Ամենակարեւորը ֆինանսական առումով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էժան կամ համարյա ձրի սնունդ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ամենակարեւորը ֆինանսական առումով)

Վարդան Հակոբյան

Բառարաննամե

Տարին պիտի ֆինանսավորվի։ Եվ ամեն կողմից ծեծում են դուռս ու ներս են գալիս։ Սովորաբար, տարվա այս ամիսներին բարեկամներիս թիվը շեշտակի բարձրանում է։ Մեկը նույնիսկ ցավ հայտնեց.

-Տարին պլյոր է, դեռ ես ու դու մի կարգին քեֆ չենք արել։ Ամեն մեկն էլ մոտս է գալիս որպես ամենա - ամենա - ամենակարեւոր դեմք։

-Դու գիտես ես ով եմ,- մի օր ասաց ծանոթներից մեկը։

- ...

- Մարդու առողջությունը ամենագլխավորն է... Իսկ դա պահելու համար ֆինանսներ են պետք... Հասկանում ես՝ ամենակարեւորը...

Հասկանալով ճամփա դրի սրան։ Մտավ հավաքողների շտաբի գլխավոր տնօրենը։

-Պատկերացնում ես,- ասաց, - որ մի երկու ժամ քաղաքի աղբը չմաքրվի, չհավաքվի... Կռիվները մեզ կուտեն... Մաքրությունը ամենագլխավորն է։ Իսկ դրա համար ֆինանսներ են պետք։ Սրան եւս ճանապարհեցի։ Մտնում է ջրում խեղդվողների փրկության նախագահը։

-Մեզ ֆինանսներ են պետք...

-Բոլորին է պետք, բայց...

-Բայց մերը ամենագլխավորն է, հասկանում եք... Պատկերացնում եք, մեր փրկարար աշխատանքից է կախված յուրաքանչյուրի փրկությունը։ Իսկ յուրաքանչյուրի մեջ կարող է դու էլ ես մտնում, ես էլ...

Փրկարարներից էլ եմ ազատվում։ Ներս է մտնում ուսուցիչը։

-Եթե մեր գործը չլինի, աշխարհում ոչ գրող կլինի, ոչ բժիշկ, ոչ փրկարար, ոչ կործանարար, ոչ ֆինանսիստ, ոչ... Մենք ամենագլխավորն ենք, ֆինանսների հարցում մեզ չպետք է սահմանափակել...

Ուսուցիչը դեռ չի գնացել, մտավ վարսավիրների միության պրեզիդենտը.

-Թանկություն է... Ֆինանսներ չունենք... Պատկերացնում եք՝ մարդիկ գլուխներն ու երեսները չսափրեն... Ֆինանսներ են պետք։ Դուք ինքներդ եք տեսնում, թե ամենագլխավորը որն է...

-Այո, հասկանում եմ, բայց...

-Շատ ուրախ եմ, որ հասկացար, ես գնում եմ։

Սրանից հետո մտնում է մկների դեղաբաշխման կենտրոնի տնօրենը.

-Ֆինանսներ, ֆինանսներ... Մկները մեզ կուտեն... Ամենագլխավորը մկների դեմ պայքարն է...

Սրան միանում է թաշկինակների գործարանի պետը.

-Ես ոչինչ չունեմ ասելու... Ուզում եմ ստուգել՝ գրպանումդ թաշկինակ կա... Չկա, չէ... Տեսնում ես, ուրեմն՝ ֆինանսներ են պետք, որ հասցնենք ամեն ինչ իր տեղում կատարել...

Դեռ խելքս գլուխս չէի հավաքել այս խառնաշփոթության մեջ, երբ մտավ լրագրողը.

-Ինտերվյու... թերթի համար... Ո՞նց կլինի առաջիկա ֆինանսական տարին, մեր նորաստեղծ հանրապետության առաջին ֆինանսական տարին...

Ես արդեն փորձ էի ձեռք բերել ու շտապեցի կանխել.

-Հասկանում եմ, պարոն լրագրող, ամենակարեւորը այն է, որ լրագրողը ֆինանս ունենա եւ գրածը լույս տեսնի ժամանակին... թե չէ փառք փորի սովին, ոչ փառք ոգու սովին...

-Հրաշալի է, հրաշալի է...

Եվ այսպես սկսվեց իմ աշխատանքային հերթական ծանր օրը։ Պատրաստվում էի հաշվիչի վրա մի երկու հատիկ շարժել օրվա հաշիվներս պարզելու համար, երբ զանգեց հեռախոսը. -Մանսուր Կարպովիչ, դո՞ւ ես, ախպեր... Ինչ լավ է, որ դու ես, սպասիր, գալիս եմ...

-Չէ, չէ, ախպեր, ես չեմ..., - գլուխս գրեթե կորցրած նոր հանդիպման ցավից, վրա եմ բերում ես։ Բայց նա արդեն կախել էր լսափողը եւ երեւի ճանապարհին է։ Մի կերպ ինձ գցում եմ մեր տուն։

ՄԱՆՍՈՒՐ ԿԱՐՊՈՎԻՉ


Չնայած «Պըլը-Պուղու» խմբագիրը համեստորեն ոչինչ չասաց պարոն Մանսուրին, այնուամենայնիվ, հավատում է, որ նա գիտե, թե «Պուղին» որքան է կարեւոր...