Ես բոլորովին այլ եմ։ Իմ ուղղությունը
աշխարհում գոյություն չունի՝ ոչ մի
կողմի վրա, եւ
երբ համբուրեցի լույսը լեռան ճակատին,
ճանապարհը ձգվեց անհայտությունից այն կողմ։
Բոլորը ինձ ցանկանում են սպանել
եզակի մի համերաշխությամբ, որ
ողջունել կարելի է
միայն։
Շիրմաքարերի անտառը պարում է նվագների մեջ
իրենց մահկանացուն կնքած զուռնաչիների։
Մարդիկ չեն գնում,
գնում են ճանապարհները։
Ծառը, անձրեւը, քարը, ծաղիկը, հողը, ամենքն էլ
իրենք չեն (մոռացա շեշտել՝ մարդիկ, մանավանդ)
եւ չկա մեր միջեւ ոչ մի զուգորդական,
ոչ մի ելք, ոչ մի՝ մեր միջեւ։
Ես հակոտնյան եմ բոլորի եւ իմ։
Արհեստավարժ խաբեբաների մանդատներից
պատգամավորական
հյուսվել է մի նոր տապան։
Ձանձրույթ է տիեզերական։ Եվ ինչու պիտի ես որեւէ
մեկը լինեմ, կամ, թեկուզ՝ ես չլինեմ.
ոչ մի ժամանակ, ոչ մի տարածություն
ոչ մի ընդհանրություն, ոչ մի՝ ես, ոչ մի՝ ոչ մի։
Ջուրը կարողանում է տեղ հասնել ծաղկի
ցողունի միջով, աստղը՝ առվի խոխոջն ի վար,
իսկ ագռավի թեւերից ճերմակ մուր է թափվում
անպարագիծ ցավի ու դաշտերի վրա։
Օդն ամենուրեք կոշտացել է ու կուլ չի գնում։ Չը-
մոռանաք, ձկներ, որ
աներեւույթ մի ուռկան
միշտ կախված է ջրերի մեջ։ Մի՛ ծնվեք։