Jump to content

Կրակը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՐԱԿԸ


Ես ամեն ծաղկի
շուրթերից մի բուռ կրակ վերցրել
եւ ամբողջովին լցրել եմ իմ մեջ,
իմ մեջ ցրել եմ ես շռայլորեն -
որպես մասունքներ։

Իսկ հետո, երբ ես
նայել եմ հանկարծ քո շրթունքներին,
զգացել եմ, որ նրանցում դարձյալ
նույն ծաղիկների կրակն է անուշ,
բոցկլտում է վառ։
Իսկ հետո, երբ ես
նայել եմ հանկարծ քո ճանապարհին,
նկատել եմ, որ նրանով կրկին
նույն ծաղիկների կրակն է հոսում
սիրուս պես վարար։

Եվ ոչ ոք, ավաղ,
չտեսավ անգամ՝ ոնց է աշխարհը
բռնկվում մեկեն, կրակներ հագնում
մի փոքրիկ, փոքրիկ աննշան ծաղկի
պաղ թերթիկներից։

Դա մի պայծառ հավք իմացավ միայն.
շյուղը կտուցին՝ ծառ էր որոնում
        իր բույնի համար։
Մեկնում եմ ձեռքս -
Արի, լավ թռչուն, քո բույնը հյուսիր
        իմ ձեռքի վրա,
քանի դար պետք է՝ կկանգնեմ այսպես։