Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Երեք կերպարանափոխութիւնների մասին
Երեք կերպարանափոխութիւնների մասին պիտի խօսեմ ձեզ հետ. թէ ի՛նչպէս է ուղտ դառնում ոգին, և ուղտը—առիւծ՝ և ի վերջոյ՝ առիւծը—մանուկ։
Ոգու համար ծանր բաներ շատ կան, հզօր, կրելու ունակ ոգու համար, որին յատուկ է ակնածանքը—աւելի ծանր և ծանրագոյն բաներ է ցանկանում նրա ուժը։
Ի՞նչն է ծանր, այսպէս է հարցնում կրելու ունակ ոգին, այսպէս է ծունկ չոգում նա՝ ուղտի նման՝ և լուռ բարձւել է կամենում։
Ո՞րն է ամենածանր բանը, դո՛ւք հերոսներ, այսպէս է հարցնում կրելու ունակ ոգին, որ այդ իմ վրայ վերցնեմ և ուրախանամ իմ հզօրութեամբ։
Այդ այն չէ՞—ցածացնել իր անձը իր մեծաստութեան ցաւ պատճառելու համար, իր յիմարութիւնը փայլեցնե՞լ՝ իր իմաստութիւնը ծաղրելու համար։
Թէ՞ այդ այս է, իմացութեան կաղիններով ու խոտով սնւել և յանուն ճշմարտութեան քաղցե՞լ հոգով։
Թէ՞ այդ այս է. հիւանդ լինել և մխիթարողներին տուն ուղարկել, աղաւնիների հետ ընկերութիւն անել, որ երրէք չեն լսում՝ թէ դու ինչ ես ցանկանում։
Թէ՞ այդ այս է. կեղտոտ ջուրը մտնել, եթէ այդ ճշմարտութեան ջուրն է, և սառն գորտերն ու տաք կրիաները քեզնից չեն խուսափում։
Թէ՞ այդ այս է. սիրել նրանց, ով արհամարհում են մեզ, և ձեռք պարզել այն ուրւականին, որ մեզ վախեցնել է կամենում։
Այս բոլոր ծանր բաները իր վրայ է վերցնում կրող ոգին՝ նման ուղտին, որ ծանրաբեռն անապատ է դիմում, շտապում է և նա դէպի իր անապատը։
Մենակ անապատում սակայն երկրորդ կերպարանափոխութիւնն է կատարւում. առիւծ է դառնում այստեղ ոգին, ազատութիւն է խլել ուզում և տէր դառնալ իր սեփական անապատին։
Ւր վերջին տիրոջն է փնտրում նա այստեղ—թշնամանալ նրա և իր վերջին Աստծու հետ և յաղթանակ տանել մեծ վիշապի վրայ։
Ո՞րն է մեծ վիշապը, որին ոգին այլ ևս տէր և աստւած անւանել չի կամենում. «Դո՛ւ-պարտաւոր ես» — ահա մեծ վիշապի անունը. իսկ առիւծի ոգին ասում է— «Ես կամենում եմ».
«Դու-պարտաւոր-ես»-ը ընկած է նրա ճանապարհին, ոսկէշող, որպէս մի թեփաւոր կենդանի և ամեն մի թեփի վրայ փայլում է ոսկու պէս. «Դու-պարտաւոր-ես»։
Հազարամեայ արժէքներ են փայլում այս թեփերի վրայ, և այսպէս է խօսում վիշապներից ամենազօրեղը. բոլոր իրերի արժէքը—ահա՛ փայլում է ինձ վրայ։
«Բոլոր իրերի արժէքը արդէն ստեղծւած է և ողջ ստեղծած արժէքը—այդ ես եմ։ Ճշմարի՛տ, այլ ևս ոչ մի «Ես-կամենում-եմ» գոյութիւն չպիտի ունենայ»։ Այսպէս է խօսում վիշապը։
Ի՛մ եղբայրներ, ի՞նչ բանի է հարկաւոր ոգու առիւծը։ Ինչի՞ չի բաւարարում նաև կրող կենդանին, որ զրկանք է կրում և ակնածում։
Նոր արժէքներ ստեղծել—այս առիւծը, առիւծային ոգին էլ անկարող է դեռ, բայց ազատութիւն ստեղծել նոր ստեղծագործութեան համար—այս կարող է առիւծի ուժը։
Ազատութիւն ձեռք բերել և սրբազան ոչ նոյն իսկ պարտականութեան հանդէպ՝ դրա համար, իմ եղբայրներ, առիւծ պէտք է լինել։
Նոր արժէքների իրաւունք առնել—ահա՛ ամենասոսկալի առնելը մի կրող և ակնածող ոգու համար։ Ճշմարի՛տ, նրա համար յափշտակել է այդ նշանակում և յափշտակիչ գազանի մի գործ։
Երբեﬓ՝ որպէս իր ամենասուրբ բանը՝ սիրում էր նա «Դու-պարտաւոր-եսը»։ Սրդ ցնորք և քմահաճոյք պէտք է գտնի նա նաև ամենասուրբ բանի մէջ, որպէսզի նրա սիրուց ազատութիւն խլել կարողանա՛—առիւծ պէտք է լինել այս յափշտակութեան համար։
Բայց ասացէ՛ք, ի՛մ եղբայրներ, ինչ կարող է անել մանուկը, որ առիւծը չկարողացաւ։ Մի՞թէ յափշտակիչ առիւծը դեռ մանուկ էլ պիտի դառնայ։
Անմեղութիւն է մանուկը և մոռացուﬓ, մի նոր սկիզբ, մի խաղ, մի ինքնագլոր անիւ, առաջին շարժում, մի սրբազան Այո։
Այո՛, ի՛մ եղբայրներ, ստեղծագործութեան խաղի համար սրբազան կերպով Այո ասելու կարիք կայ։ Իր կամքն է կամենում ոգին, իր աշխարհն է ստանում աշխարհակորոյսը։
Ոգու երեք կերպարանափոխութիւնների մասին խօսեցի ձեզ հետ. թէ ինչպէս է ուղտ դաոնում ոգին, և ուղտը—առիւծ, և ի վերջոյ՝ առիւծը—մանուկ։
Այսպէս խօսեց Զրադաշտը։ Եւ այն ժամանակ նա ապրում էր մի քաղաքում, որ «խայտաբղէտ կով» էր կոչւում։