը։
20 Ու խոսքը — նման էր երգի։

Լսում էր աղջիկը — և տաք կողերում իր
Զգում էր մի քա՜ղցր գրգիռ։

Այդ ի՞նչ էր,
Այդ ի՞նչ էր,
25 Այդ ի՞նչ էր վերջապես...
Լսում էր ճռինչը մաճի։
Սրտի մեջ
Հույզը
Կտրել էր կապից․
30 Սրտի մեջ—աղմուկը տագնապի։
Թվաց թե՝ մի բան կա՝
Հուզու՛մ է, հուզու՛մ է, հուզու՛մ է կողերը--
Ուզում է աճի...

Նման էր
35 Նո՜ր
Օրորի...
Տեսնում էր՝
Հերկը,
Առուն․․․
40 Արևը—լծվել էր արորին,
Արևը— ե՛զ ահագին —
Քաշում էր արորը արևածագի։

Ու սիրտը—պայթում էր։
Տագնա՞պ էր,
45 Տա՞պ էր,
Գրգիռ․-
0, ոչ. մոտենում էր նրան — մայրությունը․․․

Ծնվում էր—նո՜ր մի երկիր․․․