Jump to content

Թարթառի միջով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԹԱՐԹԱՌԻ ՄԻՋՈՎ


Այգը լողում է ակունքներն ի վեր,
հուշը հետադարձ հայացք է փնտրում,
բույնը թռչում է՝ հավքին գտնելու,
դաշտը ճամփեքով ծածկում է իրեն,
եւ ես տխուր եմ, չափազանց տխուր։

Հոգին երկնքի քավարանն է սուրբ,
արյան վազքի մեջ շարժում կա լեռան,
սերը կաթում է սրտի ճաքվածքից,
ես ֆիդայի եմ՝ բյուր-միլիոն տարի,
եւ հուշարար է հողը հանճարեղ։

Լեռներն աստղերի երամներ են թեժ,
ձորերն անցնում են Թարթառի միջով,
Գեւորգ Չավուշը իմ աչքովն ընկավ,
քայլերի ներսում ջարդվում է քարը,
եւ կյանքն ասպետի նետած ձեռնոց է։

Աչքերն ելնում են խաբշոտ թմբիրից,
սյունը հողի մեջ հենակ է ուզում,
հրեշտակների թեւերին լույս կա,
ցավը Արցախա դուռն է բարձրուղեշ,
ես վառ մոմերի շարքում կանգնում եմ։