Այստեղ քարերն էլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
1988 Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Այստեղ քարերն էլ

Վարդան Հակոբյան

Թարթառի միջով
***

Այստեղ քարերն էլ հասցե են ու գիր.
եւ ճամփաներ են ծորում արյունից,
եւ քայլը սիրո նշան է հողին,
եւ աչքում տուն կա՝ ո՜նց կապվի կոպը,
եւ լեռը երկնին պարզված բռունցք է։

Ճամփա է պահում աչքը վերստին.
եւ մանանա է հողը սրբազան,
եւ ընձյուղվում է օրը տաք ափից,
եւ ամեն մկան լարված ձգան է,
եւ չի վրիպում նիզակը Հայկի։

Զանգը հնչում է հավքի թեւերում,
եւ վանքը լեռան լանջին է իջնում,
եւ ծաղկի շուրջը բացվում են դաշտեր,
եւ խորքերով է արմատը երդվում,
եւ գումարում եմ անունս լույսին։

Աղբյուր Սերոբի ձեռքն է իմ ուսին.
եւ խորհուրդն իրեն սրբագործում է,
եւ ձին ֆիդայու՝ ֆիդայու երգն է,
եւ քարը պահի ակից հանվում է,
եւ հողի ճաքն է կարվում արմատով։