Jump to content

Ամէն սազի մէջըն գոված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Ամեն սազի մեչըն գովածից)
բնագիր
Ամէն սազի մէջըն գոված

Ամէն սազի մէջըն գոված՝ դուն թամամ տասն իս, քամա՛նչա,
Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի՝ դուն նըրա պասն իս, քամա՛նչա,
Ղա՛ստ արա՝ է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի՝ աշուղի բասն իս, քամա՛նչա:

Անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ՝ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ՝ սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ՝ փանջարա արած,
Օչով ղիմէթըդ չի գիդի՝ լալ ու ալմասն իս, քամա՛նչա:

Ճիպուտըդ վարաղնած պիտի՝ թահր ունենայ հազար ռանգով.
Ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով.
Անուշահամ գինով լիքըն՝ դուն օսկէ թասն իս, քամա՛նչա:

Ածողիդ է՛րկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ՚ուզիս.
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի ռափա գ՚ուզիս.
Յիփ վիր գուքաս մէջլիսումըն՝ քաղցըր զօղ ու սափա գ՚ուզիս,
Բոլորքըդ գօզալնիր շարած՝ մէջլիսի կէսն իս, քամա՛նչա:

Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ՚օնիս՝ բաց կու՚լի հիդըդ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «Ա՛պրի քու ածողըն»:
Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:

թարգմանություն
Ամեն սազի մեջն գոված

Ամեն սազի մեջն գոված՝ դու ամբողջ տասն ես, քամա՛նչա,
Ժլատը քեզ չի հասկանա՝ դու նրա պասն ես, քամա՛նչա,[1]
Էլ ավելի լավ օրերի ջանա՛, որ հասնես, քամա՛նչա,
Քեզ ինձնից ո՞վ կարա խլի, աշուղի բասն[2] ես, քամա՛նչա:

Ականջդ արծաթյա պիտի, գլուխդ՝ շողակն քարած,
Կոթդ փղոսկրյա պիտի, փորդ՝ սադաֆով նախշ արած,
Լարըդ ոսկուց քաշած պիտի, երկաթդ՝ նախշազարդ արած,
Ոչ ոք արժեքդ չգիտի՝ լալ ու ալմաս ես, քամա՛նչա:

Աղեղդ ոսկեզօծ պիտի՝ կերպ ունենա բյուր երանգով.
Թելդ ռաշի[3] պոչից պիտի, որ դու խոսես քաղցր հանգով.
Շատին արթուն կլուսացնես, շատին կքնեցնես բանգով[4].
Անուշահամ գինով լիքը՝ դու ոսկե թաս ես, քամա՛նչա:

Նվագողիդ կշիռ կտաս, սկզբում թեյ ու սուրճ ես ուզում,
Մեծարվում ես սրահներում, հանգիստ ու խոնջանք ես ուզում.
Երբ հայտնվում ես հանդեսում, քաղցր խրախճանք ես ուզում,
Բոլորքդ գոզալներ շարած՝ խնջույքի կեսն ես, քամա՛նչա:

Շատ տխուր սիրտ կխնդացնես, կկտրես հիվանդի դողը,
Երբ որ քաղցր ձայնդ է հնչում, ցնծում է քո նվագողը.
Մարդկանց այս խնդրանքը արա՝ ասեն. «ա՛պրի կատարողը».
Քանի ողջ է Սայաթ-Նովեն, շատ բան կտեսնես, քամա՛նչա:


  1. Բնագրի երկրորդ տողում մեկ վանկ ավել է:
  2. բաս — մրցավեճի գործիք
  3. ռաշ — Հրեղեն ձի, երևի Ռոստոմ-Զալի ձիու անունն է:
  4. բանգ — հաշիշ, թմրանյութ