Այստեղ ահա ինչ են ասում...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր...» «Այստեղ ահա ինչ են ասում...»

Հովհաննես Թումանյան

«...Նա մի տգետ, աղքատ մարդ էր...»



* * *


Այստեղ ահա ինչ են ասում,
Սիրելիդ իմ Անուշավան,
Ահա ինձնից ինչ են ուզում
(Որին, գիտես, ես չեմ հավան)։

(Սրանով էլ չեմ ասում թե
Այնքան էլ խելոք եմ ես,
Դե, այնքան որ, աստված գիտե,
Ուղիղ գնում եմ ճամփես).

Ինձ ասում են, թե սարսաղ ես,

Որ չես ուզում տերտեր դառնալ,
Պետք է հանգիստ կնքես, թաղես,
Հարստանաս անակնկալ։

Այն գյուղ<աց>ին, որն որ թողած
Սարումն իրանց ոչխարն անտեր,

Եկավ այստեղ այնքան սողաց,
Մինչև վերջը դարձավ տերտեր։

Ինչո՞վ ես դուն նրանից պակաս,
Ինչու դուն չես կարողանում։
Ձենդ լավն է, բոյդ [լավն է],

Էլ ինչի՞ ես մտիկ անում։

Քեզ կհարգեն, քանի սաղ ես,
Քեզ կտան ազիզ սեղան,
Իսկ երբ մեռնես՝ ո՜նց կթաղվես,
Հենց այն արժե ամեն բան։

Արի սրանց հասկացրու դուն,
Թե այս դարում [խառնված]
Ինչ պաշտոն է տերտերությունն...
Ի՜նչ ժամանակ է, աստված։

Այսպես մի բան պատահեց ինձ

Հենց այս մոտիկ, անցյալ ամսում,
Կոնսիստորում սաստիկ ահից
Հետս ոչ ոք չէր էլ խոսում։

Կոնսիստորում գլուխ քարը,
Դու տանն ասա թե ինչ արին...

Այ տղա, ինչ պիտի լինի իմ ճարը,
Ինչ պտի լինիլ սրանց միջին.

Կարճը, պատմեմ որ իմանաս,
Թե բանն ինչումն է եղել,
Ինչու համար էին վրաս

Այնպես սաստիկ կատաղել.—

Ախպեր, մի օր առաջնորդի
Ծառան եկավ ինձ տարավ վեր,
Առաջնորդը թե՝ այ որդի,
Էս բանը տար գրիր ու բեր.

Շրջաբերական էր ութ հատ
Ուղղած մեր խեղճ դպրոցներին,
Թե հարգեցեք շնորհաշատ
Նոր տեսուչ հայր Եղիշեին։

Ես էլ անսաս, տարա մեր տուն,

Ճաշից հետո անմիջապես
Նստած մինչև [լավ] իրիկուն
Վերջացրի, ասա՝ ապրես։

Մյուս օրն եկավ հայր-քարտուղար—
Տելեգրաֆիստ Մոյինյանը,

Թե այս թղթերն առ հետդ տար
Ու գիշերն գրիր տանը։
Ասի՝ տեր հայր, ես չեմ կարող,
Խնդրեմ գտեք ուրիշ գրող։

Բայց տեր հայրը և նրա հետ

Ամբողջ խումբը ներքինեաց
Բացատրություն, բացատրություն
Պահանջեցին զայրագնաց։

Բացատրեցի— ահա թե ինչ.
Դուք էլ տեսնում եք տկար եմ,

Տկարությունս ասենք ոչինչ,
Սպասեցեք գործերն շարեմ։

(Գիտես, եղբայր իմ, քարի պես
Առողջ կուրծքս ոնց մաշեցի...
Ա՜խ, կարճատես [միամտություն]

Ինչ տանջանք էր, որ քաշեցի...).

Գրությունը վերատեսչի,
Որ կուտած են,
Նույնպես շտատը քաղաքի
Հրամայված է վերջացնել։

Ես էլ ունեմ իմ անձնական
Գրելիքը նամանավանդ,
Հանգստանալն էլ չեմ ասում,
Տանը ունենք երկու հիվանդ.

(Հակառակին այդ օրերում

Տագնապի մեջ տենդական,
Ոտանավորներս էի գրում
Որ ուղարկեմ տպագրության),

Ինչ որ լինի, դուն գրագիր ես,
Մանավանդ արագագիր ես,

Հրամայում են և պրծավ,
Պետք է անխոս տանես գրես։

Ձայնակցեցին քաղցրաբարբառ
Չորս քահանա.— բարձրադիր,
Ինչպես ես դուն խոսում, տղա,

Լռի՛ր, վերցրու, տար գրիր։

(Այս գարշելի սողունները
Քահանա են դարձել...
Այժմ ուզում են անունները
Իրանց հարգել տալ զոռով)։

Ասի կգրեմ, բայց ոչ մի տող
Տուն չեմ տանիլ, լավ իմանաք,
Ինչ ուզում են ինձ անեն թող։

Իսկույն և եթ հավաքեցի
Ձեռքիս թղթերն Կոնսիստորի,

Սեկրետարին տվեցի
Այսպիսի բան եմ գրում ասի։

Մեկ էլ տեսնեմ չոբան շան պես
Որոտալով եկավ ծառան,—
Ինչ [որ] հրամայում են քեզ

[Ինչու] չե՞ս կատարում։

Սրբազանը հրամայեց,
Որ վերցնես ու տանես տուն,
Գրես, անշուշտ, առավոտյան—
Հետդ բերես պատրաստի։

Ասի ասա սրբազանին՝
Տուն չեմ տանիլ գիտնաք, թեկուզ
Վեհափառը գրի կոնդակ։
Ապշած, սարսափած
Ծառան դուրս գնաց

Ցուցամատը թափ տալով,

Վերևիցը համբավ եկավ,
Թե սրբազան<ն> սաստիկ
Զայրանալով կնիժկումը նշանակեց։
Այսուհետև հալիդ մտիկ։

Ես նստեցի ծանր ու բարակ,
(Գիտես եղբայր՝ որ այս խայտառակ
Մարդոցն այսպես է հարկավոր).

Էլ գլուխդ ինչ ցավացնեմ,
Խաղ անելով ես այսպես,

Մինչև ժամի երկուսը
Պատրաստեցի երեք ու կես։

Հիմա խոսում են իրար հետ՝
Թող չըգրի, թող չըտանի,
Առավոտյան մի լուսանա,

Սրբազանը տես ինչ կանի։

Մյուս օրն չեկա ծառայության.
(Գլուխս էլ ցավում էր մի քիչ,
Այն գիշերվան հիվանդների
Սրտաճմլիկ տնքոցից).

Միայն բանալին ուղարկեցի,
Ասի՝ թղթերը հանեցեք։

Երանի թե չէի ուղարկել,
Սրանք կարգին բաց են անում,
Իրենց անտեր թղթերի հետ

Իմ թղթերս էլ առնում տանում։

Մի քանի մանր ոտանավոր
Երկու հատ էլ պոեմա,
Մեհրին և նոր
«Դարձ» անունով, որ [էլ] չըկա։

Ինձ ասում են՝ այս աշխարհում
Քո խելքով չես կարող ապրել,
Եվ այսպես են բացատրում—
Կուզես ապրել— պետք է հափռել,
Հափռիր, այո՛, որտեղ հասնես,

Խեղդի՛ր, որին ուժդ պատեց
Եվ մարդիկը մեկ էլ տեսնես
Քեզ կանվանեն արդար ու մեծ,
Աշխարհս դմակ, տղեն դանակ,
Որքան կարաս կտրիր ու կեր,

Ներելի էր մի ժամանակ
Այս դևիզը [մահահրավեր]
Գազանների օրենսգրքում
Գուցե հոդվածն է առաջին,
Բայց չըգիտեմ մարդոց սրտում

Ո՛նց է ընկեր դարձել խղճին.
Եվ ինչ զարմանք, եթե նրան,
Որ չէ կարող քրտինք անել
[Դուր է] եկել սրա նման
Մի բնաբան է հավանել։

Սիրելիդ իմ Անուշավան,
Այս ոսկու և արյան դարում,
Հանուն սիրո և փրկության
Մարդիկ ինչեր են կատարում.

Կատարում են թող կատարեն,

Իրանց մեղքը իրանց վզին,
Բայց թե այնքան լիրբ ու չար են,
Քարոզում են նույնն ուրիշին։

Զահլես գնաց, Անուշավան,
Այստեղ կըտրենք, աստծու խաթեր,

Խայտառակ թելն այս պատմության,
Ոտի համար դնենք Ծաթեր։


1890