Բարձրանում են իմ ափերից, ահա,
Լսողությունը գարնան ճամփեքին
լարված ընձյուղներ,
ու նրանց վրա՝ մի հավք,
որ հեռվից
շարժվող տերեւի նման է անչափ։
Եվ ընձյուղների շարժումների հետ
չափում եմ ես իմ տողերը բոլոր,
անճիգ, բնական ու անսուտ լինեն,
այնպես որ՝ հավքն էլ կատարի դրանք
եւ թույլ նոտաներ
չհայտնաբերի։
Վերուվարում են իմ արյան եռքում
Իրենց իսկ թաքուն միտք ու այրումից
շիկնած աղջիկներ,
ու նրանց շուրթին՝ մի դող,
որ իսկույն
քեզ տեղում գամող մեխի է նման։
Եվ աղջիկների այրումների հետ
չափում եմ ես իմ տողերը բոլոր՝
անճիգ, բնական ու անսուտ լինեն,
այնպես որ՝ սիրտն էլ կատարի դրանք,
սուտ զարկ ու ալիք
չհայտնաբերի։
Արթնանում է իմ խորքերում անհուն
Գեղեցկությունը հողի մեջ ծոցված
գույն ու մարմարի,
մարմարի վրա՝ մի գիծ,
որ, տեսեք,
երակներին է նման իմ սրտի։
Եվ մարմարների նախշ ու գույնի հետ
չափում եմ երգիս տողերը բոլոր՝
անճիգ, բնական ու անսուտ լինեն,
այնպես որ՝ երգիս կամարների տակ
ոչ մի փուչ երդում
չհայտնաբերվի։
Զուլալվում է իմ աչքերում կրկին
հավերժահոլով ամբողջությունը
այս հին աշխարհի,
ու նրա վրա՝ մի սեր,
որ միշտ էլ
գուցե թե մնա անհասանելի։
Եվ ես այդ սիրո անհունության հետ
չափում եմ երգիս տողերը բոլոր՝
անճիգ, բնական ու անսուտ լինեն,
այնպես որ՝ հողն էլ թե հագնի դրանք,
կեղծ ցավ, կեղծ բերկրանք
չհայտնաբերի։