Jump to content

Շրջանցում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՇՐՋԱՆՑՈՒՄ

Ճանապարհը, որով գնում ենք, բավականին շեղվել է մեզանից։
Տխրությունն իմ բնական վիճակն է։ Անընդմեջ լռություն։ Եվ եթե ծաղիկը
մտածեր, թե ինչպես են բացվում, երեւի այդպես էլ չծնվեր երբեւէ։

Մտքերի, ծաղիկների, վրիպակների համակարգ։ Գիշանգղը իջել է
օրենքի քիվին եւ կռռում է՝ դեմոկրատիա, եւ
մոխիրներում աղավնասպիտակ հագածի գույնը ճշտում է անձրեւը։
Նմանը թույլ է միշտ։ Եթե ինքը չէ՝ գեղեցիկ չէ։ Արեւը
դուրս եկավ, կայծակն ու անձրեւը դադարեցին, խոտը շտկեց մեջքը, որ
ճանապարհ ընկնի մրջյունը՝ անկախ նրանից, թե ուր է գնում։

Ուիթմենը մոռացել է հոմերոսներն ու օրենքները։ Իսկ ես թեեւ ծննդով
անձերւին եմ քաշել, բայց մայրս ասում է, որ պապիս հետ մի խնձոր եմ՝
միջից կիսած։ Ահա թե ինչպես եմ ես հայտնաբերել խնձորենին։

Ինչպես էլ կոչենք, այնուամենայնիվ, անունները ոչնչացնում են
երեւույթներին, որոնք անհամեմատ ավելին են։ Խոտերը, որ պիտի աճեին
դաշտամիջյան այս ճանապարհին, հանգիստ չեն տալիս ոտքերիս։

Ամպերը հեռացած առուների կարոտն են, գորովանքով ու արցունքով կրկին
փարվում են սարերին։ Կակաչը երգում է հաճախ, երգը՝ կակաչում, բայց
ինչու է թվում մեկ-մեկ, թե որ սպիտակ է, ուրեմն՝ սպիտակ է։

Մեր ստվերից դուրս ենք գալիս, երբ ուզում ենք պաշտպանվել
արեւից։ Ձայները՝ օդում լողացող ձկներ, երգիր... եւ ոսկե ձկնիկը մոտենում է
ափին։ Մի ծառ դառնացել է ներսում՝ անձրեւը դարձյալ շրջանցել է։