Jump to content

Գանգատ (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գանգատ
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 94-95
ծ. և տ. ― էջ 286
ԳԱՆԳԱՏ


                    Ղարիբի սիրտն է խոց, ջիգերն է վերամ,
                    Խըմած ջուրն է լեղի, ու հացը հարամ.
                              «Կռունկ» երգ.

   Հալածում է այլազգին ինձ իր բընիկ աշխարհքին,
Հյուրասիրության պարտքը իսպառ հանել է մըտքեն.
Ասում է. «հե՞ր ես ունայն երկրե երկիր թափառում,
Մի՞թե փոքրիկ խորշ չիկար քու հայրենի աշխարհում»։
5 — Ասացի, թե՝ անօրենն կողոպտեց մեր հայրենին,
Հայաստանի մեջ փոքրիկ խորշ էլ չմնաց հային։
Ասաց. «եթե մարդ չունի իր աշխարհումն կայարան,
Չէ՛ նա մարդու հաշվումը, նորա կյանքն էլ է ունայն»։
Ասացի թե՝ ես մահին շատ եմ կանչել, չի լըսում։
10 Ասաց. «դարձի՛ր հայրենիդ, թե դու մահից չես սարսում»։
— Պանդըխտության օրերըս անցնում է լաց-արցունքով,
Իմ հայ լինելուս համար մարդ չի տալիս ինձ բարով.
Մատով ինձ նշանց են տալիս, վրաս թափում են բյուր կատակ,
Իրար հարցնում են. «հայը ինսա՞ն է, թե՞ նապաստակ.
15 Հայի երակների մեջ ջո՞ւր է վազում, թե՞ արուն,
Թուր տեսնելիս զինչ մահից սարսափած հե՞ր է վազում.
Հայի բայրաղի վրա ի՞նչ էր գըրած՝ իմացե՛ք»։—
— Թըշնամիին տեսնելիս արագ ու հեռու փախե՛ք։—
Մեկն ասում է. «կըռվի մեջ հայի ո՞րտեղն է խոցած».
20 Ժպիտը բերնին մյուսը՝ «մեջքն է անշուշտ, անկասկած»։ —
Մեկն ասում է. «Հայ ազգի ի՞նչ էր զենքը սոսկալի».
— Ամա՜ն, կյանքըս խընայե՛, աղաղակելն է խըղճալի:—
«Բաս ասում են, որ հայը օր մի եղել է խիստ քաջ».
— Նա հիմի էլ էդպես է, միայն... իր կընկա առաջ։—
«Ասիումը հընում հայը հըզոր էր հիշվում...»
— Ի՞նչ զարմանք, երբ կուրերին միականին է իշխում։—
Այսպես կըծու խոսքերով ինձ բարևում են օտարք...
Զընդան բանդ է իմ համար պանդըխտության լույս աշխարհք։