Առավոտները ուշ պիտի չելլես,
Արևի ծագում անտես տի չանես,
Անկողնեդ ելար, իսկ և իսկ հագվե՛,
Աղջիկ՝ քեզ կասեմ, հարսիկ՝ դուն լըսե։ 5
Իրիկունները ուշ պիտի պառկիս,
Տան հոգսը մեծիդ գլխին չըթողնիս,
Մի շտապիր պառկել, գիշերն երկայն է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Տունըդ ու տեղըդ լավ պիտի նայես, 10
Զավակ կունենաս պիտի խընամես,
Քեզ էլ քու մայրը խընամք տարել է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Մառան կունենա սև կամ պահարան
Պիտի չըթողնես բաց անտիրական 15
Քընջերը լիքը՝ կընոջ պատիվ է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Թե պարտեզ ունիս պտղաբեր ծառոց,
Միրգ շատ չորացո՛ւր վասն ընտանյաց քոց,
Թարմ պտուղք կերթան, պահելուն չորն է, 20
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Շուտ շուտ մի՛ էրթար հարևներու տուն,
Որ չըսովորիս պես-պես չարություն,
Քեզ զբոսարան քու տունը կարծե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։ 25
Աղտոտ ու մրոտ չերևնաս մարդուդ.
Միշտ մաքուր, իստակ, ժպիտ մեջ շպթնունդ,
Օտարներու դեմ գըլուխդ ծածկե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Չիմանա օտարն ձեր պակասությունը, 30
Ուրախ ՚տի ելնես հարևնի դեմը,
Ով էլ գա ձեր տուն շընորհքով ճամփե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Կար, կարկըտանըդ այլոց մի՛ հանձնիր,
Դու ձեռքով արա ու մի՛ շտապիր, 35
Այս օրվա բանըդ այսօր կատարե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Տունըդ ու տեղըդ պահպանե իստակ,
Մի թողնիր, որ տանդ մկներն անեն ծակ,
Դուռըդ ու երդիկդ միշտ փակած պահե, 40
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Օտարներու հետ մի շատ մոտենար,
Որ քեզ կուլ չի տան, շատ մի քաղցրանար,
Շատ մի դառնանար, որ քեզ չի թըքե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։