Jump to content

Այնտեղ գնացէ՛ք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՆՏԵ՜Ղ ԳՆԱՑԷ՛Ք...


Նուէր երիտասարդութեան.

Այնտե՛ղ—ուր որ խեղճ գեղջուկն անհաց,
Տգէտ՝ խաւարի մէջ է խարխափում,
Երաշտից, ցրտից, անսերմ մնացած
Կծղած արտերը արցունքով թրջում.
Այնտե՛ղ—հանքերի մռայլ խորքերում,
Գործարաններում, ծովի ափերին՝
Ուր որ բանուորն է բեռի տակ տնքում՝
Գէթ կուշտ ապրելու տենչանքը դէմքին.
Այնտեղ,—բանտերում՝ ուր շղթայակապ
Հիւանդ օրերի հերոսն անահ
Տանջւում է լռիկ, վշտով անարատ,
Օրերը հաշւում անարգուած մինչ մահ.
Այնտե՛ղ—անառակ, լկտի որջերի
Թունալի գրկում ապականութեան՝
Ուր որ մոռացուած խեղճ ընկածների
Կեանքերն է մաշւում առանց գթութեան.
Այնտեղ—ուր չկայ ոչ յոյս, ոչ հաւատ,
Ո՛չ սէր—միութիւն, ոչ մի սփոփանք—
Ուր որ կեղծիքը, սուտն յուսահատ
Իշխում է բարուն ու չկա՜յ փրկանէ-
Այնտե՜ղ գնացէ՛ք...
Այնտե՜ղ գնացէ՛ք—սօցիալիզմի
Լոյսը տանելու այն մութ խաւերում՝
Ուր որ իդէալը խուլ տանջանքների
Մեղսոտ սեղանին միշտ զոհ է բերւում.
Այնտե՜ղ գնացէ՜ք - նրանց հաւասար
Մարդկային կեանքի լուծը տանելու՝
Որպէս «հովիւ քաջ» իւր հօտի համար
Պատասխանատու...