Ամառային նկար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Խնկավառություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Ամառային նկար

Վարդան Հակոբյան

Մասրուտ
ԱՄԱՌԱՅԻՆ ՆԿԱՐ


Ամառ է ու տոթ.
Արահետները անտառ են մտել
Եվ էլ չեն ուզում թողնել ծառերի
Շվաքը ծաղկոտ։
                Սառն աղբյուրները
Երազի միջով անապատ հասել,
Անջուր մի ծաղկի
Արթնության կաթիլ-ցող են ներարկում։
Իսկ բլուրները ելել իրար մեջք
Եվ իրենց ձեռքի
Մաշված-ցամաքած ամպի կտորով
Ուզում են մեղմել հուրը արեւի։
Շոգ է ու ամառ...
Անտառից ելած մենավոր ծառն էլ
Նահապետ լեռան գլխից վեր պահված
Մի կանա՜չ-կանա՜չ հովհար է դառել։